5/10/15. Ֆրիդի եւ միջնորդների կոչերը, Նալբանդյանի գնահատականը - Mediamax.am

exclusive
3708 դիտում

5/10/15. Ֆրիդի եւ միջնորդների կոչերը, Նալբանդյանի գնահատականը


Դենիել Ֆրիդը
Դենիել Ֆրիդը
ՀՀ նախագահը՝ Լատվիայի հայ համայնքի անդամների հետ
ՀՀ նախագահը՝ Լատվիայի հայ համայնքի անդամների հետ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

ՀՀ նախագահը՝ Լատվիայի պաշտոնակցի հետ
ՀՀ նախագահը՝ Լատվիայի պաշտոնակցի հետ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս -ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 8-14

 

 «Բաց չթողնել պահը»

 

Մարտի 8-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «կոչ է անում Հայաստանի եվ Ադրբեջանի ղեկավարներին բաց չթողնել պահը եւ վերջ դնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»:

 

Ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի միջազգային հարցերով ենթակոմիտեում «Եվրո-ամերիկյան հարաբերություններ. հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով լսումներին Ֆրիդն ասել էր.

Դենիել Ֆրիդը Դենիել Ֆրիդը

 

«Ոմանք Ռուսաստանում ԱՄՆ հարաբերությունները Ռուսաստանի հարեւանների եւ եվրասիական այլ երկրների հետ ընկալում են մի խաղի համատեքստում, որում կարող է հաղթել միայն մեկ կողմը: Մենք հրապարակավ եւ մասնավոր կերպով ասել ենք ռուսներին, որ ընկալման այս մոդելը սխալ է: Մենք ձգտում ենք աշխատել Ռուսաստանի եւ այլ երկրների հետ` Հարավային Օսիայում, Մերձդնեստրում, Աբխազիայում եւ ԼԵռնային Ղարաբաղում առկա վտանգավոր եւ հյուծիչ հակամարտությունների լուծման համար»:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 8-14

 

Միջնորդների կոշտ հայտարարությունը

 

Մարտի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները խորը մտահոգություն էին հայտնել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների մասին տեղեկությունների կապակցությամբ` մարտի 5-ին Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ եւ հետո:

 

Միջնորդները հայտարարել էին, որ «այդպիսի անիմաստ գործողությունները, դրանց հաստատման դեպքում, հակասում են ուժի գործադրումից խուսափելու եւ հակամարտության խաղաղ կարգավորմանը ձգտելու կողմերի պարտավորությանը»:

 

Համանախագահները ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչին առաջարկել էին անցկացնել անհապաղ հետաքննություն բոլոր կողմերի մասնակցությամբ` մարտի 5-ին Սոչիում Մեդվեդեւի, Սարգսյանի եւ Ալիեւի համատեղ հայտարարությանը համապատասխան:

 

«Համապարփակ ինտեգրման» անհրաժեշտությունը

 

Մարտի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ «իրականացվող հետեւողական բարեփոխումները Հայաստանը կանգնեցնում են եվրոպական ընտանիքի հետ համապարփակ ինտեգրման հրամայականի առջեւ»:  

ՀՀ նախագահը՝ Լատվիայի պաշտոնակցի հետ ՀՀ նախագահը՝ Լատվիայի պաշտոնակցի հետ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Ելույթ ունենալով հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը Ռիգայում, նախագահը հավելել էր, որ «այս առումով, Հայաստանի համար մեծ կարեւորություն է ստանում տնտեսության եւ այլ բնագավառներում իրականացրած բարեփոխումների ամբողջականացման եւ եվրոպական չափորոշիչներին հասնելու գործընթացներում Լատվիայի փորձի դիտարկումը»:

 

«Տեսանելի ապագայում»

 

Մարտի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ մարտի 5-ին Սոչիում կայացած հանդիպման ընթացքում Ադրբեջանի դիրքորոշման մեջ գրանցվել է «որոշակի տեղաշարժ»:

 

Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն ասել էր.

ՀՀ նախագահը՝ Լատվիայի հայ համայնքի անդամների հետ ՀՀ նախագահը՝ Լատվիայի հայ համայնքի անդամների հետ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Ելնելով դրանից, կարծում եմ, որ տեսանելի ապագայում կարող ենք հասնել որոշակի համաձայնությունների կարգավորման սկզբունքների շուրջ: Համաձայնության գալուց հետո կսկսվի բանակցությունների նոր փուլ եւ շատ հարցեր կմանրամասնվեն: Այսպիսով, սկզբունքների շուրջ համաձայնության գալը գործընթացի ոչ թե ավարտն է, իսկ սկիզբը»:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 8-14

 

«Թուրքիայի ղեկավարությունը կորցնում է իրականության զգացումը»

 

Մարտի 9-ին  արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ «Թուրքիայի ղեկավարությունը կորցնում է իրականության զգացումը»:

 

Պատասխանելով  Коммерсантъ թերթի հարցին, թե ինչպես է ռուս-թուրքական հարաբերությունների լարումն անդրադառնում Ղարաբաղյան հիմնահարցի վրա, ԱԳՆ-ի ղեկավարն ասել էր.

 

«Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայի ղեկավարությունը կորցնում է իրականության զգացումը, ընդ որում, ոչ միայն արտաքին, այլեւ ներքին քաղաքականության առումով: Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարում է, որ այսօր քրդերը համագործակցում են Ռուսաստանի հետ, ինչպես XX դարի սկզբին նրա հետ համագործակցում էին «հայկական խմբավորումները»: Նման հայտարարությունը շատ լուրջ ազդանշան է միջազգային հանրության համար այն առումով, թե ինչ կարող է պատահել քրդերին: XX դարում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ Թալեաթ փաշան, նույնպես մեղադրում էր Ռուսաստանին՝ հայերին զինելու եւ սադրելու համար: Ակնհայտորեն, 100 տարիների ընթացքում Թուրքիայի քաղաքական ղեկավարության մեջ շատ բան չէ փոխվել: Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է Ղարաբաղյան հարցին լուծում տալ, ապա պետք է հնարավորինս հեռու մնա կարգավորման գործընթացից»:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին