Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-25
Անդրկասպյան գազատարը եւ ատոմակայանը
Ապրիլի 19-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ «Հայաստանն իր առջեւ խնդիր է դրել միանալ Անդրկասպյան գազատարին եւ այդ կապակցությամբ արդեն լուրջ բանակցություններ է սկսել ԱՄՆ-ի հետ»:
«Եթե այս նախագիծն իրականացվի, Հայաստանը կունենա գազի մատակարարման երեք աղբյուր՝ ռուսական, իրանական եւ միջինասիական», - նշել էր Վարդան Օսկանյանը:
Օսկանյանը հայտարարել էր նաեւ, որ «այսօր ամերիկացիները շատ ավելի մեծ ըմբռնումով են մոտենում Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու խնդրին»:
«Որքան ես հասկանում եմ, ԱՄՆ-ն ցանկանում է տարածաշրջանային խնդիրները լուծել ատոմակայանի միջոցով, ուստի նոր ատոմակայանի կառուցումն իրատեսական է թվում: Հենց այդ պատճառով նրանք լրջորեն մտածում են այդ մասին», - հավելել էր Օսկանյանը:
Ապրիլի 21-ին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Թաիր Թաղիզադեն ասել էր, որ առանց Բաքվի համաձայնության Հայաստանը չի կարողանա միանալ Անդրկասպյան գազատարի նախագծին:
«Հայաստանը չի կարող դրա վերաբերյալ որեւէ բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ` մի շարք պատճառներով: Դրանցից մեկն այն է, որ տարածաշրջանային նախագծերն անհնար են առանց Ադրբեջանի մասնակցության` որպես արտահանող կամ որպես տարանցիկ պետություն: Իսկ Հայաստանի հետ համագործակցությունը մենք հնարավոր կհամարենք միայն հակամարտության կարգավորումից եւ դրա հետեւանքները վերացնելուց հետո», - ընդգծել էր Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
ԵՄ-ն պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Ապրիլի 20-ին Եվրամիության Եռյակի պատվիրակության ղեկավար, Ավստրիայի ԱԳՆ պետքարտուղար Հանս Վինքլերն Երեւանում հայտարարել էր, որ «ԵՄ-ն շատ շահագրգռված է Հայաստանում Մեծամորի ատոմակայանի փակմամբ»:

Լուսանկարը` Ֆոտոլուր
«Հայկական ատոմակայանում կիրառվում են հնացած տեխնոլոգիաներ, որոնք չեն համապատասխանում անվտանգության ժամանակակից պահանջներին», - ասել էր նա:
«Մյուս կողմից, ԵՄ-ն հարգում է յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն` ընտրելու էներգիայի այն տեսակը, որն առավելապես համապատասխանում է իր հնարավորություններին եւ շահերին», - ասել էր Հանս Վինքլերը: Նրա խոսքերով, Հայաստանում ԵՄ Եռյակի պատվիրակության բանակցությունների ընթացքում Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հեռանկարները չեն քննարկվել, քանի որ «սա չի մտնում ԵՄ իրավասության մեջ»:
«Խորացնել Հայաստանի ներգրավվումը եվրոատլանտյան ընտանիքին»
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն ապրիլի 24-ին հայտարարել էր, որ «այսօր մենք հիշում ենք 20-րդ դարի սարսափելի ողբերգություններից մեկը` 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանությունները եւ բռնի արտաքսումը, որը տեղի ունեցավ 1915 թվականին` Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին»:
«Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Թուրքիայի այն ներկայացուցիչներին, ովքեր որոշել են ազնիվ եւ նրբանկատ կերպով ուսումնասիրել այն ժամանակի պատմական իրադարձությունները: Անցումային շրջանի արդարադատության Միջազգային Կենտրոնի վերլուծությունը չհանդիսացավ վերջին խոսքը, սակայն նշանակալից ավանդ ունեցավ այն իրադարձությունների առավել լավ ըմբռնման համար: Մենք սատարում ենք երկխոսությունների զարգացմանը, այդ թվում եւ համատեղ հանձնաժողովների միջոցով, որոնց նպատակը հանդիսանում է այն ողբերգական իրադարձությունների համատեղ ըմբռնումը եւ առաջընթացի ապահովումը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավման հարցում», - ասել էր ԱՄՆ նախագահը:
Ջորջ Բուշը հայտարարել էր նաեւ, որ «մենք ձգտում ենք օգնել Հայաստանին ամրապնդել իր անվտանգությունը եւ խորացնել նրա ներգրավվումը եվրոատլանտյան ընտանիքին»:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-25
Շավարշ Քոչարյան vs Տրայան Բասեսկու
Ապրիլի 20-ին Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը քննադատել էր Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի` Բաքվում արված հայտարարությունն այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, եւ ԼՂ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»:
«Չէի ցանկանա հավատալ, որ ԵՄ անդամ որեւէ պետության ղեկավար նման կողմնակալ եւ ապակառուցողական հայտարարություն կարող էր անել: Եթե այդպիսի հայտարարություն իրոք արվել է, ապա դա հակասրում է միջազգային հանրության մոտեցմանը, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի դիրքորոշումներին, Հելսինկիի, Աթենքի, Ալմաթիի նախարարական հանդիպումների, Աստանայի գագաթաժողովի, նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի համատեղ հայտարարություններին, որտեղ հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա», - ասել էր Շավարշ Քոչարյանը:
Սերժ Սարգսյանն ակնկալում է «ընդգծված ակտիվացում»
Ապրիլի 20-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ իրավապահ մարմիններից ակնկալում է «ընդգծված ակտիվացում`2008թ. մարտի 1-ի դեպքերի բացահայտման հարցում»:
Դատաիրավական բարեփոխումների հարցերով խորհրդակցության ժամանակ նախագահն ասել էր.

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն
«Անձնապես ինձ համար սա շատ կարեւոր հարց է, եւ ձեզ ուղղված իմ պահանջն է` կրկին եւ առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ ըստ ձեզ որեւէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Արդեն տեւական ժամանակ է անցել, միգուցե, մարդիկ կան, ովքեր ականատես են եղել եւ այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն: Սա էլ է շատ հնարավոր»:
«Համատարած կոռուպցիա»
Ապրիլի 21-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ քննադատության էր ենթարկել նոտարական գրասենյակների աշխատանքը:
«Նոտարական գրասենյակներում տիրում է համատարած կոռուպցիա: Նոտարները քաղաքացիներին չեն տեղեկացնում պետական տուրքերի մասին եւ նրանցից գանձում են սահմանվածից երկու-երեք անգամ ավել գումար»,- ասել էր վարչապետը:
«Բաքուն արձագանքելու է»
Ապրիլի 25-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Բաքուն արձագանքելու է հայ-թուրքական գործընթացը վերսկսելու փորձերին:
«Հայ-թուրքական մերձեցումը, իհարկե, Թուրքիայի որոշումն է: Մենք չենք կարող միջամտել նրա ներքին գործերին: Սակայն, մյուս կողմից, եթե այդ գործընթացն ընթանա այն նույն ձեւաչափում, ինչպես նախկինում` հաշվի չառնելով Ադրբեջանի շահերը, մենք ստիպված կլինենք արձագանքել: Եվ թուրքական կառավարությունը դա հասկացավ: Ժամանակին Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի փակման հիմնական գործոնը Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս առաջին շրջանի` Քելբաջարի օկուպացիայի հարցն էր: Եվ դա թուրքական կառավարության գիտակցված արձագանքն էր նրան, որ Քելբաջարն օկուպացված է, եւ նրանք չեն կարող հարաբերություններ կառուցել ագրեսոր երկրի հետ: Ի՞նչ է փոխվել: Քելբաջարն ազա՞տ է: Մինչ այժմ օկուպացված է: Այդ պատճառով մենք կոչ ենք անում Թուրքիային կայունացնողի դեր խաղալ եւ նպաստել շարժմանը խաղաղ առաջընթացին շրջանակներում` սկսած տարածքների ազատագրումից: Հավատացեք, հայկական զորքերի դուրսբերումն օկուպացված տարածքներից կխթանի շատ լուրջ դրական գործընթացներ», - ասել էր Էլմար Մամեդյարովը «Մոսկովսկիյե նովոստի» թերթին տված հարցազրույցում:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-25
Ջոն Էվանսի գիրքը
Ապրիլի 21-ին Հարավային Կարոլինայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտում կայացել էր Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի «Պատանդված ճշմարտություն. Ամերիկան եւ Հայոց ցեղասպանությունը» (Truth Held Hostage, America and the Armenian Genocide - What then? What now?) գրքի շնորհանդեսը:
2005թ. փետրվարի 19-ին, ելույթ ունենալով Բերքլիի համալսարանում` հայ համայնքի ներկայացուցիչների առջեւ, այն ժամանակ Հայաստանում ԱՄՆ Ջոն Էվանսը 1915թ. իրադարձությունները «Ցեղասպանություն» էր անվանել: Դրանից մի քանի ամիս անց նա ետ էր կանչվել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնից եւ թոշակի ուղարկվել:
Գրքում Էվանսը ներկայացնում էր հրապարակային այս հայտարարությունից առաջ եւ հետո տեղի ունեցած դեպքերը:
«Դեսպան Էվանսի «Պատանդված ճշմարտություն» գիրքն Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի 1918թ. աշխատությունից հետո ամերիկացի դիվանագետի կողմից Հայոց ցեղասպանության մասին գրված ամենակարեւոր աշխատությունն է: Նա գրում է հստակ, ինչը թույլ է տալիս մեզ ինքնուրույն զգալ, թե ինչ է նշանակում պատմական ճշմարտության հարցում կանգնել անձնական եւ քաղաքական էթիկայի երկընտրանքի առջեւ»,- ասել էր ամերիկահայ գրող Փիթըր Բալաքյանը:
Լավրով. Հայաստանը չի մերժել Կազանի փաստաթուղթը
Ապրիլի 22-ին, Երեւանում մեկնաբանելով հրապարակումներն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը մերժել են ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Կազանյան փաստաթուղթը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր.

Լուսանկարը` Ֆոտոլուր
«Որպես այդ դեպքերի անմիջական մասնակից կարող եմ ասել, որ Հայաստանը չի մերժել Կազանի փաստաթուղթը»:
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հավելել էր, որ Կազանի փաստաթուղթը մերժել է Ադրբեջանը:
«Ինչո՞ւ էր դա պատահել»
Ապրիլի 22-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Երեւանում ասել է, որ եթե հաջողվեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական գործընթացում առաջ շարժվել, ապա դա զսպող գործոն կլիներ բռնության բռնկումներ թույլ չտալու համար:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն
Այս մասին Սերգեյ Լավրովն ասել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով վերջինիս հարցին, թե ՌԴ կարծիքով՝ ինչո՞ւ է ադրբեջանական կողմը խախտում 1994-1995թթ. ստորագրված համաձայնագիրը եւ այս ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները:
«Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Դրա համար էլ ինձ համար չափազանց կարեւոր է Ձեր տեսակետը՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց»,- հարցրել էր Հայաստանի նախագահը:

Լուսանկարը` Ֆոտոլուր
«Ինչո՞ւ իրավիճակը հայտնվեց նման ճգնաժամային կետում, ես չեմ կարող որոշել Հայաստանի, Ադրբեջանի կամ ղարաբաղցիների փոխարեն, բայց ես կարծում եմ, որ եթե մեզ հաջողվեր քաղաքական գործընթացում առաջ շարժվել, թեկուզ մի փոքր, եթե մենք թեկուզ նախանշեինք ընդհանուր սկզբունքներ, որոնք կողմերը գոնե հիմք կընդունեին արդեն իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթերի մշակման, նախապատրաստման համար, իհարկե, դա ոչ միայն կարեւոր դեր կխաղար բանակցությունների վերսկսման համար, այլ նաեւ զսպող գործոն կհանդիսանար բռնության բռնկումներ թույլ չտալու համար: Բայց, կրկնում եմ, լուծման կարող են հասնել միայն իրենք՝ կողմերը»,- ասել էր Լավրովը:
Առաջին «Ավրորան»
Ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի օրը, Երեւանում կայացել էր միջազգային մարդասիրական «Ավրորա» (Aurora Prize for Awakening Humanity) մրցանակի առաջին արարողությունը:
Լուսանկարը` Ավրորա
Հեղինակավոր միջազգային ժյուրին, որի համանախագհներն էին դերասան Ջորջ Քլունին եւ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելը, չորս հավակնորդներից ընտրեց «Ավրորա» մրցանակի դափնեկրին` Մարգարեթ Բարանկիցեին: Մրցանակը նրան հանձնեց Ջորջ Քլունին:
Մարգարեթ Բարանկիցեն, որն աշխատում էր Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տանը եւ REMA հիվանդանոցում, հազարավոր կյանքեր էր փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: