5/10/15. Փաշինյան vs. Ծառուկյան, հանդիպում Մյունխենում - Mediamax.am

exclusive
12475 դիտում

5/10/15. Փաշինյան vs. Ծառուկյան, հանդիպում Մյունխենում


Դմիտրի Մեդվեդեւը եւ Ժոզե Մանուէլ Բարոսուն՝ ՌԴ-ԵՄ գագագթնաժողովից հետո
Դմիտրի Մեդվեդեւը եւ Ժոզե Մանուէլ Բարոսուն՝ ՌԴ-ԵՄ գագագթնաժողովից հետո

Լուսանկարը` REUTERS

ՄԻ-24-ի օդաչուների հոգեհանգիստը Երեւանում
ՄԻ-24-ի օդաչուների հոգեհանգիստը Երեւանում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Մյունխենում 2009թ. նոյեմբերի 22-ին
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Մյունխենում 2009թ. նոյեմբերի 22-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Միջնորդների ճեպազրույցը Մյունխենում
Միջնորդների ճեպազրույցը Մյունխենում

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Նիկոլ Փաշինյանն այրված մեքենայի մոտ
Նիկոլ Փաշինյանն այրված մեքենայի մոտ

Լուսանկարը` Կ.Միրզոյան


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-24

 

«Հնարավորություն՝ ԵՄ-ի ձեռքում» 

 

Նոյեմբերի 19-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բեռլինում հայտարարել էր, որ ի հայտ է եկել հայ-թուրքական հարաբերություններում առկա լարվածությունը նվազեցնելու հնարավորություն, որը կարող է եւ պետք է օգտագործվի Եվրոպական Միության կողմից:

 

Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ այդ հնարավորությունն ի հայտ է եկել Եվրոպական Հանձնաժողովի զեկույցի հրապարակումից հետո, որն առաջարկում էր բանակցություններ սկսել Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ, եւ Եվրոպական Հարեւանության Քաղաքականությունում Հայաստանը ներգրավելուց հետո:

 

«Ես աննորմալ եմ համարում այն, որ ԵՄ անդամակցությանը հավակնող երկիրը շրջափակում է իրականացնում Եվրոպական Հարեւանության Քաղաքականության մեջ ընդգրկված պետության նկատմամբ», - ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

 

Փաշինյան vs Ծառուկյան

 

Նոյեմբերի 22-ի երեկոյան Երեւանում այրվել էր «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ծառայողական մեքենան:

 

«Հայկական ժամանակ»-ը գրում էր, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան կայանված էր խմբագրության շենքի հարեւանությամբ եւ բռնկվել էր ժամը 20:40-ի սահմաններում տեղի ունեցած պայթյունից հետո:

 

Դեպքից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ  հանցագործության ամենահավանական պատվիրատուն խոշոր բիզնեսմեն, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ղեկավար եւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանն է: «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրի խոսքով՝ պատճառը կարող էին լինել թերթի հրապարակումները, որոնք քննադատում էին Ծառուկյանի գործունեությունը:

Նիկոլ Փաշինյանն այրված մեքենայի մոտ Նիկոլ Փաշինյանն այրված մեքենայի մոտ

Լուսանկարը` Կ.Միրզոյան

Գագիկ Ծառուկյանը հերքել էր Փաշինյանի առաջադրած մեղադրանքները եւ կոչ էր արել իրավապահ մարմիններին հետաքննել տեղի ունեցածը: Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունն, իր հերթին, հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի մեքենայի հրդեհման պատճառը մարտկոցի անսարքությունն էր:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-24

 

Մեդվեդեւը գոհ է

 

Նոյեմբերի 18-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր, որ գոհ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Եվրոպական Միության հետ համագործակցությունից:

 

Հանդես գալով Ստոկհոլմում՝ Ռուսաստան-ԵՄ 24-րդ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում, նա ասել էր.

 

«Մենք քննարկել ենք նաեւ Անդրկովկասի հետ կապված խնդիրները: Անկեղծ կասեմ. այստեղ մեր դիրքորոշումները չեն համընկնում, եւ դա պետք է խոստովանել: Դա հենց նոր ասաց Շվեդիայի վարչապետը, ես միայն հավելեմ, որ մեր միջեւ առկա են տարաձայնություններ, սակայն դա ողբերգություն չէ:

Դմիտրի Մեդվեդեւը եւ Ժոզե Մանուէլ Բարոսուն՝ ՌԴ-ԵՄ գագագթնաժողովից հետո Դմիտրի Մեդվեդեւը եւ Ժոզե Մանուէլ Բարոսուն՝ ՌԴ-ԵՄ գագագթնաժողովից հետո

Լուսանկարը` REUTERS

Ընդհակառակը, անհրաժեշտ է մերձեցնել դիրքորոշումները, պետք է ուղիներ փնտրել կայունացնելու բավական բարդ իրադրությունը, որը ներկայում առկա է Անդրկովկասում: Սակայն կան նաեւ համագործակցության լավ օրինակներ: Մասնավորապես, մենք քննարկել ենք այն գործընթացը, որն ընթանում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ: Այնտեղ կա դրական առաջխաղացում: Եվ դա վկայում է այն մասին, որ մենք կարող ենք համագործակցել»:

 

«Մեծ աշխատանք է սպասվում»

 

Նոյեմբերի 22-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Մյունխենում «խորը եւ կառուցողական» բանակցություններ են անցկացրել, նախագահների հանդիպումից հետո հայտարարել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Մյունխենում 2009թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Մյունխենում 2009թ. նոյեմբերի 22-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Նախագահների այս հանդիպումը վեցերորդն էր ընթացիկ տարում, ինչն աննախադեպ ցուցանիշ է ողջ բանակցային գործընթացի պատմության մեջ եւ վկայում է գործընթացի դինամիկայի եւ լրջության մասին: Այսօրվա հանդիպումը հատկապես երկար էր, քանի որ տեղի ունեցավ այն տարրերի կառուցողական եւ մանրամասն քննարկումը, որոնց շուրջ կողմերը դեռեւս համաձայնության չեն եկել: Այդ տարրերից մի քանիսն առաջին անգամ են քննարկվել նման խորությամբ: Կարեւոր է, որ մենք նախագահներից հրահանգներ ստացանք այդ խնդիրների լուծման համար, եւ առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում մեզ մեծ աշխատանք է սպասվում»,- ասել էր ֆրանսիացի դիվանագետը:

Միջնորդների ճեպազրույցը Մյունխենում Միջնորդների ճեպազրույցը Մյունխենում

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Ամերիկացի միջնորդ Ռոբերտ Բրադտկեն նշել էր, որ «տպավորված է հանդիպման խորությամբ եւ լրջությամբ եւ դժվարին հարցեր քննարկելու նախագահների պատրաստակամությամբ»:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-24

 

ԵԽԽՎ-ն դատապարտում է

 

Նոյեմբերի 18-ին Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական կոմիտեն դատապարտել էր Ադրբեջանի կողմից դատապարտյալների փոխանակման վերաբերյալ համաձայնագրի կիրառումը՝ որպես արդարացում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու համար:   

 

ԵԽԽՎ մշտական կոմիտեն շեշտել էր, որ «Դատապարտված անձանց փոխանակման մասին» եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը Ռամիլ Սաֆարովի դեպքում «միջազգային հարաբերություններում վստահության սկզբունքի եւ օրենքի գերակայության կոպիտ խախտում էր»:

 

Խորհրդարանականները նշել էին, որ կոնվենցիան չի մշակվել, որպեսզի դատապարտյալ անձինք հայրենիք վերադառնալուն պես անհապաղ ազատ արձակվեն:

 

«Ճանաչելով պետությունների՝ համաներում հայտարարելու եւ դատապարտյալներին ներում շնորհելու ինքնիշխան իրավունքը, Վեհաժողովը հիշեցնում է, որ միջազգային հարաբերություններում բարեխղճության սկզբունքները, որոնց մասին հիշատակում է նաեւ Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիան, եւ օրենքի գերակայությունը պահանջում են, որպեսզի համաձայնագրերը մեկնաբանվեն եւ կիրառվեն իրենց նպատակներին համապատասխան», - ասված էր փաստաթղթում:

 

ՄԻ-24-ի օդաչուների մասունքների տարհանումը

 

Նոյեմբերի 21-ին՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում, ՄԻ-24-ի վթարի վայրից տարհանվել էին ուղղաթիռի օդաչուների մասունքները:

ՄԻ-24-ի օդաչուների հոգեհանգիստը Երեւանում ՄԻ-24-ի օդաչուների հոգեհանգիստը Երեւանում

Լուսանկարը` Ֆոտոլուր

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնել էին, որ հատուկ գործողություն իրականացնելու մասին որոշումը կայացվել էր «հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու դրանցում բանականության իսպառ բացակայությունը»:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին