5/10/15. Համաներում Փաշինյանի համար, Դովիլի հայտարարությունը, Նժդեհի արձանը - Mediamax.am

exclusive
4874 դիտում

5/10/15. Համաներում Փաշինյանի համար, Դովիլի հայտարարությունը, Նժդեհի արձանը


Սերժ Սարգսյանը 2016 թվականի մայիսի 31-ին
Սերժ Սարգսյանը 2016 թվականի մայիսի 31-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Գրիգորի Կարասինը, Դենիել Ֆրիդը եւ Պիեռ Մորելը Երեւանում 2006թ. մայիսի 25-ին
Գրիգորի Կարասինը, Դենիել Ֆրիդը եւ Պիեռ Մորելը Երեւանում 2006թ. մայիսի 25-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդունում է Կարասինին, Ֆրիդին եւ Մորելին
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդունում է Կարասինին, Ֆրիդին եւ Մորելին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Օբաման, Մեդվեդեւը եւ Սարկոզին Դովիլում
Օբաման, Մեդվեդեւը եւ Սարկոզին Դովիլում

Լուսանկարը` REUTERS

Նիկոլ Փաշինյանը 2016թ. մայիսի 27-ին
Նիկոլ Փաշինյանը 2016թ. մայիսի 27-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սասուն Միքայելյանը 2016թ. մայիսի 27-ին
Սասուն Միքայելյանը 2016թ. մայիսի 27-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-31

 

Արցախը եւ Մոնտենեգրոն

 

Մայիսի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարել էր, որ «Լեռնային Ղարաբաղն ունի միջազգային հանրության ճանաչումը ստանալու բոլոր հիմքերը»։

 

«Մոնտենեգրոյում վերջերս անցկացված հանրաքվեն շատ կարեւոր նախադեպ է: Եթե համաշխարհային հանրությունը պատրաստ է ընդունել Մոնտենեգրոյի եւ Կոսովոյի անկախությունը, ապա, իմ կարծիքով, նրանց շատ դժվար կլինի բացատրել, թե ինչու չեն ընդունի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ասել էր Արկադի Ղուկասյանը:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

 

Մայիսի 25-ին Երեւանում Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը եւ Ֆրանսիայի ԱԳՆ խորհրդական Պիեռ Մորելը ընթերցեցին Հայաստան կատարած այցի արդյունքում ընդունված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ հայտարարությունը:

 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր.

 

«Մենք Երեւան ենք ժամանել համատեղ դիվանագիտական առաքելությամբ՝  նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, եւ քանի որ եկել է ժամանակը, որ երկու կողմերն էլ համաձայնության գան կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ:

Գրիգորի Կարասինը, Դենիել Ֆրիդը եւ Պիեռ Մորելը Երեւանում 2006թ. մայիսի 25-ին Գրիգորի Կարասինը, Դենիել Ֆրիդը եւ Պիեռ Մորելը Երեւանում 2006թ. մայիսի 25-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Մեզ ընդունել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ մինչ այդ մենք հանդիպեցինք արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Մենք քննարկել ենք ապագա կարգավորման կարեւոր ասպեկտները եւ մոտ ապագայում երկու երկրների նախագահների հանդիպման հնարավորությունները: Մենք շեշտեցինք մեր պետությունների եւ, առավել լայնորեն, միջազգային հանրության համոզմունքը, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով: Ավելին, երկու երկրներն էլ պետք է իրենց հասարակությունները պատրաստեն խաղաղության, ոչ թե պատերազմի:

 

Մեր քննարկումները Երեւանում եւ Բաքվում կառուցողական էին: Վաղը մենք կվերադառնանք մեր մայրաքաղաքներ՝ զեկույցներ ներկայացնելու մեր ղեկավարներին: Համանախագահները կտեղեկացնեն ԵԱՀԿ-ին եւ միջազգային հանրությանը:

 

Նման համատեղ առաքելությունը արտառոց իրադարձություն է: Դա պետք է ընդունվի որպես ապացույց այն լրջության, որով մենք մոտենում ենք Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը եւ, հատկապես, մեր ընդհանուր համոզմունքի առ այն, որ մենք գտնվում ենք մի փուլում, երբ փոխշահավետ համաձայնագիրը հնարավոր է ձեռք բերել:

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդունում է Կարասինին, Ֆրիդին եւ Մորելին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդունում է Կարասինին, Ֆրիդին եւ Մորելին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Արդյո՞ք դա տեղի կունենա՝ կախված է Ադրբեջանից եւ Հայաստանից: Մենք հեռանում ենք Երեւանից՝ առաջընթացի հույսերով ու ակնկալիքներով»:

 

Բնակիչների 77%-ը «շատ կարեւոր» են համարում

 

Մայիսի 30-ին Երեւանում հրապարակվել էին ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվերով Baltic Surveys/ The Gallup Organization-ի կողմից անցկացված հարցման տվյալները:

 

Ըստ հարցման տվյալների, Հայաստանի բնակիչների 77%-ը «շատ կարեւոր» էին համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ կարգավորումը:

 

Հարցվածների 41%-ը կարծում էին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա սովորական մարզ Հայաստանի կազմում` առանց ինքնավարության իրավունքների: Հարցվածների 31%-ը կողմ են Լեռնային Ղարաբաղի ինքնավարությանը Հայաստանի կազմում, իսկ հարցման մասնակիցների  27%-ը կարծում էին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա անկախ պետություն:

 

Հարցման մասնակիցներից եւ ոչ մեկը չէր պաշտպանել Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի կազմում գտնվելու մասին տարբերակը:  

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-31

 

Դովիլի հայտարարությունը

 

Մայիսի 26-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հայտարարել էին, որ «Ղարաբաղյան հակամարտության գործընթացի հետագա ձգձգումը կասկածի տակ կդնի պայմանավորվածության գալու կողմերի հավատարմությունը»:

 

Այս մասին ասված էր Դովիլում «Մեծ ութնյակի» գագաթնաժողովին ընդունված`Մինսկի խմբի համանախագահ-երկրների ղեկավարների հայտարարության մեջ:

 

Մեդվեդեւն, Օբաման եւ Սարկոզին կոչ էին արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին «քաղաքական կամք դրսեւորել եւ հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական հանդիպմանը ավարտել աշխատանքները կարգավորման Հիմնական սկզբունքների վրա»:   

 

«Երբ պայմանավորվածությունը ձեռք բերեն` մենք պատրաստ կլինենք պաշտոնապես արձանագրել այդ սկզբունքների ընդունումը, աջակցել խաղաղ համաձայնագրի մշակմանը եւ այնուհետեւ աջակցել դրա իրականացմանը մեր միջազգային գործընկերների հետ միասին», - նշվում էր հայտարարության մեջ:   

Օբաման, Մեդվեդեւը եւ Սարկոզին Դովիլում Օբաման, Մեդվեդեւը եւ Սարկոզին Դովիլում

Լուսանկարը` REUTERS

Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հայտարարել էին, որ «ուժի նոր գործադրումը միայն նոր տառապանքների կհանգեցնի եւ կդատապարտվի միջազգային հանրության կողմից»:  

 

«Մենք կոչ ենք անում կողմերի ղեկավարներին բնակչությանը պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի», - նշել էին Մեդվեդեւն, Օբաման եւ Սարկոզին:

 

Մեկնաբանելով հայտարարությունը, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր.

 

«Մենք բարձր ենք գնահատում նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի ջանքերն՝  ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Այսօր, Դովիլում, Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարությունը կարեւոր ուղերձներ է պարունակում եւ կարող է խթան հանդիսանալ հիմնախնդրի հանգուցալուծման համար: Հայաստանը միշտ կողմնակից է եղել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը եւ բազմիցս դա ապացուցել է գործնականում, ուստի  պարզ է, թե ում է ուղղված այս առնչությամբ հայտարարության մեջ պարունակվող միանշանակ ուղերձը»։

 

Համաներում

 

Մայիսի 26-ին ԱԺ-ն հավանություն էր տվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկին` անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին:

 

Համաներման արդյունքում ազատ արձակվեցին նաեւ «Մարտի 1-ի» գործով դատապարտվածներ Նիկոլ Փաշինյանը եւ Սասուն Միքայելյանը:

Նիկոլ Փաշինյանը 2016թ. մայիսի 27-ին Նիկոլ Փաշինյանը 2016թ. մայիսի 27-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ողջունում են նախագահ Սարգսյանի կողմից առաջարկված եւ Ազգային Ժողովի կողմից հայտարարված համաներումը ու ուրախ են տեսնել 2008թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ կալանված անձանց արագ ազատ արձակումը:

 

ԵԱՀԿ Գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսն ասել էր, որ համաներման մասին որոշումը «նոր էջ կբացի ընդդիմության հետ երկխոսությունում»։

Սասուն Միքայելյանը 2016թ. մայիսի 27-ին Սասուն Միքայելյանը 2016թ. մայիսի 27-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Եվրամիության արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը «ջերմորեն ողջունել էր» Հայաստանի նախագահի կողմից առաջարկված եւ խորհրդարանի կողմից հաստատված ընդհանուր համաներումը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-31

 

Նժդեհի արձանը

 

Մայիսի 28-ին Երեւանի կենտրոնում, մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանին հարող պուրակում, տեղադրվել էր Գարեգին Նժդեհի արձանը:

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերժ Սարգսյանը՝ ԵԱՏՄ անվտանգության սպառնալիքների մասին

 

Մայիսի 31-ին Աստանայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն հայտարարել էր, որ անվտանգությունը Եվրասիական տնտեսական միության պետությունների տնտեսական զարգացման եւ բարգավաճման առանցքային հիմքն է:

 

 «Ես չափազանց կարեւոր եմ համարում այն փաստը, որ Եվրասիական տնտեսական միությունը ձեւավորած երկրները միաժամանակ հանդիսանում են ՀԱՊԿ անդամներ, որի հիմնական նպատակը մեր տարածքում համապարփակ անվտանգության ապահովումն է: Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից իրադրության լարումը ԵԱՏՄ տարածաշրջանի անվտանգության համար լուրջ մարտահրավեր դարձավ:

Սերժ Սարգսյանը 2016 թվականի մայիսի 31-ին Սերժ Սարգսյանը 2016 թվականի մայիսի 31-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Վտանգն ակնհայտ է՝ կամ Եվրասիական տնտեսական միության տարածքը մեր միջազգային գործընկերների կողմից կդիտվի որպես տնտեսական զարգացման, կայունության եւ անվտանգության գոտի, որտեղ կարելի ներդրումներ կատարել, որտեղ կարելի է երկարաժամկետ ծրագրեր նախաձեռնել, կամ բոլորը կընտելանան այս բարդ իրավիճակին եւ կառաջնորդվեն այն հանգամանքով, որ այստեղ լարվածության եւ երկպառակտության մշտական օջախներ են: Չեմ կարծում, որ երկրորդ սցենարը բխում է մեր երկրների շահերից», - ասել էր ՀՀ նախագահը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին