Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-29
«Զուր հույսեր էր փայփայում»
Մարտի 23-ին «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ «ընդդիմությունը սին հույսեր էր փայփայում` ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վստահության հնարավոր հանրաքվե անցկացնելու վերաբերյալ»։ Նա հավելել էր, որ «2003-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելուց հետո ընդդիմադիր ուժերը անբավարար կամք դրսեւորեցին՝ թավշյա հեղափոխություն իրականացնելու համար»: Շավարշ Քոչարյանի խոսքով՝ հայ հասարակությունն, իր հերթին, այդքան էլ հետեւողական չէր իշխանության հետ դիմակայության հարցում, ինչպես դա եղավ Վրաստանում եւ Ուկրաինայում:
«Այսօր Հայաստանին խիստ անհրաժեշտ է այնպիսի առաջնորդ, որը կարող է ձեռք բերել ժողովրդի վստահությունը եւ համախմբել բոլոր ուժերը»,- ասում էր Շավարշ Քոչարյանը:
Մարտի 24-ին գերմանացի քաղաքագետ, Բեռլինի Գիտության եւ քաղաքականության SWP հիմնադրամի փորձագետ Ուվե Հալբախը հայտարարել էր, որ «Հայաստանը դեռեւս չունի իր «Սահակաշվիլին», որը կկարողանար մոբիլիզացնել երկիրը խաղաղ իշխանափոխության ուղղությամբ»։
Արմեն Ավետիսյանի դեմ մահափորձը
Մարտի 24-ին, առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում, Հայաստանի մաքսային պետական կոմիտեի շենքի մուտքի մոտ տեղի էր ունեցել պայթյուն:
Պայթյունը տեղի էր ունեցել այն պահին, երբ Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի ծառայողական ավտոմեքենան մոտեցել էր շենքին: Արմեն Ավետիսյանը չէր տուժել, նրա ավտոմեքենան վնասվել էր:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Նույն օրը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում էր անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ եւ հանձնարարել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ հանցագործությունը բացահայտելու համար:
Իսկ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ելույթ ունենալով կառավարության նիստում, ասել էր.
«Ոչ ոք չպետք է զուր հույսեր փայփայի, որ նման քայլերով կարող է խափանել մաքսային ու հարկային մարմինների գործունեությունը»:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-29
«Իէն Գիլանը` Hay Superstar-ի հատուկ հյուր»
«Մեդիամաքսի» եւ «Շանթ» հեռուստաընկերության «Իէն Գիլանը` Հայ Սուպերսթարի հատուկ հյուր» համատեղ նախագիծը, որն ուղիղ եթերում էր մարտի 28-ի երեկոյան, մեծ հաջողություն էր վայելել հեռուստադիտողների շրջանում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Telemediacontrol ընկերության տվյալներով, «Իէն Գիլանը` Հայ Սուպերսթարի հատուկ հյուր» կիրակնօրյա շոուի վարկանիշը (rating) կազմել է 10,41 %, իսկ մասնաբաժինը (share)` 29,23 %:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-29
Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձի նախագիծը
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 24-ին «Չորրորդ իշխանություն» թերթում հրապարակել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի իր նախագիծը: 13 կետից բաղկացած ուղերձի նախագծի ամբողջական տեքստը հասանելի է այս հղումով։
«100 վայրկյան»
Մարտի 23-ին Մեդիամաքսը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երեւանում ներկայացրել էին «100 վայրկյան» նախագիծը:
«100 վայրկյան» նախագիծը հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա, որոնք հրապարակվել են Հայաստանի Ազգային արխիվի կողմից: Աշխարհում կամ իրենց երկրներում հայտնի մարդկանց՝ գրողներին, երաժիշտներին, դերասաններին, լրագրողներին, առաջարկվել էր կարդալ 100 վայրկյան տեւողությամբ հատվածներ վկայություններից:

Լուսանկարը` Մեդիամաքս
Նկարահանվել էր 24 տեսանյութ, որոնք հասանելի են https://mediamax.am/am/specialprojects/100seconds/ էջում, ինչպես նաեւ Youtube-ի հատուկ ալիքով։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Վիգեն Սարգսյանը շնորհակալություն էր հայտնել Մեդիամաքսին «100 վայրկյան» նախաձեռնության համար:
Նա հիշեցրել էր, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը կառուցվում է չորս հիմնական սյուների շուրջ՝ հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար եւ վերածնունդ:

Լուսանկարը` Մեդիամաքս
««100 վայրկյան» նախագիծը մեծ ներդրում է «հիշողություն» բաժնում: Ցեղասպանությունը վերապրածների պատմությունների տարածումը բացառիկ նշանակություն ունի, որովհետեւ այդպիսով կարող ենք ցույց տալ, թե ինչպես է այս հանցագործությունը մուտք գործել յուրաքանչյուր ընտանիք»,- ասել էր Վիգեն Սարգսյանը:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: