Մեդիամաքսը ներկայացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 վայրկյան նախագիծը:
Այն հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա` հրատարակված Հայաստանի Ազգային արխիվի կողմից: Վկայություններից առանձնացվել են հատվածներ՝ մոտ 100 վայրկյան տեւողությամբ, որոնք ընթերցել են աշխարհում եւ իրենց երկրներում հասարակական ազդեցություն ունեցող մարդիկ (գրողներ, երաժիշտներ, ռեժիսորներ, դերասաններ):
Սալի Դեյը բրիտանացի դերասանուհի է: 2001 թվականից հանդես է գալիս թատրոնում եւ կինոյում, հեռուստատեսային բեմադրություններում:
2004 թվականին նա «Կորցնելով Մերիլինին» ներկայացման մեջ խաղացել էր գլխավոր՝ Մերիլին Մոնրոյի դերը: «Այս ներկայացումը դիտելու գլխավոր պատճառը Սալի Դեյի խաղն է», - գրել էր Guardian թերթը:
«100 վայրկյան» նախագծի համար Սալի Դեյը կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Մարիամ Ղազարյանի վկայությունից:
Հայաստանի Ազգային Արխիվ, փաստաթղթերի հավաքածու
Հաքյարի նահանգի Աղբակ շրջանի Սորան գյուղում տեղի ունեցած ջարդերը վերապրած Մարիամ Ղազարյանի վկայությունը
[1916]
Գիշեր էր, դռան հանկարծակի թակոցն արթնացրեց ինձ: Վազեցի դռան մոտ ու հարցրեցի, թե ով է: Ձայնը հրամայեց՝ «Դուռը բաց, աղջիկ»: Շատ վախեցած էի ու դուռը չբացեցի: Նույնիսկ չհասցրեցի մայրիկիս մոտ վազել՝ նրանք ջարդեցին դուռն ու ներս մտան:
Մեզ հետ մի կին էր ապրում՝ Նունոն, տասը տարուց ավելի կույր էր: Չհասցրեցի աչքս թարթել՝ մորս երկար հյուսերից քարշ տալով դուրս տարան ու տապալեցին գետնին, Նունոյին նույնպես: Հարվածելով մորս ու Նունոյի դեմքերին` գոռում էին՝ «Ոսկու տեղն ասեք, թե չէ կսպանենք ձեզ»:
Խեղճ մայրս աղաչում էր. «Մի սպանեք ինձ, ցույց կտամ ոսկու տեղը»: Այնինչ աշնանն արդեն ոսկին տնից դուրս էինք տարել: Մայրս պարզապես փորձում էր սեփական կյանքը փրկել, բայց անիմաստ էր լացել ու աղերսել: Հինգ կրակոց արձակվեց մորս գլխին: Նրա մարմինը գետնին տապալվեց:
Ոտքերից բռնելով՝ նրան ամբողջ գյուղով քարշ տվեցվին մինչեւ ծայրամաս, որտեղ բարձր ժայռեր կային: Մորս մարմինը անդունդը նետեցին: Կույր կնոջն էլ կենդանի թաղեցին ժայռաբեկորների տակ: Խեղճ կնոջ հառաչանքները երկու օր շարունակ լսվում էին:
Պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Նկարահանումը՝ Ջեմի Հարդինգ
Post Production` Tumo Design
Մարիամ Ղազարյանի վկայության աղբյուրը՝ National Archives of Armenia, Armenian Genocide by Ottoman Turkey, 1915, Testimony of survivors, Collection of documents, Yerevan-2013:
Վկայության հայերեն թարգմանությունը՝ Լենա Գեւորգյան
«100 վայրկյան» նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: