Ազնավուրի թանգարանը կպատմի նաեւ հրեաներին փրկելու մասին - Mediamax.am

2418 դիտում

Ազնավուրի թանգարանը կպատմի նաեւ հրեաներին փրկելու մասին


Շառլ Ազնավուրը եւ Նիկոլ Ազնավուրը
Շառլ Ազնավուրը եւ Նիկոլ Ազնավուրը

Լուսանկարը` «Ազնավուր» հիմնադրամ

Շառլ Ազնավուրը
Շառլ Ազնավուրը

Լուսանկարը` «Ազնավուր» հիմնադրամ

Տաթեւ Սարգսյանը
Տաթեւ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շառլ Ազնավուրը
Շառլ Ազնավուրը

Լուսանկարը` «Ազնավուր» հիմնադրամ

Շառլ Ազնավուրը եւ Նիկոլ Ազնավուրը
Շառլ Ազնավուրը եւ Նիկոլ Ազնավուրը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Ներկայացնում ենք Times of Israel պարբերականում հրապարակված New museum in Armenia to tell story of Charles Aznavour, French crooner who loved Jews հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

«La Yiddishe Mama» երգի նրա հուզիչ ֆրանսերեն կատարումը լեգենդար է, ինչպես եւ «Hava Nagila»-ի խանդավառ զուգերգը ալժիրցի հրեա երգիչ Էնրիկո Մասիասի հետ:

 

 

1967 թվականին նա ձայնագրեց «Yerushalayim» երգը՝ որպես հարգանքի տուրք Իսրայելի վեցօրյա պատերազմում տարած հաղթանակին։

 

 

Շառլ Ազնավուրը, փոքրամարմին երգիչն ու երգահանը, որին հետագայում «Ֆրանսիայի Ֆրանկ Սինատրա» պիտի անվանեին, հրեա չէր: Երիտասարդ տենորը՝ ծնված Փարիզի քրիստոնյա հայ ընտանիքում, որը գնահատում էր մշակույթը, իդիշ սովորեց քաղաքի Հրեական թաղամասում մեծանալով: Իսկ երբ 1940-ին նացիստները գրավեցին Փարիզը, Ազնավուրյանները, կյանքը վտանգելով, փրկում էին հրեաներին։

 

Մակրոնի հրաժեշտի խոսքը Ազնավուրին

Ազնավուրը մահացավ 2018 թվականի հոկտեմբերին՝ 94 տարեկան հասակում։ Իր մոտ 80 տարվա կարիերայի ընթացքում նա ձայնագրեց ավելի քան 1 400 երգ 7 լեզուներով, վաճառեց շուրջ 200 միլիոն ձայնասկավառակ եւ նկարահանվեց ավելի քան 90 ֆիլմերում։

 

2024-ի մայիսի 22-ին լրանում է Ազնավուրի ծննդյան 100-ամյակը, եւ այդ կարեւոր իրադարձությունը նշելու համար բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված։ Հայաստանի եւ հարեւան Ադրբեջանի միջեւ 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած կատաղի հակամարտությունը դժվարացրեց դրանց իրականացումը, սակայն, ի վերջո, Ազնավուրի երկրպագուները հույս ունեն Երեւանում բացել մեծ թանգարան եւ մշակութային կենտրոն՝ հարգանքի տուրք մատուցելու նրա կյանքի տարբեր ասպարեզներին, ներառյալ ջերմ կապերը Իսրայելի եւ հրեաների հետ:

 

Նրանք հրաժեշտ տվեցին Ազնավուրին

«Այս գաղափարի վրա սկսեցինք աշխատել, երբ հայրս դեռ մեզ հետ էր, - ասում է 46-ամյա Նիկոլա Ազնավուրը՝ հայտնի շանսոնյեի որդին եւ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը: - Նա ձայնագրել է աուդիո ուղեցույցը, ուստի հենց ինքն է պատմելու իր կյանքի պատմությունը»:

 

Հիմնադրամը զբաղեցնում է Կասկադին հարող մի մեծ շենք։ Բարեգործական կազմակերպության նախորդը՝ «Ազնավուրը Հայաստանին» ասոցիացիան, ստեղծվել էր 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո, որի հետեւանքով զոհվեց 25.000 մարդ, հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթեւան:

 

Այդ ժամանակից ի վեր ընտանիքը գումար է հավաքել Հայաստանում մարդասիրական ծրագրերի համար՝ միաժամանակ ֆինանսավորելով քաղցկեղի եւ Ալցհեյմերի հիվանդության հետազոտությունները եւ օգնելով Հայիթիում 2010 թվականի երկրաշարժից տուժածներին:

 

Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի համար 2020-ին Ադրբեջանի հետ ջախջախիչ 44-օրյա պատերազմից հետո հիմնադրամը 175 տոննա սնունդ, հագուստ, բժշկական պարագաներ եւ այլ օգնություն է մատակարարել մարտերի հետեւանքով տեղահանված ավելի քան 42 000 հայերին։

 

Այդ պատերազմը, Քովիդ-19 համաճարակը եւ Ադրբեջանի կողմից տարածքի վերագրավումը (որը հանգեցրեց Ղարաբաղի ողջ բնակչության արտագաղթին դեպի անվիճելի հայկական տարածք) պատճառ դարձան, որ հիմնադրամի 10 միլիոն դոլար արժողությամբ թանգարանի ու մշակութային կենտրոնի բացումը մի քանի անգամ հետաձգվեց։

Շառլ Ազնավուրը Շառլ Ազնավուրը

Լուսանկարը` «Ազնավուր» հիմնադրամ

Ապագա թանգարանի մեկ սենյակը կցուցադրի Ազնավուրի կենդանության օրոք ստացված շուրջ 300 մրցանակները: Դրանց թվում կլինի Ռաուլ Վալենբերգի մրցանակը, որը 2017 թվականին Ազնավուրին շնորհեց Իսրայելի նախկին նախագահ Ռեուվեն Ռիվլինը Երուսաղեմում՝ ի նշան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Փարիզում հրեաներին եւ մյուսներին պաշտպանելու նրա ընտանիքի ջանքերի:

 

Ազնավուրի որդին ներկա էր, երբ հայրը՝ այն ժամանակ 93 տարեկան, Ռիվլինից ստացավ մեդալը իր ծնողների եւ ավագ քրոջ՝ Աիդայի անունից, որն այժմ 101 տարեկան է:

 

«Մեդալը կլինի ցուցահանդեսի կարեւոր մասը, - ասել է Նիկոլան հրեական հեռագրական գործակալությանը վերջերս տված հարցազրույցում: - Իմ տատիկն ու պապիկը, որոնք փախել էին Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից, հաստատվեցին Ֆրանսիայում, բայց ցանկանում էին մեկնել ԱՄՆ: Եվ երբ տեսան, թե ինչ է կատարվում հրեաների հետ, չկարողացան ձեռքերը ծալած նստել»։

 

Այդ կարեկցանքը ստիպեց ընտանիքին ապաստան տրամադրել հրեա ծանոթներին Փարիզի 9-րդ թաղամասում դե Նավարին 22 փողոցի իրենց փոքրիկ երեք սենյականոց բնակարանում:

 

Թանգարանը բաղկացած կլինի 10 սենյակից, որոնք այցելուներին կտանեն ճանապարհորդության, որը սկսվում է Հայոց ցեղասպանությունից եւ շարունակվում Ազնավուրի վաղ փարիզյան կյանքով:

Տաթեւ Սարգսյանը Տաթեւ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք ուզում ենք պատմել նրանց դիմադրության պատմությունը, թե ինչպես օգնեցին ոչ միայն հրեաներին, այլեւ հայ զինվորներին, որոնց գերմանացիները հավաքագրել էին իրենց կամքին հակառակ,- ասում է «Ազնավուր հիմնադրամի» գործադիր տնօրեն Տաթեւ Սարգսյանը։ - Նրա հայրն աշխատում էր մի ռեստորանում, որն այցելում էին նացիստները»:

 

Ըստ իսրայելցի հետազոտող Յաիր Աուրոնի՝ 2016-ին լույս տեսած «Արդար փրկիչներ եւ մարտիկներ» գրքի՝ Ազնավուրն ու նրա քույրը օգնում էին այրել հայ դասալիքների նացիստական համազգեստը եւ ձերբազատվել մոխիրից։ Նրանք թաքցնում էին նաեւ ֆրանսիական ընդհատակյա դիմադրության շարժման անդամներին, որոնց հետապնդում էր Գեստապոն, ինչի մասին համեստ Ազնավուրը հազվադեպ էր խոսում:

 

«Այստեղ ավելի շատ ընկղմվելու եք մթնոլորտի մեջ, զգալու եք, ոչ թե պարզապես տեսնելու», - պատմում է Նիկոլա Ազնավուրը 3,000 քառակուսի մետր տարածք ունեցող թանգարանի մասին: Բացի մեդալներից եւ մրցանակներից, կցուցադրվեն հարյուրավոր ցուցանմուշներ, այդ թվում՝ Ազնավուրի հագուստը, նրա սիրելի արեւային ակնոցները եւ ֆիլմերի տասնյակ պաստառներ: Դրանց թվում է 1979 թվականին նկարահանված «Թիթեղյա թմբուկը» գերմանական ֆիլմի պաստառը: Այդ կինոնկարում Ազնավուրը խաղում է խաղալիք վաճառող բարի հրեայի դերը, որն ինքնասպան է լինում, երբ նացիստները ոչնչացնում են նրա խանութը եւ այրում են սինագոգը:

 

«Ազնավուրը չէր ուզում, որ սա պարզապես իր հիշատակին նվիրված թանգարան լիներ: Նա ցանկանում էր, որ այն լինի մշակութային, կրթական կենտրոն,- ասում է Տաթեւ Սարգսյանը։ - Նա մշտապես խոսում էր երիտասարդության հզորացման կարեւորության մասին, քանի որ ինքն այնքան քիչ հնարավորություններ ուներ, երբ առաջին քայլերն էր անում Փարիզում»։

Շառլ Ազնավուրը եւ Նիկոլ Ազնավուրը Շառլ Ազնավուրը եւ Նիկոլ Ազնավուրը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Հիմնադրամը համագործակցություն է հաստատել Ֆրանսիայի կառավարության հետ՝ ապագա կենտրոնում ստեղծելու Ֆրանսիական ինստիտուտ, որը կառաջարկի մշակութային եւ կրթական գործունեության լայն շրջանակ: Կլինեն նաեւ երաժշտության դասեր եւ ձայնագրման ստուդիա: Երաժիշտները բեմում կենդանի ելույթ ունենալու հնարավորություն կստանան։

 

Բացի այդ, փորձագետները կանցկացնեն կինոյի, թատրոնի եւ ֆիլմարտադրության դասընթացներ: Այս դասերի ընթացքում կցուցադրվեն ֆիլմեր եւ կներկայացվեն 90 ֆիլմերից մի քանիսը, որոնցում նկարահանվել է ինքը՝ Ազնավուրը:

 

«Ազնավուրը հայ ժողովրդի ազգային հարստությունն է,- ասում է Data Art ընկերության մարդկային ռեսուրսների ղեկավար Լիլիթ Պապիկյանը։ - Նրա երաժշտությունը հայրենաբաղձության, կարոտի եւ հպարտության զգացումներ է առաջացնում համայն հայության սրտերում՝ թե՛ այստեղ, թե՛ սփյուռքում»։

Շառլ Ազնավուրը Շառլ Ազնավուրը

Լուսանկարը` «Ազնավուր» հիմնադրամ

2022 թվականի ապրիլին Թել Ավիվի արվարձան Պետախ Տիկվայի քաղաքային այգին վերանվանվեց Ազնավուրի անունով՝ քաղաքապետ Ռամի Գրինբերգի եւ Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանի, ինչպես նաեւ Ֆրանսիայի դեսպանատան եւ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի պաշտոնյաների ներկայությամբ։

 

«Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ազնավուրյանների ընտանիքը բազմաթիվ հրեաների կյանքեր էր փրկել, - ասում է համայնքի ղեկավար Արտյոմ Չերնամորյանը: - Այս քայլը խորհրդանշում է անխզելի կապը հայ եւ հրեա ժողովուրդների միջեւ՝ երկու ժողովուրդների, որոնք անասելի ողբերգություն են ապրել»:

 

Հեղինակավոր երգիչը, այնուամենայնիվ, չէր ամաչում իր հրեա ընկերներին քննադատել այն բանի համար, որ Իսրայելը հրաժարվեց պաշտոնապես ճանաչել Օսմանյան Թուրքիայում 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նա չէր վարանում քննադատել նաեւ Իսրայելի աճող բարեկամության էներգետիկ ռեսուրսներով հարուստ Ադրբեջանի հետ, որը 1993-ից ի վեր ղեկավարում է Ալիեւների ընտանիքը եւ որտեղ բնակվում է մոտ 15 000 հրեա:

 

Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ջերմացման պայմաններում Ադրբեջանը Թել Ավիվում դեսպանություն բացեց՝ դառնալով առաջին շիա մահմեդական երկիրը, որը դա արեց: Երկու երկրներն այժմ լայն տնտեսական կապեր ունեն. Ադրբեջանը Իսրայելին նավթ է վաճառում, ինչպես նաեւ դարձել է իսրայելական զենքի գլխավոր գնորդը Հնդկաստանից հետո. փաստ, որն ակնհայտորեն ցավ է պատճառում երիտասարդ Ազնավուրին:

 

Նիկոլա Ազնավուր. «Հայրս գերմարդ էր»

«Իրավիճակը բարդ է, - ասում է Նիկոլա Ազնավուրը: - Մենք ունենք ընկերներ, որոնք լիովին աջակցում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Սակայն կա քաղաքական իրականություն. Իսրայելի շահերը համընկնում են Ադրբեջանի շահերի հետ»: Միեւնույն ժամանակ, նկատում է, դա «վտանգավոր փոխզիջում է»:

 

«Երկարաժամկետ հեռանկարում դա վատ ռազմավարություն է, որովհետեւ աջակցելով բռնապետություններին՝ մեկ ոտքդ դնում ես գերեզմանի մեջ», - եզրափակում է Նիկոլա Ազնավուրը:

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին