Հովհաննես Գրիգորյան․ Ճիշտ կառուցած «ռելսերը» սարքին գնացքի պես կարեւոր են - Mediamax.am

exclusive
2349 դիտում

Հովհաննես Գրիգորյան․ Ճիշտ կառուցած «ռելսերը» սարքին գնացքի պես կարեւոր են


Հովհաննես Գրիգորյանը
Հովհաննես Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովհաննես Գրիգորյանը
Հովհաննես Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովհաննես Գրիգորյանը
Հովհաննես Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովհաննես Գրիգորյանը
Հովհաննես Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2006 թվականին հիմնադրված Breavis (Բրեվիս) ընկերությունը 2021թ. հոկտեմբերի 1-ին տոնում է 15-ամյակը: Բրեվիսը զբաղվում է հանրային կարծիքի ուսումնասիրությամբ եւ գիտահեն մարքեթինգով՝ ընկերություններին օգնում է գնահատել, ձեւավորել ու զարգացնել անձի եւ բրենդի հեղինակությունը։

 

Ընկերության անցած ճանապարհի եւ կայացման փուլերի մասին զրուցել ենք Breavis-ի հիմնադիր տնօրեն Հովհաննես Գրիգորյանի հետ։

 

Սոցիոլոգիան անվերջ է

 

«Ես այն սերնդից եմ, որը դիմում էր տնտեսագիտական, չէր անցնում, ու հետո ընդունվում էր սոցիոլոգիայի ֆակուլտետ։ Ես ընդունվածների առաջին հնգյակում էի, եւ երկու տարի շարունակ ամեն ինչ արել եմ տնտեսագիտական տեղափոխվելու համար»:

 

Հովհաննեսին հաջողվել էր դառնալ ֆակուլտետի լավագույն ուսանողներից մեկը, ստանալ կրթաթոշակ։ Պատմում է, որ ամենաառաջադեմ ուսանողներից էր դարձել, որի հիմնական նպատակը, սակայն, տնտեսագիտական ֆակուլտետ տեղափոխվելն էր։

 

«Մի օր ինձ կանչեց մեր դեկանը եւ ասաց՝ դու մեր լավագույն ուսանողներից ես, լավ չէ՞ որ հաշտվես այստեղ սովորելու մտքի հետ ու մնաս, ուսումդ այստեղ շարունակես, մագիստրատուրա կգնաս... Այդպես էլ երբեք չգնացի տնտեսագիտական»։

 

Վերագնահատում է սոցիոլոգիան ու ասում՝ մասնագիտական մեծամտություն չհնչի, բայց հասկանում եմ, որ սոցիոլոգիան շատ ավելի խորն է, քան ցանկացած այլ մասնագիտություն, այդ թվում՝ տնտեսագիտությունը։

 

«Այն իր խորությամբ զիջում է թերեւս միայն փիլիսոփայությանը: Բայց շատ ավելի պրակտիկ է, քան փիլիսոփայությունը կարող է իրեն թույլ տալ։ Ընդունված է համարել, որ այն գիտությունների թագուհին է, եւ ինչ-որ պահից այն սկսեցի շատ սիրել։

 

Աշխատանքային 12 ժամ

 

«Մեր հիմնադիր թիմը տեսլական ուներ՝ մասնագիտության մեջ  միասին կարեւոր հետք թողնել։ Ժամանակի ընթացքում փոխվեցին մեր նպատակները, փոխվեցին մարդիկ, բայց տեսլականը պահպանվեց»։

 

Հովհաննես Գրիգորյանը հետահայաց է նետում՝ երբ բացում էին ընկերության գրասենյակը, վստահ էին, որ արթուն օրվա մեծ մասը՝ ավելի քան 8 ժամ, անցկացնելու են այնտեղ, եւ պարտադիր է, որ այն շատ հարմար լինի, հաճելի եւ տրամադրող, նույնիսկ ավելի, քան տունը։

 

«Նախկինում ես ու թիմակիցներս  վստահ էինք, որ որքան ավելի երկար՝ այնքան ավելի արդյունավետ ես աշխատում: Բայց վերջին մի քանի տարում համակարծիք եմ այն մտքին, որ՝ պետք է աշխատել ոչ թե երկար, այլ գլխով, ճիշտ կազմակերպել աշխատանքային օրդ: Չեմ ասում՝ աշխատանքդ ավարտես 6-ին, բայց կարելի է, օրինակ, համակարգիչն անջատել երեկոյան 8-ին», - ասում է Հովհաննեսը։

Հովհաննես Գրիգորյանը Հովհաննես Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ Հովհաննեսն ու ընկերները հիմնադրում էին Բրեվիսը, ընդամենը 25 տարեկան էին: Վստահ էին, եթե աշխատանքը պահանջի, կարող են եւ գիշերել աշխատավայրում: Այդպես էլ անում էին։ Տարիքի հետ շատ բան փոխվեց։

 

«Արդյունավետ աշխատանքի համար շատ կարևոր է ազատ ժամանակը եւ արտաաշխատանքային գործունեությունը»։

 

«Բրեվիսի» բացումը

 

«15 տարի առաջ, երբ հիմնադրում էինք այս ընկերությունը, մեր հիմնական բարդությունը ոչ այնքան նորույթ ստեղծելն էր այս բնագավառում, որքան մարդկանց մտածողությունը փոխելը: Հասարակությունը ցանկացած նոր բանի համար անպատրաստ էր»:

 

15 տարի առաջ Հայաստանում դեղատների եւ սրճարանների բիզնեսների հիմնադրման ամենածաղկուն շրջանն էր։ Հովհաննես Գրիգորյանն այդ ժամանակ նոր էր համալսարանն ավարտել եւ վստահ էր՝ ունի լավ մասնագիտություն եւ պետք է սկսի աշխատել հենց իր մասնագիտությամբ։

 

«Շատ մաքսիմալիստ էինք  եւ դրա արդյունքում ես եւ իմ մի շարք ընկերներ նույնիսկ չքննարկեցինք այլընտրանքային տարբերակներ: Համոզված էինք, որ կյանքի 6 տարին համալսարանում անցկացնելուց հետո պետք է աշխատել հենց մեր մասնագիտությամբ։ Հիմա հեշտ է թվում, իրականում ամեն ինչ բարդ էր։ Մենք սկսեցինք անել մի ծրագիր, հետո՝ մեկ այլ։ Մի քանի ամիս հետո պարզ դարձավ, որ մեր տնտեսած գումարից կարող ենք կահույք գնել ու աշխատել աթոռին նստած, ոչ թե  արկղերի վրա տեղադրված համակարգիչներով ու արկղ-աթոռներով: Այդ ժամանակ 3-ով էինք։

 

Երբ գործ ես սկսում ու ունես հեռանկարում ինչ-որ գաղափար, երազանք, ձգտում ես դեպի դա։ Մեր երազանքն առաջին տարիներին գրասենյակ ունենալն էր,քանի որ պետք էր բազային պահանջները բավարարել՝ տեսլականի մասին մտածելու համար, ինչը մեզ հաջողվեց։ Ստեղծեցինք մեր հետազոտական և մարքեթինգային թիմերի կարիքներին հարմարեցված առաջին գրասենյակը, որն ապահովված էր հետազոտական ծրագրերի, ֆոկուս-խմբերի աշխատանքի եւ հեռախոսային հարցումների համար անհրաժեշտ սարքավորումներով: Այդպիսի գրասենյակ ունենալու համար պահանջվեց 10 տարի»։

 

Մրցակցությունը սոցիոլոգիայում

 

«15 տարում մենք տեսել ենք բազմաթիվ «մեկօրյա» ընկերություններ, որոնք ստեղծվում են, ինչ-որ դրամաշնորհ շահում, իրականացնում են նախագիծը եւ վերջ՝ ցրվում են»։

 

«Երբ մենք էինք սկսում՝ 2006-ին, դաշտում միայն ավագ սերնդի ներկայացուցիչներն էին: Նրանք ուրիշ մշակույթի, ուրիշ դպրոցների հետեւորդներն էին: Նրանք ուրիշ էին, եւ այլ էր նրանց վերաբերմունքը մասնագիտությանը: Ու հանկարծ նրանց կողքին իմ սերնդակիցները սկսեցին հիմնել մարքեթինգային – սոցիոլոգիական ընկերություններ։

 

2010-ականներին փոխվեց մթնոլորտը: Կային մասնագետներ, որոնք լավ կրթություն էին ստացել Հայաստանի, կամ արտասահմանյան բուհերում, ունեին հետաքրքիր աշխարհայացք, կարողանում էին լավ կազմակերպել աշխատանքը, եւ այդ առումով մրցակցությունը թեժ էր։ Եթե ոլորտում բոլորը լավն են, անկախ քեզանից դու էլ ես լավը դառնում, ձգտում ես ավելիի։ Երբ մյուսները նշաձողը բարձրացնում են, դու էլ ես պարտադրված բարձրացնելու»։

 

Հովհաննեսը նկատում է՝ Բրեվիսն, օրինակ, առաջինը չէր, որ անցում կատարեց հեռախոսային-պլանշետային հարցումների։ Դաշտում կային ընկերություններ, որոնք դա ավելի շուտ էին ներդրել, բայց եթե չլինեին նրանք, ինքն էլ գուցե չներդներ։

 

Առաջին նախագիծը

 

«Այդ ժամանակ ոգեւորված էի «Միշտ ասա «այո»» սկզբունքով ու վստահ էի՝ հաջողության հասնելու համար միշտ պետք է ասես՝ «այո»։ Ասացի «այո» ու գաղափար չունեի, ինչպես եմ գլուխ հանելու այդ ամենից»։

 

«ԵՊՀ իմ ավագ գործընկերներից մեկն ասաց, որ համալսարանի համակարգչային կենտրոնի ղեկավարը փնտրում է մասնագետ՝ ծրագիր վերլուծելու համար ու հրավիրեցին ինձ եւ մեկ այլ երիտասարդի, մեր ֆակուլտետից։ Մյուս տղայի հետ փոխհարաբերություններում ինչ-որ բան չստացվեց, ընտրեցին ինձ։ Ծրագիրը՝ «4-8-րդ դասարանի դպրոցական երեխաների թեստերի արդյունքների վերլուծությունն» էր։ Հսկայական տվյալներ էին եւ տպավորություն կար, թե Հայաստանում շատ քիչ մարդ է տիրապետում նման քանակի տվյալների բազայի հետ աշխատանքի։ Ես ասել էի «այո»՝ առանց գաղափար ունենալու, թե ինչպես պետք է գլուխ հանեմ այդ ամենից։ Սկսվեցին անքուն գիշերները: Խոստացածս ժամկետից մեկ ամիս ուշացրեցի վերջնարդյունքը, բայց այն շատ որակյալ ստացվեց և լավ արձագանք գտավ»։

 

Գնացքը կայուն ռելսերի վրա  դնելու մասին

 

«Որքան էլ լավն էր մեր իրականացրած առաջին ծրագրի վերջնարդյունքը, բայց առաջին երկու-երեք տարին ընկերությունը ոչ մի կերպ «ռելսերին չէր դրվում»»։

 

Հովհաննեսը վերլուծում է՝ մշտական ու հիմնական թիմ էր պետք, ֆինանսական կայունություն եւ որակ։ Առաջին տարիներին, Հովհաննեսը թիմի հետ աշխատեց ընկերության գոյատեւման համար։ Ստեղծումից երկու տարի անց՝ 2008-ին, նոր դարձավ ընկերություն։

 

«Եվ հասկացանք, որ ցանկացած ընկերության համար «ռելսը»՝ կանոնակարգերն ու ընթացակարգերն են։ Հայաստանում կանոնակարգեր չեն սիրում, բայց կարծում եմ՝ դա կարեւոր է։ Մեր աշխատանքային պայմանագրերը 21 էջից են բաղկացած, որտեղ կա նույնիսկ աշխատակցի լուսանկարը օգտագործելու կարգը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցանկացած ընկերության գործունեության համար պետք են հստակ ընթացակարգեր, որոնք սահմանում են խաղի կանոնները։ Հենց դա է «ռելսը», որը եթե կա, ապա կարեւոր չէ արդեն, թե ինչ գնացք ես վրան դնում։ Կարող է փոխվել թիմը, պատվիրատուն, ղեկավարը, բայց գնացքը գնում է առաջ։ Ընկերության ինստիտուցիոնալ սկիզբ համարում եմ ընթացակարգերի ստեղծումը՝ 2009-2010 թվականներին։

 

Մեր հետազոտությունների տնօրենը ամենահնաբնակներից է: 12-ը տարի է՝ մեր թիմում է: Մեր ֆինանսիստն աշխատում է 13 տարի։ Վերջերս մեր HR-մասնագետի հետ էինք խոսում, նա ասում է, որ աշխատաշուկան այն աստիճան է փոխվել, որ եթե մարդը որեւէ ընկերությունում մեկ տարի աշխատել է, դա հաջողություն է համարվում։ Մեր պարագայում փորձում ենք նշաձողը բարձրացնել, ուրախ ենք, որ միջին աշխատանքային գործունեության ժամկետը երեք տարուց ավելին է։

 

Իհարկե, աշխատանքային մշակույթն ու հարաբերությունները փոխվում են։ Մայրս 50 տարի աշխատում էր նույն վայրում՝ Արհեստակցական միությունների կոնֆեդերացիայում։ Երբեք չեմ տեսել, որ մաման 9-ից մեկ րոպե ուշանա աշխատանքից, կամ 6-ից մեկ րոպե ավել մնա աշխատավայրում, կամ՝ տրտնջա, թե կարիերայի աճի խնդիր ունի, կամ՝ որ իր աշխատանքը հետաքրքիր չէ։

 

Խորհրդային այս աշխատաոճը մարդկանց դարձնում էր քիչ ամբիցիոզ, բայց ավելի կարգապահ եւ կազմակերպված։

 

Վստահ եմ, որ եթե սիրում ես աշխատանքը, դու չես գնում աշխատանքի, դու աշխատավայրում քո հոբբիով ես զբաղվում։

 

Խորապես համոզված են, որ  աշխատանքին պետք է նայել որպես կարգապահական վայր, այնտեղ գնում ես եւ գործ ես անում: Այլ հարց էլ կա՝ մեր գաղափարախոսությունն է ինչքան ուզում եք, մնացեք եւ աշխատեք աշխատավայրում, բայց դուրս գալով գրասենյակից, մոռացեք աշխատանքի մասին։

 

Տանը չպետք է զբաղվել աշխատանքով, որովհետեւ նախ՝ քո անձնական կյանքը պետք է լինի աշխատանքից զատ, եւ երկրորդ՝ պետք է ունենաս ժամանակ թարմանալու, այլ բաների մասին մտածելու, որպեսզի հստակ գիծ ունենաս, իմանաս, թե որտեղ է գործդ սկսվում եւ որտեղ ավարտվում։ Այն մարդիկ, որոնց աշխատանքը կյանքի անբաժան մասն է, կարծում եմ, վերջին հաշվով այնքան էլ  երջանիկ չեն»։

 

Բրեվիսական հակասությունները

 

«Նախկինում ինձ թվում էր, թե որքան շատ վերահսկես, որքան շատ միկրոմենեջմենթ անես, այնքան ավելի լավ արդյունք կունենաս։ Բայց հետո հասկացա, որ չափազանց մեծ վերահսկողությունը բերում է արդյունավետության պակասի»։

 

Ըստ կոնֆլիկտաբանության հիմնական սկզբունքներից մեկի՝ որտեղ կա երկուսից ավելի մարդ, կոնֆլիկտը բացառել հնարավոր չէ։ Դրանց կանխարգելման կամ հարթման հիմնական սկզբունքը, ըստ Հովհաննեսի, արդարության զգացողության պահպանումն է։

Հովհաննես Գրիգորյանը Հովհաննես Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք մշակեցինք մեր գրասենյակի ընթացակարգը հետեւյալ կերպ՝ խաղի կանոնները պետք է ձեւակերպված լինեն այնպես, որ դրանք գործեն անձերից անկախ: Օրինակ, աշխատանքի գալու ժամանակ սահմանելիս պետք է հաշվի առնել, որ ինչ-որ մեկը հղի է, մեկը երեխային է դպրոց ճանապարհում, մեկը հեռու է ապրում»։

 

Ու թեեւ հակասություններն անխուսափելի են, սակայն, ինքն անձամբ փորձում է միշտ երկու կողմի կարծիքները լսել։ Ամենակարեւորը, որ 15 տարվա ընթացքում հասցրել է սովորել՝ վստահելն է: Այն պահից, երբ սկսում ես վստահել թիմակցիդ, նա սկսում է ավելի լավ աշխատել։ Եթե աշխատակիցը զգում է, որ վստահում ես իրեն, սկսում է ավելի ինքնուրույն ու պատասխանատու աշխատել։

 

15 տարեկան ձեռքբերումներ

 

«Իհարկե, կարող եմ նշել, որ մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկը՝ հսկայական քանակով նախագծերն են, որոնք իրականացրել ենք այս ընթացքում։ Կարող եմ նաև նշել, որ մեր ձեռքբերումները մասնագետներն են՝ մարդիկ, որոնք տարբեր ընկերություններում են եւ շնորհակալ են այն փորձի համար, որ կուտակել են «Բրեվիսում»:

 

«Բայց ամենակարևորը, այն որ «Բրեվիսը» կա, արդեն իսկ մեծ ձեռքբերում է: Մենք շատ բարդությունների միջով ենք անցել: «Բրեվիսի» ամենամեծ ձեռքբերումն այն է, որ գործում է իմ կամքից անկախ», -ասում է Հովհաննեսն ու մանրամասնում, եթե նույնիսկ մի օր որոշի դադարեցնել ընկերությունում աշխատանքը, այն կշարունակի գործել։

 

Շեշտում է՝ ընկերությունը նաեւ կրթական բովանդակություն ունի, այն մրցակիցներից տարբերվում է հենց այդ բովանդակության մատուցմամբ։

 

«Խոսքը՝ բիզնես և քաղաքական միջավայրը կրթելու մասին է՝  անհրաժեշտ է կրթել, որ մարքեթինգում, հաղորդակցություններում, քաղաքականություն մշակելիս կարեւոր լինի տվյալահեն և գիտահեն մոտեցումը։ Սա միակ տարբերակն է, որը օրինաչափորեն բերում է ցանկալի արդյունք։

 

«Մենք տվյալների հետ գործ ունենք, առաջին նախապայմանն այստեղ՝ ճշգրտությունն է։ Ոմանք արտադրում են տետր, ոմանք՝ սալիկ, կամ՝ բաժակ: Մեր արտադրանքը քանակական՝ թվային ինֆորմացիան է։ Այն պետք է ճշգրիտ լինի: Ճշգրտությունը կախված է մեթոդաբանությունից  եւ որակի վերահսկողությունից։ Մեր պարագայում ակնհայտ է նաեւ վիզուալիզացիան, արտաքին ներկայացվածությունը։ Օրինակ, հետազոտության տվյալների հիման վրա  մարքեթինգայի ռազմավարություն ներկայացնելիս, հիմնավորված պետք է լինի անգամ գույնի  ընտրությունն ու կիրառությունը։

 

Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք «չոր» ակադեմիական գիտելիքները տրանսֆորմացնել հետազոտություններում եւ ստեղծել մատուցման մշակույթ։ Սա նույնպես մեր կարեւորագույն ձեռքբերումներից մեկն է։

 

Այն հիմնական բանը, որ ես կարող էի անել ու չեմ արել այս 15 տարիներին՝ միջազգային շուկա դուրս գալու բազմաթիվ շանսեր կորցնելն է։ Հայկական բրենդի տեսքով մենք կարող էինք միջազգային ճանաչում ձեռք բերել, ինչը տարբեր պատճառներով չարեցինք: Բայց հիմա մտադիր ենք հայկական ինտելեկտուալ այս արտադրանքն արտահանել ու ներկայացնել նաեւ դրսի շուկայում»։

 

Հաճախորդները

 

«Մենք փորձում ենք բոլորին ծառայություններ մատուցել՝ բավարարելով պատվիրատուների կարիքները։ Մենք վստահ ենք, որ պատվիրատուն միշտ ճիշտ է, իսկ եթե սխալվում է, ուրեմն պետք է համբերատար բացատրել, թե ինչում է սխալ։

 

Պետք է լինել ազնիվ, որովհետեւ մեր ոլորտում պատվիրատուն հաճախ չգիտի, թե իրեն ինչ է պետք: Օրինակ, երբ մենք գիտենք, որ 1000 հարցումով կարող ենք որակյալ արդյունք տալ, մենք չենք փորձում դա վաճառել իրենց վրա 5000 հարցում պարունակող փաթեթով, նույնիսկ եթե իրենք ունեն շատ միջոցների ու ցանկություն։

 

Ինձ համար հատկապես հաճելի է աշխատել այնպիսի պատվիրատուների հետ, որոնցից կարելի է նոր գիտելիք սովորել: Երբ պատվիրատուն կարողանում է քո առջեւ այնպիսի խնդիր դնել, որը դառնում է մարտահրավեր, որպես կանոն ավելի մոտիվացված ես աշխատում։

Հովհաննես Գրիգորյանը Հովհաննես Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միայն մի քանի պարագայում չենք աշխատի պատվիրատուի հետ։ Եթե, օրինակ հաճախորդների ցանկությունը հակասում է պետական շահին, մենք նրանց հետ չենք աշխատում։ Այս խմբում ներառված են նաեւ այն հաճախորդները, որոնք շահերի բախման դաշտում են։ Օրինակ, եթե աշխատում ենք մի քաղաքական ուժի հետ, նրա հակադիր քաղաքական ուժի հետ աշխատելն արդեն էթիկապես ճիշտ չէ։ Նույնը, հեռահաղորդակցության եւ բանկերի պարագայում է։ Այս սահմանափակումների հեղինակը ոչ թե նրանք են, այլ մենք։ Չես կարող անկեղծ լինել երկու իրարամերժ կամ իրար մրցակից միավորումների հետ աշխատելիս»։

 

Ստեղծարարությունը թվերում

 

«Ըստ էության, աշխարհի լավագույն ստեղծագործությունները ինչ-որ կանոնների շրջանցում են, դրանց հստակ գիտակցմամբ սակայն»։

 

Հովհաննես Գրիգորյանը վստահ է՝ ստեղծարարությունը՝ անհամադրելին համադրելն է։ Օրինակ` սևն ու սպիտակը հակադիր գույներ են, բայց հրաշալի են համադրվում։ Նույնը, օրինակ, կրեատիվ մարքեթինգի եւ ճշգրիտ տվյալագիտության պարագայում է։

 

«Սեւ ու սպիտակի համադրությունը մեր հետազոտությունների եւ մարքեթինգի բաժինների համատեղ աշխատանքի լավագույն օրինակն է։

 

Մեր հետազոտություններն ապակոդավորում են այն ինֆորմացիան, որն առկա է հասարակությունում, բայց ինչի մասին պատվիրատուն չգիտի, իսկ մարքեթինգի մասով մենք փաթեթավորում՝ կոդավորում ենք այդ ինֆորմացիայի հիման վրա տարբեր հաղորդագրություններ, ձևավորում մարտավարություններ եւ մատուցում։

 

«Մեր գործը, մարքեթինգային ծառայությունների տեսանկյունից, միայն «թիթեռ նկարելը» չէ, այլ «ճիշտ» թիթեռ նկարելը, որը պետք է հաճախորդին», - կատակում է Հովհաննեսը։

 

Նա ասում է, որ հենց ստեղծագործ եւ ռազմավարական առաջարկների պահանջն էր, որը դրդեց հիմնել ժամանակ հաղորդակցությունների՝ այժմ նաեւ մարքեթինգի թիմը, որը զբաղվում է տվյալների հիման վրա ստեղծարար աշխատանքով, որն իրենք անվանում են «գիտահեն մարքեթինգ»։

 

Պատերազմից հետո

 

Բրեվիսի աշխատակիցների կյանքում շատ բան փոխվել է պատերազմից հետո։ Եթե մինչ դա աշխատում էին, որովհետեւ սիրում էին իրենց աշխատանքը, ապա հիմա աշխատում են, որովհետեւ շատ մեծ պատասխանատվություն ունեն երկրի առջեւ եւ աշխատանքը հետտրավմատիկ փուլը հաղթահարելու, երկիրը ոտքի կանգնեցնելու տարբերակ է։

 

«Ծրագրեր ունենք, որտեղ ընդգրկում ենք պատերազմում մասնակցած մարդկանց։ Իմ շրջապատում շատերն ունեն արտագաղթելու տրամադրություն։ Ես, սակայն, նրանց հետ շարունակ վիճում եմ․ բարեկեցիկ երկիր սիրելը հեշտ է, բայց երբ երկիրդ խոցված է, դժվար է մնալու որոշում կայացնել։ Բայց հիմա, մենք, ավելի քան երբևէ, պետք ենք մեր երկրին, դրա համար մեր սերունդը պարտադրված է գլուխները կախ աշխատել՝ հանուն մեր երեխաների ավելի լավ ապագայի եւ մեր ապագա հաղթանակների»։

 

Լուսին Մկրտչյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին