Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28 – ՆՈՅԵՄԲԵՐԻ 3
«Հայաստանը ապացույցն է»
Նոյեմբերի 2-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հուփ Սխեֆերը Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել էր, որ «Հայաստանն ապացույցն է այն իրողության, որ երկիրը կարող է սերտ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ եւ միաժամանակ հանդիսանալ ՆԱՏՕ-ի շատ ակտիվ գործընկեր»:

Լուսանկարը` REUTERS
«Դաշնակիցները, Ռուսաստանը եւ Կովկասի երկրները շահագրգռված են տարածաշրջանային կայունությամբ: Բոլոր այս երկրները բախվում են սահմաններ չճանաչող ահաբեկիչների, զանգվածային ոչնչացման զենքի տարածման եւ «չկայացած երկրների» սպառնալիքներին: Այս նոր մարտահրավերներին հակազդելու ունակությունը կախված կլինի նրանից, թե կկարողանա՞նք մենք միացնել հին բաժանարար գծերը եւ խուսափել մրցակցության դրսեւորումներից:
Համագործակցությունը ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ զարգանում է` հիմնվելով այս գիտակցման վրա: Եվ քանի որ Հայաստանն ամուր կապեր ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի հետ, նա ոչ միայն կշահի այդ հարաբերություններից, այլեւ շահագրգռված է դրանց աջակցելու մեջ»,- ասում էր Սխեֆերը։
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28 – ՆՈՅԵՄԲԵՐԻ 3
«Կորցրել են մարդկային կերպարը»
Հոկտեմբերի 28-ին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգնական Վիկտոր Սողոմոնյանը մեկնաբանել էր 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում կատարված ահաբեկչության 10-ամյակի կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հայտարարությունը, որում մեղադրանքներ էին հնչել երկրի նախկին նախագահի հասցեին:
«Պետք է ցավով արձանագրեմ, որ այդ հայտարարության հեղինակներն ուղղակի կորցրել են մարդկային կերպարը` փորձելով օգտագործել հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ի շահ իրենց քաղաքական նպատակների»,- ասել էր Վիկտոր Սողոմոնյանը:
«ՀԱԿ-ի հայտարարության թիրախն ակնհայտ է, իսկ սուտն ու հերյուրանքները աչքի են ընկնում առանձնահատուկ լկտիությամբ: Այսպիսի գործելակերպը ոչ այլ ինչ է, քան մեծ անարգանք 10 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի լուսավոր հիշատակի հանդեպ: Մարդկանց, որոնց մեծ մասը Ռոբերտ Քոչարյանի ընկերներն ու զինակիցներն են եղել»,- հայտարարել էր ՀՀ նախկին նախագահի օգնականը:
ՀԱԿ-ի հայտարարությունում, մասնավորապես, ասվում էր, որ «Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն խանգարել է արդար դատավարությանը, այլեւ իր լիարժեք եւ բաց պաշտպանության տակ է վերցրել մարդասպաններին, նրանց օգնականներին, ոճրագործության այլ համախոհների, նախնական եւ դատական քննությունները վերածել է բացարձակ խեղկատակության, թույլ չի տվել իրական հետաքննություն անցկացնել կազմակերպիչների մասով եւ արդյունքում ստիպել է դադարեցնել գործը: Շատերի մոտ առաջին իսկ պահին ծնված այն կասկածը, որ հանցագործության ետեւում կանգնած է հենց Քոչարյանը, հասարակության մեջ աստիճանաբար վերածվել է վերջնական համընդհանուր համոզմունքի»:
«Նոր հնարավորություններ»
Նոյեմբերի 2-ին Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին վստահություն էր հայտնել, որ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը նոր հնարավորություններ է բացում ղարաբաղյան կարգավորման համար»:

Լուսանկարը` Ֆոտոլուր
«Հայ-թուրքական կարգավորումը դրական դինամիկա է ստեղծում: Այն իրավիճակում, երբ Հայաստանի ղեկավարությունը բախվում է միաժամանակ բազմաթիվ խնդիրների, այդ կարգավորումը նրանց համար հնարավորություն է բացում կենտրոնանալու հաջորդ մեծ եւ բարդ խնդիրների վրա: Վստահ եմ, որ ՀՀ ղեկավարությունը գիտակցում է. Ղարաբաղի մասով ստատուս քվոն չի կարող հավերժ շարունակվել: Եվ պետք է պարզապես ստեղծել ճիշտ պայմաններ, որպեսզի ղեկավարությունը կարողանա զբաղվել նաեւ ղարաբաղյան խնդրով», - ասել էր Պիտեր Սեմնեբին:
«Հայաստանի հետ հակամարտությունը հիմնականում սահմանափակում էր Թուրքիայի հնարավորությունները Հարավային Կովկասում: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին եւ ղարաբաղյան հակամարտությանը, դրանք երկու տարբեր խնդիրներ են: Չպետք է դրանք կապել մեկը մյուսին, այլապես կարելի է հեշտությամբ հայտնվել մի իրադրության մեջ, երբ նորից կփակվեն հարաբերությունների կարգավորման հնարավորությունները: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ նշված հակամարտություններից մեկում իրավիճակի զարգացումն ազդում է ընդհանուր մթնոլորտի վրա: Եվ պետք է այնպես անել, որպեսզի նրանք իրար վրա ազդեն հնարավորինս դրական»,- նշում էր ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28 – ՆՈՅԵՄԲԵՐԻ 3
«Օգտակար, անկեղծ եւ կառուցողական»
Հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը բնորոշել էր որպես «օգտակար, անկեղծ եւ կառուցողական»։
«Բավականին հետաքրքիր քննարկումներ էին: Նախագահների հանդիպման ընթացքում հնարավորություն եղավ անդրադառնալ նաեւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների, որոնք ցույց տվեցին, որ որոշ հարցերի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումները կարող են նաեւ մոտ լինել»,- նշել էր նախարարը:

Լուսանկարը` REUTERS
«Դուք երեւի նկատեցիք, որ իմ հնչեցրած գնահատականներում որոշակի դրական երանգ կա։ Դա պատահական չէ։ Երբ ասում ենք, որ բանակցությունները կառուցողական, անկեղծ, օգտակար էին, դա ինչ-որ մի բան նշանակում է: Կարծում եմ, որ Փարիզում եւս մի փոքր քայլ արվեց դեպի կողմերի դիրքորոշումների մոտեցումը: Իհարկե, սա բարդ գործընթաց է: Մեկ կամ մի քանի հանդիպումներով դժվար է բեկումնային առաջընթաց ակնկալել»,- ասում էր Էդվարդ Նալբանդյանը:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: