2018թ. hոկտեմբերի 5-ին Փարիզում կայացած Շարլ Ազնավուրին «Ազգային տուրքի արարողության» ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի ելույթը հուզեց շատերին: Սակայն համաժամանակյա թարգմանությունը թույլ չէր տալիս ընկալել Մակրոնի խոսքի բոլոր նրբությունները: Հոկտեմբերի 12-ին «Ազգ» շաբաթաթերթը տպագրեց Էմանյուել Մակրոնի ամբողջական ելույթը՝ Պետրոս Քեշիշյանի թարգմանությամբ: Ներկայացնում ենք այն ձեր ուշադրությանը:
***
Շառլ Ազնավուրը կուզենար ապրել մեկ դար: Նա իրեն դա խոստացել էր: Նա մեզ դա խոստացել էր որպես կյանքին նետված վերջին մարտահրավեր:
Տարիքը նրան երբեք չէր զրկել ապրելու, արարելու, երգելու, սիրելու, ծիծաղելու այդ անհագ ձգտումից, բայց, սահմանագծից ոչ հեռու, մահը եկավ նրան անաղմուկ ընդունելու: Եվ մենք անակնկալի եկանք: Եվ մենք տխրեցինք, քանզի մենք սովոր չէինք այն բանին, որ նրա առասպելական կամքը կարող է չիրականանալ:
Այդ անսպասելի դատարկությունը նշմարելի է դարձնում մինչ այդ մութ մնացած մի ակներեւություն. գրեթե մեկ դար շարունակ նա էր մեզ ապրեցնում: Մեր թաքուն փխրունություններին, մեր հեղհեղուկ հույզերին, մեր թախիծներին եւ մեր հույսերին, նա մեկնեց այդ մխիթարիչ հայելին, որը շատ ու շատ տասնամյակների ընթացքում մեր կյանքը դարձրեց ավելի քաղցր, մեր արցունքները պակաս դառը, մեր ուրախությունները` ավելի թեթեւ:
Նրա երգերը երբեք չեղան ամռան մեղեդիներ, որոնք զվարճացնում եւ մոռացվում են. միլիոնավոր մարդկանց համար դրանք եղան բալասան, սպեղանի, նեցուկ: Նա ուղեկից է, որ լքում է մեզ, եղբայրական պատմողը, որ երգում էր մարդկային հոգու մակարդակով վերցնելով սովորական վշտերի, ամենօրյա կորուստների եւ անցնող ժամանակի իր բաժինը: Անցնող ժամանակի մասին նա խոսում էր առանձնահատուկ ուժգնությամբ. մենք զգում էինք, որ այն գալիս է հեռվից, ոչ թե պարզապես տխրությունից, այլ տարագրության փորձառությունից:
Ասում են, թե տարագրության տարիները կրկնակի են հաշվում. Ազնավուրի մոտ ցավը եւ հույսը կրկնակի էին հաշվվում: Դա ֆրանսիացիները բավական շուտ նկատեցին, թեեւ իրենք չէին ունեցել կորուսյալ դրախտի փորձը:
Տարիներ շարունակ, նրա ներկայությունը, այդ ձայնը, այդ ճանաչելի առոգանությունը հաստատվեցին մեր կյանքում եւ աննկատելի կերպով մեզ միավորեցինՙ անկախ մեր կարգավիճակից եւ անկախ մեր տարիքից: Ստեղծվեց ընդհանուր թրթիռ, եւ Շառլ Ազնավուրը բնական կերպով, միաձայնորեն դարձավ Ֆրանսիայի դեմքերից մեկը:
Լուսանկարը` REUTERS
Մեկ ուրիշ Շառլ` Շառլ Տրենեն, ով ձեռք էր մեկնել երիտասարդ Ազնավուրին, երգում էր բանաստեղծներից մեկի գործերը, որի երգերը մրմնջում էր անուշադիր ամբոխըՙ երբեմն մոռանալով բառերը: Ազնավուրի երգերը նախ եւ առաջ խոսքեր են, դրանք բառեր են , որ գալիս են դիպչելու մեր սրտերին, դրանց վերնագրերը եւ հանկերգերը մտել են ընդհանուր ժառանգության մեջ, եւ ֆրանսիացիների գերակշիռ մեծամասնությունն այսօր կարողանում է ինքնաբերաբար շարունակել, երբ լսում է «Ինձ տեսնում էի արդեն», «Խոսում եմ այն ժամանակվա մասին», «Ապրում եմ մորս հետ», «Դեռ երեկ», «Տարեք ինձ», «Աշխատեցի տարիներ», «Ինչ տխուր է Վենետիկը» եւ այլն:
Այստեղ է ստուգվում արվեստագետի հանճարը իր ունկնդիրների հետ այդ խորին ներդաշնակության մեջ: Բայց մեզանից յուրաքանչյուրն ունի իր ներքին Ազնավուրը, երգեր, որոնք մեզ հատկապես դուր են գալիս, քանի որ մեզ հետ խոսում են առանձնահատուկ կերպով, կամ քանի որ մենք այնտեղ գտնում ենք արվեստագետի մեկ ուրիշ, թերեւս ծածուկ, դեմք: Ինչպես «Անտարբերությունը», որը նման է տանգոյով երգված Վեռլենի, կամ «Ցնորքների պալատը», որը սերում է փողոցային երգից եւ հին բալլադից: Այդ մտերմիկ ներդաշնակության, Ֆրանսիայի հետ նրա հյուսած այդ սերտ կապի աղբյուրը, որից նա անդադար սնվեց եւ որը կարողացավ ապրեցնել, ֆրանսերենն էր:
Հայ տարագրի այդ զավակը, որն ամբողջական ուսում չստացավ, բնազդաբար հասկացավ, որ Ֆրանսիայում պետությունը պետության մեջ, հայրենիքը հայրենիքի մեջ, ամենասուրբ սրբարանը ֆրանսերենն է: Մեզ մոտ որոշ հերոսներ դառնում են ֆրանսիացիներ, խոսում են հեղված արյունի մասին, բայց ֆրանսիացի դառնում են նաեւ խոսակցական լեզվով, սիրված, մշակված, հղկված, նշանավորված լեզվով, նույնքան ֆրանսիացի, որքան Կեսսելը եւ Գարին, որքան Ապոլլիները եւ Իոնեսկոն, նույնքան ֆրանսիացի, որքան Ազնավուրը:
Տվյալ լեզուն այն ուղեվճարն է, որը դպրոցն առաջարկում է յուրաքանչյուրին, եւ ամեն ոք կարող է ըմբռնել դրա տարբեր կողմերը, նրբերանգներն ու ջղերը, գույներն ու շեշտադրումները: Այդպիսով է, որ Ազնավուրը դառնում է ֆրանսիացի եւ նույնիսկ, ինչպես ինքն էր ասում, փարիզեցի` բառերի միջոցով իր երեւակայական աշխարհը խարսխելով մի ինքնության մեջ, որը տարբեր էր իր ծնողների ինքնությունիցՙ ամուր կանգնելով հեղինակների, իր բացահայտած եւ անմիջապես սիրած բանաստեղծների երկարատեւ ավանդույթի մեջ եւ ստանալով ջահը Տրենեի եւ Պիաֆի ձեռքերից, գուցեեւ ավելի հեռվից` Ֆրեհելից եւ Դամիայից:
Բեմի այդ զավակը դարձավ փարիզեցի տղա: Եվ այդպիսով, հենց այն պահից, երբ կինոն նրան օգտագործեց փոքր-ինչ լռակյաց անկաշկանդության, հակիրճ, բայց սուր խոսքի համար, ինչը Օդիարի երկխոսություններում մեծ հաջողություն էր ունենում փոքր-ինչ խորամանկ փխրունության համար, ինչը նրան առանձնացնում է, եւ ավելի ուշ` նրա երկիմաստ չափավորության, մտահոգիչ նորմալության համար: Երբեւէ չհավակնելով դառնալ դերասան, նա կարողացավ նկարահանվել 60 ֆիլմերում, որոնց մի մասը գլուխգործոցներ են, որտեղ նա անմոռանալի է:
Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն
Նա ներքուստ գիտեր, որ իսկական Ֆրանսիան այն է, որը ընդունում է, որը չի սեղմվում պաշարման վախից, այլ շարունակում է ապրել հյուրընկալության եւ նորեկների հաղորդակցման մեջՙ երբեւէ չմոռանալով, որ ինքը նրանց մասն է եղել:
Այդպիսով նա միշտ եղել է երիտասարդության կողքին` բացվելով նոր երաժշտության, ոճերի, ձայների, գաղափարների առջեւ, որոնք նման չէին իր հորինածին, բայց ապրեցնում էին լեզուն եւ աշխուժացնում էին երաժշտական արտահայտչությունը: Նա մինչեւ վերջ գրեց երիտասարդ կատարողների համար` պատասխանատվություն ստանձնելով շարունակելու, օգնելու, աջակցելու համար, քանզի գիտեր, որ մշակույթը, լեզուն, ֆրանսիական երաժշտությունը մահանում են լոկ թթվածնի պակասից, հանուն կարծեցյալ մաքրության կատարվող նորացումից, կամ ոմանց ունայն տագնապից: Նա շատ սերունդների միջեւ անկոտրելի լար ստեղծեց:
Նա այդպես էր ընկալում Ֆրանսիան, քանզի ինքը, ճակատագրով ֆրանսիացի դառնալով, անչափ լավ գիտեր, որ Ֆրանսիան սերտորեն կապված է ողջ աշխարհի հետ: Նա երգեց ութ լեզվով, բայց ամենուրեք իր ֆրանսիական երգերը հասցրեց հանրություններին, որոնք մեր լեզվի մեջ որսում էին իրենց հուզող շեշտադրումներ: Բանն այն է, որ ֆրանսերենը միայն մեկ ազգի միավորիչը չէ, այլ ազատության, հույսի գործոն, երբ հանդես է գալիս իր ամբողջական ուժով, այսինքն երբ բանաստեղծների, գրողների, արվեստագետների, փիլիսոփաների լեզուն է:
Նա բոլոր առաքինությունների մեջ նախընտրում էր հավատարմությունը, հավատարմություն իր ծնողներին, իր ընտանիքին, իր տիկին Ուլլային, իր զավակներին, բազմաթիվ ու բազմապիսի ընկերներին, որոնք անանուն էին կամ նշանավոր, ֆրանսիացիներ կամ օտարերկրացիներ, իր մանկության վայրերում:
Հավատարմություն նաեւ Հայաստանին:
Նա Հայաստանի որդին էր, բարեկամը, դեսպանը, բայց նաեւ անառակ որդին, երբ 1988 թվականին օգնության եկավ երկրաշարժի զոհերին: Դա եղավ նրա մասնակցության սկիզբը, եւ դա չդադարեց: Այսօր նրա Ազնավուր Հիմնադրամը ղեկավարում է որդին` Նիկոլան, որը կշարունակի այդ աշխատանքը: Հայաստանի եւ հայերի բարօրությունը ամենուրեք աշխարհում, ֆրանս-հայկական բարեկամությունը, տարածաշրջանի խաղաղությունը ի հեճուկս պատմության վերքերի, Ցեղասպանության թողած անջնջելի սպիի, որի ցավը հրաշալիորեն արտահայտում է իր «Նրանք ընկան» երգը. այս ամենը սնում էր նրա մարտերը, կենդանացնում նրա գործողությունը, բայց ինքը ավելին արեց:
Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն
Հայաստանի եւ հայերի համար, բազմատանջ, տարագրված, անտեսված եւ երբեմն արհամարհված այդ ժողովրդի համար նա եղավ ոտքի կանգնող երկրի զավակը, որը երգում էր այնպես, ասես դրանից է կախված իր կյանքը` իր ձայնի մեջ դնելով ամբողջ կարոտն ու արժանապատվությունը այն մարդկանց, որոնք ամեն ինչ կորցրին, եւ հենց միայն այդ երգով նրանց վերադարձնելով ապրելու ցանկությունըՙ հպարտ լինելով իրենց ինքնությամբ, անխորտակելի վեհության զգացումով: Նա, որ գիտեր պատմական ողբերգությունը եւ գիտեր հույսը, նա, ում ոչինչ չէր կարող ընկճել, ձայն տվեց նրանց, ում ուզում էին լռեցնել:
Սեփական արմատներին այդ հավատարմությունը մեզ ավելի լավ զգալ կգա օտարերկրացու այդ անտեսանելի մասը, որն ապրում է ֆրանսիական հոգու մեջ: Նրա մոտ, ինչպես Կեսսելի մոտ, ճանաչելի է Ռուսաստանի, Հայաստանի, գնչուների այդ մեղեդին, ինչպես որ գտնում ենք Կենտրոնական Եվրոպայից ջութակներով Լեհաստան բերված մեղեդիներ, ինչը անծանոթ էր Վիլհեմ Ապոլլինարիս Կոստրովիցկուն, եւ որոնք գալիս են մեռնելու «Ռայնլանդում»: Ազնավուրի եւ Ապոլլիների ընդհանրությունը այն բանաստեղծությունն է, «որը փշրվում է ծիծաղի պոռթկումի պես»:
Բայց այստեղ խոսքը ոչ թե միայն պոեզիայի, օտարերկրյա մշակույթների մասին է, այլ նրա օտարերկրյա եւ այլազան ընտանեկան առաքինությունների մասին, որոնք դարերի ընթացքում հարստացրել են ֆրանսիական ժառանգությունը:
Ազնավուրը հաճախ է ընդգծել իր պարտքը Ֆրանսիայի հանդեպ, նաեւ ասել է, թե տարագրությունը ենթադրում է մոռացություն ու վիշտ, ինչը նա չբարձրաձայնեց համեստությունից, նրբանկատությունից, զսպվածությունից ելնելով: Դա է, որ նրա շնորհիվ Հայաստանը բերել էր Ֆրանսիային, եւ նրա օրինակին հետեւելու համար ես ձեռնպահ կմնամ բնութագրելուց, բայց այստեղ ուզում եմ արժանին մատուցել. նրա պատճառով, նրա միջոցով այսօր առիթ է ներկայացել հիշեցնելու, թե մենք, որպես ազգ ինչով ենք պարտական այդ բոլոր հայերին, որոնք, իրենց հայրենիքից փախչելով, եկան մեծացնելու մերը: Խոսքը բազմազանության մասին չէ, ոչ էլ խաչված ճակատագրերի, եւ, ի վերջո, խոսքը մեծության մասին է:
Բոլոր երկրների հայեր, այսօր ես մտածում եմ ձեր մասին:
Հաջորդ շաբաթ նա մեզ հետ պետք է Երեւանում լիներ` Հայաստանում կազմակերպվող եւ այդքան խորհրդանշական Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի համար: Նրա բացակայությունը կլինի անսահման դատարկություն: Թող Հայաստանի եւ Ֆրանսիայի բարեկամությունն արժանի լինի այն բանին, ինչ նա մեզ սովորեցրել է:
Ասում են, թե նա իր կարիերայի սկզբում իրեն համարում էր շատ փոքրամարմին, ոչ այնքան գեղեցիկ, չէր սիրում իր տեմբրը եւ ձայնը, եւ թե նրա տեքստերն ու երգերը մերժվում էին մեծ արվեստագետների կողմից, որոնց նա ներկայացնում էր դրանք, եւ երբեմն նրան խորհուրդ էին տալիս հրաժարվել: Նա երբեք չհրաժարվեց: Աշխատանքով եւ կամքով նա պարտադրեց իր ամբողջ անսահման տաղանդը եւ այսօր նա ամենքին պարտադրում է իր օրինակը: Դա միայն վճռականության օրինակ չէ, դա նախ եւ առաջ սիրո եւ կրքի օրինակ է, կիրք ուրիշների հանդեպ, կիրք բառերի հանդեպ, կիրք Ֆրանսիայի հանդեպ: Մենք հաստատ Սիրանո դը Բերժըրակի երկիրն ենք, որտեղ ոչինչ չի դիմադրում խոսքի հանճարին, յուրահատկությանը, որտեղ գեղեցկությունը գալիս է նրանց մոտ, ովքեր գիտեն երգել եւ գրել, որտեղ ամենքս միաձայն թրթռում ենք բարձր պարզված լեզվի հնչյուններից:
Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն
Ես վստահ եմ, որ դեռ երկար ժամանակ սիրո թախիծը, բաժանման ցավը, անորոշ լուսաբացների, սկզբնավորման բերկրանքը, լավագույն ապագայի հույսը ճանաչող միլիոնավոր տղամարդիկ ու կանայք հանկարծ իրենց հիշողության մի անկյունում կլսեն, թե ինչպես է ծնվում հեռավոր մեղեդին եւ ճշմարիտ բառերը, որոնք այդ անզուգական բանաստեղծը փորագրել է ապրելու դժվարին արվեստը դյուրացնելու համար: Եվ յուրաքանչյուրի սրտում նա կշարունակի իր ճամփան քայլելով, ուղիղ կեցվածքով, մեկ ձեռքը գրպանում պահած, մեզ ծանոթ իր կիսաժպիտներով:
Այդ ժամանակ նա մեզ հետ հպարտորեն կհատի այդ դարի շեմը, որն այստեղ նա չկարողացավ մինչեւ վերջ իրականացնել, որպեսզի այլեւս երբեք մեզ չլքի:
Քանզի Ֆրանսիայում բանաստեղծները երբեք չեն մահանում:
Կեցցե՛ Հանրապետությունը, կեցցե՛ Ֆրանսիան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: