5/10/15. Առանց «պատրաստի բաղադրատոմսերի», հրաժարականներ - Mediamax.am

exclusive
5451 դիտում

5/10/15. Առանց «պատրաստի բաղադրատոմսերի», հրաժարականներ


Աշոտ Կարապետյանը
Աշոտ Կարապետյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Գեւորգ Կոստանյանը
Գեւորգ Կոստանյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Պուտինը եւ Ալիեւը Բաքվում 2016թ. օգոստոսին
Պուտինը եւ Ալիեւը Բաքվում 2016թ. օգոստոսին

Լուսանկարը` REUTERS

Սերժ Սարգսյանը 2016թ. օգոստոսի 1-ին
Սերժ Սարգսյանը 2016թ. օգոստոսի 1-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Սերժ Սարգսյանը 2016թ. օգոստոսի 1-ին
Սերժ Սարգսյանը 2016թ. օգոստոսի 1-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-8

 

«Հասարակությունը պետք է կառուցված լինի գիտելիքի վրա»

 

Օգոստոսի 4-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ ոչ միայն տնտեսությունը, այլեւ հասարակությունը պետք է կառուցված լինի գիտելիքի վրա:

 

«Սա ընդհանուր գաղափարախոսություն է, որից էլ բխում են կառավարչության ծրագրերը: 21-րդ դարում մեզ համար առաջնահերթություն պետք է լինի կրթությունը, այն պետք է համապատասխանի միջազգային ամենաբարձր չափանիշներին: Մեր նպատակն է` մոտակա ժամանակահատվածում հինգ համալսարան հասցնել միջազգային լավագույն չափանիշներին, որպեսզի նրանք անցնեն միջազգային հավաստագրում: Երկու համալսարան արդեն անցել են այդ հավաստագրումը` Հայաստանի Ամերիկյան եւ Ֆրանսիական համալսարանները: Բայց մեզ անհրաժեշտ է, որ առնվազն եւս երեք համալսարաններ անցնեն այդ ուղին», - ասել էր վարչապետը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-8

 

«Պատրաստ եմ զոհաբերել կյանքս»

 

Օգոստոսի 1-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան ասել էր, որ «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու:

Սերժ Սարգսյանը 2016թ. օգոստոսի 1-ին Սերժ Սարգսյանը 2016թ. օգոստոսի 1-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառվում է: Մեկ անգամ եւս կրկնում եմ՝ բացառվում է: Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին: Եվ իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոն, այլեւ կյանքս», - ասել էր Սերժ Սարգսյանը:

 

«ՌԴ-ն լուծումներ չի պարտադրելու»

 

Օգոստոսի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր չէ Հայաստանին ու Ադրբեջանին ԼՂ հակամարտության «որեւէ պատրաստի բաղադրատոմս» պարտադրել եւ պատրաստ է աջակցել հակամարտության կողմերի առաջարկած ցանկացած տարբերակին:

 

«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մենք մտադիր չենք Ադրբեջանին ու Հայաստանին պարտադրել պատրաստի բաղադրատոմս: Կողմերը պետք է իրենք համաձայնության գան ու փոխընդունելի լուծումներ գտնեն առանց արտաքին ճնշումների: Դա մեր հստակ դիրքորոշումն է»,- ասել էր Վլադիմիր Պուտինը՝ Բաքու այցելելու նախօրեին։

 

Նա ընդգծել էր, որ փոխզիջումների գնալու համար անհրաժեշտ է «տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի միջեւ օպտիմալ հավասարակշռություն գտնել»: Պուտինը նշել էր, որ Մոսկվան հստակ գիտակցում է, թե ինչ պատասխանատվություն է ընկած Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների վրա:

Պուտինը եւ Ալիեւը Բաքվում 2016թ. օգոստոսին Պուտինը եւ Ալիեւը Բաքվում 2016թ. օգոստոսին

Լուսանկարը` REUTERS

«Կարգավորման վերջնական նպատակ պետք է լինի պայմանավորվածությունը, որի պարագայում կողմերից եւ ոչ մեկը հաղթող կամ պարտվող չի լինի, իսկ զիջումները կլինեն երկկողմանի, որպեսզի յուրաքանչյուր կողմի ձեռքբերումները ակնհայտ լինեն թե Հայաստանի, եւ թե Ադրբեջանի հասարակական կարծիքների համար:

 

Ռուսաստանը, իր հերթին, պատրաստ է աջակցել խնդրի լուծման այն տարբերակին, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար եւ հանդես գալ մյուս միջնորդների հետ որպես կարգավորման երաշխավորող»,- հայտարարել էր Վլադիմիր Պուտինը:

 

Նա հիշեցրել էր, որ Ռուսաստանն Ադրբեջանի եւ Հայաստանի հետ կապված է խոր պատմական արմատներով, ռազմավարական հարաբերություններով եւ աշխարհագրական դիրքով:    

 

«Այդ պատճառով մենք իսկապես շահագրգռված ենք, որպեսզի անդորրն ու խաղաղությունը վերադառնան մեր հարեւան տարածաշրջան, որպեսզի այնտեղ դադարեն մարդիկ մահանալ, սահմանները բացվեն եւ տնտեսական կապերը վերականգնվեն: Դրա համար մենք անում ենք ամեն հնարավոր բան», - ասել էր Ռուսաստանի նախագահը:

 

«Ազգային համաձայնության իշխանություն» ձեւավորելու պլաններ

 

Օգոստոսի 1 -ին, խոսելով երկու շաբաթ տեւած զինված խմբի կողմից Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման հետ կապված իրավիճակի հանգուցալուծման մասին, Հայաստանի նախագահն ասել էր.

 

«Անընդունելի իրավիճակն ավարտվել է, սակայն ամբողջական հանգուցալուծումը դեռեւս առջեւում է։ Առաջին հերթին պետք է իրականացվի մանրազնին հետաքննություն։ Յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր արարքների համար միայն ու միայն օրենքի առաջ: Որեւէ այլ դրսևորում չի լինելու, անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով: Հայաստանի Հանրապետությունում ծավալվող բոլոր գործընթացները տեղի են ունենալու բացառապես մեր պետության Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում:

Սերժ Սարգսյանը 2016թ. օգոստոսի 1-ին Սերժ Սարգսյանը 2016թ. օգոստոսի 1-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Եկել է եզրակացություններ կատարելու ժամանակը։ Այս իրադարձությունների ամբողջական վերլուծությունը դեռ երկար ժամանակ կպահանջի։ Սակայն մի բան ակնհայտ է. ներհայաստանյան հասարակական եւ քաղաքական կյանքում անհրաժեշտ է արագացնել արմատական փոփոխությունների գործընթացը։ Առաջին հերթին իսպառ պետք է վերացնենք բռնությամբ հարցեր լուծելու աղետալի մտայնության գոյությունն իսկ: Մենք այլեւս իրավունք չունենք հանդուրժելու զենքով հարցեր լուծելու որեւէ միտում անգամ. հաջորդը կարող է կործանարար լինել մեր երկրի համար:

 

Ցանկացած ոք կարող է չսիրել իշխանություններին, կարող է չսիրել կառավարությանը, չսիրել նախագահին եւ կտրուկ դեմ լինել այն քաղաքականությանը, որն իրականացվում է, բայց չսիրելն ամենեւին հիմք չէ հերոսացնելու համար զենքով հարցեր լուծողին: Իշխանությունները կգան ու կգնան, ահաբեկչության խրախուսումը քաղցկեղի պես կմնա ու կտարածվի, կոչնչացնի մեր ժողովրդի կողմից ստեղծած ամեն ինչ: Սրանից սարսափել է պետք, սա հիմնովին արմատախիլ անել է պետք», - ընդգծել էր Սերժ Սարգսյանը։

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Այո՛, Հայաստանի իշխանությունները կատարյալ չեն: Այո՛, Հայաստանում շատ թերի հարցեր եւ բարդ խնդիրներ կան: Մեր նպատակը դրանց լուծումներն արագացնելն է: Այս փուլում մեր նպատակը նաեւ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելն է։ Խոսքը քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման եւ կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն», - ասել էր նախագահը։

 

Գլխավոր դատախազի հրաժարականը

 

Օգոստոսի 4-ին Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրաժարական էր տվել:

Գեւորգ Կոստանյանը Գեւորգ Կոստանյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը նշել էր, որ Գեւորգ Կոստանյանը հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով։

 

Գեւորգ Կոստանյանը Հայաստանի գլխավոր դատախազ էր նշանակվել 2013թ. հոկտեմբերի 1-ին:

 

Երեւանի ոստիկանապետի ազատումը

 

Օգոստոսի 8-ին Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

 

Ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով կարգապահական տույժերի էին ենթարկվել ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:

Աշոտ Կարապետյանը Աշոտ Կարապետյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Նրան խիստ նկատողություն էր հայտարարվել հուլիսի 19-ին Երեւանի Խորենացի փողոցում եւ հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում «ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու` ենթակա ուժերը հասարակական կարգի պահպանման ու հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ճիշտ չտեղաբաշխելու, իրավիճակից բխող պատշաճ միջոցառումներ չձեռնարկելու, պահպանվող անվտանգության գոտի երթի մասնակիցների մուտքը ժամանակին չսահմանափակելու, ինչպես եւ քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու եւ լրագրողական տեխնիկան վնասելու դեպքերը կանխելու ուղղությամբ բավարար միջոցներ չձեռնարկելու համար»:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին