Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6
«Հայաստանն ուխտագնացության երկիր է»
Հոկտեմբերի 6-ին բրազիլացի գրող Պաուլո Կոելիոն Երեւանում մասնակցում էր իր ամենահայտնի գրքի՝ «Ալքիմիկոսի» հայերեն հրատարակության շնորհանդեսին:
Գրողի մի քանի հարյուր երկրպագուներ «պաշարել էին» Հայաստանի գրողների միության շենքը:

Լուսանկարը` Armenianweekly.com
Իր ելույթում Պաուլո Կոելիոն Հայաստանն անվանել էր «ուխտագնացության երկիր»:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6
Գիլանն ու Այոմին Երեւանում են
Deep Purple-ի մենակատար Իէն Գիլանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմիին հոկտեմբերի 1-ին ժամանել էին Երեւան՝ Մեդիամաքսի Armenia Grateful 2 Rock («Հայաստանը շնորհակալ է ռոքին») նախագծի շրջանակում:
Երեւան էին եկել նաեւ Asia եւ Yes ռոք-խմբերի անդամ Ջեֆ Դաունսը, ավստրալիացի լեգենդար թենիսիստ Փեթ Քեշը եւ «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի հեղինակ, Do Something կազմակերպության գործադիր տնօրեն Ջոն Դին:

Լուսանկարը` Մեդիամաքս
Այցի շրջանակում Իէն Գիլանը, Թոնի Այոմիին, Ջեֆ Դաունսը եւ Ջոն Դին պարգեւատրվել էին Պատվո շքանշաններով՝ «հայ ժողովրդին եւ Հայաստանին ցուցաբերած զգալի եւ շարունակական աջակցության համար»:
Հանձնելով շքանշանները, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 2-ին հայտարարել էր, որ «այսօր առանձնահատուկ օր է հայ ժողովրդի համար»:
«Մենք հյուրընկալում ենք հանրահայտ մարդկանց, որպեսզի ողջ հայ ժողովրդի անունից հայտնենք մեր երախտագիտությունը: 20 տարի է անցել այն ողբերգական օրերից, սակայն ժողովուրդը մի կողմից մինչ օրս հիշում է այն մարդկային կորուստները, որոնք ապրել է 1988 թվականին, մյուս կողմից` լցված է երախտիքի մեծ զգացմունքով այն մարդկանց հանդեպ, ովքեր օգնության ձեռք են մեկնել այն դժվարին օրերին»,- նշել էր վարչապետը:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Լինելով այս մարդկանց մեծ երկրպագուն, ես իմ կյանքում երբեք չէի կարող պատկերացնել, որ երբեւէ հնարավորություն կունենամ հանձնել իրենց այս պարգեւները: Այսօր իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է»,- խոստովանել էր Հայաստանի վարչապետը:
Օբամայի հետ զրույցը
Լոս Անջելեսում գտնվելու ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 5-ին հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Բարաք Օբաման իր սատարումն էր հայտնել ՀՀ Նախագահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին եւ վերահաստատել էր ԱՄՆ-ի դիրքորոշումն առ այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է ընթանա առանց նախապայմանների եւ չպետք է շաղկապվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6
«Հայաստանին դժվար ժամանակներ են սպասում»
Սեպտեմբերի 30-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնն ասել էր, որ «տարածաշրջանի զարգացումների, պատժամիջոցների եւ աշխարհաքաղաքական դժվարությունների հետեւանքով Հայաստանին դժվարին ժամանակներ են սպասում»:
Նա նշել էր, որ այդ պայմաններում կառուցվածքային բարեփոխումների համար Հայաստանի իշխանությունները պետք է «վճռական գործողություններ կատարեն»:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն
Մարկ Հորթոնն ասել էր, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է թերակատարել պետական բյուջեով նախատեսված ծախսերը, ինչը բացասական ազդեցություն է ունենում խոշոր կապիտալ ծրագրերի վրա` միաժամանակ նպաստելով տնտեսական աճի դանդաղեցմանը:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: