Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-25
Քլինթոնի հետ զրույցը
Օգոստոսի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հեռախոսազրույցում քննարկել էր հայ-թուրքական քաղաքական երկխոսության եւ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հարցերը:
Հեռախոսազրույցը կայացել էր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
100 հազար դրամ արժեքով թղթադրամը
Օգոստոսի 24-ին ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) թողարկել էր 100 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամներ:
ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ ԿԲ-ի կանխատեսումների համաձայն, կանխիկ դրամաշրջանառության մեջ այդ թղթադրամի բաժինը կկազմի 3%, եւ այն կօգտագործվի հիմնականում կանխիկով կատարվող խոշոր գործարքները սպասարկելու նպատակով:

Թղթադրամի դիմային մասում պատկերված է հայոց Աբգար Ե թագավորը եւ պատմական Հայաստանի քարտեզի մի մասը: Հակառակ կողմում պատկերված է տեսարան, որում Թադեոսը Աբգար թագավորին է հանձնում Քրիստոսի կենդանագիր պատկերով դաստառակը:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-25
Իրաքում եզդիների հանդեպ բռնությունները
Օգոստոսի 19-ին ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը հայտարարել էր, որ Հայաստանը խորապես անհանգստացած է Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների եւ դրա հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի փաստով:
«Որեւէ ազգային եւ կրոնական փոքրամասնության եւ, մասնավորապես, Իրաքի եզդիների հանդեպ բռնության կիրառումը բացարձակապես անընդունելի է, եւ միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի դրանք ժամ առաջ դադարեցնելու, տուժածներին աջակցություն ցուցաբերելու, մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Լուսանկարը` REUTERS
ՀՀ նախագահի կողմից հանձնարարականներ են տրվել արտգործնախարարությանը եւ դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ միջազգային ասպարեզում խնդրին պատշաճ մակարդակով հետամուտ լինելու իրենց ջանքերը կրկնապատկելու համար»,- ասվում էր հայտարարության մեջ:
«Առաջխաղացում չկա»
Օգոստոսի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ «2011 թվականից սկսած մենք էական առաջխաղացում չունենք» Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:
«Կազանում Ադրբեջանի կողմից բանակցությունների ձախողումը վերջին հանգրվանն էր: Դրանից հետո այդ փաստաթղթում որեւէ ուղղում կամ լրացում չի եղել»,- ասել էր Սերժ Սարգսյանը «Միասին» երիտասարդական ֆորումի մասնակիցների հանդիպման ժամանակ:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն
Երկրի ղեկավարի խոսքով, Հայաստանի նպատակն է, որպեսզի Ադրբեջանն ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը: «Մենք այլ խնդիր չունենք եւ ուզում ենք, որպեսզի դա լինի խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե նոր զոհերի գնով»,- շեշտել էր Սերժ Սարգսյանը:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: