5/10/15. Ղուկասյանը՝ «վատ հույսերի», Քոչարյանը՝ «արմատական ռեֆորմների» մասին - Mediamax.am

exclusive
6016 դիտում

5/10/15. Ղուկասյանը՝ «վատ հույսերի», Քոչարյանը՝ «արմատական ռեֆորմների» մասին


Սերժ Սարգսյանը 2011թ. օգոստոսի 30-ին
Սերժ Սարգսյանը 2011թ. օգոստոսի 30-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Արկադի Ղուկասյանը եւ Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դիմիտրի Ռուպելը
Արկադի Ղուկասյանը եւ Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դիմիտրի Ռուպելը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը
Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5

 

 «Ինքասպան հույս»

 

Օգոստոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարել էր, որ «անկախությունը ինքնանպատակ չէ, այլ իր նախնիների հողի վրա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյության, զարգացման եւ բարգավաճման միակ պայմանն է»:

 

«Հարկավոր է խելամիտ փոխզիջումներ փնտրել, առանց որոնց անհնար է հասնել կարգավորման: Ռազմական բյուջեի կամ ռեւանշի վրա հույս դնելը վատ, ես նույնիսկ կասեի, ինքասպան հույսեր են», - հայտարարել էր Արկադի Ղուկասյանը:

Արկադի Ղուկասյանը եւ Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դիմիտրի Ռուպելը Արկադի Ղուկասյանը եւ Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դիմիտրի Ռուպելը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Պատասխանելով ԼՂՀ անվտանգության գոտին կազմող տարածքների վերադարձնելու հնարավորության մասին հարցին, նա նշել էր, որ «մենք երբեք չենք գնա այնպիսի կարգավորման, որը կարող է կասկածի տակ դնել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը»:

 

ԼՂՀ ղեկավարը վստահություն էր հայտնել, որ կարգավիճակի հիմնահարցից առանձին ցանկացած, այդ թվում` ԼՂՀ շուրջ անվտանգության գոտու ստեղծման հարցի լուծման փորձը «ճանապարհ է դեպի պատերազմ»:    

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5

 

  «Արձանագրությունները անժամկետ հնարավորություն չեն»

 

Օգոստոսի 30-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ հայ-թուրքական «արձանագրությունները բաց, անժամկետ հնարավորություն չեն»:

 

Դեսպանների ամենամյա հավաքին նախագահն ասել էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությունը «բարձրացրեց Հայաստանի միջազգային հեղինակությունը եւ ցրեց նոր ու ժամանակակից Թուրքիայի մասին մեր գործընկերների պատրանքները` բացահայտելով հայերիս համար պատմական փորձով ճանաչելի քաղաքականության արդի դրսեւորումները»:

Սերժ Սարգսյանը 2011թ. օգոստոսի 30-ին Սերժ Սարգսյանը 2011թ. օգոստոսի 30-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Այդուհանդերձ, մենք հավատարիմ ենք Հայաստան-Թուրքիա հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու մեր ուղուն եւ դիրքորոշմանը: Թուրքիան պետք է իր մեջ ուժ գտնի հարգելու իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները։ Բայց թուրքական կողմը պետք է հասկանա նաեւ, որ այս արձանագրությունները բաց, անժամկետ հնարավորություն չեն: Մեր բարեկամներից շատերը մեզ խորհուրդ էին տալիս սպասել մինչեւ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները:

Լուսանկարը` Ֆոտոլուր

Այնպես, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք կտեսնենք` արդյո՞ք խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում առկա է մոտեցումների փոփոխություն, թեեւ անկեղծորեն ասած` անցած երկու ամիսները լավատեսության հիմքեր չեն տվել»,- ասել էր Հայաստանի նախագահը։

 

«Կրկին հակառակորդին խաղաղության կպարտադրի»

 

Օգոստոսի 30-ին դեսպանների ամենամյա հավաքին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ ԼՂ կարգավորման հարցում «մենք ունենք կարմիր գիծ, որ չենք կարող երբեք հատել»:

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Դրա մասին խոսել ենք թե՛ հրապարակավ, թե՛ մեր գործընկերների հետ հանդիպումներում, այն արտացոլված է իմ նախընտրական ծրագրում եւ բազմաթիվ անգամներ արված հայտարարություններում: Բաքուն պատրաստ չէ խաղաղության, քանի որ հնարավոր չէ խաղաղություն հաստատել` պատերազմ քարոզելով, հաշտեցնել հասարակություններին` հայատյացություն սերմանելով, վստահություն կառուցել` սպառազինության մրցավազք հրահրելով: Ադրբեջանի նման վարքագիծն անընդունելի է, եւ մեր քայլերը կլինեն համարժեք: Համոզված եղեք` նոր ռազմական արկածախնդրության պարագայում Հայաստանը չի վարանելու կրկին հակառակորդին խաղաղություն պարտադրել», - ասել էր Հայաստանի նախագահը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5

 

Քոչարյանը՝ «արմատական ռեֆորմների» անհրաժեշտության մասին

 

Սեպտեմբերի 3-ին  Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար պետք են «արմատական ռեֆորմներ», այլապես «երկիրը ապրելու է ասես վառոդի տակառի վրա»:

 

«Պետք են արմատական ռեֆորմներ, մարդիկ պետք է քաղաքական մրցակցություն տեսնեն երկրում եւ փոփոխությունների հնարավորություն՝ լեգիտիմ ընտրական գործընթացի, այլ ոչ թե պետական հիմնարկներ գրավելու եւ պատանդներ վերցնելու միջոցով», - ասել է Ռոբերտ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված  հարցազրույցում:

Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Խոսելով Հայաստանի իրավիճակի մասին, նախկին նախագահն ասել էր. «Ցավոք, ոչ մի հուսադրող բան ասել չեմ կարող»:

 

«Մեր վիճակագրությունն այլեւս չի արտացոլում իրական տնտեսական իրավիճակը, իսկ կառավարությունը դադարել է ձեւակերպել եւ ձեւավորել տնտեսական քաղաքականությունը: Սոցիալական ցանցերն այսօր ինչպես մարդկանց տրամադրությունների, այնպես էլ երկրում ձևավորված սոցիալ-քաղաքական իրավիճակի ամենօբյեկտիվ ցուցիչն են: Արդեն մի քանի տարի է, ինչ հասարակության մեջ դիտվում է բացասական տրամադրությունների ինտենսիվ կուտակում: Այսօր դրանք չափազանց սրվել են, ընդ որում՝ այդ տրամադրությունների ծայրահեղականացման գործընթաց է ընթանում: Դա չի կարող չանդրադառնալ ներդրումային ակտիվության, գնողական տրամադրությունների, միգրացիայի, այսինքն՝ ընդհանուր առմամբ տնտեսության վրա»:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին