Հայերը պայքարում են Երուսաղեմի այն հողի համար, որին ժամանակին աչք էր դրել Էնվերը - Mediamax.am

3410 դիտում

Հայերը պայքարում են Երուսաղեմի այն հողի համար, որին ժամանակին աչք էր դրել Էնվերը


Լուսանկարը` Մարիա Սադոյան

Լուսանկարը` Մարիա Սադոյան

Լուսանկարը` Մարիա Սադոյան


Ներկայացնում ենք The Washingnton Post-ում հրապարակված Armenian Christians battle developer to keep control of their corner of Jerusalem հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Դեյվիդ Քլայն

 

Իսրայելի եւ «Համաս»-ի միջեւ Գազայի հատվածում շարունակվող պատերազմի ֆոնին Երուսաղեմում եւս մեկ մարտ է ընթանում քաղաքի փոքր, բայց նշանավոր հայ քրիստոնյա համայնքում, որին մասնակցում են համայնքի պատրիարքն ու Ավստրալիայից իսրայելցի մի գործարար, որը, ասում են, պատրաստվում է տիրանալ Հին քաղաքի հայկական թաղամասին:

 

Անցյալ ամիս լարվածությունը սրվեց, երբ հրեա վերաբնակիչները շների եւ բուլդոզերների օգնությամբ խափանեցին երկարատեւ նստացույցը «Կովերի այգի» կոչվող վայրում, որն այժմ կայանատեղի է եւ որտեղ գործարար Դենի Ռոթմանը նախատեսում է նոր հյուրանոց կառուցել:

 

Ռոթմանի ընկերությունը՝ «Xana Capital Group»-ը, 2021-ին գաղտնի գործարք է կնքել հայ քրիստոնյա պատրիարքարանի հետ եւ վարձակալել Հայկական թաղամասի մի հատվածը՝ ներառյալ Հայ աստվածաբանական ճեմարանի մի մասն ու մի քանի սեփական տներ: Երբ գործարքը հրապարակվեց, տեղի համայնքը ապստամբեց, եկեղեցու անշարժ գույքը հսկող քահանան կարգալույծ արվեց, իսկ պատրիարք Նուրհան Մանուկյանի ղեկավարությունը հարցականի տակ դրվեց:

 

«Այս հողը դարերով պատկանել է հայ համայնքին, - ասում է Երուսաղեմում ծնված հայ Լեւոն Քալայջյանը: - Այն պատրիարքարանին չի պատկանում, ոչ էլ նրան՝ պատրիարքին, որպեսզի անի իր ուզածը»։

 

Հայերն ապրել են Երուսաղեմում 4-րդ դարից սկսած, երբ Հայաստանը դարձավ քրիստոնեություն ընդունած առաջին ինքնիշխան պետությունը։ Երուսաղեմի հայերից ոմանք այն ուխտավորների ժառանգներն են, ովքեր նույն ժամանակ եկել են Սուրբ քաղաք, իսկ մյուսները ժամանել են նախկին Օսմանյան կայսրությունից՝ փախչելով 1915-1916 թվականների Հայոց ցեղասպանությունից:

 

Այսօր Երուսաղեմի Հին քաղաքի չորս մասերից ամենափոքրը՝ Հայկական թաղամասը, համարվում է առանձնացված ավելի մեծ քրիստոնեական թաղամասից, որտեղ պաղեստինցի քրիստոնյաները խոսում են արաբերեն եւ դավանում են հույն ուղղափառ կամ կաթոլիկ եկեղեցիները:

Մոտ 2 000 հայեր, որոնք խոսում են հայերենի եզակի երուսաղեմյան բարբառով եւ պատկանում են Հայ Առաքելական եկեղեցուն, ներկայացված են Հայոց պատրիարքարանի եւ Սուրբ Հակոբ եղբայրության վանական միաբանության կողմից, որը գործում է որպես փոքրիկ սոցիալական պետություն. թաղամասի հայերի մեծ մասն ապրում է եկեղեցուն պատկանող սեփականությունում եւ աշխատում եկեղեցում կամ վանքում:

 

Երուսաղեմի լարված մշակութային քաղաքականության մեջ հայերին բոլորը համարում են Հին քաղաքի ամենախաղաղ բնակիչներ, որոնք լավ հարաբերություններ են պահպանում ինչպես հրեա իսրայելցիների, այնպես էլ արաբ պաղեստինցիների հետ։ Այդ յուրահատուկ կարգավիճակը բարդացել է նրանով, որ նրանք զբաղեցնում են Սուրբ երկրի ամենաթանկարժեք անշարժ գույքը:

 

«Հողակտորը, որի մասին խոսում ենք, ամենակարեւորներից է քաղաքում, եթե ոչ երկրում եւ աշխարհում, - ասում է Սեդրակ Բալյանը՝ բողոքի ակցիայի նախաձեռնողներից մեկը: - Տպավորիչ է հնչում, բայց փաստ է»:

 

Հայկական թաղամասը զբաղեցնում է Հին քաղաքի ամենաբարձր կետը եւ գտնվում է Յաֆֆյան դարպասից դեպի Արեւմտյան պարիսպ եւ Հրեական թաղամաս տանող հիմնական ճանապարհին: Այն նաեւ Հին քաղաքի մի քանի ճանապարհներից է, որը հասանելի է տրանսպորտային միջոցների համար: «Կովերի այգին» պատերի ներսում գտնվող սակավաթիվ չկառուցապատված տարածքներից է:

 

«Հայ համայնքը սնվում էր այդ հողից, հայ ուխտավորները ճամբարում էին այնտեղ, տեղադրում իրենց վրաններն ու քարավանները, - ասում է Բալյանը: - Բացի մշակութային եւ պատմական փաստից, որ սա Հայկական թաղամաս է, այն տնտեսական նշանակություն ուներ. մեր կյանքը կախված էր այդ հողից»։

 

«Այսօր էլ՝ նույնիսկ որպես կայանատեղի, մեր կյանքը կապված է այդ հողին: Մեր ժամանակներում աշխարհի բոլոր քաղաքապետարանների համար ամենամեծ խնդիրներից մեկը կայանատեղիներն են, ուստի սա էլ պետք չէ թերագնահատել»,- հավելում է նա։

Լուսանկարը` Մարիա Սադոյան

Առաջին անգամը չէ, որ փորձ է կատարվում հայ համայնքից խլել հողի վերահսկողությունը: Էնվեր փաշան՝ Օսմանյան պետության պատերազմի նախարարը եւ Հայոց ցեղասպանության ճարտարապետը, ժամանակին աչք էր դրել «Կովերի այգու» վրա եւ ցանկանում էր ամառանոց կառուցել, իսկ Երուսաղեմի հինգ անգամ ընտրված քաղաքապետ Թեդի Քոլեկը եւ բազմաթիվ ներդրողներ՝ բացի Ռոթմանից, նույնպես ճնշում էին գործադրում նախորդ պատրիարքների վրա, որպեսզի հողի վրա շինարարություն թույլատրվի:

 

Ոչ ոք հաջողության չհասավ մինչեւ 2021 թվականի «Xana»-ի հետ գործարքը:

 

Վարձակալության 49-ամյա պայմանագիրը թույլ կտա Xana-ին կառուցել շքեղ հյուրանոցային համալիր ոչ միայն «Կովերի այգու», այլ նաեւ պատրիարքի մասնավոր այգու եւ ճեմարանի գլխավոր սրահի տարածքում, որտեղ անցկացվում են համայնքի գրեթե բոլոր տոնակատարությունները՝ ընդհանուր առմամբ մոտ չորս ակր (մոտ 16.000 քառակուսի մետր): Գործարքը միակողմանի իրավունք կտա «Xana»-ին ժամկետի ավարտից հետո եւս կես դարով երկարաձգելու վարձակալությունը՝ ընդհանուր 98 տարով:

 

Պատրիարքարանի օգուտը կլինի 2 միլիոն դոլարի միանվագ վճարը եւ ընդամենը 300 000 դոլար տարեկան վարձավճարը. սա ավելի քիչ է, քան նախորդ առաջարկները եւ չնչին գումար աշխարհի ամենաթանկարժեք գույքից մեկի համար, ինչը կաշառակերության եւ կոռուպցիայի մեղադրանքներ է առաջացնում:

 

Համայնքի մտահոգությունները կրկնապատկում է կառուցապատողի կերպարը: Թեեւ Ռոթմանը, որը նաեւ Ռուբինշտեյն է, տասնամյակներ շարունակ զբաղվել է զբոսաշրջությամբ, քիչ բան է հայտնի Դուբայում հիմնված նրա ընկերության մասին, ինչը դժվարացնում է նրա պատմության եւ ունեցվածքի մասին տեղեկություններ ստանալը:

 

Գործարքը կայացավ այն ժամանակ, երբ Հին քաղաքի եւ Արեւելյան Երուսաղեմի քրիստոնյաներն ու մահմեդականները ճնշման տակ են հրեա վերաբնակիչների խմբերի կողմից, որոնք փորձում են վերահսկողություն հաստատել սեփականության վրա՝ քաղաքը հուդայականացնելու բացահայտ նպատակով:

 

Պատրիարք Մանուկյանը պնդում է, որ պատրիարքարանի անշարժ գույքի կառավարիչ Բարեթ Երեցյանն ապատեղեկացրել էր իրեն գործարքի մասին. նա կարգալույծ է արվել ու աքսորվել: Մայիսին Երեցյանը ստիպված էր հեռանալ Հին քաղաքից ոստիկանության ուղեկցությամբ՝ պատրիարքարանի մոտ համայնքի բողոքի ցույցերի պատճառով:

 

Հոկտեմբերին պատրիարքը չեղյալ հայտարարեց գործարքը՝ ասելով, որ այն անօրինական էր, քանի որ չէր հաստատվել Սուրբ Հակոբ եղբայրության Սինոդի կողմից, բայց սա տեղի ունեցավ միայն հայ համայնքի ավելի քան երկու տարի տեւած ներքին ճնշումից հետո:

 

Չեղարկումից հետո պատրիարքարանը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով թաղամասի հայկական բնույթին սպառնացող վտանգը, իսկ պատրիարքը երբեմն միացել է «Կովերի այգու» ցուցարարներին:

 

«Լավ է ուշ, քան երբեք», - ասում է Քալայջյանը:

 

Խնդիրը կարելի է համեմատել 2005-ին Հին քաղաքում տեղի ունեցած սկանդալի հետ, երբ Երուսաղեմի հույն պատրիարքը պաշտոնանկ արվեց այն բանից հետո, երբ պայմանագիր ստորագրեց, ըստ որի քաղաքի քրիստոնեական սեփականությունը պետք է փոխանցվեր ծայրահեղ աջ հրեա վերաբնակիչների՝ «Ateret Cohanim» խմբին: Ոմանք այդ համաձայնագիրը համարեցին զիջում Երուսաղեմի ոչ հրեական հատվածներին վերաբերող իսրայելական ծրագրերին: Երեցյանը նշել էր, որ Ռոթմանը աշխարհիկ հրեա է, որի ներդրումային գործընկերը Պաղեստինից հույն ուղղափառ քրիստոնյա է:

 

Սակայն նոյեմբերի 5-ին զինված վերաբնակիչ ակտիվիստները եկան շներով ու բուլդոզերներով եւ պահանջեցին սկսել Ռոթմանի հյուրանոցի շինարարությունը: Բալյանը Ռոթմանին եւ նրա գործընկերոջը մեղադրեց «վախեցնելու էժան մարտավարության» մեջ, ինչի համար նա օգտագործել է «վերաբնակների խմբեր, որոնք նույնիսկ Երուսաղեմից կամ Հին քաղաքից չեն»։

 

Այս ռազմավարությունը չաշխատեց. «Մենք առնվազն 1700-ամյա պատմություն ունենք Հին քաղաքում: Մենք պատրաստ չենք հանձնվելու զինված մարդկանց կամ բուլդոզերներին»,- ասում է Բալյանը:

 

Նույնքան կարեւոր է հայ համայնքի ներքին քաղաքականությունը։ Բալյանը կասկածի տակ դրեց Երեցյանի պաշտոնանկությունը՝ ասելով, որ կարգալույծ անելը պատրիարքարանին զրկեց նրան պատժելու հնարավորությունից։ Բալյանն ասաց, որ նախքան գործարքի պաշտոնապես չեղարկելը դեմ էր պատրիարքի հրաժարականի կոչերին, քանի որ դա ընդամենը նախադեպ կստեղծեր, որ պատրիարքը խուսափի համայնքի առջեւ իր ունեցած պարտականություններից:

Լուսանկարը` Մարիա Սադոյան

Փոխարենը, Բալյանի կարծիքով, պատրիարքարանը որը երուսաղեմահայերի կյանքում զորություն եւ ազդեցություն ունի, պետք է աշխարհիկ կառավարիչների ներգրավի եւ որոշումների կայացման գործընթացում ընդգրկի համայնքը, առնվազն՝ առօրյա հարցերի շուրջ:

 

«Մենք չենք ասում, որ համայնքը պետք է ամեն ինչ որոշի, - ասում է Բալյանը,- քանի որ մեզ պետք է այդ կառույցը, պետք է այդ հաստատությունը: Այն կրոնական հաստատություն է, եւ մենք բոլորս պատկանում ենք դրան: Բայց եկե՛ք միասնական ճակատով գործենք»:

 

Բալյանն ասում է, որ բաժանված Երուսաղեմում իր համայնքի համար ամենակարեւորը համախմբված մնալն է՝ անկախ նրանից, թե ով է փորձում ոտնձգություն կատարել իրենց հողի վրա: «Մեզ համար նույնիսկ նշանակություն չունի՝ վերաբնակիչներ են, թե ոչ, հրեաներ, մուսուլմաններ, թե ուրիշներ: Մեր նպատակն այս հողը հայկական պահելն է»,- ասում է նա:

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին