Երուսաղեմի ԴՆԹ-ն նույնը չի լինի առանց հայերի - Mediamax.am

1678 դիտում

Երուսաղեմի ԴՆԹ-ն նույնը չի լինի առանց հայերի


Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք La Croix International պարբերականում հրապարակված Երուսաղեմի («Սուրբ հող») ամսագրի գլխավոր խմբագիր Մարի-Արմել Բոլյոի Saving the DNA of the Church of Jerusalem հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Մարի-Արմել Բոլյո

 

«Գոյութենական սպառնալիքը, որին առերեսվում է Հայոց պատրիարքարանը, այժմ ֆիզիկական իրականություն է դարձել: Եպիսկոպոսները, քահանաները, սարկավագները, ճեմարանականները եւ Երուսաղեմի բնիկ հայերը տեղում պայքարում են իրենց կյանքի համար: Մենք կոչ ենք անում ողջ աշխարհի իշխանություններին եւ միջազգային լրատվամիջոցներին օգնել մեզ փրկելու Հայկական թաղամասի բռնի վերացումից, որին սատարում են անանուն կազմակերպությունները»:

 

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հայտարարության երանգը տագնապալի է: Այն հրապարակվել է 2023 թվականի դեկտեմբերի 28-ին, երբ հայ քրիստոնյա հավատացյալների վրա մահակներով, քարերով, արցունքաբեր գազով եւ շների ուղեկցությամբ հարձակվել են մոտ քսան երիտասարդներ գլխանոցներով:

 

Կռիվը տեղի էր ունեցել հայկական սեփականություն հանդիսացող տարածքում, որը գտնվում է Երուսաղեմի Հին քաղաքի Հայոց պատրիարքարանի դիմաց:

 

Պատմությունը կրկնվում է: Այս միջադեպը նման է Երուսաղեմում մոտ 300 մետր հեռավորության վրա տեղի ունեցած դեպքին, որը վերաբերում էր հույն ուղղափառներին պատկանող երկու հյուրանոցների:

 

Դրանք խաբեությամբ հայտնվեցին հրեական խմբի ձեռքում, որը որոշել է վերացնել ոչ հրեական ներկայությունը քաղաքում: Իրավականորեն, երկու պատմություններն էլ մշուշոտ են, չնայած պաշտպանելու հույս կա, քանի որ խարդախություն է եղել:

 

Կենսունակ քրիստոնեական Երուսաղեմ

 

Երուսաղեմի հայերի եւ բոլոր քրիստոնյաների համար հարցի առանցքն այլ է: Խնդիրն է թույլ չտալ, որ քրիստոնեական Երուսաղեմը վերածվի թանգարանի։ Խոսքը սուրբ քարերը կենդանի պահելու մասին է։

 

Հայերը թվով ամենափոքր քրիստոնեական համայնքներից են։ Դրա անդամները հակված են ամուսնանալ այլ հայերի հետ, որպեսզի պահպանեն մշակութային եւ էթնիկ ինքնությունը: Նրանք նաեւ պահպանում են իրենց մայրենի լեզուն, քանի որ Հայաստանից դուրս կարելի է հայ լինել, բայց ոչ առանց հայերեն լեզվի։

 

Հայերի ներկայությունը Երուսաղեմում սկսվել է մ.թ.ա. 95 թվականին եւ շարունակվել է Եկեղեցու առաջին դարերի ընթացքում: Այնուամենայնիվ, միայն 7-րդ դարում հայերը Սուրբ քաղաքում պատրիարքություն հիմնեցին։ Շարունակական ներկայությունը նրանց շնորհեց սուրբ վայրերի պահապանների դեր՝ հույն ուղղափառների եւ հռոմեական կաթոլիկների հետ միասին:

 

Վերքի ժառանգները

 

Հայերի լեզուն եւ ազդեցությունը թույլ են տվել նրանց քաղաքի պատերի ներսում ստեղծել իրենց սեփական թաղամասը, որտեղ դարերի ընթացքում նրանք զարգացրել են իրենց գեղարվեստական, երաժշտական եւ գրական մշակույթը: Ոչ հրեա, ոչ պաղեստինցի լինելով՝ նրանք հաճախ ընդունում են Իսրայելի քաղաքացիություն, բայց չեն աջակցում ազգայնականությանը: Նրանք ժառանգներ են մի վերքի՝ ցեղասպանության, որը ոչ Հոլոքոստ է, ոչ էլ Նաքբա։

 

Դանդաղ անհետացման զանգը սկսեց հնչել 1967 թվականից ի վեր, երբ փակվեցին սահմանները դեպի մնացած Մերձավոր Արեւելքը՝ հայերի բնական վերածննդի գոգահովիտը: Բայց իրենց տարածքի մի մասի կորուստը կարող է վերացնել մի համայնք, որը Երուսաղեմի եկեղեցու ԴՆԹ-ի անբաժանելի մասն է: Երկու հազար տարի հայերը Երուսաղեմի հետ անխզելի կապ ունեն։ Քաղաքը եւ տեղի քրիստոնեական համայնքն այլեւս նույնը չեն լինի առանց հայերի:

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին