Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-15
«Դեռեւս շատ վաղ է»
Դեկտեմբերի 9-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «դեռեւս շատ վաղ է» խոսել 2008 թվականի նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այդ մասին ասել էր՝ պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթի ընթերցողների հարցերին:

Լուսանկարը` Ֆոտոլուր
«Այդ մասին խոսելը շատ վաղ է: Իհարկե, կարելի է հասկանալ մարդկանց հետաքրքրությունը, սակայն ես նույնիսկ դեռ չեմ մտածել դրա մասին»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» սեփականաշնորհումը
Դեկտեմբերի 14-ին Երեւանում ստորագրվել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 100%-ի մասնավորեցման մասին համաձայնագիրը:
Բաժնետոմսերի 100%-ի արժեքը կազմել էր $132 միլիոն:
ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 60%-ի գնորդը գերմանական Chronimet կոնցեռնն էր: ԶՊՄԿ -ի բաժնետոմսերի մնացած 40 տոկոսի գնորդներն էին «Մաքուր երկաթի գործարան» (15%), Armenian Molybdenum Production ու Zangezur Mining (յուրաքանչյուրը՝ 12,5%) հայկական ընկերությունները:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-15
«Ինչ-որ մեկի դեմ չէ»
Դեկտեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ասել էր, որ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումն ինչ-որ մեկի դեմ չէ»:
«Մենք, ընդհանուր առմամբ, դրական ենք վերաբերվում նրան, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ զգալիորեն ջերմացել են հարաբերությունները, որ դուք փորձում եք հաղթահարել այն հսկայական խնդիրները, որոնք եղել են 20-րդ դարում` ցուցաբերելով թե փոխադարձ զսպվածություն, թե փոխզիջման որոնում:

Լուսանկարը` REUTERS
Միաժամանակ, ինձ համար շատ կարեւոր է, որպեսզի մյուս բոլոր պետությունները հասկանան, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումն «ինչ-որ մեկի դեմ» չէ. այն Հայաստանի ու Թուրքիայի եւ բոլոր սահմանակից երկրների համար է: Եթե այս ուղերձը ճիշտ հասցեագրվի, լարվածություն չի ստեղծվի նաեւ այլ երկրներում, որոնք ուշադիր հետեւում են այդ գործընթացներին»,- նշել էր Դմիտրի Մեդվեդեւը:
«Դատապարտված են ձախողման»
Դեկտեմբերի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանում հայտարարել էր, որ Թուրքիայի փորձերը՝ շաղկապել հայ-թուրքական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, դատապարտված են ձախողման:
Ելույթ ունենալով Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ համատեղ ասուլիսում, նախագահը շեշտել էր, որ «հայկական կողմը պատրաստ է պատշաճորեն կատարել իր միջազգային պարտավորությունները, այն է՝ վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները եւ նույնն ակնկալում է Թուրքիայից»:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Սերժ Սարգսյանը հայտարարել էր, եթե Թուրքիան ձգձգի արձանագրությունների վավերացումը, ապա Հայաստանն անպայման կօգտվի միջազգային իրավունքից բխող բոլոր հնարավորություններից:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-15
Պետդուման վավերացրել է
Դեկտեմբերի 10-ին ՌԴ Պետդուման վավերացրել էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին համաձայնագիրը:
Այդ որոշումը պատգամավորներն ընդունել էին միաձայն:

Լուսանկարը` ՌԴ Պետդումա
«Հայաստանը մեծ կամք դրսեւորեց եվրասիական զարգացման ուղով ընթանալու համար: Սա պատմական որոշում է ԵՏՄ-ի ճարտարապետության ձեւավորման տեսակետից»,- ասել էր Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: