Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ․ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-10
Իգդիրի նահանգապետն ընդդեմ Հայկական ԱԷԿ-ի
Հունիսի 7-ին Իգդիրի նահանգապետ Նուրեթին Արասը հանդես էր եկել հայտարարությամբ` Հայկական ատոմակայանի շուտափույթ փակման անհրաժեշտության մասին:
Նուրեթին Արասը հայտնել էր, որ նահանգի իշխանությունները սկսել են ստորագրություններ հավաքել Հայկական ատոմակայանի փակման պահանջի տակ: Նա նշել էր, որ ստորագրահավաքի առաջին իսկ օրը 2 500 ստորագրություններ էր հավաքվել: Իգդիրի նահանգապետն ասում էր, որ Հայկական ատոմակայանի փակման վերաբերյալ պահանջը կներկայացվի Թուրքիայի իշխանություններին:
«Զվարթնոցի» նոր տերմինալը
Հունիսի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կայացել էր նոր ուղեւորային տերմինալի կառուցման մեկնարկի հանդիսավոր արարողությունը:

Արարողությանը հայտարարվել էր, որ նոր տերմինալի մակերեսը կկազմի 18 000 մետր, իսկ շինարարությանն ուղված ներդրումների ծավալը՝ մոտ $50 մլն։ Տերմինալի կառուցումը նախատեսվում էր ավարտել երեք փուլով՝ 3-4 տարվա ընթացքում։
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ․ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-10
Սանկտ Պետերբուրգում «ճեղքում չկա»
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցությունների ժամանակ «ճեղքման» կամ «զգալի առաջընթացի» չեն հասել:
Այդ մասին հանդիպումից հետո հայտարարել էր ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

Լուսանկարը` REUTERS
«Չնայած այսօր չի կարելի խոսել ճեղքման կամ զգալի առաջընթացի մասին, կողմերն առաջ են ընթանում եւ պայմանավորվել են շարունակել բանակցությունները»,- ասել էր Նալբանդյանը:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը նշել էր, որ «ճեղքում չի եղել, սակայն առաջխաղացում կա»: Նա հայտարարել էր, որ կողմերը ավելի մեծ ըմբռնումով են մոտենում միմյանց դիրքորոշումներին:
«Ողջամիտ ժամկետներում»
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը հունիսի 9-ին Երեւանում հայտարարել էր, որ «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է կայանա ողջամիտ ժամկետներում եւ առանց որեւէ նախապայմանների»:
Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին՝ Ֆիլիպ Գորդոնը շեշտել էր, որ «հայ-թուրքական երկխոսությունը չպետք է կապվի այլ հարցերի հետ»: Մեկնաբանելով «ողջամիտ ժամկետներ» եզրույթը՝ պետքարտուղարի օգնականը նշել էր, որ կոնկրետ ժամկետները պետք է որոշեն Հայաստանն ու Թուրքիան:

Լուսանկարը` Ֆոտոլուր
«Կողմերը հասկանում են, որ գործընթացը չի կարող անվերջ շարունակվել: Նրանք գիտակցում են առաջ շարժվելու անհրաժեշտությունը»,- ասուլ էր Ֆիլիպ Գորդոնը:
«Քվեարկման որոշակի ձեւ»
Նույն օրը Ֆիլիպ Գորդոնը Երեւանում հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում օգտագործվելու է «քվեարկման որոշակի ձեւ, որն արտացոլելու է ժողովրդի կամքը»:
Ամերիկացի դիվանագետը նշել էր, որ կարգավորումը պետք է «հավասարակշռված ձեւով» արտացոլի երեք հիմնական սկզբունքներ` ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը եւ ուժի չգործադրումը:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-10
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարծիքը
Հունիսի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ «բոլոր բանակցային ջանքերն ու գործընթացները պետք է հաշվի առնեն հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն ու կարծիքը»:
Այդ մասին ՀՀ նախագահը հայտարարել էր ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի հետ բանակցություններից հետո:

Լուսանկարը` Ֆոտոլուր
«Երբ խոսվում է վստահության ամրապնդման միջոցառումների մասին, մենք հստակ նշում ենք, որ դրանց թվում առաջնահերթը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ պատշաճ հարգանքի դրսեւորումն է: Ի վերջո, այս պայքարն ինքնորոշման հիմնարար իրավունքի համար մղվող ազգային-ազատագրական պայքար է, եւ չի կարող լինել լուծում, եթե լիարժեքորեն հաշվի չառնվի այս իրականությունը: Մեր խորին համոզմունքն է, որ արդյունավետ լինելու համար բոլոր բանակցային ջանքերն ու գործընթացները պետք է հաշվի առնեն հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն ու կարծիքը»,- ասում էր Սերժ Սարգսյանը:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: