#ElectricYerevan շարժումը, որ պայքարում էր Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, հայ երիտասարդներին համախմբեց պայքարի շուրջ ու ծնեց դրա միջոցով փոփոխությունների հասնելու հավատը: Կիթառի նվագակցությամբ երեկոներ, ասֆալտին լուսացրած գիշերներ ու Բաղրամյան փողոցը մաքրելով անցկացրած առավոտներ... Մեդիամաքսը վերհիշել է 2015 թվականի հունիսին տեղի ունեցած իրադարձությունները՝ ըստ կարեւոր օրերի:
Հունիսի 19
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների մեկնարկը Երեւանում կարելի է համարել 2015 թվականի հունիսի 19-ը: Դրանից երկու օր առաջ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագնի բարձրացման որոշում ընդունեց:
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը Ազատության հրապարակում հունիսի 19-ին կազմակերպեց արտոնված հանրահավաք, որի ժամանակ ցուցարարները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրեցին պահանջ՝ մինչեւ հունիսի 22-ը ժամը 19։00-ը չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը, այլապես երթով կշարժվեն Բաղրամյան 26՝ նախագահի նստավայր:
Հանրահավաքի մասնակիցները հայտարարեցին, որ Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց կանեն:
Ազատության հրապարակին զուգահեռ Գյումրիում եւ այլ քաղաքներում եւս կազմակերպվեց հանրահավաք ու երթ:
Հունիսի 22
Շարժումը սկսեց մեծ թափ հավաքել հունիսի 22-ից հետո, երբ ցուցարարները, չստանալով էլեկտրաէներգիա սակագնի բարձրացումը կասեցնող՝ ՀՀ նախագահի համապատասխան որոշումը, երթով շարժվեցին դեպի նախագահի նստավայր:
Բաղրամյան 26-ի մուտքը եւ շրջակայքը պաշտպանելու համար ոստիկանական ուժերը դրանք շրջապատեցին զրահամեքենաներով:

Լուսանկարը` Ֆոտոլուր
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի միջոցով, ցուցարարներին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որ կարող է մի քանի հոգու ընդունել իր նստավայրում: Ցուցարարները որոշեցին, որ առանձին անհատների չեն ուղարկի նախագահի հետ բանակցությունների, քանի որ իրենց պահանջը հստակ է, եւ մերժեցին նախագահի առաջարկը:
Հունիսի 23
Հունիսի 23-ին՝ լուսադեմին, ոստիկանական հատուկ ջոկատայինները ջրցան եւ զրահապատ մեքենաների միջոցով փորձեցին ցրել Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիներին: Ոստիկանական ուժերի գործողությունների հետեւանքով հոսպիտալացվեցին եւ բերման ենթարկվեցին բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ լրագրողներ:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Տարբեր հաղորդումների համաձայն՝ լուսադեմին մոտ 200 մարդ էր բերման ենթարկվել ոստիկանության բաժիններ: Ոստիկանությունը գործողություններ իրականացրեց ոչ միայն Բաղրամյան պողոտայում, այլեւ Ազատության հրապարակում:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Առավոտյան արդեն ցուցարարները նստացույց հայտարարեցին Հայաստանի գրողների միության եւ Սահմանադրական դատարանի շենքերի միջնամասում՝ փակելով փողոցը:
Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի տարածքից մի փոքր ներքեւ, փշալարեր տեղադրվեցին, ցուցարարներն իրենց հերթին բարիկադներ կառուցեցին աղբամաններով:
Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումը կանխելու համար հոգեւորականները, լրագրողներն ու հայտնի մարդիկ որոշեցին կենդանի պատ կազմել:
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը կոչ արեց հարգել հավաքների եւ խոսքի ազատությունը:

Լուսանկարը` Ֆոտոլուր
#ElectricYerevan շարժման խորհրդանիշ դարձավ «Ֆոտոլուրի»՝ այդ օրն արված լուսանկարը, որի հեղինակը Վահրամ Բաղդասարյանն էր: Միջազգային առաջատար լրատվամիջոցները հենց այդ լուսանկարով էին պատմում ցույցերի մասին: Ամիսներ անց այդ լուսանկարն ընդգրկվեց Reuters-ի «Տարվա լուսանկար» շարքում:
Լուսանկարի հերոս Կարո Ղուկասյանը, ով կանգնել էր ջրցան մեքենայի շիթերի դեմ, Մեդիամաքսին հետագայում պատմել էր.
«Մինչեւ հունիսի 23-ի լուսադեմը մենք անգամ պատկերացում չունեինք, թե ինչ է ջրցան մեքենան: Իրականում, դրա ջրի տակ մնալը բավական ցավոտ է: Ոստիկանության բաժանմունքում տասնմեկ ժամ անցկացնելու հետո, երբ տուն եկա եւ սկսեցի համացանցում լուրերը փնտրել, տեսա այդ լուսանկարը: Մի պահ չհավատացի, որ ես եմ»:
Հունիսի 24
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները կոչ արեցին ժամը 18:00-ին կրկին հավաքվել Ազատության հրապարակում, ապա երթով շարժվել Բաղրամյան պողոտայի սկզբնամաս՝ միանալու ակցիան շարունակող մասնակիցներին։
«Մնում ենք փողոցում մինչեւ ապօրինի թանկացման որոշումը չեղյալ համարելը»,- ասված էր հաղորդագրությունում։
Հոգեւորականները հերթափոխով մնում էին Բաղրամյան պողոտայի ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:
Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը Մեդիամաքսին ասել էր.
«Ցանկալի ելքը կլինի այն, որ փոխադարձ հասկացողությամբ համաձայնության եզրեր գտնվեն ժողովրդի եւ իշխանության միջեւ: Այս պահին շատ օրինակելի վարք են դրսեւորում թե՛ ժողովուրդը, թե՛ ոստիկանները: Նախորդ ամբողջ գիշերը խաղաղության մեջ է անցել: Փոխադարձ հարգանքի սկզբունքի վրա հանդարտ ու խոհեմ հոգեվիճակն է պետք պահպանել մինչեւ վերջ»:
Լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը մտադիր է գնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը:
Մեդիամաքսի հարցմանն ի պատասխան «Տաշիր» ընկերության կորպորատիվ հաղորդակցման եւ մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Զառա Աճեմյանը հերքել էր այդ լուրը:
Պայքարի օրերին Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ որոշումը չեղյալ հայտարարելու համար փողոց դուրս եկած քաղաքացիներն աչքի ընկան նաեւ կրեատիվությամբ՝ պայքարի սիմվոլներ դարձան ուշագրավ գրություններով պաստառներն ու կոչերը:
«Բիբինս ուտեք» գրությամբ հայտնի պաստառի հեղինակը Արեն Մկրտչյանն, ի դեպ, Հայաստանում 2018թ.-ի հեղափոխությունից հետո՝ Ազգային ժողովի պատգամավոր է:
Հայկ Մկրտչյանը, ով իր կյանքում առաջին բողոքի ակցիային էր մասնակցում, հեղինակել էր «Ինչքան ջրեք`կաճենք» պաստառը:
Իսկ ահա ցուցարար աղջիկները վարդեր էին նվիրում փշալարերից այն կողմ կանգնած ոստիկաններին:
Հունիսի 25
Բաղրամյան պողոտայում՝ մինչեւ Ազգային ժողովի հատվածը, շուրջօրյա նստացույցը շարունակվում էր: Առավոտյան ցուցարարները մաքրում էին տարածքը, սնունդ բաժանում, հատված-հատված քննարկումներ անում՝ հենց ասֆալտին նստած, մինի-համերգներ կազմակերպում: Երեկոյան՝ ժամը 18:00-ից հետո, Բաղրամյան պողոտան մարդաշատ էր դառնում, ցուցարարները շարունակում էին բողոքի գործողությունները:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Երեւանի բողոքի ցույցերը սկսել էին գրավել միջազգային հանրության եւ մամուլի ուշադրությունը դեռեւս հունիսի 23-ին՝ ոստիկանական ուժերի կիրառումից հետո:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար Մայքլ Գեորգ Լինքը Հայաստանի իշխանություններին կոչ արեց «հարգել Երեւանում խաղաղ բողոքի ցույցեր անցկացնող մարդկանց խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը»:
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ արեց անհապաղ մանրակրկիտ եւ անաչառ հետաքննություն անցկացնել՝ հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից ուժի գործադրման իրավաչափությունը պարզելու համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի թանկացմանն այլընտրանք չի տեսնում:
Հունիսի 26
Հազարավոր ցուցարարներ փակ պահեցին Բաղրամյան պողոտան նաեւ հունիսի 26-ին` պահանջելով չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությունը հաղորդագրություն էր տարածել, որում ներկայացրել էր իրենց հիմնական պահանջները:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Երեւանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Բաղրամյան փողոցում բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստներին ասել էր, որ իրենք տեղեկություն են ստացել այն մասին, որ քաղաքացիները փակել են Մաշտոցի պողոտան ու երթ են անում։ Օսիպյանը հորդորել էր կարճ ժամանակահատվածում բացել Մաշտոցի պողոտան՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում ոստիկանությունը կդիմի կտրուկ գործողությունների։

Լուսանկարը` Ֆոտոլուր
ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտարարել էր, որ միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո կկազմակերպվի «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության` Հայաստանի էլեկտրական ցանցերի գործունեության աուդիտը:
Հունիսի 27
Ցուցարարները հայտարարեցին, որ կմնան Բաղրամյան պողոտայում, անելիքները կորոշեն հունիսի 28-ի հանրահավաքի ժամանակ:
Պայքարը չուներ հստակ ընտրված առաջնորդ, սակայն կային մարդիկ, ովքեր կարողանում էին համախմբել երիտասարդներին եւ դառնալ այն ձայնը, որը բողոքի հրապարակ է բերում հանրությանը: Այդ մարդկանցից աչքի էին ընկնում Վաղինակ Շուշանյանն ու Մաքսիմ Սարգսյանը:
Երկուսն էլ այժմ բնակվում են արտասահմանում:
Անդրադառնալով Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել էր, որ հարգալից են վերաբերվում քաղաքացիների խաղաղ ելույթներին, եւ նկատել՝ «բոլոր գործընթացները պետք է խաղաղ ճանապարհով ընթանան»:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողներին հայտնեց, որ ցուցարարների կողմից՝ Բաղրամյան պողոտայից բացի, ցանկացած այլ տարածքի փակում խիստ պատժվելու է:
«Մենք շատ խիստ ու կոնկրետ տեղային օպերացիա ենք մշակել»,- ասել էր Վլադիմիր Գասպարյանը:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Երեկոյան հայտնի դարձավ, որ մինչեւ ՀԷՑ-ում նախատեսված աուդիտի անցկացումն ու եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Այս մասին ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ ունեցած խորհրդակցության ժամանակ:
Հունիսի 28
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը կոչ արեց Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին երթով շարժվել դեպի Ազատության հրապարակ եւ այնտեղ «կայացնել խելամիտ որոշումներ»:
Միաժամանակ նա նշեց, որ եթե որոշ ցուցարարներ ցանկանում են մնալ Բաղրամյան պողոտայում, դա իրենց որոշումն է: Վաղինակ Շուշանյանը կոչ արեց չտրվել սադրանքներին:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այդ օրը ավելի վաղ ասել էր, որ ժամը 23:00-ին ոստիկանությունը կվերականգնի հասարակական կարգը Բաղրամյան պողոտայում:
Հունիսի 29
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիան շարունակող քաղաքացիներին կոչ էր արել «զերծ մնալ հակասահմանադրական գործողություններից եւ չսրել իրավիճակը»:
«Բաղրամյան փողոցում հայտնվել են ուժեր, որոնց իրական նպատակը ոչ թե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցն է, այլ երկրում անկայունության ստեղծումն ու մեր քաղաքացիներին բախումների մղելը: Վերջիններս առաջին պլան են մղել ոչ թե հարցի սոցիալական կամ տնտեսական բաղադրիչը, այլ անհասկանալի ու անհեռատես քաղաքական նկրտումներ»,- ասել էր նա:

Լուսանկարը` Ֆոտոլուր
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն այդ օրը հայտարարեց, որ Բաղրամյան պողոտայում իրենք այդ պահի դրությամբ նախաձեռնող չեն:
Նա հավելել էր, որ Ազատության հրապարակ տեղափոխվելը պայմանավորված չէր ո՛չ ոստիկանության կողմից ուժի կիրառման հավանականությամբ, ո՛չ էլ ՀՀ նախագահի հայտարարությամբ: «Ըստ էության, նախաձեռնությունը որոշում չի կայացրել, պարզապես մի մասը մնացին պողոտայում, մի մասն էլ եկավ Ազատության հրապարակ»,- ասել էր Վաղինակ Շուշանյանը:
Հունիսի 30
«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ այդ օրը երեկոյան կլինեն Բաղրամյան պողոտայում, բայց ոչ որպես նախաձեռնող: Նախագահի հայտարարությունը նրանք չէին համարում իրենց պահանջների բավարարում եւ ասել էին, որ պայքարը շարունակելու են ինչպես փողոցում, այնպես էլ իրավական հարթությունում:
Այսպիսով՝ ցույցերը Երեւանում մարեցին, «Տաշիր» ընկերությունների խումբն, այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց գնեց ՀԷՑ-ը, որում անցկացված աուդիտով որեւէ խախտում չհայտնաբերվեց: Արդեն 2016թ.-ի հոկտեմբերի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը քաղաքացիների համար մնաց 49 դրամ, իսկ մյուս մասը՝ 7 դրամը, մինչեւ 250 կՎտ/ժ ծախսի դեպքում սուբսիդավորեց կառավարությունը:
Մարի Թարյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: