Արարատ 73` վերելքի ուղին. խաղ երրորդ - Mediamax.am

exclusive
7839 դիտում

Արարատ 73` վերելքի ուղին. խաղ երրորդ

21 ապրիլի: Տուր III: Առաջին մեկնումը Երեւանից եւ միանգամից՝ «Սպարտակ»:

Լուսանկարը` eduardmarkarov.com կայքից:

Լուսանկարը` eduardmarkarov.com կայքից:

Լուսանկարը` eduardmarkarov.com կայքից:

Լուսանկարը` eduardmarkarov.com կայքից:


Մեդիամաքս-ի «Արարատ 73` վերելքի ուղին» պատմում է 1973 թվականին Երեւանի Արարատի ԽՍՀՄ առաջնությունում տարած հաղթանակի մասին: Առավել մանրամասն նախագծի մասին կարդացեք այստեղ:

 

Արսեն Կակոսյան

 

21 ապրիլի: Տուր III: Առաջին մեկնումը Երեւանից եւ միանգամից՝ «Սպարտակ»:

 

«ԵՎ ՄԵՐՈՆՑ, ԵՎ ՁԵՐՈՆՑ»

 

Դեռեւս Արիստոտելը պնդում էր, որ արվեստը բարձրագույն ներդաշնակություն է ձեռք բերում հանրության կողմից յուրացման գործընթացում, դրա արժեքն ու գեղեցկությունը երեւում է այն ընկալող անձանց հետ շփման ընթացքում: 

 

Երբ մի անգամ Նիկիտա Պավլովիչն ասաց, որ իր մասնագիտությանը՝ ֆուտբոլին վերաբերվում է այնպես, ինչպես թատրոնի դերասանն իր դերին այն իմաստով, որ առանց հանդիսատեսի չկա ֆուտբոլ, ինչպես չկա արվեստ առանց երկրպագուների, հիշեցի հին փիլիսոփայի խոսքերը եւ կրկին անգամ համոզվեցի, որ ֆուտբոլին հարկավոր է վերաբերվել չափազանց պրոֆեսիոնալ: Խոսքը ոչ թե խաղացողների ու մարզիչների մասին է, ովքեր առանց այդ էլ իրենց գործի վարպետն են, այլ՝ երկրպագուների: Չէ՞ որ լսելով համերգը, հետեւելով դերասանի խաղին՝ ոչ ոք չի մտածում միավորների, մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքի մասին: Պարզապես վայելում են այն: Իսկ ֆուտբոլու՞մ: Միավորների պաշտամունքը թույլ չի տալիս վայելել արվեստը: Ինչպե՞ս վարվել:

Լուսանկարը` eduardmarkarov.com կայքից:

 

Մեր թիմում լավ իմաստով «դերասան» կարելի է անվանել միայն Մարկարովին: Թեեւ, Անդրեասյանը նույնպես ստիպում է իրեն ավելի ուշադիր հետեւել: Նրա դերասանությունը դրսեւորվում է այլ կերպ. նա խաղադաշտը տեսնում է ասես նկարչի աչքով: Երբ նա դաշտում շարժվում է վերեւ բարձրացրած գլխով, ինձ թվում է, թե նա մտովի ինչ-որ գծեր է անցկացնում, որոնք պետք է միավորվեն, ապա տարանջատվեն, հետո կրկին հանդիպեն, բայց արդեն հակառակորդի դարպասում:

 

Հիշում է Արկադի Անդրեասյանը

 

Մրցաշրջանի սկզբում ոչ ոք մեր առջեւ չեմպիոնության խնդիր չէր դրել. մենք ինքներս զգում էինք, որ պատրաստ ենք դրան: Նստեցինք եւ հաշվարկեցինք ըստ 1971 թվականի մրցաշրջանի (1971-ին դարձել էինք արծաթե մեդալակիրներ) եւ հասկացանք, որ եթե չպարտվեինք այս խաղում կամ միավորներ չկորցնեինք մեկ այլ խաղում, ապա կավարտեինք 1-ին տեղով: Իրականում, 1971-ին արագության եւ խաղային ընդհանուր մակարդակի տեսակետից նույնիսկ ավելի լավ էինք խաղում, քան 1973-ին: 1973-ին պարզապես ավելի փորձառու էինք դարձել:

 

Սիմոնյանի ժամանակ, ի տարբերություն Պոնոմարյովի եւ Գլեբովի, մի փոքր այլ ուղղվածություն էր` մենք սկսեցինք ավելի լավ խաղալ փոխանցումներով: Պոնոմարյովի ժամանակ գնդակ գրեթե չէինք պահում: Գլեբովը տվեց մեզ այդ հնարավորությունը: Սիմոնյանի` որպես սպարտակյան դպրոցի ներկայացուցչի օրոք, գնդակ պահելու հնարավորությունն ավելի մեծացավ: Մեզանից գրեթե անհնար էր խլել գնդակը, ինչպես այսօր «Բարսելոնայից»: Երբ գոլ էինք խփում, պարզապես վերցնում էինք գնդակը եւ պահում: Օրինակ, մի խաղում մենք գոլ խփեցինք, ինչից հետո մոտ 20 րոպե մրցակիցը մեզնից չէր կարողանում խլել գնդակը: 1973թ.-ին հասել էինք նրան, որ կարողանում էինք ե՛ւ գոլ խփել, ե՛ւ գնդակ պահել:

 

Արկադի Անդրեասյան:

Լուսանկարը` Photolure:

 

«Սպարտակ»-ի հետ գրեթե նույն ուղղվածությունն ունեինք, քանի որ Սիմոնյանը սպարտակյան դպրոցի ներկայացուցիչ էր: «Սպարտակ»-ը նույնպես գնդակ էր պահում եւ ավելի շատ փոխանցումներով էր խաղում:

 

Հիրավի, օրինաչափ է, որ արվեստի մասին բոլոր մտքերը, ֆուտբոլիստների ու դերասանների միջեւ զուհագեռները առաջացան «Արարատի» ու «Սպարտակի» հանդիպումից հետո… Չէի պատկերացնում, որ կարելի է այդօրինակ հաճույք ստանալ հեռուստատեսային հաղորդումից: Հանդիպումը պարունակում էր բոլոր այն տարրերը, որոնք ֆուտբոլը մերձեցնում են արվեստին՝ ներդաշնակություն բնավորությունների պայքար, բազմաթիվ իրավիճակների կոնֆլիկտայնություն: Այդ ամենը խաղը վերածում էր ներկայացման, իրական դիտարժան տեսարանի:

 

Չորս հիանալի գոլերը՝ ամեն կողմից երկուական, մրցապայքարի արժանի դափնեպսակն էին: Քանի որ, ինչպես ասում է Պելեն, ֆուտբոլը «ներկայացում է, որի ընթացքում գոլեր են խփում: Չկան գոլեր՝ չկա ֆուտբոլ»:

 

Լուսանկարը` eduardmarkarov.com կայքից:

 

Հիշում է Ալյոշա Աբրահամյանը

 

Մոսկվայում մեզ համար ավելի հեշտ էր խաղալ. մրցավարներն ավելի լավ էին դատում` առանց կողմնապահության: «Սպարտակ»-ի խաղաոճը նման էր մեր խաղաոճին, այդ իսկ պատճառով նրանց հետ շատ չէինք լարվում:

 

Խաղն ավարտվեց ոչ ոքի`2:2, ինչին հետեւեցին 11 մետրանոցները:  Չնայած գնդակը որսալու հնարավորությունները շատ փոքր էին, կարողացա որսալ գնդակներից մեկը եւ հաղթեցինք 5:4 հաշվով: Այնուամենայնիվ, զրկվեցինք 1 միավորից, քանի որ 11 մետրանոցներով հաղթանակի դեպքում 1 միավոր էինք ստանում 2-ի փոխարեն:

 

Մեր թիմում բոլորն իրար կես խոսքից հասկանում էին: Լավ կոլեկտիվ էր ստեղծվել: Նիկիտա Սիմոնյանը մեզ համար ոչ միայն մարզիչ էր, այլեւ` ընկեր: Հանուն նրա ամեն ինչ անում էինք: Մարզումների ժամանակ նա կտրվում էր առօրեական հոգսերից եւ նրան բացի ֆուտբոլից այլեւս ոչինչ չէր հետաքրքրում: Անկախ ամեն ինչից, նա ամբողջությամբ նվիրվում էր իր աշխատանքին:

Ալյոշա Աբրահամյան:

Լուսանկարը` Photolure:

 

Կար եւս մեկ կարեւոր հանգամանք, որն այս հանդիպմանը սրություն էր հաղորդում:

 

Այդ հանգամանքը գտնվում էր Լուժնիկիի դաշտի շրջանակներից դուրս եւ վերաբերում էր միայն մեկ մարդու՝ Նիկիտա Սիմոնյանին: Սակայն, ինչպես պարզվեց, շահեցին բոլոր նրանք, ովքեր դիտել էին այսօրվա խաղը:  

 

…Հայտնի է, որ Սիմոնյանը սպարտակցի է: Ինչպես ասվում է, հոգով ու մարմնով: Անցել է մի քանի ամիս, ինչ նա բաժանվել է սիրելի կոլեկտիվից, սակայն մինչ օրս կարոտում է այն: Եվ դա հասկանալի է: Իր 22 լավագույն տարիները նա նվիրել է «Սպարտակին»: Այն ամենով, ինչը նրան փառք ու ժողովրդականություն է բերել, նա պարտական է այդ ակումբին: Եվ հանկարծ՝ բաժանում… Նիկիտա Պավլովիչը, պատմելով սպարտակցիների մասին, նրանց անվանում է «մերոնք» (արարատցիներին նա ասում է «իմ»):

Նիկիտա Սիմոնյան:

Լուսանկարը` sovsport.ru:

 

Հիշում է Էդուարդ Մարկարովը

 

Նիկիտա Պավլովիչը՝ որպես «Սպարտակ»-ի նախկին խաղացող եւ մարզիչ, «սպարտակյան դպրոցի» ներկայացուցիչ, պետք է փորձեր ապացուցել, որ իր սեփական թիմն ունի: Մենք ցանկանում էինք աջակցել Սիմոնյանին, որպեսզի այդ մեծ մարդն ու մարզիչը իրեն լավ զգա:

 

Էդուարդ Մարկարով:

Լուսանկարը` Photolure:

«Սպարտակ»-ը՝ ի տարբերություն ուկրաինական թիմերի, այդպիսի հզորություն չուներ: Այն ավելի շատ «կովկասյան տեսակի» թիմ էր:

 

1973 թվականի առաջնության առաջին 3 հանդիպումները ավարտվեցին մեր հաղթանակներով, եւ թիմի ոգին շատ բարձր մակարդակի վրա էր: 

 

 

Լուսանկարը` eduardmarkarov.com կայքից:

Մոսկվա մեկնելու նախօրեին Սիմոնյանը շատ էր անհանգստանում: Իր նոր թիմը մայրաքաղաքային հանդիսատեսին լավագույն կողմից ներկայացնելու ցանկությունն այնքան մեծ էր, որ նա, իր իսկ խոստովանությամբ, խաղից առաջ անհանգստանում էր նորեկի նման:

 

Հետաքրքիր է, որ «Արարատ» - «Սպարտակ» երկընտրանքում Նիկիտա Պավլովիչը ոչնչով չի տարբերվում շարքային հայ երկրպագուից, որը, որքան ես հիշում եմ, ցանկանում է մեկ բան՝ «Սպարտակի» հաջողությունը, եթե միայն նրա շահերը չեն խաչվում «Արարատի» շահերի հետ:

 

Հիշում է Նիկոլայ Ղազարյանը

 

«Սպարտակ»-ի հետ հաճելի էր խաղալ, քանի որ կոպիտ թիմ չէր, եւ խաղացողների տեխնիկական պատրաստվածությունը լավ մակարդակի վրա էր: Մենք միմյանց համապատասխանում էինք խաղային առումով:

Նիկոլայ Ղազարյան:

Լուսանկարը` jagru.sosbb.ru:

 

Մի ուշագրավ փաստ՝ 1971 թվականից սկսած, 3 տարի շարունակ, 13 խաղերի ընթացքում մենք Մոսկվայում պարտություն չէինք կրել: Մոսկվան մեզ համար հարազատ վայր էր դարձել, քանի որ գիտեինք, որ այնտեղ չենք պարտվի: 

 

Նախագծի վրա աշխատել են` Արամ Մակարյանը, Մարիամ Մանոյանը, Արամ Արարատյանը, Կարինե Պետրոսյանը, Արա Թադեւոսյանը:

 

Նախորդ խաղերի մասին կարդացեք այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին