Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-28
«Նոր հուսադրող հեռանկարներ»
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հունիսի 22-ին հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների Փարիզում կայացած բանակցությունների ընթացքում «նշմարվեցին նոր հուսադրող հեռանկարներ»։
Ռուսաստանցի միջնորդն ասել էր, որ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի հանդիպումը «շատ դրական» էր:

Լուսանկարը` Ֆոտոլուր
«Այն դրական խթանը, որը հաղորդվել էր գործընթացին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների Վարշավայում կայացած հանդիպման ժամանակ, պահպանվում է»,- ասել էր Յուրի Մերզլյակովը: Միեւնույն ժամանակ, ռուսաստանցի միջնորդի խոսքով, Փարիզում կայացած բանակցությունների ընթացքում կային հարցրեր, «որոնց քննարկումը բարդ էր» եւ «ոչ բոլոր հարցերի վերաբերյալ հաջողվեց պայմանավորվել»:
Բաբայանի ծրագրերը
Հունիսի 24-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ մտադիր է Հայաստանում ստեղծել «առողջ քաղաքական ուժ, որը ձգտելու է փոխել երկրում առկա համակարգը եւ ձեւավորել լիովին անկախ դատական համակարգ»:
Բաբայանի խոսքով՝ նա պատրաստ է սկզբունքորեն փոխհարգալից համագործակցություն ունենալ ինչպես Հայաստանի իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերի հետ: Միեւնույն ժամանակ, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը մերժել էր 2008 թ. ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Բաբայանը հայտարարել էր, որ «միայն հիմարները» կարող են խոսել չճանաչված հանրապետությունում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու մասին ՝ «ռազմական դրության պայմաններում»: Նա նկատել էր, որ չէր մասնակցել հունիսի 19-ին ԼՂՀ-ում կայացած խորհրդարանական ընտրություններին, քանի որ «Լեռնային Ղարաբաղի հարցերը լուծվում են Երեւանում, այլ ոչ թե Ստեփանակերտում»:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-28
Ադրբեջանի դիվերսիան
Հունիսի 22-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Բեռնար Ֆասիեն եւ Ռոբերտ Բրադտկեն հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում խստորեն դատապարտել էին հունիսի 18-ի լույս 19-ի գիշերն Ադրբեջանի զինված խմբի կողմից իրականացված հարձակումը՝ շփման գծի հյուսիսային հատվածում, որի հետեւանքով զոհվել էր 4 եւ վիրավորվել 4 ՊԲ զինծառայող։
Հայտարարության մեջ ասվում էր, որ միջադեպը տեղի էր ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից անմիջապես հետո, եւ նշվում էր, որ «ռազմական ուժի օգտագործումը, հատկապես այս պահին, կարելի է դիտարկել բացառապես որպես խաղաղ գործընթացին վնասելու փորձ»:
«Պետք է անեն հաջորդ քայլը»
Հունիսի 27-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հանդես էին եկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ G8 երկրների գագաթնաժողովում:
«Մենք հաստատում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներին աջակցություն ցուցաբերելու մեր պարտավորությունը նրանց կողմից ղարաբաղյան կարգավորման Հիմնական սկզբունքների համաձայնեցումն ավարտելու գործում:
Մենք ողջունում ենք որպես զգալի քայլ երկու երկրների կողմից այն փաստի ճանաչումը, որ երկարաժամկետ կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկյան սկզբունքների եւ 2009թ. հուլիսի 10-ին G8 գագաթնաժողովում մեր կողմից արված հայտարարության մեջ առաջարկված բաղադրիչների վրա, որոնք վերաբերում են` Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավյալ տարածքների վերադարձմանը; ԼՂ միջանկյալ կարգավիճակին, որը կապահովի անվտանգություն եւ ինքնակառավարում; Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքին; ԼՂ վերջնական կարգավիճակին, որը պետք է արտահայտվի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով; ներքին տեղահանվածների եւ փախստականների վերադարձի իրավունքին, ինչպես նաեւ անվտանգության միջազգային երաշխիքներին՝ ներառյալ խաղաղապահ գործողությունը:
Այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է անեն հաջորդ քայլը եւ ավարտին հասցնեն Հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը, ինչը թույլ կտա սկսել խաղաղության համաձայնագրի մշակումը»,- ասվում էր հայտարարության մեջ:

Լուսանկարը` REUTERS
Պաշտոնական Երեւանը ողջունում է Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների հայտարարությունը, հայտարարել էր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Կարեւոր է, որ հայտարարության մեջ հերթական անգամ վերահաստատվում են այն սկզբունքները, որոնց մասին Հայաստանը բազմիցս հայտարարել է, որպես հակամարտության լուծման հիմնարար սկզբունքներ»,- ասել էր Նալբանդյանը:
«Առաջիկա օրերին կպարզվի, արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է առաջ շարժվել այս ճանապարհով, թե կշարունակի իր ռազմատենչ մոտեցումը՝ փորձելով խափանել խաղաղ գործընթացը՝ նոր սադրանքների գնալով եւ ոչ կառուցողական քայլեր ձեռնարկելով», - հայտարարել էր ՀՀ արտգործնախարարը:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-28
Ոստիկանությունը «մաքրեց» Բաղրամյան պողոտան
Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանությունը ցրել էր Բաղրամյան պողոտայի վրա նստացույց անող երիտասարդներին, որոնք պայքարում էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
Ցուցարարների դեմ օգտագործվել էին ջրցան մեքենաներ, գործադրվել էր ֆիզիկական ուժ: Տարբեր հաղորդումների համաձայն, մոտ 200 մարդ բերման էր ենթարկվել ոստիկանության բաժիններ: Ոստիկանությունը գործողություններ էր իրականացրել ոչ միայն Բաղրամյան պողոտայում, այլեւ Ազատության հրապարակում:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: