Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29 – ՆՈՅԵՄԲԵՐԻ 4
«Սառը ցնցուղ»
Հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ «եթե չլինեին Հարավային Օսիայի իրադարձություները, ապա Ադրբեջանը, որը գործնականում բացահայտորեն նախապատրաստվում էր պատերազմի, կարող էր ղարաբաղյան հարցը ուժային եղանակով լուծելու փորձ ձեռնարկել»:
«Հարավային Օսիայի շուրջ կատարված իրադարձությունները «սառը ցնցուղ» էին ադրբեջանական առաջնորդների համար, եւ նրանք դադարեցրել են հռետորաբանությունն այն մասին, որ ղարաբաղյան խնդիրը հնարավոր է լուծել ուժով»,- ասել էր նախարարը BBC-ի Ռուսական ծառայության հետ հարցազրույցում:
«Կարեւոր է արդյունքը, ոչ թե գործընթացը»
Հոկտեմբերի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ սկսված երկխոսությունում Հայաստանի համար «կարեւոր է արդյունքը, ոչ թե գործընթացը»:

Լուսանկարը` Ֆոտոլուր
«Մենք մտադիր չենք զբաղվել գործընթացով հանուն գործընթացի»,- ասել էր նա` նշելով, որ «մեր նպատակը դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումն է` առանց նախապայմանների»:
«Շատ դրական»
Հոկտեմբերի 29-ին ՆԱՏՕ-ի Եվրաատլանտյան ինտեգրման եւ համագործակցության տնօրինության ղեկավար Յարոսլավ Սկոնեչկան Երեւանում ասել էր, որ ՆԱՏՕ-ն «շատ դրական» է գնահատում Դաշինքի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրագործումը:
Յարոսլավ Սկոնեչկան նշել էր, որ «3-4 տարի առաջ, երբ սկսեց քննարկվել ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի ԱԳԳԾ-ի մշակման հարվը, Դաշինքում թերահավատները քիչ չէին»:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Սակայն ԱԳԳԾ-ի 2 տարվա իրագործումը ցույց տվեց հայտարարված բարեփոխումներն իրականացնելու Հայաստանի վճռականությունը եւ հավատարմությունը ստանձնած պարտավորություններին: Դուք երբեւէ չեք խոստանում այն, ինչ չեք կարող անել, սակայն միշտ կատարում եք խոստացածը»,- ասել էր ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:
Համատեղ հռչակագիրը
Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Իլհամ Ալիեւը եւ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 2-ին Ռուսաստանի առաջնորդի մերձմոսկովյան «Մայենդորֆ» նստավայրում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագիր էին ստորագրել:
Հռչակագրում ասվում էր.
«Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները, 2008 թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում հանդիպելով Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերով,
կառուցողականության մթնոլորտում հանգամանորեն եւ բովանդակալի քննարկելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավիճակն ու հեռանկարները, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ երկխոսության շարունակման ճանապարհով, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ` ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների,
1.Հայտարարում են, որ կնպաստեն Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը եւ տարածաշրջանում կայունության ու անվտանգության մթնոլորտի ձեւավորմանը` ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ինչպես նաեւ այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման եւ համակողմ համագործակցության համար:
2.Հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահների միջնորդական ջանքերի շարունակության կարեւոր նշանակությունը` հաշվի առնելով Մադրիդում 2007թ. նոյեմբերի 29-ին կողմերի հետ նրանց հանդիպումները եւ դրան հետեւած քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակներով:
3.Համաձայնում են, որ խաղաղ կարգավորման հասնելը պետք է զուգորդվի դրա բոլոր գործոնների եւ փուլերի իրավականորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքներով:

4.Նշում են, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները պայմանավորվել են շարունակել աշխատանքը, այդ թվում նաեւ հետագա բարձր մակարդակի շփումների եղանակով եւ իրենց արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են ակտիվացնել հետագա քայլերը բանակցային գործընթացում` ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահների հետ փոխգործակցությամբ:
5.Կարեւոր են համարում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման համար նախապայմանների ստեղծմանը խրախուսելը` կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում»:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29 – ՆՈՅԵՄԲԵՐԻ 4
Արոնյանը երկրորդն է
Նոյեմբերի 1-ին Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել էր ուժեղագույն շախմատիստների վարկանշային աղյուսակը: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2801 միավորով զբաղեցնում էր 2-րդ տեղը:

2018 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 10-րդ տեղը:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: