Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը մշտապես գտնվում են նախարարության ուշադրության կենտրոնում:
Վիգեն Սարգսյանն այս մասին ասել է նախօրեին՝ Գեղարքունիքի եւ Տավուշի մարզեր կատարած այցի շրջանակում, որի ընթացքում նրան ուղեկցել են նաեւ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
Վարդենիս քաղաքում նախարարներն այցելել են կայազորային հոսպիտալ եւ քաղաքային հիվանդանոց, կարեւորել քաղաքացու ու զինծառայողի համար բուժման լավագույն պայմանների ապահովումը:
Այնուհետեւ Վիգեն Սարգսյանը եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանի արեւելյան հատվածի մարտական հենակետերից մեկում, ծանոթացել մարտական հերթապահության կրման պայմաններին, խրախուսել դիրքապահ մի քանի զինծառայողների:
Գեղարքունիքի մարզի Վահան համայնքի բնակիչների հետ հանդիպմանը Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ սահմանամերձ գյուղացու պաշտպանությունը հուսալի ձեռքերում է, եւ առաջապահ հենակետերում արվում է ամեն ինչ՝ բնակչության անվտանգությունն առավել ապահով դարձնելու համար:
Պատվիրակությունը եղել է նաեւ 3-րդ բանակային զորամիավորման զինավաններից մեկում, հետեւել ընթացող շինարարական աշխատանքներին:
Այցը եզրափակվել է Բերդում, որտեղ նախարարները ծանոթացել են զինվորական հոսպիտալի եւ քաղաքային հիվանդանոցի շենքային պայմաններին, քննարկել բժշկական հաստատությունների միավորմանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանը գլխավորում է սահմանամերձ համայնքների խնդիրներով զբաղվող նորաստեղծ հանձնաժողովը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: