Չտանենք հանրակրթությունը դեպի անհավասարության անդունդ - Mediamax.am

Չտանենք հանրակրթությունը դեպի անհավասարության անդունդ
2879 դիտում

Չտանենք հանրակրթությունը դեպի անհավասարության անդունդ


Հայաստանում մի հետաքրքիր առանձնահատկություն կա. երբ մեկը ապրուստի նոր միջոց է գտնում, բոլորը փորձում են նույն բանն անել: Արդյունքում այնպիսի մրցակցություն է առաջանում, որ շատ արագ բոլորը ձախողվում են։ Սակայն դաս չեն քաղում, եւ նույնը կրկնվում է։

 

Վերջին տարիներին ՏՀՏ ոլորտում աշխատավարձերը զգալի աճ գրանցեցին։ Մեր համաքաղաքացիներն այս փաստը նկատեցին որոշ ուշացմամբ, մինչ այդ տարված էին տնտեսագիտությամբ եւ իրավաբանությամբ։ Արդյունքում այժմ շատերը երազում են ծրագրավորող դառնալ։ 

 

Այս գործընթացը մի նրբություն ունի. եթե նախկինում «տնտեսագետների» ու «իրավաբանների» դիպլոմ ստացածների մեծամասնության համար օժիտի կամ «համալսարան ավարտած» կարգավիճակի համար էր, ապա ծրագրավորողը պետք է գործ անի, նշանակում է՝ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ ունենա։ Նաեւ աստիճանաբար եկավ այն գիտակցությունը, որ շատ այլ ոլորտներում էլ ոչ թե աշխատատեղերն են սակավ, այլ լավ մասնագետները։

 

Սա բերեց կրթության վերարժեւորման։ Եթե 90-ականներին կրթությունն ամբողջապես արժեզրկվել էր, իսկ 2000-աններին դարձել զուտ կուռք, ապա այսօր առաջացել է իրական բովանդակային պահանջարկ։

 

Լա՞վ է դա, թե՞ վատ։ Ռազմավարական առումով՝ շատ լավ է, սակայն այդ սրընթաց միտումը մեծ վտանգներ է պարունակում։ Եթե Հայաստանում արագ չկայանա հանրակրթությունը, ապա (ելնելով այլ երկրների փորձից) գործընթացը կգնա հետեւյալ երկու հնարավոր տարբերակով:

 

1. Հանրակրթության համատարած մասնավորեցում

 

Մասնավորները որոշ գումարների դիմաց կառաջարկեն ավելի որակյալ կրթություն։ Քանի որ կա այն ընկալումը, որ կրթությունն այլեւս արդյունավետ ներդրում է, գնալով ավելի շատ մարդիկ, հիասթափված պետական հանրակրթության արդյունքներից, պատրաստ կլինեն վճարել մասնավորին։

 

Բնական է, որ հաշվի առնելով պետական դպրոցների ուսուցիչների ծայրահեղ ցածր աշխատավարձը՝ ավելի լավ ֆինանսական հնարավորություններ ունեցող մասնավոր դպրոցները կկարողանան ներգրավել լավագույն ուսուցիչներին, եւ պետական կրթական համակարգի կայացման՝ առանց այն էլ բարդ գործընթացը կդառնա համարյա անհնարին։

 

Սակայն ակնհայտ է, որ ոչ բոլորն ի վիճակի կլինեն վճարել երեխաների կրթության համար։ Սա կբերի հաջորդ սերնդում կրթական անհավասարության խորացմանը, ինչը հղի է հասարակության բեւեռացմամբ՝ դրանից բխող ծանր հետեւանքներով։ Հանրակրթության մասնավորեցումն ունի մեկ այլ ծայրահեղ վտանգավոր հետեւանք։ Մասնավոր դպրոցները, ի տարբերություն պետականների, պարտավոր չեն ծառայել պետության շահերին։ Դրանք կարող են կազմակերպվել, կառավարվել եւ անգամ ֆինանսավորվել տարատեսակ ուժի կենտրոնների կողմից։ Անգամ եթե այդպես չլինի, շահույթ հետապնդող մասնավոր դպրոցները հիմնականում կձգտեն հաճոյանալ ծնողին՝ իրենց պատվիրատուին, իսկ դա նույնը չէ, ինչ երկրի համար քաղաքացի աճեցնելը։ 

 

2. Զանգվածային կրկնուսուցում

 

Կրկնուսուցողական կենտրոն ավելի հեշտ է կազմակերպել, քան դպրոց։ Եթե պետությունը փորձի առաջին տարբերակի դեմն առնել՝ բարդացնելով մասնավոր դպրոցների հիմնման գործընթացը, կստանանք էլ ավելի վատ տարբերակ։ Երեխաները դասերից հետո զանգվածային կերպով կհաճախեն կրկնուսուցողական կենտրոններ, տուն կվերադառնան ուշ երեկոյան, ծայրահեղ հյուծված ու բարոյազրկված։ Այս ճանապարհի ամենավառ օրինակը Հարավային Կորեան է, ինչն էլ դիտվում է որպես երկրի հիմնական խնդիրներից մեկը, քանի որ ծանր ազդեցություն է ունենում երիտասարդների բարոյական ու հոգեկան ամրության վրա։ Դարձյալ այս երեւույթը հանրակրթության համար նման է քաղցկեղի, քանի որ կրկնուսուցումը ներգրավում է լավագույն ուսուցիչներին, երեխաները դպրոց են հաճախում պարտավորված եւ բացարձակ անտարբեր, դպրոցների ուսուցիչները չեն կարողանում արդյունավետ աշխատել նրանց հետ։ Ըստ հետազոտությունների տվյալների՝ Հարավային Կորեայի ուսուցիչներն ունեն մասնագիտական ինքնավստահության ամենացածր վարկանիշը այլ զարգացած երկրների համեմատությամբ։

 

Բնական է, որ այս զարգացումն ունի նախորդի բոլոր բացասական կողմերը, բայց նաեւ ավելի վնասակար է աճող սերնդի համար։ Մյուս կողմից, ցավոք, այն ավելի հավանական է՝ հաշվի առնելով, որ կրկնուսուցումը Հայաստանում վաղուց է խոր արմատներ գցել։

 

Ինչպե՞ս այս սցենարների դեմն առնենք։ Միակ ճանապարհը սրընթաց եւ միաժամանակ զանգվածային կրթական բարեփոխումներ իրականացնելն է։ Դրանք պետք է կենտրոնանան ոչ միայն որակյալ կրթությունը բոլորին հասանելի դարձնելու վրա, այլեւ ապահովեն այդ որակի արագ աճը։ Չի կարելի բավարարվել այն բանաձեւով, որ պետք է բոլորի համար ապահովենք միջակ, բայց հավասար կրթություն։ Չի ստացվի կրթական հնարավորությունները բոլորի համար հավասար դարձնել այդ ճանապարհով, քանի որ մարդիկ են որոշում, թե ինչ հնարավորություններով եւ ինչ միջոցներով են կրթելու իրենց երեխային։ Արդյունքում այդ «միջինացված» կրթությամբ կբավարարվեն նրանք, ովքեր հնարավորություն չունեն հավելյալ վճարել կրթական որակի համար, իսկ հնարավորություններ ունեցողները շատ արագ կգտնեն իրենց կրթական պատվերը կատարողներին։ 

 

Ձեւական հավասարության վարագույրի հետեւում կառաջանա խոր՝ հանրությունը պառակտող եւ բարոյականությունը կեղեքող անհավասարության անդունդը։ Այն հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինեն բարեփոխումները, կանդրադառնամ հաջորդ սյունակներում։

 

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը: 

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Մեդիամաքս»-ի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին