5/10/15. «Մամուլի թշնամի», «Հայերի բարեկամ», «սուրբ գաղափարի պղծում» - Mediamax.am

exclusive
5646 դիտում

5/10/15. «Մամուլի թշնամի», «Հայերի բարեկամ», «սուրբ գաղափարի պղծում»


Իէն Գիլանը՝ 2014թ. մայիսի 2-ին Սբ. Վարդան Մայր տաճարի հանդիսությունների սրահում
Իէն Գիլանը՝ 2014թ. մայիսի 2-ին Սբ. Վարդան Մայր տաճարի հանդիսությունների սրահում

Լուսանկարը` ՀՕՖ

Լեւոն Տեր-Պետրոսյանը 2009 թվականին՝ կողմնակիցների հետ
Լեւոն Տեր-Պետրոսյանը 2009 թվականին՝ կողմնակիցների հետ

Լուսանկարը` REUTERS


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ՄԱՅԻՍԻ 5

 

«Մամուլի թշնամի»

 

Մայիսի 3-ին Մամուլի ազգային ակումբը (ՄԱԱ) ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ գիտության եւ կրթության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանին շնորհել էր «մամուլի թշնամի» կոչումը:

 

ՄԱԱ վարչության անդամները հայտարարել էին, որ Հայաստանի նախագահը «մամուլի թշնամի» կոչմանն էր արժանացել՝ Ազգային ժողովի կողմից ընդունված «Զանգվածային տեղեկատվության մասին» օրենքը ստորագրելու համար: Նրանց կարծիքով՝ այդ օրենքը սահմանափակում է լրագրողների իրավունքները եւ խոսքի ազատությունը:

 

ՄԱԱ-ը Ռոբերտ Քոչարյանին «մամուլի թշնամի» կոչումը շնորհել էր նաեւ 2002 ու 2003 թվականներին:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ՄԱՅԻՍԻ 5

 

«Պղծեցին սուրբ գաղափարը»

 

ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մայիսի 1-ին կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ «վերջին 11 տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները՝ հանձինս Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի, Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի, բառացիորեն պղծեցին Ցեղասպանության սուրբ գաղափարը՝ այն վերածելով քաղաքական աճուրդի ու սակարկության առարկայի»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը 2009 թվականին՝ կողմնակիցների հետ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2009 թվականին՝ կողմնակիցների հետ

Լուսանկարը` REUTERS

Մեկնաբանելով այդ ելույթը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մայիսի 4-ին ասել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը «դեմագոգիայի դասական օրինակ դառնալու լավ հնարավորություն ունի»:

 

«Մեղադրել Ռոբերտ Քոչարյանին «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքների համար կամ Ցեղասպանության թեման առեւտրի առարկա դարձնելու մեջ նույնքան զավեշտալի է, որքան 1998-2008թթ. երկրի տնտեսական հաջողությունների համար շնորհակալություն հայտնել Տեր-Պետրոսյանին»,- հայտարարել էր Սողոմոնյանը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ՄԱՅԻՍԻ 5

 

«Հայերի բարեկամ 2014»

 

Մայիսի 2-ին Նյու-Յորքում Սբ. Վարդան Մայր տաճարի հանդիսությունների սրահում կայացել էր Deep Purple խմբի վոկալիստ, լեգենդար ռոք երաժիշտ Իէն Գիլանին «Հայերի բարեկամ 2014» պատվավոր կոչումը շնորհելու արարողությունը:

 

Արարողությունը տեղի էր ունեցել Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի շուրջ 500 անդամների ամենամյա հավաքի շրջանակներում:

 

Գիլանին պարգեւատրելու որոշումը պայմանավորված էր Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի նոր շենքի կառուցման մեջ նրա ներդրած մեծ ավանդով:

Իէն Գիլանը՝ 2014թ. մայիսի 2-ին Սբ. Վարդան Մայր տաճարի հանդիսությունների սրահում Իէն Գիլանը՝ 2014թ. մայիսի 2-ին Սբ. Վարդան Մայր տաճարի հանդիսությունների սրահում

Լուսանկարը` ՀՕՖ

Արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը Իէն Գիլանին անվանել էր «հույսի դեսպան», որն օգտագործել է արվեստի ուժը հօգուտ հայ երեխաների:

 

Իր ելույթում Իէն Գիլանն ասել էր, որ անչափ զգացված էր, երբ ստացել էր արքեպիսկոպոս Պարսամյանի նամակը: Իէն Գիլանն ընդգծել էր, որ նա եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին դպրոցի շինարարության ծրագրի իրականացման ընթացքում եղել էին «ուշադրության կենտրոնում», սակայն հսկայական ծավալի աշխատանք էին կատարել «բեմի հետեւում կանգնած» մարդիկ:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին