Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-24
ԱՄՆ-ն ցանկանում է վերահաստատում ստանալ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը քննարկել էին «այն հնարավոր քայլերը, որոնք կվերահաստատեն, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարական հաստատություններն ամրապնդելու ու 2007 եւ 2008 թթ. ազատ եւ արդարացի ընտրություններ անցկացնելու պարտավորությանը»:
Այդ մասին ասվում էր ԱՄՆ դեսպանության՝ հունվարի 17-ին Երեւանում կայացած Ռոբերտ Քոչարյանի եւ Ջոն Էվանսի հանդիպման մասին հաղորդագրության մեջ:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Հաղորդագրության մեջ ասվում էր, որ «դեսպան Էվանսը հանդիպել է նախագահ Քոչարյանին` քննարկելու այն մտահոգությունները, որոնք ի հայտ եկան Վաշինգտոնում 2005 թվականի նոյեմբերի 27-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի առնչությամբ»:
ԱՄՆ դեսպանությունը հիշեցրել էր, որ 235 մլն դոլար տրամադրելու մասին Հայաստանի եւ ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի միջեւ համաձայնագիրը դեռեւս ստորագրված չէ` ընդգծելով, որ դրամական օժանդակությունը ստանալու համար երկիրը պետք է համապատասխանի մի շարք չափանիշների:
«Կողմերը պետք է նախապես պայմանավորվեն»
Միջազգային Ճգնաժամային խմբի (ICG) փոխնախագահ Ալեն Դելեթրոզը ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար պետք է անցկացնել հանրաքվե, ընդ որում «բոլոր կողմերը պետք է նախապես պայմանավորվեն, որ կհամաձայնվեն հանրաքվեի արդյունքների հետ, որոնք կբերեն Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակմանը»:
Դելեթրոզն այդ մասին ասել էր մոսկովյան հունվարի 18-ին «Վրեմյա նովոստեյ» թերթում հրապարակված հարցազրույցում:
«Մեր զեկույցում մենք հակամարտող կողմերին ոչ միայն խորհուրդ ենք տալիս շարունակել բանակցությունները այն ձեւաչափով, որով նրանք այսօր ընթանում են` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով, այլեւ Ադրբեջանի ղեկավարությանը խորհուրդ ենք տալիս համաձայնվել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին որոշակի փուլում ընդգրկել բանակցություններում: Բացի այդ, մենք կարծում ենք, որ Բաքուն պետք է ձեռնարկի որոշ քայլեր, որոնք թույլ կտան Ղարաբաղի եւ Ադրբեջանի մարդկանց միջեւ շփումներ իրականացնել: Այսօր Ադրբեջանի քաղաքացիներին արգելված են շփումները Լեռնային Ղարաբաղի հետ, եւ դա շատ վատ է», - ասել էր ICG-ի փոխնախագահը:
«Հայաստանը եւ Ղարաբաղը պետք է իրենց զորքերը դուրս բերեն գրավյալ տարածքներից, սակայն ադրբեջանական բանակը չպետք է մտնի այնտեղ: Գրավյալ տարածքներ պետք է մուտք գործեն միջազգային զորքերը: Գրավյալ տարածքներ ասելով` ես նկատի ունեմ յոթ շրջանները: Մենք գիտակցում ենք, որ Օմարի լեռնանցքը Քելբաջարում եւ Լաչինի միջանցքը, որը ղարաբաղցիներն անվանում են «կյանքի ճանապարհ», ռազմավարական շրջաններ են Լեռնային Ղարաբաղի համար, եւ վերջինիս շահերը պետք է հաշվի առնվեն: Եվ եթե ադրբեջանական բանակն իրավունք չունենա զբաղեցնել այդ շրջանները, ապա փախստականները եւ տեղահանված անձինք պետք է վերադառնալու իրավունք ստանան», - ասել էր Ալեն Դելեթրոզը:
«Ողբերգություն չսարքել»
Հունվարի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը հորդորել էր «ողբերգություն չսարքել» հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայումից:
Ղուկասյանը նշել էր, որ հակամարտության կողմերի միջեւ անվստահության մթնոլորտի առկայության պայմաններում նման հարցի քննարկումը բնականոն երեւույթ է: Միեւնույն ժամանակ, նշել էր ԼՂՀ նախագահը, քանի դեռ կողմերը համաձայնության չեն եկել կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ, վաղ է խոսել խաղաղապահ գործողության մասին:
«Ենթադրվում է, որ կողմերի համաձայնության հասնելուց հետո կետերից մեկը կլինի խաղաղապահների տեղակայման հարցը», - ասել էր Արկադի Ղուկասյանը:
Միաժամանակ ԼՂՀ նախագահը ասել էր, որ լավատեսության համար լուրջ հիմքեր չի տեսնում: «Կարգավորման գործընթացը կախված է ոչ միայն մեզանից: Մենք պատրաստ ենք անցնելու ճանապարհի մեր մասը, եթե մեր հակառակորդը անցնի իր մասը, սակայն Ադրբեջանի կառավարության կողմից որեւէ առաջխաղացում մենք չենք տեսնում» - նշել էր Ղուկասյանը:
Եվրոպական խորհրդարանի կոչը
Հունվարի 19-ին Եվրոպական Խորհրդարանը կոչ էր արել Ադրբեջանի իշխանություններին «վերջ դնել հայկական միջնադարյան գերեզմանների եւ պատմական խաչքարների ոչնչացմանը Նախիջևանի հարավային մասում»:
Այս մասին ասվում էր Եվրոպական Խորհրդարանի կողմից հունվարի 19-ին ընդունված «Եվրոպական Հարեւանության Քաղաքականության» բանաձեւի 67-րդ կետում:

Լուսանկարը` Արամ Վրույր
Բանաձեւում ասվում էր, որ հայկական հուշարձանների ոչնչացումը հանդիսանում է Ադրբեջանի կողմից 1993 թ. վավերացված Համաշխարհային ժառանգության մասին ՅՈՒՆԵՍԿՈ-ի կոնվենցիայի խախտում:
«Իրավիճակը որոշակի ափսոսանք է առաջացնում»
Հունվարի 24-ին Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանն հայտարարել էր, որ «Հայաստանին ռուսական գազի մատակարարման շուրջ ստեղծված իրավիճակը մեզ մոտ որոշակի ափսոսանք է առաջացնում»:
Վիկտոր Սողոմոնյանն ասել էր, որ «հաշվի առնելով Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը՝ մենք կարծում էինք, որ ռուսական գազի գնի որոշման հարցը կարող էր ունենալ ավելի պարզ լուծում եւ չպահանջեր այսքան երկար բանակցություններ»:

Լուսանկարը` Reuters
Միեւնույն ժամանակ, Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարն ասել էր, որ «Ռուսաստանի հետ համագործակցությունն էներգետիկայի ոլորտում հանդիսանում է մեր ռազմավարական գործընկերության բաղադրիչներից միայն մեկը եւ չի կարող հիմք հանդիսանալ մեր հարաբերությունների ողջ սպեկտրի վերանայման համար»:
«Ստեղծված իրավիճակում մեզ առավել շատ մտահոգում է այն փաստը, որ Հայաստանում ձեւավորվում է հասարակական կարծիք, որը դժվար է բարենպաստ անվանել Ռուսաստանի համար: Մեզ մտահոգում է այն, որ երկարաժամկետ հեռանկարում նման տրամադրությունները կարող են իրենց դերը խաղալ», - հայտարարել էր Սողոմոնյանը:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-24
«Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության»
Հունվարի 17-ին ելույթ ունենալով Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության»:
«Պետական ակտիվ աջակցությամբ Ադրբեջանում մոլեգնող Հայաստանի եւ հայերի դեմ ատելության քարոզը,պատմության բացահայտ կեղծումը, սպառազինությունների մրցավազքի սանձազերծումը ապացուցում են, որ Բաքուն պատրաստ չէ խաղաղության: Գործը հասնում է նրան, որ իմ ադրբեջանցի գործընկերը հայտարարում է, որ մեր երկրի մեծ մասը նվիրվել է Հայաստանին Ադրբեջանի կողմից, իսկ մեր մայրաքաղաք Երեւանը ադրբեջանական քաղաք է», - ասել էր Սերժ Սարգսյանը:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն
«Ադրբեջանը չունի իրավական, քաղաքական եւ բարոյական հիմքեր Լեռնային Ղարաբաղին հավակնելու համար: Այո, մենք վճռական ենք բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով խնդիրը լուծելու, բայց եթե Ադրբեջանը որոշի արկածախնդրության դիմել, մեր պատասխանը կտրուկ կլինի », - ասել էր Սերժ Սարգսյանը:
«Թուրքիան ոչնչացրել է գործընթացը»
Նույն օրը Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ «Թուրքիան ոչնչացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»:
«Գործընթացը, որը սկսվել էր փոքր քայլերի օգնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մեր անկեղծ առաջարկով, արագ ավարտվեց: Թուրքիան ոչնչացրել է այն իր հակասական վարքով, միմյանց բացառող հայտարարություններով եւ անհիմն շահարկումներով: Թուրքիան հետ է կանգնել իր պարտավորություններից եւ ոչ միայն չի վավերացրել ստորագրված արձանագրությունները, այլեւ վերադարձել է իր նախկին դիրքին», - ասել էր Սերժ Սարգսյանը:
Նա շեշտել էր, որ Հայաստանն ուներ շատ ավելի բարոյական եւ իրավական հիմքեր նախապայմաններ առաջադրելու համար:
«Այնուամենայնիվ, մենք գտել ենք ուժ հոգեբանական խոչընդոտները հաղթահարելու եւ առաջ շարժվելու: Այո, մենք շատ խնդիրներ ունենք Թուրքիայի հետ, առաջին հերթին ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Սակայն նախապայմանների առաջընթացի փոխարեն մենք նախընտրեցինք հարաբերությունների կարգավորման քաղաքակիրթ ճանապարհը` երկխոսության հաստատման միջոցով», - ասել էր Սերժ Սարգսյանը:
«Հայաստանը լավագույն օրինակն է»
Հունվարի 20-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը ասել էր, որ «Հայաստանը, հնարավոր է, լավագույն օրինակն է, թե ինչպես կարելի է կառուցողական հարաբերություններ զարգացնել ՆԱՏՕ-ի հետ` չվնասելով այլ գործընկերություններին անվտանգության ոլորտում»:
«Հայաստանը փայլուն օրինակն է այն բանի, որ համագործակցությունն անվտանգության ոլորտում չպետք է անպայման բացառիկ բնույթ կրի»,- հավելել էր դիվանագետը: Ընդհանրապես, Չարլզ Լոնսդեյլի խոսքերով, «այս տարածաշրջանի համար ամենամեծ մարտահրավերը զրոյական արդյունքով խաղի (zero-sum game) հոգեբանության հաղթահարումն է»:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն
Մեկնաբանելով այն հանգամանքը, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվել էր մասնակցել Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին վերջնական հռչակագրում Երեւանի համար որոշ ձեւակերպումների անընդունելիության պատճառով, Չարլզ Լոնսդեյլը վստահություն էր հայտնել, որ այդ փաստը բացասական ազդեցություն չի ունեցել Դաշինքի հետ Հայաստանի հարաբերությունների վրա:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-24
Ալիեւի «հոգեբանական հյուծվածությունը»
Հունվարի 22-ին հանդես գալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ չէ նավթի գնի հետագա անկմանը:
«Նավթի գնի շարունակական անկումը բավական հյուծիչ է, այդ թվում՝ հոգեբանական առումով, էլ չասած պետական բյուջեն հավասարակշռելու անհրաժեշտության մասին», - ասել էր նա:
Իլհամ Ալիեւը կոչ էր արել համակարգել գործողությունները եւ ամրապնդել վստահությունն OPEC-ի անդամների եւ այն խոշոր նավթահանող երկրների միջեւ, որոնք միավորման անդամ չեն:

Լուսանկարը` Reuters
«Եթե դա տեղի չունենա, OPEC-ը չի կարողանա որոշումներ ընդունել: Իսկ որոշումների բացակայության պարագայում անհասկանալի կլինի, թե երբ նավթի գինը կհասնի «հատակին»: Ինչ-որ պահի թվում է թե, ահա, սա է «հատակը», բայց այնուհետեւ մենք նոր գին ենք տեսնում»,- ասել էր Ադրբեջանի նախագահը:
«Մենք Ադրբեջանում ակնկալում էինք, որ այսպես կոչված «հետնավթային» շրջանը կսկսվի մոտ 20 տարի հետո: Մեզ համար սա անակնկալ էր ու միեւնույն ժամանակ՝ սթրես մեր տնտեսության համար», - հայտարարել էր Ալիեւը:
«Ծանր է լսել, որ նավթի գներն ավելի են իջնելու՝ թեեւ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ դա անակնկալ չի լինի»,- խոստովանել էր Ադրբեջանի նախագահը:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: