Արցախը երկուսի չի բաժանվում - Mediamax.am

Արցախը երկուսի չի բաժանվում
11231 դիտում

Արցախը երկուսի չի բաժանվում


Կայացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որից հետո կարելի է մի շարք միջանկյալ եւ հիմնարար հետեւություններ անել: Նախեւառաջ, կցանկանայի ուշադրություն հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում առաջին պաշտոնական հանդիպումից առաջ կողմերի մեկնարկային դիրքորոշումներին: Ընտրվելուց հետո Փաշինյանը նախանշեց նոր վեկտոր, որը պետք է որակապես փոխեր բանակցային գործընթացը: Այն Ստեփանակերտի սուբյեկտայնության փաստացի ճանաչումն էր, որը Բաքվի հետ պետք է քննարկի այնպիսի հարցեր, ինչպիսիք են փախստականների վերադարձը եւ քաղաքական կարգավիճակը: Այս նարատիվի շուրջ կարելի է երկար բանավիճել՝ առանձնացնելով առկա դրական եւ բացասական կողմերը, բայց այն, այնուամենայնիվ, կարող էր հավակնել «պետական դիրքորոշման» կարգավիճակին: Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ այդ վեկտորն ընտրվել էր բացառապես ներքին օգտագործման համար, չէ՞ որ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ դրա իրական դրսեւորումները չեն նշմարվում: Առնվազն չեն հնչում հստակ եւ հետեւողական հայտարարություններ այն մասին, որ Երեւանը շահագրգռված չէ շարունակել հետագա բանակցությունները՝ առանց արցախյան կողմի (եւս մեկ անգամ նշեմ, որ հենց դա էր նոր առաջնորդի մեկնարկային դիրքորոշումը): Ընդհակառակը, ամեն հանդիպումից հետո այդ ցուցիչն էլ ավելի է լղոզվում՝ առաջացնելով մի շարք հակասություններ հայկական կողմի հռետորաբանության եւ գործողությունների մեջ: 

 

Հիշեցնեմ, որ նախքան պաշտոնական հանդիպումը Փաշինյանն ու Ալիեւը հասցրել էին երեք անգամ հանդիպել եւ, ինչպես ասում են դիվանագետները, «ստուգել ժամացույցները»: Ոչ պակաս ինտենսիվ էր տարբեր հարթակներում երկու արտգործնախարարների շփումը: Այլ կերպ ասած, բավականաչափ ժամանակ եւ առիթներ կային՝ սեփական մեկնարկային դիրքորոշումը «գործընկերներին» հասցնելու եւ մեկ տարի անց պաշտոնական դաշտ դուրս գալու համար՝ գիտակցելով սեփական շահերը եւ դրանց հստակ իրացման տարբերակները: Ավելին, ակնկալելով այդ հանդիպումը՝ Մինսկի խումբը հայտարարություն տարածեց, որտեղ հստակ նշված էին այն կետերը, որոնց շուրջ կողմերը պետք է բանակցեն: Լիովին ակնհայտ է, որ այսպես կոչված «մադրիդյան սկզբունքները» չեն կարող մեզ գոհացնել, քանի որ դրանց ընդհանուր քաղաքական բանաձեւը ծայրաստիճան պարզ է. «տարածքներ խաբկանքների դիմաց»: Հայկական կողմը կրկին արձագանքեց այդ դրույթին վարչապետի հայտարարությամբ առ այն, որ հարկավոր է հասկանալ, ինչ սկզբունքներ են դրանք եւ ինչպիսի նրբություններ են թաքնված դրանց ետեւում: Բայց հանդիպումն անցավ, իսկ գիտակցումը մինչեւ հիմա չկա: Սակայն քաղաքական տրամաբանությունը դաժան է եւ պարզ. մեկնարկային դիրքորոշումը կորսված է (Մինսկի խումբը չբավարարեց Երեւանի հարցը), արցախյան կողմը չի նստի բանակցային սեղանի շուրջ, գործընթացի հիմքում շարունակում են մնալ սկզբունքներ, որոնք մեզ կտանեն անդառնալի կետի: Իսկապես, ինչպես վարչապետն է ասում, «հեղափոխություն» տեղի չունեցավ: Արտաքին քաղաքականությունը մի փոքր այլ ժանրից է. այստեղ խաղի կանոնները սահմանվում են ոչ թե ցանկությունների եւ ներքին փոփոխությունների ադրենալինով սնված նկրտումների հիման վրա, այլ ելնելով իրական հնարավորություններից եւ ոսկերչական ճշգրտությամբ գործողություններից՝ դիվանագիտականից մինչեւ լոբբիստական: 

 

Իր հերթին պաշտոնական Բաքուն վերջին տասը տարում ձեւավորել է բավականին հստակ «պետական դիրքորոշում», որը բացեիբաց եւ վստահորեն արտահայտվում է բոլոր միջազգային հարթակներում: Առաջինը՝ յոթ շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանի կազմ, երկրորդը՝ բոլոր ադրբեջանցի փախստականները վերադառնում են իրենց տները, երրորդը՝  նախկին ԼՂԻՄ-ի վերջնական կարգավիճակը կորոշվի երկրի տարածքային ամբողջականության շրջանակում (ինքնավարության ամենաբարձր կարգավիճակը որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացում): Այլ կերպ ասած, ագրեսիա սանձազերծած եւ պատերազմում պարտված կողմը հաղթող կողմին պարտադրում է անվերապահ քաղաքական կապիտուլացիայի պայմանները: Ընդ որում, յոթ շրջանների վերադարձի մասին առաջին կետն Ալիեւի համար «մինիմում» խնդիր է, եւ նա ինքն իրեն թույլ չի տալիս որեւէ պարագայում հետ կանգնել այդ կետից: Ինչո՞ւ գերտերությունները փաստացի բռնեցին ադրբեջանական կողմը՝ ճնշում գործադրելով մեզ վրա: Պատասխանը չափից դուրս պարզ է. մենք բաց թողեցինք միջազգային ասպարեզում պետությունը եւ մեր դիրքերն ամրապնդելու հնարավորությունները, երբ հակառակորդը թույլ էր եւ օբյեկտիվորեն չէր կարող մրցակցել գլոբալ հայության հետ, որը ոգեւորված էր անկախ պետության ստեղծմամբ եւ իր պատմական մարզերից մեկի ազատագրմամբ: Մենք չկարողացանք կապիտալիզացնել այդ հաջողությունը եւ ստեղծել ազգային էլիտա, որը կկատարեր մեր ժառանգության եւ ձեռքբերումների պահակի գործառույթը: 

 

Իսկ հակառակորդն օգտվեց մեր ճգնաժամերից, սերտեց քաղաքականության եւ լոբբիզմի արվեստը, ամրացրեց դիրքերը միջազգային հարաբերություններում եւ ստիպեց գերտերություններին իր հետ հաշվի նստել: Իհարկե, սա չի վկայում այն մասին, որ ադրբեջանական տեսլականը հանդիսանում է վերջնական աշխարհաքաղաքական աբսոլյուտ բոլորի համար, սակայն հենց նրանք են այսօրվա դրությամբ նախահարձակ լինում՝ ստիպելով մեզ անընդհատ արձագանքել (այսինքն՝ մի քայլ հետ լինել): Բաքուն վստահ է իր վերջնական հաղթանակի մեջ, ուստի հայկական կողմը չպետք է օգտագործի այնպիսի հռետորական ֆոկուսներ, ինչպիսին է «խորքային հակամարտություն» հասկացությունը: Մեր դեպքում, ասելով հակամարտություն, դու ենթադրում ես մասնակի պատասխանատվության առկայություն քո կողմում, իսկ դա չի համապատասխանում իրականությանը: Մեզ համար չկա եւ չի կարող լինել որեւէ «հակամարտություն»: Գոյություն ունի Ադրբեջանի ագրեսիան եւ Արցախի հայերի ինքնորոշումը որպես դրա բնական արդյունք: Հայկական կողմի մասնակցությունը «ագրեսորի» հետ բանակցություններում, որը մինչ օրս խախտում է ուժի չկիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքը, արդեն իսկ մեծ զիջում է հանդիսանում: Ճշմարտությունը շատ դաժան է եւ այն է, որ նույնիսկ այդ խախտումների համար (այդ թվում՝ Ապրիլյան պատերազմը) նույն գերտերությունները եւ ՄԱԿ-ը որպես գլոբալ վերազգային կազմակերպություն համապատասխան պատժամիջոցներ եւ սահմանափակումներ չկիրառեցին Բաքվի դեմ, ընդ որում, մերժում են «տուժած» կողմի մասնակցության հնարավորությունն անմիջական «ագրեսորի» հետ բանակցություններում: Ինչպե՞ս կարելի է այսքանից հետո ասել, որ կարգավորման մեջ չպետք է լինեն հաղթողներ կամ պարտվողներ: Կարելի է ինքնասփոփվել ցանկացած ժողովրդավարական սահմանմամբ, սակայն ճշմարտությունը պարզ է. առաջին փուլում  (ռազմական) հաղթել ենք մենք, երկրորդ փուլում (քաղաքական) մենամարտը շարունակվում է նրանց առավելությամբ, բայց ոչ-ոքիով այն չի ավարտվի: 

 

Գիտակցելով իրավիճակի ամբողջ լրջությունը՝ Երեւանը շարունակում է խաղալ լավ եւ վատ ոստիկանի պարզունակ խաղը: Մի կողմից՝ Փաշինյանը դրությունից դուրս է գալիս «հումանիտար նախագծերի» եւ «ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելու» մասին հայտարարություններով, մյուս կողմից՝ ԱԱԾ տնօրեն Վանեցյանը եւ պաշտպանության նախարար Տոնոյանն օգտագործում են կոշտ հռետորաբանություն, որը միտված է հանգստացնել հայկական հասարակությանը եւ միջազգային հանրությանն ուղարկել անհրաժեշտ ազդանշանները: Ռազմավարությունը պարզ է. վարչապետի համար պայմաններ ստեղծել՝ մշտական համանախագահների վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նրանք ներգործեն Բաքվի վրա («եթե Ադրբեջանը փոխզիջումների չգնա, իսկ ինձ վրա ուժեղ ճնշում գործադրեք, ապա հետո ձեզ հետ կխոսեն «Վանեցյան-Տոնոյան» հավաքական ուժերը»): Սակայն այսօր այս տարբերակն այլեւս կենսունակ չէ: Ինչո՞ւ: 

 

Առաջին՝ արտաքին քաղաքականությամբ զբաղվում է վարչապետը, որը, ի տարբերություն նախորդների, օժտված է լեգիտիմությամբ (հետեւաբար՝ ունի որոշումներ կայացնելու իրավունք), ինչը նվազեցնում է նրան պայմանականորեն պաշտոնանկ անելու ռիսկը: Ավելի վճռական քայլերի դեպքում (որոնց մասին կնշեմ ստորեւ) լեգիտիմության գործոնը կարող է խաղալ նաեւ մեր օգտին: 

 

Երկրորդ՝ բոլոր այդ հնարքներն արդյունավետ էին այն ժամանակահատվածում, երբ հիմնական խաղացողների միջեւ այդ մակարդակում առկա էին որոշակի տարաձայնություններ եւ կարելի էր ստեղծել սեփական պարտիան (հատկապես, երբ ԱՄՆ-ում ժողովրդավարական էլիտաներն ուկրաինական եւ սիրիական հարցերի շուրջ հիբրիդային հակամարտությունների մեջ ներքաշվեցին Ռուսաստանի հետ):

 

Այսօր տարբեր պատճառներով (որոնք առանձին վերլուծություն են պահանջում) Վաշինգտոնն ու Մոսկվան կոնսենսուսի են եկել: Կարգավորման դեպքում ուժային երեք կենտրոնները (ԱՄՆ-ԵՄ-Ռուսաստան) կարող են պարծենալ ոչ միայն միասնական դիրքորոշման եւ սկզբունքների առկայությամբ, այլեւ օգտագործել դա որպես դրական փորձ մյուս դեպքերի համար: Մի անգամ մի ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա մեր հանդիպումներից մեկի ընթացքում հետեւյալ արտահայտությունն արեց. «Մեզ հարկավոր է ցույց տալ, որ մենք կարող ենք ոչ միայն մրցակցել, այլեւ միացյալ ուժերով լուծել բարդ հակամարտությունները»: 

 

Երրորդ՝ տեղի է ունենում երկու պայմանական էլիտար խմբերի՝ «գլոբալիստների» եւ «նացիոնալիստների» (ազգային պետության կողմնակիցների) հակամարտության սրացում: Երկրորդ էլիտայի առաջնորդների համար (Թրամփն ԱՄՆ-ում եւ Պուտինը Ռուսաստանում) իրենց երկրներում կարեւորագույն խնդիրներից մեկն է պահել Ադրբեջանն իր հովանոցի ներքո եւ կանխել լիբերալ ուժերի իշխանության գալը: Իլհամ Ալիեւը, որն իր երկրում արգելել է տարատեսակ գլոբալիստական ֆոնդերի եւ կազմակերպությունների գործունեությունը, դիտարկվում է որպես ուժեղ եւ հուսալի դաշնակից: Նրա լոբբիստները Նահանգներում եւ Մոսկվայում համոզում են տեղի իշխանություններին, որ գահը պահպանելու եւ հակառակորդների դեմ վերջնական հաղթանակի համար անհրաժեշտ է Ղարաբաղյան հարցի շուրջ ճեղքում՝ կոնկրետ տարածքների վերադարձի տեսքով: Ալիեւը շտապում է՝ գիտակցելով, որ ժամանակը գնալով ավելի ու ավելի քիչ է մնում  (հատկապես՝ Հայաստանում եւ Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին):  

 

Իրավիճակը մեր օգտին որեւէ կերպ փոխելու համար հարկավոր է վերականգնել «արտաքին քաղաքական ընկալման հավասարակշռությունը», ինչից ուղղակիորեն կախված են առանցքային խաղացողների ռազմավարական որոշումները: Այսօրվա Ադրբեջանը Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների կողմից դիտարկվում է որպես ռազմավարական գործընկեր, որն ունի ինքնուրույն որոշումներ կայացնելու եւ լուրջ լոգիստիկ, էներգետիկ եւ քաղաքական նախագծերում ակտիվ մասնակցություն ունենալու ռեսուրսներ: Իլհամ Ալիեւին ուղղված՝ նախագահ Դոնալդ Թրամփի չորս նամակները, որոնցում մեկը մյուսի ետեւից նշվում է երկրների միջեւ երկխոսության խորացման կարեւորությունը, արդեն իսկ վկայում են այդ էական փոփոխությունների մասին: Ի դեմս Բաքվի՝ Մոսկվան տեսնում է իր ինտեգրացիոն նախագծերի՝ նախեւառաջ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պոտենցիալ գործընկեր: Եվրասիական հանձնաժողովը վերջին զեկույցները վկայում են ադրբեջանական տնտեսական գործոնի աննախադեպ ուժեղացման մասին (մասնավորապես՝ ուղիղ ներդրումների մասով) ռուսական, բելառուսական եւ ղազախական շուկաներում: Պատժամիջոցների պայմաններում Կրեմլը նույնպես չի կարող հաշվի չառնել ադրբեջանական շուկայի պրագմատիկ նշանակությունը՝ որպես ռուսական զենքի եւ զինտեխնիկայի խոշորագույն սպառողներից մեկի: Երկկողմ շահերի ընդհանրությունն ուժեղանում է լայն բազմակողմ ձեւաչափերի (Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա եւ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան) տեսքով: 

 

Իսկ Հայաստանը շարունակում է լինել թույլ պետական դիմադրողականություն ունեցող երկիր, որը զենք գնելու վարկի սառեցման դիմաց ստիպված է գնալ այնպիսի քայլերի (այդ թվում՝ զինվորականներին Սիրիա ուղարկելու), որոնք իրեն տանում են դեպի էլ ավելի մեծ աշխարհաքաղաքական փակուղի: Եթե ճշմարտության երեսին նայենք, ապա կտեսնենք պարզ պատկեր՝ այս գործողությունները չեն փոխել Ռուսաստանի վերաբերմունքը նոր ղեկավարության հանդեպ: Այդ «կեռիկից» հեշտ է պահանջներ կախել  եւ անվերջ հարկադրել հավատարմություն ապացուցել՝ օգտագործելով մտրակի եւ բլիթի դասական մեթոդը: Ընդ որում՝ անհրաժեշտ է վազվզել վաշինգտոնյան տարբեր աշխատասենյակներով (որտեղ քեզ չեն ընդունում) եւ փորձել բացատրել, որ նման քայլի ես գնացել հանուն համայնքի (երբ նախկին ինտենսիվության սպառնալիքներ այլեւս չկան) եւ ի երախտագիտություն 1915թ. Ցեղասպանության ընթացքում հայերի փրկության: Արդյոք նրանք հավատո՞ւմ են: Բնականաբար, ոչ: Եվ մոտիվներն էլ նրանց առանձնապես չեն հետաքրքրում, չէ՞ որ կոշտ քաղաքականության ջատագով Ջոն Բոլթոնի համար ամեն ինչ առավել քան պարզ է. Երեւանը միակն է, որն արձագանքել է Ռուսաստանի կոչին, իսկ երկրի ղեկավարն էլ դեռ արտահայտվել է իրանական գազի համար տարանցիկ ուղի բացելու օգտին (հանրապետականների մրցակից դեմոկրատների նախագիծը)՝ զրոյացնելով «էներգետիկ խցանման» նոր ամերիկյան քաղաքականությունը: Նմանատիպ արտաքին քաղաքական պահմտոցին խաղում է նույն Ադրբեջանի օգտին, որն օգտագործում է մեր յուրաքանչյուր սայթաքումը առավելագույն դիվիդենտներ կորզելու նպատակով: 

 

Սրա հետ կապված՝ անհրաժեշտ են վճռական եւ բացառիկ քայլեր: Վերջին տարվա գլխավոր ձեռքբերումը լեգիտիմությունն է, ուստի հնարավորություն կա ընդունել հստակ պետական դիրքորոշում որոշակի սցենարների դեպքում: 

 

Առաջին՝ ամբողջ Հայաստանով անցկացնել (այդ թվում՝ Արցախում) համազգային հանրաքվե երկու հարցի շուրջ. պատրա՞ստ ենք մենք սկզբունքորեն որեւէ շրջան հանձնել  (կապ չունի ինչ պայմաններով) եւ արդյոք պե՞տք է միացնենք Արցախը կամ ճանաչենք նրա անկախությունը որպես երկրորդ հայկական պետություն: Հանրաքվեի արդյունքները ցույց կտան արտաքին ուժերին, ինչպիսի իրական քայլերի համար հայկական կողմն ունի մանդատ, եւ թույլ կտա մեզ վերջնականապես կողմնորոշվել մեր հետագա ռազմավարության հարցում: Հակառակորդներն արդարացիորեն կասեն, որ նման քայլերը կարող են հանգեցնել պատերազմի: Սակայն մեր դեպքում պատերազմն առանց այդ էլ անխուսափելի է, չէ՞ որ 2016թ. ապրիլը ցույց տվեց, որ մեր կողմից կտրուկ եւ համարձակ քայլերի բացակայությունը «ստոպ» փաստարկ չէր ո՛չ Ադրբեջանի (ագրեսիա չսանձազերծելու համար), ո՛չ էլ միջազգային հանրության համար, որն անտեսեց ոչ միայն ուժի չկիրառման սկզբունքը, այլեւ խաղաղ քաղաքացիական բնակչության սպանությունները: 

 

Երկրորդ՝ հանրաքվեի շուրջ համախմբել հայկական աշխարհի բոլոր ռեսուրսները: Համայնքները պետք է հստակ ազդակ ստանան. եթե ուզում եք, որպեսզի այդ հողերը  շարունակեն մնալ հայկական, հարկավոր է առնվազն մասնակցություն ունենալ դրանց ամրապնդման մեջ: Հայրենադարձությունը այդ նպատակին հասնելու հիմնական գործիքն է, քանի որ առանց համապատասխան մկանային զանգվածի՝ անհնար է զարգացնել թե՛ տնտեսական եւ թե՛ քաղաքական սեկտորները: 

 

Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ՀՀ քաղաքացիների երեխաները չպետք է մահանան առաջնագծում, որպեսզի Բուենոս Այրեսի, Մարսելի եւ Մոսկվայի հայերը կարողանան հպարտանալ նրանով, որ Աղդամն ու Ֆիզուլին շարունակում են մնալ մեր վերահսկողության տակ: Յուրաքանչյուրը պետք է մասնակցություն ունենա եւ «մարտիկ» դառնա տարբեր ռազմաճակատներում ՝ տնտեսական, տեղեկատվական, լոբբիստական, քաղաքական, ռազմական եւ այլն: 

 

Երրորդ՝ ամբողջովին բարեփոխել արտաքին քաղաքական ինստիտուտները եւ նախարարությունները: Մենք գտնվում ենք պատերազմական վիճակի մեջ, ուստի մեր միջազգային քաղաքականությունը պետք է հիմնվի հենց այդ տրամաբանության վրա (այլ ոչ թե աշխատատեղերի եւ պաշտոնների): Մեզ համար առավել կարեւոր գերտերություններում հավատարմագրված դեսպանների առջեւ պետք է դրված լինեն միանգամայն կոնկրետ խնդիրներ, որոնց արդյունքները պետք է ունենան բացառապես գործնական բնույթ: Առավել հարմար է KPI համակարգը, որը լայնորեն կիրառվում է Միացյալ Նահանգների, Իսրայելի, Իռլանդիայի եւ Լեհաստանի գործունեության մեջ: Անվտանգության խորհուրդը պետք է ստանա ավելի շատ լիազորություններ՝ նախագահի պաշտոնական հովանու ներքո, որը, ըստ Սահմանադրության, համարվում է հանրապետության ղեկավար եւ Սահմանադրության երաշխավոր: Հենց այդ մարմինը (ԱԽ) պետք է դառնա հայկական պետականության իրական արտաքին քաղաքական զտիչը (կադրեր, ռազմավարություն, հայեցակարգեր): 

 

Չորրորդ՝ համայնքներում ապրող մեր կայացած փորձագետները պետք է ստեղծեն միասնական վերազգային վերլուծական ցանց, որը թույլ կտա արագ եւ արդյունավետ վերլուծել աշխարհաքաղաքական գործընթացները՝ հայկական պետականության վրա դրանց ուղիղ եւ անուղղակի ազդեցության տեսանկյունից: Նման ցանցի գործառույթների շրջանակում կարող է ընդգրկվել նաեւ Հայաստանի պետական դիրքորոշման սատարումն արտաքին աշխարհի առավել կարեւոր տեղեկատվական-վերլուծական հրատարակչություններում:     

 

Մեր ուղեղներում եւ, ամենակարեւորը՝ մեր սրտերում պետք է լինի բացառապես մեկ սկզբունք. «Արցախը երկուսի չի բաժանվում»: Եվ ոչ թե նրա համար, որ մենք կանգնած ենք մաքսիմալիստական նշաձողի վրա եւ փորձում ենք խիզախատես «աշխարհաքաղաքական մաչոյականություն» խաղալ, այլ որովհետեւ Բաքուն որպես իր ռազմավարական նպատակ դիտարկում է տարածաշրջանում հայկական գործոնի վերջնական վերացումը: 

 

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին