Արարատ 73` վերելքի ուղին. խաղ չորրորդ - Mediamax.am

exclusive
8385 դիտում

Արարատ 73` վերելքի ուղին. խաղ չորրորդ

28 ապրիլի: IV տուրը մերոնք անցկացնում են Մինսկում:

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից


Մեդիամաքս-ի «Արարատ 73` վերելքի ուղին» պատմում է 1973 թվականին Երեւանի Արարատի ԽՍՀՄ առաջնությունում տարած հաղթանակի մասին: Առավել մանրամասն նախագծի մասին կարդացեք այստեղ:

 

Արսեն Կակոսյան

 

28 ապրիլի: IV տուրը մերոնք անցկացնում են Մինսկում:

 

ՆՈՒՅՆ ԽԱՂԻ «ԿՐԿՆԱԿԻ ԴԻՏՈՒՄԸ»

 

Այսօր կայանալու է նոր տուրը, իսկ նախորդ՝ «Սպարտակի» հետ հանդիպման մասին խոսակցությունները չեն դադարել: Տեսաբանները համակարծիք են, որ ցուցադրվել է մեծ ֆուտբոլ: Ահա թե ինչ է գրում, մասնավորապես, Սերգեյ Սալնիկովը.

 

«Հանդիպման ավարտից հետո ֆուտբոլի առավել մոլի երկրպագուները շտապեցին Մոսկվայի մյուս ծայրը՝ Լուժնիկի, որտեղ բացման հերթափոխը ստանձնել էին սպարտակցիներն ու արարատցիները: Եվ շտապում էին, ինչպես պարզվեց, ոչ իզուր: Այստեղ նույնիսկ այն քմահաճ երկրպագուները, որոնց ճաշակը չէր գոհացրել առաջին հանդիպումը, ականատես դարձան չափազանց դիտարժան, բաց ֆուտբոլի: Երկու թիմերն էլ հանդիպման ընթացքում ցուցադրեցին սուր, համակարգված խաղ:

 

Կատարվող փոխանցումների բազմազանությունը, հարձակվողների անհատական անցումները, հանկարծակի հարվածները դարպասների ուղղությամբ, ռիթմի ու հարձակումների արագ փոփոխությունը, դրան գումարած վառ էլեկտրական լույսը, որը ողողել էր մարզադաշտն ու երանգավորել էր խաղադաշտի կանաչ խոտածածկը, ստեղծել էին ֆուտբոլային տոնի գունագեղ պատկեր»:

Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

 

…Սակայն խոսենք այսօրվա մտահոգությունների մասին: Ռեպորտաժ ռադիոյով, ապա՝ հեռուստատեսությամբ: Տեսագրություն: Թերեւս, հետաքրքիր մտահղացում էր: Չէ՞ որ պետք է ինչ-որ տարբերություն, «աշխատանքի բաժանում» լինի տեղեկատվության երեք հիմնական աղբյուրների՝ թերթի, ռադիոյի ու հեռուստատեսության միջեւ: Կատարյալ կլինի, եթե նորությունն առաջինը հաղորդի ռադիոն: Տպագիր մամուլը պետք է մեկնաբանի նորությունը: Իսկ հեռուստատեսությունը ցույց տա, թե ինչպես է դա կատարվել:

 

Ահա, նստած էի հեռուստացույցի առջեւ ու լսում էի ռեպորտաժը… ռադիոյով: Տանը ռադիոընդունիչ չկա, այսինքն՝ փչացել է: Բարձրախոսը նույնպես շարքից դուրս է եկել: Իսկ հեռուստացույցով ցույց են տալիս «Սպարտակի» ու Թբիլիսիի «Դինամոյի» խաղը: Նույնպես հետաքրքիր է: Կես ժամ դիտեցի Մոսկվայում ընթացող հանդիպումը: «Սպարտակը» լավ է խաղում: Ոչ վատ, քան «Արարատի» հետ: Ահա եկավ ժամը 9.00, եւ ամենահետաքրքիր պահին ստիպված էի սեղմել «УКВ 4М» գրությամբ հեռուստացույցի երկրորդ կոճակը: Լսելիությունը լավն է: Երկրորդ խաղակես: Զրո-զրո: Վատ չէ: Բայց ահա չորս րոպե անց… գոլ: Տուգանայինից: Մեր դարպասին: Ինչպե՞ս դա պատահեց… Չէ՞ որ հաղորդավարը գովաբանում է «Արարատին»: Անողոք ժամանակն անցնում է, իսկ հաշիվը չի փոխվում: Ավելին, Ղազարյանը նախազգուշացում է ստանում:

 

Հիշում է Էդուարդ Մարկարովը

 

Գուցե եւ, պարտությունն օրինաչափ էր: Ուզում ենք դա, թե ոչ, ինչ-որ վեհություն է առաջանում, «պիժոնություն», սկսում ես մտածել, որ կարող ես չխաղալով հաղթանակների հասնել: Հնարավոր է նաեւ, որ մի փոքր հոգնեցինք: Այդ ամենը պետք է դիտարկել ընդհանուր պատկերի մեջ:

Էդուարդ Մարկարով:

Լուսանկարը՝ Photolure:

 

…Հետաքրքիր է նստել էկրանի առջեւ ու դիտել խաղը, որի հաշիվը հայտնի է: Չես անհանգստանում, այդ պատճառով ամեն բան ավելի լավ ես տեսնում: Ասես կողքից: Օբյեկտիվորեն: Չէ՞ որ իզուր չեն ասում. եթե ցանկանում եք սովորել ֆուտբոլ դիտել (իսկ դա շատ դժվար է. խեղդում է սպորտային կողմի չափազանց էմոցիոնալ ընկալումը՝ ո՞վ կհաղթի), եթե ցանկանում եք տեսնել ֆուտբոլը, այլ ոչ թե գնդակը, կամ ձեր սիրելի խաղացողներին, ապա գնացեք այն խաղին, որի արդյունքը ձեզ համար միեւնույն է: Այս դեպքում, իհարկե, արդյունքը միեւնույն չէր, սակայն հանդիպման ելքն իմանալը թեթեւացնում էր հուզմունքը:

Լուսանկարը՝ eduardmarkarov.com կայքից:

 

Տպավորություննե՞րը: Ես կասեի, որ «Արարատը» ավելի լավ էր խաղում ոչ թե առաջին, ինչպես հայտնում էր Մինսկի մեկնաբանը, այլ երկրորդ խաղակեսում: Հավանաբար, բաց թողնված գոլն էր ստիպում ավելի արագ վազել: Այո, ցավալի է: Պաշտպանները պատ էին կանգնել շատ անփութորեն՝ ընդամենը երեք խաղացողով: Ալյոշան պարզապես հարվածի չէր սպասում:

 

Հիշում է Ալյոշա Աբրահամյանը

 

Առաջին երեք խաղերում գրանցած հաջողությունից հետո շատ լավ տրամադրված եւ մեծ հույսերով մեկնեցինք Մինսկ: Այնտեղ վատ չխաղացինք, լավ պահեր ունեցանք, սակայն չհաջողվեց իրացնել դրանք: Մինսկում գոլ գրանցվեց տուգանայինից, պատը քանդվեց եւ արանքից գոլ ընդունեցինք մեր դարպասը: Ֆուտբոլ է, ամեն ինչ պատահում է…Պարտվեցինք 1:0 հաշվով:

Ալյոշա Աբրահամյան:

Լուսանկարը՝ Photolure:

 

Անկախ խաղի արդյունքից, մենք բարձր տրամադրությամբ շարունակում էինք մարզվել: Երբեմն մեկ ժամ շուտ էինք գնում պարապմունքի: Հանդերձարանում Լեւոն Իշտոյանն ու Նիկոլայ Ղազարյանը միշտ բարձրացնում էին բոլորիս տրամադրությունը. անգամ լավ դերասանները նրանց կնախանձեին: Մի անգամ Կովալենկոն դժգոհեց մարզչին, որ չենք թողնում հանգիստ նստի: Նիկիտա Սիմոնյանն էլ ասաց` շատ լավ է, որ այդպիսի բարձր տրամադրություն ունենք: Երբեմն, երաժշտության ներքո էինք մարզվում:

 

Մրցաշրջանի 3-4 խաղ խաղալուց եւ հաջողություններ գրանցելուց հետո հասկացանք, որ կարող ենք պայքարել ոչ թե եռյակում ընդգրկվելու, այլ չեմպիոնության համար:

Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

 

Բայց հանդիպումը լավ տպավորություն թողեց: Մինսկի ներկայացուցիչները խաղում էին մեղմ, ճշգրիտ: Զգուշացումները շատ քիչ էին: Այնուամենայնիվ, Ղազարյանը դեղին քարտ ստացավ: Իմ կարծիքով, ձեռքերն ակամա թափահարելու իր սովորության պատճառով: Տրիբունաներում եւ դատավորների մոտ սովորաբար տպավորություն էր ստեղծվում, որ նա դժգոհ է մրցավարի որոշումից եւ վիճարկում է այն: Իրականում, նա հաճախ դժգոհություն էր հայտնում ինքն իրենից. «Ախ, ափսոս չհասցրեցի», «Գրողը տանի, խաղից դուրս էր…»: Իրականում նա խելոք տղա է, նրան անհարմար կացության մեջ է դնում անմիջականությունը: Առհասարակ լավ որակ է, բայց, երեւում է, կանաչ դաշտում տեղին չէ:

 

Հիշում է Նիկոլայ Ղազարյանը

 

Չեմ կարծում, որ պարտությունը Մինսկում ձախողում էր: Առաջին երեք հանդիպումներում հաղթանակ էինք տոնել, իսկ առաջատարի դեմ միշտ էլ հատուկ կերպ են տրամադրվում՝ կրկնակի եռանդով: Առաջատարի գործն էլ տուրից տուր դժվարանում է, քանի որ պատասխանատվությունն է աճում: Այդ իսկ պատճառով բոլոր թիմերը մեր դեմ հատուկ ձեւով էին տրամադրվում, այդ թվում՝ Մինսկի Դինամոն:

Արկադի Անդրեասյանը եւ Նիկոլայ Ղազարյանը:

Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

 

Խաղի վերջում դեղին քարտ ստացա: Ես արագ խաղացող էի ու գերադասում էի, որ գնդակն ինձ փոխանցեն ազատ գոտի՝ ընթացս: Իհարկե, մրցավարները նույնպես մարդ են ու կարող են սխալվել, բայց դա ինձ իրավունք չէր տալիս ձեռածել, ինչի համար եւ զգուշացվեցի: Խաղի մեջ մեկ-մեկ լինում է, որ քեզ «տանում է», եւ քեզ թվում է, որ դու 100%-ով իրավացի ես, իսկ մրցավարը՝ ոչ: Իսկ ընդհանրապես, «Արարատ»-ում 12 տարվա ընթացքում ես ստացել եմ ընդամենը 1-2 դեղին քարտ եւ մի անգամ հեռացվել եմ դաշտից, այն էլ` անտեղի:

 

Նախագծի վրա աշխատել են` Արամ Մակարյանը, Մարիամ Մանոյանը, Արամ Արարատյանը, Կարինե Պետրոսյանը, Արա Թադեւոսյանը:

 

Նախորդ խաղերի մասին կարդացեք այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին