Շվեդական կրթական մոդելի լավ ու վատ կողմերը - Mediamax.am

Շվեդական կրթական մոդելի լավ ու վատ կողմերը
5547 դիտում

Շվեդական կրթական մոդելի լավ ու վատ կողմերը


Ժամանակին անդրադարձել եմ մի քանի երկրների կրթական համակարգերին։ Որոշեցի շարունակել այդ շարքը, քանի որ համեմատություններից շատ բան ես գիտակցում։ Չկա երկու երկիր, որ ունենան ամբողջապես նման կրթական համակարգեր։ Անգամ երկու իրար շատ մոտ ազգերի՝ էստոնացիների եւ ֆինների կրթական համակարգերը ավելի շատ տարբերություններ ունեն, քան նմանություններ։

 

Վերջերս Շվեդիայում էինք, ուր շփվեցինք եւ դպրոցների ներկայացուցիչների, եւ երկրի կրթության կազմակերպիչների հետ։ Մի քանի խոսքով գրեմ, թե ինչ իմացա, որ մեզ համար հետաքրքիր է եւ ուսանելի։

 

Շվեդիան Եվրոպայի ամենասոցիալական պետություններից մեկն է, որտեղ չափազանց կարեւորվում է բոլորի համար հավասար սոցիալական պայմաններ ապահովելը։ Շվեդիան խիստ էգալիտար պետություն է։

 

Հարուստ Շվեդիայում պարտադիր կրթությունը 9-ամյա է եւ անվճար՝ անկախ դպրոցի պետական կամ մասնավոր լինելուց։ Դպրոցները ֆինանսավորվում են վաուչերային համակարգով: Վաուչերը նաեւ նախատեսում է անվճար որակյալ սնունդ։ Մինչեւ անցած տարի պարտադիր կրթությունը սկսվում էր 7 տարեկան հասակից, սակայն 2018 թվականից նաեւ նախակրթական մեկ տարին դարձավ պարտադիր։ Այն դիտվում է ոչ թե որպես դպրոց, այլ՝ դպրոցին պատրաստվելու տարի։ 1–5 տարեկան երեխաների 83 տոկոսը հաճախում են նախակրթարան, ընդ որում զգալի մասը՝ հենց 1 տարեկանից։ Շվեդացի ծնողները նախընտրում են հնարավորինս արագ վերադառնալ աշխատանքի, չնայած նրա, որ պետությունը շատ լավ պայմաններ է ապահովում մայրական կամ հայրական խնամքի արձակուրդում գտնվող ծնողների համար։

 

Հարուստ Շվեդիայում դպրոցը պարտադրված չէ ունենալ սպորտային դահլիճ, եւ ընդհանրապես շենքային պայմանների պահանջները բավականին մեղմ են։ Դրա հետ մեկտեղ, քանի որ կրթության համար ամբողջապես վճարում են համայնքները, մասնավոր դպրոցների համար կրթական հաստատության հավաստագիր ստանալը հեշտ գործ չէ։ Մասնավոր դպրոցները Շվեդիայում կարող են լինել առեւտրային կազմակերպություններ, ի տարբերություն, օրինակ, Անգլիայի, ուր դպրոցը կարող է ունենալ միայն հանրային բնույթի ոչ առեւտրային կազմակերպության կարգավիճակ։ 

 

Սրա մասին սուր քաղաքական բանավեճ է ընթանում՝ որոշ քաղաքական ուժեր անընդունելի են համարում, որ հարկերից գոյացող գումարների հաշվին ինչ-որ մարդիկ կարող են շահույթ ունենալ այն դեպքում, որ այդ գումարները պիտի գնային միայն եւ միայն երեխաների կրթության վրա։ Դրան հակադրվողները փաստում են, որ մասնավոր հաստատությունները ձգտում են ավելի արդյունավետ աշխատել, եւ միեւնույն է՝ փաստացի իրենց շահույթը չի գերազանցում մի քանի տոկոսը, ինչը դպրոցի համար խիստ կարեւոր շարունակականության երաշխիքն է։

 

Միջին եւ ավագ դպրոցներում չկան ավարտական քննություններ։ Գնահատականները ուսուցիչները դնում են ըստ պետության կողմից սահմանված չափանիշների։ Գնահատման որակը դպրոցներում ապահովում է հսկիչ մարմինը՝ ստուգումներ կատարելով։ Սա կարեւոր ձեռքբերում է՝ այդ համակարգը շատ ավելի նպաստավոր է, քանի ավարտական քննությունները, սակայն դպրոցների ղեկավարները նշում են, որ որակյալ բարձրագույն կրթությունը մնում է մրցակցային, եւ որպեսզի աշակերտները կարողանան լավ բուհ ընդունվել, պետք է համալսարանի կողմից պահանջվող առարկաների համար առավելագույն 20 միավորից ավել հավաքեն։ Դրա համար պետք է հավելյալ նախաձեռնությունների եւ նախագծերի մասնակցեն, ինչը էլ ավելի է ծանրաբեռնում է առանց այն էլ մեծ պատասխանատվությամբ աշխատող երեխաներին։ 

 

Եթե աշակերտը չի կարողանում հաղթահարել պետական չափորոշիչի նվազագույն պահանջները, նա զրկվում է կրթությունը շարունակելու հնարավորությունից, սակայն պետությունը պատրաստ է ցանկացած պահին նրա համար կազմակերպել հավելյալ դասընթացներ, որպեսզի հաղթահարի պահանջները եւ ստանա համապատասխան վկայական։ 

 

9-ամյա կրթություն ստանալուց հետո աշակերտների ճնշող մեծամասնությունը շարունակում է կրթությունը գիմնազիաներում կամ միջին մասնագիտական հաստատություններում։ Մոտավորապես 30%-ը դիմում են միջին մասնագիտական հաստատություններ, եւ ջանքեր են գործադրվում, որպեսզի այդ թիվը աճի, քանի որ Շվեդիայում մի կողմից որակյալ վարպետների ծայրահեղ պակաս է, մյուս կողմից՝ ավագ դպրոցից դուրս մնացողների թիվը բավականին բարձր է եւ շարունակում է աճել։

 

Պետության կողմից խելամիտ չափորոշիչներ են սահմանված, ուստի տարրական եւ միջին դպրոցում տնայինների ծավալը փոքր է, եւ երեխաներին հնարավորություն են տալիս երեկոյան ժամանակը անցկացնել ընտանիքի հետ։ 

 

Պետական չափորոշիչը մեծ ազատություն չի տալիս, սակայն եւ չի դնում խիստ սահմանափակումներ, այնպես որ դպրոցները հնարավորություն ունեն ստեղծագործել եւ ազատ են կազմակերպել կրթական գործընթացը առավել արդյունավետ կերպով։ Օրինակ՝ Kunskapsskolan ցանցի դպրոցներում կրթական գործընթացը անհատականացված է, ամեն երեխա (ծնողի եւ ուսուցչի մասնակցությամբ) որոշում է սեփական թիրախները եւ ձգտում դրանց, իսկ անհաջողությունները հազվագյուտ են։ Ոչ միայն այդ, այլեւ երկրի բոլոր դպրոցներում մեծ շեշտ է դրվում քննադատական մտածողությունը եւ ընդհանրապես մտածելու հմտությունները զարգացնելու վրա, երեխաները անկաշկանդ են եւ անմիջական։

 

Կրթության պատասխանատու մարմինները չեն թաքցնում առկա խնդիրները, եւ աշխատում են դրանց նվազեցման ուղղությամբ։ Հիմնական խնդիրներն են.

 

1. Առանձին աշակերտների եւ դպրոցների միջեւ արդյունավետության մակարդակների տարբերությունն աճում է։ Սա շատ վտանգավոր գործընթաց է եւ մեծ մտահոգություն է առաջացնում։

 

2. Լուրջ դժվարություններ են առաջանում երկրում օթեւան գտած փախստականների համար կրթություն ապահովելու հարցում։

 

3. Վտանգավոր բարձր է ավագ դպրոցներից դուրս մնացողների թիվը, որը նաեւ աճում է։

 

4. Ուսուցիչների մեծ պակաս է զգացվում։ Քննարկումներ են գնում, որպեսզի հանվեն ուսուցչական մասնագիտության հետ կապված խիստ պահանջները եւ դպրոցները կարողանան ներգրավել ոլորտի մասնագետներին։ 

 

5. Ցածր է փոխադարձ վստահությունը պետության, համայնքների, մասնագիտական միությունների եւ դպրոցների միջեւ։ Այդ պատճառով համագործակցության մակարդակը բավարար չէ, բոլոր կողմերը անընդհատ մեղադրում միմյանց, իսկ լրատվամիջոցները միայն թեժացնում են այս խնդիրը, ընդհանրացնելով մասնավոր դեպքերը եւ դրանց անհամաչափ հնչեղություն հաղորդելով։

 

Իշխանության գալով, քաղաքական ուժերը ստանձնում են բարեփոխումներ, արագ արդյունքներ խոստանալով, ինչը բերում է դրանց մակերեսային լինելուն եւ չի փոխում (իսկ իրականում՝ հաճախ վատթարացնում է) իրավիճակը։ Այդ առումով Շվեդիան, ցավոք, եզակի երկիր չէ։ Լուծումը շատերը տեսնում են կրթության ապաքաղաքականացման մեջ։ Մեր շվեդ գործընկերները ինձ ասացին նույն խոսքերը, որոնք դրանից ընդամենը երկու օր առաջ լսեցի անգլիացիներից. քաղաքական գործիչներից քչերն են պատրաստ թելադրել բժիշկներին, թե ինչպես է պետք բուժել հիվանդներին, սակայն նույն գործիչները միշտ գիտեն, թե ինչպես է պետք կրթել երեխաներին։ Ուսուցչական մասնագիտության նկատմամբ այդ անարգանքը վաղ թե ուշ իր ծանր հետեւանքներն է ունենում կրթական համակարգի վրա։

 

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը: 

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին