5/10/15. Էվանսի G բառը, կինոթատրոն vs. Պողոս-Պետրոս, Նեմցովի մահը - Mediamax.am

exclusive
15889 դիտում

5/10/15. Էվանսի G բառը, կինոթատրոն vs. Պողոս-Պետրոս, Նեմցովի մահը


«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը խորհրդային տարիներին
«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը խորհրդային տարիներին
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Լուսանկարը` Խանոյանների արխիվից

Ջոն Էվանսը
Ջոն Էվանսը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ջոն Էվանսի հրաժեշտի հանդիպումը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ
Ջոն Էվանսի հրաժեշտի հանդիպումը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` REUTERS


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-28

 

«Երեւանն ավելի հեռու կգնար» 

 

Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «եթե մենք չունենայինք չլուծված հակամարտություն, ապա հնարավորություն կունենայինք ավելի մեծ չափով մասնակցելու ՆԱՏՕ-ի տարբեր ծրագրերին»:

 

Սերժ Սարգսյանն այդ մասին ասել էր Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ հանդիպմանը:

 

Էվանսի սենսացիոն հայտարարություն

 

Փետրվարի 25-ին հայտնի էր դարձել, որ փետրվարի 19-ին Սան Ֆրանցիսկոյի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը «ցեղասպանություն» էր որակել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Մեծ Եղեռնը:

 

«Կարող եմ ձեզ ասել որպես այս խնդիրն ուսումնասիրած մարդ. ես կասկածներ չունեմ կատարվածի առումով», - ասել էր Ջոն Էվանսը: Դիվանագետը նշել էր, որ խորհրդակցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի իրավաբանի հետ, որը հաստատել էր, որ 1915 թվականի իրադարձությունները «ձեւակերպմամբ ցեղասպանություն էին»:

Ջոն Էվանսը Ջոն Էվանսը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ջոն Էվանսը նշել էր, որ չնայած այն փաստին, որ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները խուսափում են «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց, «նրանցից ոչ ոք չի ժխտել այն»:

 

Միեւնույն ժամանակ, ասել էր դեսպանը, «կարծում եմ, որ մեզ` ամերիկացիներիս, հարիր չէ բառախաղով զբաղվել այս դեպքում»: «Ես հավատում եմ, որ իրերը պետք է անվանվեն իրենց անունով»- նկատել էր Ջոն Էվանսը, նշելով, սակայն, որ Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումը չի փոփոխվել:

 

«Հայոց Ցեղասպանությունն առաջին ցեղասպանությունն էր 20-րդ դարում», - ասել էր Ջոն Էվանսը՝ նշելով, որ «մենք շատ սխալներ գործեցինք Առաջին համաշխարհային պատերազմից հետո»:

 

Նույն հանդիպմանը Ջոն Էվանսը հայտարարել էր, որ չնայած ԱՄՆ-ի վարած պետությունների տարածքային ամբողջականության ճանաչման քաղաքականությանը, «բոլորը հասկանում են, որ Ղարաբաղը չի կարող վերադարձվել Ադրբեջանին, քանի որ դա աղետալի քայլ կլինի»:

 

Փետրվարի 28-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը տարածել էր դեսպան Ջոն Էվանսի մեկնաբանությունը, որում, մասնավորապես, ասվում էր.

 

«Չնայած ես նշել եմ, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը հայկական ողբերգության վերաբերյալ չի փոխվել, սակայն օգտագործել եմ «ցեղասպանություն» բառը, որն արտահայտում էր իմ անձնական տեսակետը: Սա թերեւս տեղին չէր»:

 

Մեկ տարի անց Ջոն Էվանսը հետ կանչվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնից եւ ստիպված եղավ թողնել դիվանագիտական ծառայությունը:

Ջոն Էվանսի հրաժեշտի հանդիպումը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Ջոն Էվանսի հրաժեշտի հանդիպումը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ

Լուսանկարը` Ֆոտոլուր

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-28

 

Ամառային կինոթատրոն vs. Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի

 

Փետրվարի 25-ին հայտարարվել էր, որ Երեւանի կենտրոնում կվերականգնվի ԽՍՀՄ տարիներին ավերված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին:

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Լուսանկարը` Խանոյանների արխիվից

Կառավարությունն ընդունել էր «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենություն առաջարկն՝ անհատույց փոխանցել Սուրբ Էջմիածնին ամառային կինոդահլիճի հատվածը՝ եկեղեցին վերականգնելու համար:

 

Այս որոշումը բողոքի ալիք բարձրացրեց. «Մոսկվա» կինոթատրոնի ամառային  կինոդահլիճի քանդման դեմ արշավ սկսվեց, որը հաջողությամբ պսակվեց՝ Դահլիճը խորհրդային մոդեռնիզմի գլուխգործոցներից մեկը համարվող ամառային կինոդահլիճը չքանդեցին:

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը խորհրդային տարիներին «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը խորհրդային տարիներին

 

«Նախապայման չէ»

 

Փետրվարի 25-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` հանդես գալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի արտաքին գործերի կոմիտեի լսումներին, հայտարարել էր, որ Ղարաբաղյան կարգավորումը «նախապայման չէ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման մեկնարկի համար»:

 

Միեւնույն ժամանակ, հավելել էր նա, այդ հակամարտության հաղթահարումը, ամերիկյան կողմի տեսանկյունից, «կենտրոնական նշանակություն ունի Կովկասի երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանային կայունության ապահովման համար»: Քլինթոնի խոսքով՝ ԱՄՆ դիրքորոշումը հետեւյալն է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա «առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամանակահատվածում»:

 

Նույն օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին ասել էր, որ անհնար է համարում Անկարայի ներգրավումը ղարաբաղյան կարգավորման գործընթացի մեջ՝  թուրքական կողմի ակնհայտ կողմնակալ դիրքորոշման պատճառով:

 

ՀՀ նախագահի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի միջեւ կարծիքների փոխանակումը տեղի էր ունեցել Կիեւում՝ Ուկրաինայի նախագահի երդմնակալության առիթով հանդիսավոր ընդունելության ընթացքում:

 

ՀՀ նախագահը նաեւ ասել էր Թուրքիայի արտգործնախարարին, որ ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացը պետք է հնարավորինս շուտ ավարտվի, հակառակ դեպքում՝ Հայաստանը հետ կկանչի իր ստորագրությունը փաստաթղթերի տակ:

 

«Երկիրը, որը երազում է առանց սահմանների տարածաշրջանի մասին, ինքը պետք է կատարի առաջին քայլը եւ վերջ դնի ՀՀ սահմանի շրջափակմանը, ինչը հնարավորություն կտա հաղորդակցման եւ տրանսպորտային ենթակառուցվածքներ բացել տարածաշրջանում: Եթե Ադրբեջանի ճնշումը թույլ չի տալիս Թուրքիայի խորհրդարանին վավերացնել արձանագրությունները, ապա Թուրքիայի գործադիր իշխանությանը ոչինչ չի խանգարում նախքան արձանագրությունների վավերացումը բացել իրենց կողմից փակված սահմանը»,- ասում էր Սերժ Սարգսյանը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-28

 

Հայաստանը «պետք է ընդունի իր մեղքը»

 

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշողլուն փետրվարի 25-ին Բաքվում հայտարարել էր, որ «Հայաստանը պետք է ընդունի իր մեղքը եւ անհույս վիճակը»:

 

«Թուրքիան եւ Ադրբեջանը ջանքեր են գործադրում տարածաշրջանի զարգացման ու բարգավաճման ուղղությամբ, սակայն Հայաստանը այդ նախագծերից դուրս է մնում: Եթե Հայաստանը հրաժարվի ագրեսորի իր քաղաքականությունից, ազատի ադրբեջանական գրավյալ տարածքները, մենք պատրաստ կլինենք տեսնել այդ երկիրը մեր համատեղ նախագծերում»,- ասել էր Չավուշողլուն իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններից հետո:

 

Նեմցովի սպանությունը

 

Փետրվարի 27-ի ուշ երեկոյան Մոսկվայում սպանվել էր ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը:

Լուսանկարը` REUTERS

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին