Երուսաղեմի Հայկական թաղամասի կործանման վտանգն իրական է - Mediamax.am

3645 դիտում

Երուսաղեմի Հայկական թաղամասի կործանման վտանգն իրական է


Լուսանկարը` Մարիա Սադոյան

Լուսանկարը` Haaretz

Լուսանկարը` Emil Salman/Haaretz

Պատրիարք Նուրհան Մանուկյանը 2015 թվականին
Պատրիարք Նուրհան Մանուկյանը 2015 թվականին

Լուսանկարը` Emil Salman/Haaretz

Լուսանկարը` Emil Salman/Haaretz

Լուսանկարը` Emil Salman/Haaretz

Լուսանկարը` Emil Salman/Haaretz

Լուսանկարը` Haaretz

Լուսանկարը` Մարիա Սադոյան

Լուսանկարը` Մարիա Սադոյան

Լուսանկարը` Մարիա Սադոյան

Լուսանկարը` Մարիա Սադոյան

Լուսանկարը` Մարիա Սադոյան

Լուսանկարը` Մարիա Սադոյան


Ներկայացնում ենք իսրայելական Haaretz պարբերականում հրապարակված The Jerusalem Land Battle Rocking the Armenian Community հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Նիր Հասոն

 

Մինչ մոլեգնում է «Համաս»-ի դեմ պատերազմը, Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասի բնակիչները պայքարում են հնագույն թաղամասի մոտ մեկ քառորդ հողի համար: Այս թանկարժեք հողամասը Հայոց պատրիարքարանից ձեռք է բերել ավստրալիա-իսրայելական անշարժ գույքի կառուցապատողը:

 

Ավելի քան երկու տարի առաջ կնքված գործարքի մանրամասներն ամբողջությամբ բացահայտվեցին միայն ապրիլին։ Սկսվեց հյուրանոցի շինարարությունը եւ վրդովմունքի այնպիսի ալիք բարձրացավ, որ պատրիարքարանը փորձեց չեղարկել համաձայնությունը: Հայ ակտիվիստները զգուշացնում են, որ եթե շինարարությունը շարունակվի, վտանգված կլինի Հին քաղաքում հայ համայնքի ապագան:

Լուսանկարը` Մարիա Սադոյան

Շքեղ անշարժ գույքի, օտարերկրյա շահերի, իսրայելցի ծայրահեղական աջերի եւ կոռուպցիայի մեղադրանքների մասին այս պատմությունը նման է այն սկանդալին, որը վերջին տասնամյակներում ցնցեց Երուսաղեմի հունական ուղղափառ համայնքը: Այդ աղմուկի ներքո աջակողմյան խումբը երկու մեծ անշարժ գույք ձեռք բերեց Հին քաղաքի Յաֆֆյան դարպասի մոտ:

 

Հայկական գործը բացահայտեց նաեւ համայնքի կրոնական առաջնորդների եւ գոյատեւելու համար պայքարող փոքրաթիվ համայնքի միջեւ լարվածությունը: Բողոքի առաջնորդները երիտասարդ հայ ակտիվիստներ են, որոնք ասում են, որ պատրիարքարանը համայնքից թաքուն է կատարել գործարքը:

 

2,7 ակր՝ 2 միլիոն դոլարով

 

Վեճի հիմքում Հին քաղաքի 2,7 ակր տարածքն է՝ Հայկական վանքի եւ Հին քաղաքի պարիսպների միջեւ: Վերջին դարերում հայ համայնքը մասամբ օգտագործել է այս տարածքը մշակաբույսեր տնկելու եւ գյուղատնտեսական կենդանիներ բուծելու համար եւ շրջապատել այն շենքերով, այդ թվում՝ սկսնակ քահանաների դպրոցը եւ բնակելի տները:

 

Քաղաքի եւ Հայոց պատրիարքարանի միջեւ 2020-ին կնքված համաձայնագրով տարածքի մի մասը վերածվել է 180 տեղանոց ավտոկայանատեղիի, կեսը՝ Հրեական թաղամասի բնակիչների, կեսը՝ Հայկական թաղամասի բնակիչների համար։ Այդ ժամանակ Իսրայելի եւ ողջ աշխարհի հայերը հանդես եկան քննադատությամբ՝ ասելով, որ սա Հին քաղաքի «հրեականացման» ծրագրի մի մասն է:

Լուսանկարը` Emil Salman/Haaretz

2021-ի հուլիսին պայմանագիր ստորագրվեց. պատրիարքարանին պատկանող տարածքը վարձակալությամբ տրվելու էր «Xana Gardens» ընկերությանը 49 տարով՝ եւս 49 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

 

Ստորագրման օրը ստեղծված այս ընկերության ղեկավարը ավստրալիական ծագումով իսրայելցի գործարար Դենի Ռոթմանն է, որը երբեմն հանդես է գալիս Դենի Ռուբինսթայն անունով, երբեմն էլ երկու անունները միասին է օգտագործում։ «Xana Gardens»-ը Դուբայում գործող «Xana Group»-ի մի մասն է:

 

Պայմանագիրը ներառում էր նաեւ ավտոկայանատեղի մոտ գտնվող այլ շենքեր եւ տարածքներ, այդ թվում՝ քահանաների դպրոցի նիստերի դահլիճը, այգին եւ հինգ բնակելի տներ։ Բայց պատրիարքարանը մանրամասներ չհրապարակեց. տեղի բնակիչները չգիտեին, որ ընդգրկված են նաեւ կայանատեղից դուրս տարածքները:

Լուսանկարը` Emil Salman/Haaretz

Քաղաքապետարանի քարտեզների վրա Հայկական թաղամասը նշանակալի է երեւում, բայց մեծ հատվածներ իրականում արդեն երկար տարիներ հայկական վերահսկողության տակ չեն, այդ թվում՝ մեծ ոստիկանական բաժանմունքը եւ «Դավթի աշտարակ» թանգարանի տարածքը: Այսպիսով, հյուրանոցի գործարքում նշվածը կազմում է հայկական տարածքի մոտ մեկ քառորդը:

Լուսանկարը` Haaretz

Այս հսկայական գույքի համար վճարված գինը ընդամենը 2 միլիոն դոլար էր: Պայմանագրի համաձայն՝ ընկերությունը կառուցելու է շքեղ հյուրանոց եւ իր շահույթի որոշ տոկոսը կփոխանցի պատրիարքարանին։ Մինչ հյուրանոցի կառուցումը ընկերությունը պատրիարքարանին տարեկան 300 հազար դոլար է վճարելու։

 

Հայկական համայնքի քննադատները պնդում էին, որ «Xana Gardens»-ը անհեթեթորեն ցածր գին է վճարել անշարժ գույքի համար, որը նկարագրել որպես «արտակարգ» նշանակում է թերագնահատել. հսկայական տարածք, որը ներառում է շենքեր Երուսաղեմի Հին քաղաքի սրտում: Պատրիարք Նուրհան Մանուկյանին մեղադրեցին իշխանության չարաշահման մեջ, իսկ եկեղեցու ունեցվածքի կառավարիչ քահանա Պարետ Երեցյանին՝ կոռուպցիայի։

Պատրիարք Նուրհան Մանուկյանը 2015 թվականին Պատրիարք Նուրհան Մանուկյանը 2015 թվականին

Լուսանկարը` Emil Salman/Haaretz

Հայ համայնքի անդամները, որոնք ապրում են Սիոն լեռան ճանապարհին գտնվող Հրեական թաղամասի կողքը, իրենց պաշարված են զգում։ Անցած տարի հայ քրիստոնյաների վրա թքելու, հայհոյելու եւ ֆիզիկական հարձակումների, ինչպես նաեւ կրոնական շենքերի վանդալիզմի տասնյակ դեպքեր են գրանցվել:

 

Մինչդեռ Երուսաղեմի փոքրաթիվ հայկական համայնքն արդեն իսկ կրճատվել է՝ հասնելով մոտ 1000 հոգու՝ ծնելիության ցածր մակարդակի եւ արտագաղթի պատճառով:

 

Երբ սկսվեց բողոքի ակցիան, պատրիարքարանն ասաց, որ հյուրանոցից ստացված շահույթի տոկոսները կօգնեն եկեղեցուն, սակայն համայնքի քննադատներին, ինչպես նաեւ Հորդանանի եւ Պաղեստինի պաշտոնյաներին, դա չհամոզեց: Պատրիարքի վրա ճնշումն աճեց:

 

Փորձելով մաքրել իր անունը՝ մայիսին պատրիարքարանը ղեկավարող Սուրբ սինոդը կարգալույծ արեց հայր Պարետին: Հաջորդ օրը, գործարքից զայրացած, Հորդանանը եւ Պաղեստինի իշխանությունները հրաժարվեցին ճանաչել պատրիարք Մանուկյանի իրավասությունը: Դա զգալիորեն սահմանափակեց եկեղեցու ակտիվների նկատմամբ նրա վերահսկողությունը Հորդանան գետի Արեւմտյան ափում, Երուսաղեմում եւ Հորդանանում: Այդ օրը հարյուրավոր ցուցարարներ պաշարեցին պատրիարքարանի շենքը՝ պատասխաններ պահանջելով։ Հայր Պարետին փրկելու համար ստիպված էր միջամտել ոստիկանությունը։

Լուսանկարը` Emil Salman/Haaretz

Այդ ժամանակվանից թաղամասի բնակիչները ամեն ուրբաթ ցույց են անում պատրիարքի դեմ՝ պահանջելով չեղյալ հայտարարել գործարքը: Բողոքը ղեկավարում են երկու երիտասարդներ՝ Եբրայական համալսարանի ուսանող Հակոբ Ջերնազյանը եւ թաղամասի կերամիկայի մասնագետ Սեդրակ Բալյանը:

 

«Այս գործարքը կկործանի համայնքը,- ասում է Ջերնազյանը, - այն կոտրում է թաղամասի տարածքային ամբողջականությունը եւ վտանգի ենթարկում միակ հայկական դպրոցը ողջ Սուրբ Երկրում։ Չի կարելի կորցնել հետնամուտքը, ավտոկայանատեղն ու դպրոցի մեկ երրորդը։ Վերջերս մեզ հաջողվել էր կայունացնել համայնքը, բայց հիմա հետընթաց ենք ապրում»։

 

Նման տեսակետ են հնչեցրել նաեւ Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիների եւ դավանանքների ղեկավարները՝ հայտարարության մեջ նշելով, որ զարգացումները «կարող են վտանգել Երուսաղեմում հայկական ներկայությունը»։

 

«Xana Gardens»-ը պնդում է, որ Պաղեստինի ինքնավարությունից եւ արաբական աշխարհից փորձում են չեղարկել գործարքը, քանի որ ներգրավված է հրեաների կողմից ղեկավարվող կազմակերպություն: Իսրայելի պաշտոնյաները եւս ասել են, որ դիմադրությունը ունի հակաիսրայելական, մինչեւ անգամ հակասեմիտական դրդապատճառներ: Պաշտոնյաներից մեկը նույնիսկ գործարքի դեմ հանդես գալը կապել է օգնության հետ, որն Իսրայելը հատկացրել է Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի դեմ պատերազմի ժամանակ:

Լուսանկարը` Emil Salman/Haaretz

Սակայն հայ համայնքի ակտիվիստները համաձայն չեն: «Բողոքի ցույցերին ոչ մի արտաքին քաղաքական դերակատար չի մասնակցել. սա հայկական հարց է, եւ ոչ ոք չի ծրագրում այն քաղաքականացնել»,- ասաց ակտիվիստներից մեկը։ «Խելամիտ չէր, որ Պատրիարքը գործարքի մեջ ներառել էր առանձնատներ եւ դպրոցի մի մասը, իսկ գործարքը չի բարելավի պատրիարքարանի տնտեսական վիճակը, ընդհակառակը»:

 

Փաստերի խեղաթյուրման մեղադրանքներ

 

Հոկտեմբերի վերջին պատրիարքարանը նամակ է ուղարկել «Xana Gardens»-ին՝ հայտնելով, որ չեղարկում է գործարքը։

 

Նամակում ասվում է, որ համաձայնագրի տակ պատրիարքարանի ստորագրությունը ստանալու համար Ռուբինսթայն Ռոթմանը կեղծ հայտարարել է, որ շատ հարուստ գործարար է եւ Իսրայել է եկել անձնական ինքնաթիռով: Նամակում ասվում է, որ Ռուբինսթայն Ռոթմանը պնդում էր, որ աշխարհով մեկ յոթ աստղանի հյուրանոցներ ունի, եւ իր ընկերությունը զբաղվում է եզակի շքեղ հյուրանոցներ կառուցելով: Նամակում ասվում է, որ այդ պնդումները կեղծ էին:

Լուսանկարը` Մարիա Սադոյան

Կառուցապատողն էլ պնդում է, որ խնդիրն այն է, որ Պաղեստինի իշխանությունները դեմ են Արեւելյան Երուսաղեմի հողերը հրեաներին վաճառելուն:

 

Նա ավելացնում է, որ ապրիլին Ռուբինսթայն Ռոթմանը տեղեկացրել էր եկեղեցու պաշտոնյաներին, որ «Xana Gardens»-ի բաժնետոմսերի գրեթե կեսը փոխանցել է Յաֆֆայի բնակիչ Ջորջ Ուորվարին (հայտնի է նաեւ որպես Ջորջ Հադադ): Ըստ նամակի՝ ընկերության մնացած մասը նույնպես փոխանցվելու էր Ուորվարին։

 

Նամակը պնդում է, որ Ռուբինսթայն Ռոթմանը, ըստ էության, քողարկել է Ուորվարի գնումը, իսկ Յաֆֆայի բնակիչը քրեական անցյալ ունի, եւ պատրիարքարանը նրան չէր վստահի գույքը կամ հյուրանոցաշինական ձեռնարկությունը։ Նամակում ասվում է նաեւ, որ Ուորվարը կասկածելի կապեր է ունեցել կարգալույծ հայր Պարետի հետ:

 

«Պայմանագիրը օրինական ձեւով չեղյալ է հայտարարվել», - Haaretz-ին ասել է պատրիարքի փաստաբան Դանիել Աբարբանելը, հավելելով, որ «Xana» ընկերությունն ու նրա սեփականատերերն այլեւս իրավունք չունեն հողի նկատմամբ, իսկ բռնի գործողությունները նրանց ոչ մի օգուտ չեն բերի:

Լուսանկարը` Մարիա Սադոյան

Ընկերությունը, սակայն, հերքել է մեղադրանքները եւ պնդում է, որ պայմանագրի դեմ հակազդեցության աղբյուրը Պաղեստինի ինքնավարությունն է, որը դեմ է Արեւելյան Երուսաղեմում հողերը հրեաներին վաճառելուն: «Xana»-ն պնդում է, որ համաձայնագիրը վավեր է, եւ հողն արդեն փոխանցվել է: Վերջին ամիսներին ընկերությունն է տնօրինում ավտոկայանատեղը։

 

Այնուամենայնիվ, անցած ամիս, երբ ընկերության աշխատակիցները փորձել են մտնել ավտոկայանատեղ եւ սկսել քանդել պատը, պատրիարքն ու համայնքի անդամները կանգնել են բուլդոզերի առջեւ։ Ծեծկռտուք է սկսվել, եւ ոստիկանները երկու կողմի մարդկանց բերման են ենթարկել։

 

«Երուսաղեմի եւ արտերկրի հայ համայնքը դեմ է եղել գործարքին այն պահից, երբ իմացել է ստորագրման մասին. նրանք այն չեղյալ են համարում», - ասում է համայնքը ներկայացնող փաստաբան Սամի Էրշիդը:

 

Ըստ նրա, «պայմանագիրը ստորագրվել է առանց պատշաճ լիազորությունների եւ կասկածելի հանգամանքներում... Այն արատավոր է օրինականության առումով եւ համայնքի տեսանկյունից անվավեր»:

Լուսանկարը` Մարիա Սադոյան

Էրշիդը նշել է, որ Երուսաղեմի հայ համայնքը գոյություն ունի հինգերորդ դարից։ «Նրա ունեցվածքին վնասելը եւ իրավունքների փոխանցումը օտարերկրյա կազմակերպություններին, հատկապես երբ խոսքը Հին քաղաքում գույքի մասին է, գոյութենական վտանգ է ներկայացնում», - ասաց նա:

 

Պատրիարքարանին ու ակտիվիստներին մտահոգում է մեկ այլ հարց՝ աջակողմյան իսրայելցիների ներգրավվածությունը։ Ոմանք կասկածում են, որ «Աթերեթ Քոհանիմ» կազմակերպությունը, որի նպատակը հրեաներին Արեւելյան Երուսաղեմում բնակեցնելն է, ակտիվ դեր է խաղացել հայկական այս խնդրում:

 

Haaretz-ի կողմից ձեռք բերված լուսանկարում, որը վերջերս արվել է Երուսաղեմի «Waldorf Astoria» հյուրանոցում, Ուորվարը եւ Ռուբինսթայն Ռոթմանը երեւում են «Աթերեթ Քոհանիմ»-ի հիմնադիր Մաթի Դանի հետ: Բայց Դանը հերքեց գործարքի հետ որեւէ կապը:

Լուսանկարը` Haaretz

Հույն ուղղափառ եկեղեցու դեպքում եկեղեցին չափազանց հազվադեպ ընթացակարգով պաշտոնանկ արեց պատրիարքին, որը պայմանագիր էր կնքել Հին քաղաքի Յաֆֆյան դարպասի երկու խոշոր հյուրանոցների վաճառքի վերաբերյալ: Տարիներ շարունակ նոր պատրիարքը փորձել էր չեղարկել «Աթերեթ Քոհանիմ»-ի հետ գործարքը, սակայն անհաջող։ Հայերն ասում են, որ նույն սխալը թույլ չեն տա:

 

«Զայրույթը պատրիարքի նկատմամբ մեծ է: Գիտակցել է, թե ոչ՝ նա է ստորագրել գործարքը», - ասում է Եբրայական համալսարանի ուսանող Ջերնազյանը: «Բայց հիմա նա պատրաստ է չեղարկել այն, եւ հենց ինքն է երեք անգամ դիմակայել ընկերության կողմից վարձված զինված պահակներին: Նա կարծես կամք ունի ուղղելու սխալը, եւ ես վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք»:

 

Փոթորկից հետո հայր Պարետը Իսրայելից մեկնեց Միացյալ Նահանգներ: Նա հերքում է պատրիարքարանի եւ հայ համայնքի մեղադրանքները՝ հավելելով, որ նախագիծը քննարկվել է տասնամյակներ շարունակ։ «Պայմանագիրը օրինական կերպով ստորագրվել է պատրիարքի կողմից՝ փաստաբանների ներկայությամբ»,- ասաց նա։

Լուսանկարը` Մարիա Սադոյան

«Բողոքի պատճառը քաղաքական է. արտաքին ճնշումներ են, քանի որ գնորդը հրեա է», - ասաց նա՝ հավելելով, որ «Աթերեթ Քոհանիմ»-ը կապ չունի գործարքի հետ։ Հայր Պարետի խոսքով՝ պատրիարքի վրա ճնշում են գործադրել մարդիկ, որոնք աշխատում են Պաղեստինի անվտանգության ուժերի համար։ «Ես ոչ մի վատ բան չեմ արել. ինչ արել եմ՝ պատրիարքության եւ համայնքի համար էր»,- ասաց նա։

 

Նա ասում է նաեւ, որ Ռուբինսթայն Ռոթմանը ճշմարտություն է ասել իր բիզնեսի մասին: Հայր Պարետը տարիներ շարունակ ճանաչել է Ուորվարին եւ նրա քրեական անցյալի վերաբերյալ որեւէ մեղադրանքի մասին տեղյակ չէ:

 

Փաստաբան Իթամար Միրոնը «Xana Gardens»-ի անունից ասել է.

 

«Իմ պաշտպանյալները մտադիր չեն լրատվամիջոցներով խոսել Հայոց պատրիարքարանի հետ: Մենք գործ ունենք պայմանագրի հետ, որը ստորագրվել է ավելի քան երկու տարի առաջ: Գույքը վաղուց հանձնվել է, համաձայնեցված գինն ամբողջությամբ վճարված է, իմ պաշտպանյալները երկար ամիսներ շահագործել են ավտոկայանատեղը եւ տարածքում տարբեր աշխատանքներ կատարել: Մինչեւ վերջերս ոչ ոք պայմանագրի վերաբերյալ որեւէ պահանջ չի ներկայացրել։

 

Ակնհայտ է, որ Պաղեստինի ինքնավարությունը (եւ այլ օտարերկրյա սուբյեկտներ) բազմիցս ճնշում են գործադրել պատրիարքարանի վրա՝ գործարքից դուրս գալու համար: Իմ պաշտպանյալներին հասած տեղեկություններով՝ ճնշումը մեծ է եւ անօրինական, ներառյալ պատրիարքարանին ֆինանսական վնաս հասցնելը։

Լուսանկարը` Մարիա Սադոյան

Ակնհայտ է, որ այս անհիմն պահանջները նպատակ ունեն իրավական պատրվակ ստեղծել Պաղեստինի ինքնավարության այն պնդումների համար, որ հրեական ընկերություններին պետք է արգելել հողեր ունենալ Երուսաղեմի Հին քաղաքում: Իրավիճակը սրվում է, երբ [պահանջներին] միանում են իմ պաշտպանյալներին սպանելու սպառնալիքները:

 

Պատրիարքարանն իր նամակին մանրամասն պատասխան է ստացել [փաստաբանից]: Թեեւ անցել է երկու շաբաթից ավելի, նրանք պարզ պատճառներով նախընտրել են դատարան չդիմել եւ, ըստ երեւույթին, որոշել են իրավախախտներ եւ ավազակներ ուղարկել, որոնք փորձում են խանգարել իմ պաշտպանյալների աշխատանքին եւ տարածքի կառավարմանը:

 

Իմ պաշտպանյալները հաստատում են պայմանագրի կողմերին ներկայացված յուրաքանչյուր հայտարարություն... Բոլոր համապատասխան փաստերը հայտնի են նրանց, ովքեր բանակցել են պատրիարքարանի անունից: Հետեւաբար, փաստերի խեղաթյուրման մեղադրանքն անհիմն է: Պայմանագրի գնի վերաբերյալ մեղադրանքը քննարկման արժանի չէ, քանի որ նույնիսկ պատրիարքարանը չի համարձակվել նման չհիմնավորված պահանջ ներկայացնել»:

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին