«Վեճի հիմքում Երուսաղեմում հայկական ներկայության ապագան է» - Mediamax.am

Հունվար 19, 2026
249 դիտում

«Վեճի հիմքում Երուսաղեմում հայկական ներկայության ապագան է»


Լուսանկարը` Normann

Լուսանկարը` Aris Gionis


Ներկայացնում ենք միջազգային իրավաբան եւ Save the ArQ արշավի գլխավոր խորհրդատու Գառնիկ Գերգոնյանի հետ Horizon Weekly-ի բացառիկ հարցազրույցի հայերեն թարգմանությունը:

 

- Պարոն Գերգոնյան, կարո՞ղ եք մեզ հստակ պատկերացում տալ այն մասին, թե իրականում ի՞նչ է կատարվում Երուսաղեմի Հայկական թաղամասում, մասնավորապես՝ «Կովերի այգու» հետ կապված, եւ ինչպես են տեղական համայնքը եւ եկեղեցու ղեկավարությունը կողմնորոշվում այս բարդ եւ արագ փոփոխվող իրավիճակում։

 

- Այն, ինչ տեղի է ունենում Հայկական թաղամասում, սովորական վեճ չէ. դա պատմական մասշտաբի ճգնաժամ է։ Այն կձեւավորի Երուսաղեմում հայկական ներկայության ապագան եւ, շատ առումներով, հենց Երուսաղեմի ապագա էությունը։ Դարավոր հայ համայնքը՝ աշխարհի ամենահին քրիստոնեական համայնքներից մեկը, այժմ գոյութենական սպառնալիքի ներքո է։ «Կովերի այգու»՝ Հայկական այգու համար պայքարը այդ մարտահրավերի հիմքում է։

 

Այսօր հայ երուսաղեմցիները վճռականորեն դեմ են ենթադրյալ հողային գործարքին, ըստ որի ռազմավարական առումով կարեւոր հողամասի վերահսկողությունը պետք է փոխանցվեր երրորդ անձանց։ Եթե գործարքը տեղի ունենար, այս անմիջապես կարգելափակեր հայերի մուտքը Հին քաղաքի իրենց կրոնական, մշակութային եւ համայնքային հաստատությունները: Խոսքը ծայրամասային տարածքի մասին չէ. այն Հին քաղաքի ամենամեծ բաց տարածքն է եւ զբաղեցնում է Սիոն լեռան լեռնաշղթայի ամենաբարձր եւ խոցելի դիրքերից մեկը: Այն կորցնելու դեպքում Հայկական թաղամասի տարածքային ամբողջականությունը անդառնալիորեն կխաթարվի: 

 

Հայկական թաղամասը չորս պատմական թաղամասերից է, որը ճանաչված է Երուսաղեմը կառավարող ստատուս քվոյի կողմից: Այն գտնվում է աշխարհաքաղաքական եւ մշակութային խաչմերուկում՝ քրիստոնեական եւ հրեական թաղամասերի միջեւ, եւ դրա ամբողջականությունը կարեւոր է ոչ միայն Հայոց պատրիարքարանի եւ համայնքի գոյատեւման, այլեւ հարափոփոխ տարածաշրջանի կայունության համար: Հայկական ներկայությունը վաղուց ի վեր չափավորող եւ կայունացնող ուժ է եղել Հին քաղաքում. այդ ներկայության թուլացումը վտանգում է խախտել դարեր շարունակ պահպանված նուրբ հավասարակշռությունը:

 

Այսօր հայկական համայնքը եւ Հայոց պատրիարքարանը միահամուռ փորձում են չեղարկել ենթադրյալ 98-ամյա վարձակալության պայմանագիրը, որը սպառնում է թաղամասից անջատել պատմական հայկական հողերի ավելի քան 10,000 քառակուսի մետրը: Նրանց ջանքերով պաշտպանվում է Երուսաղեմի հիմնադիր համայնքներից մեկի շարունակականությունը, ինքնությունն ու ամբողջականությունը։

 

- Ինչպե՞ս է կնքվել այս վիճահարույց հողային գործարքը: Ի՞նչ գիտենք այժմ իսրայելցի ներդրողի հետ կնքված վարձակալության պայմանագրի մասին, եւ ինչո՞ւ է Հայ պատրիարքարանի Ընդհանուր ժողովն այն անօրինական համարել։ 

 

- Այսօր մենք գիտենք, որ ենթադրյալ վարձակալությունը երբեք պատշաճ կերպով չի հաստատվել Հայոց պատրիարքարանի կանոններով։ Սուրբ Հակոբյանց միաբանության կանոնադրության համաձայն, որը գործում է որպես Պատրիարքարանի ներքին սահմանադրություն, անշարժ գույքի ցանկացած երկարաժամկետ վարձակալություն պահանջում է Պատրիարքարանի Ընդհանուր ժողովի հստակ հաստատումը։ Այդ հաստատումը հայեցողական չէ. այն վավերականության պարտադիր պայման է։

 

Այս դեպքում նման հաստատում չի եղել։ Պայմանագիրը բանակցվել եւ ստորագրվել է առանց Միաբանության իմացության, խորհրդակցության կամ դրական քվեարկության։ Երբ մանրամասները վերջապես ի հայտ եկան, պարզ դարձավ, որ վարձակալությունը տարածվում է «Կովերի այգուց» շատ ավելի հեռու։ 

 

Այն ընդգրկում է Հայկական թաղամասը շրջապատող լրացուցիչ հողամասեր եւ փոխանցում ավելի քան 10,000 քառակուսի մետր տարածքի վերահսկողությունը իսրայելական մի ընկերության, որը, ինչպես ցույց տվեց հետագա հետաքննությունը, պատկանում է ԱՄԷ-ում գործող մի կազմակերպության, որի իրական սեփականատերը հայտնի չէ։

 

Փաստերը վերանայելուց հետո Պատրիարքարանի Ընդհանուր ժողովը եզրակացրեց, որ ենթադրյալ վարձակալության պայմանագիրը եղել է ultra vires՝ կնքվել է առանց օրինական լիազորության եւ, հետեւաբար, անվավեր է։ 

 

Ընդհանուր ժողովի որոշումը արտացոլում է ինչպես իրավական, այնպես էլ ինստիտուցիոնալ սկզբունքը, որ Եղբայրությունը չի կարող ընդունել իր իսկ սահմանադրական ընթացակարգերը շրջանցող գործարք, հատկապես մի գործարք, որը վերաբերում է Հին քաղաքի սրտում նման ռազմավարական նշանակություն ունեցող սեփականությանը։ 

 

- Դուք կարեւոր դեր եք խաղացել այս ճգնաժամին իրավական պատասխան համակարգելու գործում: Կարո՞ղ եք բացատրել այն քայլերը, որոնք ձեռնարկվել են թե՛ իրավական, թե՛ դիվանագիտական առումով՝ գործարքը վիճարկելու եւ Հայկական թաղամասի ամբողջականությունը պաշտպանելու համար:

 

- Արձագանքն այս ճգնաժամին եղել է եւ՛ լայնածավալ, եւ՛ համակարգված՝ արտացոլելով վտանգի լրջությունը: Երբ խնդիրն առաջին անգամ ի հայտ եկավ, մենք արագ միջազգային իրավաբանական թիմ հավաքեցինք եւ ուղարկեցինք Երուսաղեմ՝ համապարփակ փաստահավաք առաքելություն իրականացնելու համար: Մեր նպատակը սկզբից կրկնակի էր. սկսել ենթադրյալ վարձակալության դեմ կուռ իրավական վիճարկում եւ ապահովել, որ Հայկական թաղամասը՝ իր հաստատություններով, հողերով եւ համայնքով, ստանա այնպիսի դիվանագիտական պաշտպանություն, որն անհրաժեշտ է նման պատմական ճգնաժամի դեպքում:

 

Իրավական առումով հայկական համայնքը եւ Հայ պատրիարքարանը առանձին հայցեր են ներկայացրել Երուսաղեմի շրջանային դատարան՝ բերելով տարբեր, բայց միմյանց լրացնող փաստարկներ:

 

Երուսաղեմի ԴՆԹ-ն նույնը չի լինի առանց հայերի

Հայ համայնքի իրավական գործը հիմնված է երկու կարեւոր սկզբունքների վրա: Նախ, Սուրբ Հակոբյանց միաբանության կանոնադրության համաձայն Պատրիարքարանի Ընդհանուր ժողովը պետք է դրականորեն հաստատի անշարժ գույքի ցանկացած երկարաժամկետ օտարում: Այդ քվեարկությունը տեղի չի ունեցել, ինչը ենթադրյալ վարձակալության պայմանագիրը իրավականորեն անվավեր է դարձնում։ Երկրորդ, «Կովերի այգին» լայնորեն ընկալվում է որպես «վաքֆ» սեփականություն՝ պահվում է հայկական համայնքի համար հավատարմագրային կառավարման ներքո։ Որպես հոգաբարձու հանդես եկող Պատրիարքարանը չի կարող օտարել սեփականությունը՝ վնասելով համայնքի շահերին։ Վարձակալության պայմանագիրը, որը համայնքին զրկում է մուտքից, ամբողջականությունից եւ վերահսկողությունից, խախտում է այդ հավատարմագրի բնույթը։

 

Հայոց պատրիարքարանի հայցը ներկայացնում է իր պահանջները, այդ թվում՝ վիճարկում, որ պայմանագրի կնքումը տեղի է ունեցել էական սխալ փաստերի հիման վրա։ Միասին վերցրած՝ այս գործողությունները իրավաբանորեն համապարփակ ձեւով վիճարկում են ենթադրյալ 98-ամյա վարձակալության պայմանագրի վավերականությունը, կիրառելիությունը եւ օրինականությունը։ Երկու գործերն էլ այժմ ակտիվորեն քննվում են։ 

 

Դիվանագիտական ճակատում աճող թվով պետություններ մտահոգություն են հայտնել Հին քաղաքում հայկական ներկայությանը սպառնացող վտանգի վերաբերյալ. ներկայություն, որը ոչ միայն պատմական է, այլեւ կարեւոր է Երուսաղեմի կրոնական եւ մշակութային հավասարակշռության համար։ Տեղեկացնել ու մոբիլիզացնել միջազգային հանրությանը կարեւոր է, որպեսզի իրավիճակը չծավալվի մեկուսացված կամ լռության մեջ։

Լուսանկարը` Aris Gionis

Հայ համայնքը միշտ ֆիզիկապես ներկա է եղել «Կովերի այգում»։ Գրեթե երկու տարի շարունակ երիտասարդ հայերը ամեն օր ու գիշեր հերթապահում են տարածքում տեղադրված վրանում՝ որպես խաղաղ, բայց վճռական պաշտպանություն արտաքին շահագրգիռ անձանցից, որոնք բազմիցս փորձել են մտնել կամ զավթել տարածքը, քանի դեռ շարունակվում է դատավարությունը։ Այս փորձերը հետ են մղվել, եւ համայնքն այս ընթացքում հաջողությամբ պահպանել է գույքի նկատմամբ վերահսկողությունը։

 

Իրավական, դիվանագիտական եւ տեղում իրականացվող ռազմավարությունները միասնական պատասխան են, որի նպատակը մեկն է. Հայկական թաղամասի ամբողջականության, շարունակականության եւ ապագայի պաշտպանություն։

 

- Շատ դիտորդներ սա համարում են ոչ միայն անշարժ գույքի վեճ, այլեւ Երուսաղեմում ժառանգության, ինքնիշխանության եւ փոքրամասնությունների իրավունքների վրա ազդող օրինաչափության մաս: Ձեր տեսանկյունից ի՞նչ մեծ հետեւանքներ ունի այս դեպքը հայ համայնքի եւ Երուսաղեմի բազմամշակութային եւ պատմական բնույթի համար։

 

- «Կովերի այգու» վեճը չի կարող ընկալվել որպես անշարժ գույքի առանձին դեպք: Այն Հին քաղաքում քրիստոնյա եւ փոքրամասնությունների համայնքների վրա ճնշումների լայնածավալ եւ խորապես անհանգստացնող օրինաչափության մասն է. ճնշումների, որոնք ավելի ու ավելի են սպառնում ինչպես հայկական ներկայությանը, այնպես էլ Երուսաղեմին դարերից ի վեր բնորոշ բազմամշակութային հավասարակշռությանը։

 

Հայ համայնքի համար այս դեպքը գոյութենական է: Մշտապես ջանքեր են գործադրվում (երբեմն բացահայտ, հաճախ աստիճանական) խաթարելու Հին քաղաքում հայկական դիրքերը: Երբ ուժի ուղղակի կիրառումը հնարավոր չէ վերահսկողության պատճառով, ճնշումը դրսեւորվում է ավելի նուրբ ձեւերով. վարձակալության վիճարկելի պայմանագրեր, հողերի գաղտնի փոխանցումներ, սպառնալիքներ եւ համակարգված ոտնձգություններ, որոնք քրիստոնյա հայերի առօրյա կյանքը դարձնում են ավելի դժվար եւ, ի վերջո, անտանելի: «Կովերի այգու» դեպքը այս միտման վերջին դրսեւորումն է։  

 

Այս օրինաչափությունը ազդում է ոչ միայն հայերի վրա։ Այլ պատմական քրիստոնեական հաստատություններ, այդ թվում՝ Հույն ուղղափառ պատրիարքարանը եւ Լատինական եկեղեցին, նույնպես բախվել են իրենց ինքնության եւ Երուսաղեմում իրենց դարավոր դերի համար կարեւոր սեփականությունից զրկելու փորձերի։ Այս դեպքերը բացահայտում են հետեւողական ռազմավարություն՝ ոչ գերիշխող համայնքների իրավունքների եւ կալվածքների աստիճանական կորուստ՝ իրավական մանեւրների, առեւտրային ճնշման եւ ժողովրդագրական ինժեներիայի միջոցով։

 

Նման ջանքերի հետեւանքները Հայկական թաղամասի սահմաններից շատ ավելի հեռու են տարածվում։ Հայերի թուլացումը կամ հեռացումը կստեղծի իշխանության վտանգավոր վակուում աշխարհի ամենախոցելի եւ վիճելի քաղաքներից մեկում։ Դարեր շարունակ Հայկական թաղամասը խաղացել է կայունացնող դեր։ Խոր արմատներ ունեցող, անկողմնակալ եւ եզակի դիրք ունեցող համայնքն օգնել է պահպանել մրցակցող կրոնական եւ քաղաքական գործիչների միջեւ հավասարակշռությունը։ Եթե այդ խարիսխը վերանա, նուրբ հավասարակշռությունը, որը երկար ժամանակ պահպանել է հարաբերական անդորրը Հին քաղաքում, կսկսի խարխլվել։ Իսկ Երուսաղեմում՝ մասնավորապես դրա ամենալարված տարածքներում, ցանկացած վակուում արագորեն լցնում են այն ուժերը, որոնց օրակարգը շատ ավելի մաքսիմալիստական կամ անկայունացնող է։

 

- Ապագային նայելով՝ որո՞նք են Հայկական թաղամասի պաշտպանությունն ապահովելու հաջորդ կոնկրետ քայլերը՝ իրավական, համայնքային եւ միջազգային: Ինչպե՞ս կարող են աշխարհի հայերը նպաստել Երուսաղեմում իրենց դարավոր ներկայությունը պահպանելու այս շարունակվող պայքարին:

 

- Առաջ նայելով՝ Հայկական թաղամասի երկարաժամկետ պաշտպանությունն ապահովելու համար պետք է մի քանի կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավական, համայնքային եւ միջազգային ոլորտում:

 

Իրավական առումով անհապաղ առաջնահերթություն է Երուսաղեմի շրջանային դատարանում քննվող գործերը դատավճռի հասցնելը: Այս գործերը վիճարկում են ենթադրյալ վարձակալության պայմանագիրը՝ էական եւ վստահության հիմունքներով, եւ դրանց լուծումը կազդի ոչ միայն «Կովերի այգու» ապագայի, այլեւ հետագա ոտնձգությունները կարգավորող իրավական դաշտի վրա: Այս հարցով զբաղվող միջազգային իրավաբանական թիմը դա անում է անվճար հիմունքներով, եւ նրանց աշխատանքին օգնում են տեղի նվիրյալ խորհրդատուները, որոնք կառավարում են ամենօրյա դատական գործընթացները եւ պաշտպանում համայնքի շահերը: 

 

Համայնքային մակարդակով Երուսաղեմի հայերը պետք է շարունակեն մշտապես զգոն լինել: Գրեթե երկու տարի Երուսաղեմի երիտասարդ հայերը ամեն օր ներկա են եղել «Կովերի այգում»՝ կանխելով երրորդ անձանց մուտք գործելու կամ վերահսկողություն հաստատելու չարտոնված փորձերը: Համայնքի այս անսասան ներկայությունը անփոխարինելի է իրավական գործընթացի ժամանակ։

 

Միջազգային մակարդակում կենսական է մշտական ուշադրությունը եւ շահերի պաշտպանությունը։ Նման իրավիճակում անտարբերությունն անընդունելի է։ Կառավարությունները, եկեղեցիները, մշակութային հաստատությունները եւ մարդու իրավունքների կազմակերպությունները պետք է ներգրավված մնան եւ բարձրաձայնեն իրենց կարծիքը։ Միջազգային ճնշումը օգնում է կանխել միակողմանի գործողությունները եւ ապացուցում է, որ Հայկական թաղամասի ճակատագիրը տեղական վարչական հարց չէ, այլ գլոբալ մշակութային, կրոնական եւ պատմական նշանակության հարց։

 

Աշխարհի հայերը կարող են հստակ եւ իմաստալից ներդրում ունենալ, նախ՝ տեղեկացված մնալով։ Տեսանելիությունն ու իրազեկությունը պաշտպանիչ դեր են խաղում խոցելի պատմական համայնքների հետ կապված ճգնաժամերում. չի կարելի թույլ տալ, որ այս պայքարը անհետանա հանրային գիտակցությունից։ Երկրորդը՝ օգտագործե՛ք ձեր ձայնը ձեր կառավարությանը դիմելիս։ Ընտրված պաշտոնյաներին եւ արտգործնախարարություններին կոչ անելով ուշադրությամբ հետեւել Երուսաղեմի քրիստոնյա հայերի անվտանգության եւ իրավունքների իրավիճակին՝ հնարավոր է էականորեն ազդել դիվանագիտական ներգրավվածության վրա։ Երրորդը՝ անմիջականորեն աջակցեք համայնքին։ Թեեւ միջազգային իրավաբանական թիմը անվճար կամավորական աշխատանք է կատարում, Երուսաղեմում տեղական փաստաբանները, դիվանագիտական նախաձեռնությունները, համայնքի մոբիլիզացիան եւ տեղում ֆիզիկական պաշտպանությունը զգալի շարունակական ծախսեր են պահանջում։ Աջակցե՛ք SaveTheArQ-ին՝ այս ջանքերը համակարգող հասարակական կազմակերպությանը, դա Երուսաղեմի հայ համայնքին այս պատմական պայքարում անհրաժեշտ ռեսուրսներով ապահովելու ամենաարդյունավետ ձեւերից է։

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին