5/10/15. Պորտերֆիլդի նշանակումը, Ամուլսարի շինարարության մեկնարկը - Mediamax.am

exclusive
4883 դիտում

5/10/15. Պորտերֆիլդի նշանակումը, Ամուլսարի շինարարության մեկնարկը


Հովարդ Սթիվենսոնը
Հովարդ Սթիվենսոնը

Լուսանկարը` Լիդիան

Լուսանկարը` Լիդիան

Լուսանկարը` Լիդիան

Յեն Պորտերֆիլդը
Յեն Պորտերֆիլդը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-22

 

Պորտերֆիլդի նշանակումը

 

Օգոստոսի 16-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ է նշանակվել շոտլանդացի մասնագետ Յեն Պորտերֆիլդը:

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել էր, որ

ազգային հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկել էր 10 թեկնածություն, սակայն ընտրվել էր Յեն Պորտերֆիլդը` «հաշվի առնելով նրա մարզչական հարուստ փորձը եւ նվաճած արդյունքները»:

Յեն Պորտերֆիլդը Յեն Պորտերֆիլդը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Յեն Պորտերֆիլդն ասել էր, որ «հայկական ֆուտբոլը լավ ներուժ ունի, եւ ես լավատեսորեն եմ սկսում իմ աշխատանքը»:

 

Ցավոք, նշանակումից գրեթե մեկ տարի անց, 2007 թվականի սեպտեմբերի 11-ին, 61-ամյա Պորտերֆիլդը հեռացավ կյանքից: Պորտերֆիլդի մոտ քաղցկեղ էին ախտորոշել, սակայն նա շարունակում էր աշխատել Հայաստանի հավաքականի հետ:

 

Շոտլանդացի մասնագետն էր սկիզբ դրել Հայաստանի հավաքականի հաջողություններին եւ մարդիկ դա գնահատում էին ըստ արժանվույն:

 

Լոնդոնյան The Times-ը մեջբերում էր Յեն Պորտերֆիլդի տիկնոջ` Գլենդայի խոսքերը.

 

«Նա ցանկանում էր մահանալ աշխատելիս: Ես միշտ կհիշեմ Պորտուգալիայի հավաքականի հետ խաղի նախօրեին Երեւանի մարզադաշտում կայացած մարզումները: Մարդիկ հավաքվել էին մարզադաշտում տեսնելու պորտուգալացի աստղերին` Կրիշտիանու Ռոնալդուին, Դեկուին եւ այլոց, սակայն երբ հայտնվեց Յենը, նրանք բոլորը կանգնեցին եւ սկսեցին վանկարկել նրա անունը: Դա շատ հուզիչ էր»:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-22

 

Ամուլսարի շինարարության մեկնարկը

 

Օգոստոսի 19-ին տեղի ունեցավ Ամուլսարի ոսկու ծրագրի շինարարության մեկնարկի արարողությունը:

 

«Վստահ եմ, որ ձեր ցանկությունն է տեսնել տարբեր ու ավելի լավ հանքարդյունաբերական ծրագիր Հայաստանում: Ես ուզում եմ վստահեցնել, որ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ցույց տանք, որ հնարավոր է այլ կերպ աշխատել, որ հանքարդյունաբերությունը կարող է լինել պատասխանատու, անվտանգ եւ կարող է օգուտներ բերել շրջակա համայնքներին: Մենք, բոլորիդ հետ միասին, առաջիկա 12 տարիներին դա իրականություն ենք դարձնելու», - ասել էր Լիդիան Ինթերնեյշնլի գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը:

Հովարդ Սթիվենսոնը Հովարդ Սթիվենսոնը

Լուսանկարը` Լիդիան

«Մենք անցել ենք երկար ճանապարհ, ունեցել ենք նաեւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ դժվարություններ, բայց կարեւորը այսօրվա շինարարության մեկնարկն է, որի համար ես շատ ուրախ եմ: Օտարերկրյա ներդրումների նվազման պայմաններում կարեւոր է այս խոշորագույն ծրագրի մեկնարկը: Համոզված եմ, որ Ամուլսարի ծրագիրը զարգացման նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսության համար», - ասել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Լուսանկարը` Լիդիան

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էլ վստահություն էր հայտնել, որ «ընկերությունը կշարունակի պատասխանատու հանքարդյունաբերության օրինակելի գործունեություն իրականացնել՝ գործելով թափանցիկ եւ միջազգային բնապահպանական ու սոցիալական ստանդարտներին համապատասխան»:

Լուսանկարը` Լիդիան

Ծրագրի շինարարության (2016-2018 թթ.) կապիտալ ծախսերը կազմելու էին 370 միլիոն դոլար:

 

2018 թվականի իշխանափոխությունից հետո դեպի հանքավայր տանող ճանապարհները շրջափակվեցին «բնապահպան ակտիվիստների» կողմից՝ զրկելով

Լիդիանին շինարարությունը ավարտին հասցնելու հնարավորությունից: Այս պահի դրույթամբ ծրագրի ապագան շարունակում է անհայտ մնալ:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին