Ո՞վ եւ ինչո՞ւ է ուզում «որսալ» Ռուբեն Վարդանյանին - Mediamax.am

Ո՞վ եւ ինչո՞ւ է ուզում «որսալ» Ռուբեն Վարդանյանին
32514 դիտում

Ո՞վ եւ ինչո՞ւ է ուզում «որսալ» Ռուբեն Վարդանյանին


Վերջերս իրականացված այսպես կոչված «հետաքննությունները» «Տրոյկա Դիալոգ» ընկերության հանդեպ, որը պատկանում էր գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանին, հանրային եւ փորձագիտական քննարկումների տեղատարափ առաջացրեցին: Այս գործի ֆինանսական կողմն ինձ համար որեւէ նշանակություն չունի (տնտեսագետ Անդրեյ Մովչանն արդեն մանրամասնորեն վերլուծել է այդ տարրը)՝ ի տարբերություն քաղաքական աստառի:

Վարդանյանն ընկալվում է ոչ միայն որպես ռուսաստանյան միլիարդատեր, այլեւ հայկական սփյուռքի էլիտայի ներկայացուցիչ, որը սերտ կապեր ունի Արեւմուտքում եւ Արեւելքում: Բրիտանական «Գարդիանի» կայքում «հետաքննության» հայտնվելուց ի վեր ուշադիր հետեւում էի հրապարակումներին, որոնք հայտնվում էին համաշխարհային մամուլում: Կատարված վերլուծությունը ցույց տվեց, որ նյութերի մեծ մասում հիմնական շեշտը դրվում է ոչ թե «Տրոյկա Դիալոգ» ընկերության, այլ Վարդանյանի էթնիկ ծագման վրա: Կոնտենտ-մեթոդաբանության շնորհիվ ի հայտ եկած վիճակագրությունը ցույց է տալիս հետեւյալը. «ծագումով հայ» բառակապակցությունն օգտագործվում է 49 անգամ, «Ռուսաստանից հայը»՝ 36 անգամ, «Հայաստանից եկած»՝ 33 անգամ, «հայկական լոբբի»՝ 27 անգամ: Շատ հոդվածներում նաեւ հիշատակվում է «Ավրորա» նախագիծը, ինչն էլ ավելի շատ հարցրեր է առաջացնում, որոնցից գլխավորը հետեւյալն է. ո՞րն է նմանատիպ հրապարակումների իրական նպատակը եւ ո՞վ է Վարդանյանի անձի թուլացման վերջնական շահառուն:

Կկիսեմ այդ հարցի պատասխանը երկու մասի, որոնք կարող են սերտ միահյուսված լինել:

Նախեւառաջ, դա Վարդանյանի քաղաքական գործունեությունն է: Շատ հարցազրույցներում եւ ելույթներում նա հետեւողականորեն կրկնում է, որ քաղաքականությունն իր համար չէ եւ այդ ուղղությամբ նա որեւէ հավակնություն չունի: Սակայն հարկավոր է հասկանալ, որ ներկա աշխարհաքաղաքական պայմաններում նման մասշտաբի բարերարները չեն կարող ստվերում մնալ՝ նույնիսկ մեծ ցանկության դեպքում: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ պայմանական հակառակորդները չպետք է հավատան խոսքերիդ: Որպես կանոն, նրանք գերադասում են նախօրոք ապահովագրվել, այլ ոչ թե մարեն արդեն բռնկված հրդեհները, ինչը բնորոշ է մեր իշխանական եւ ֆինանսական էլիտաներին:

Այդպես են տարբեր ուժային կենտրոնները բացառապես քաղաքական համատեքստում ընկալում նրա «Ավրորա» նախագիծը: Բանն այն է, որ այդ նախաձեռնությունն ունի մի քանի հարթություն: Առաջին՝ այն կապված է Հայոց Ցեղասպանության հետ: Այնպես է ստացվել, որ այդ խնդիրը գերտերությունների համար ի հայտ է եկել անկախ Հայաստանի ծննդից շատ ավելի վաղ եւ, հետեւաբար, արդեն երկար ժամանակ է, ինչ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը հանդիսանում է արտաքին ուժերի ճնշման գործիք: Առաջին հերթին խոսքը Միացյալ Նահանգների մասին է:

Ամերիկայի համար «ցեղասպանության ճանաչումը» Թուրքիայի դեմ առավել արդյունավետ «մահակներից» մեկն է, երբ Անկարան սկսում է հատել Վաշինգթոնի կողմից սահմանված արգելված գծերը: Զարմանալի չէ, որ Կոնգրեսի բարձր ամբիոնից ցեղասպանության ճանաչման պահանջն առաջին անգամ հնչել է Անկարայի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացիայից հետո: Եթե հետեւենք Կապիտոլիի միջոցով բանաձեւեր ընդունելու փորձերի ժամանակագրությունը, ապա կարելի է առանձնացնել մի շարք համընկնումներ.

ա) ակտիվացումը տեղի է ունենում ամերիկա-թուրքական պետական երկխոսության ճգնաժամի կամ թուրքական շուկայում շահեր հետապնդող խոշոր ամերիկյան ընկերությունների գործնական խնդիրների ֆոնին,

բ) այդ խնդիրների լուծումից հետո բանաձեւը կամ սառեցվում է, կամ ետ է կանչվում անորոշ ժամկետով:

Մի քանի վառ օրինակ: 1984 թվականին Թուրքիայի կառավարությունը «Boeing» ընկերության հետ 18 օդանավ գնելու մասին նախնական համաձայնագիր կնքեց, սակայն եվրոպական օդանավերի արտադրող «Airbus»-ը կարողացավ  թուրքերի հետ համաձայնության գալ մեկ այլ պայմանագրի շուրջ: Արդյունքում Անկարան կրճատեց «Boeing»-ի պատվերը մինչեւ 11 ինքնաթիռ: Մի քանի ամիս անց (1985 թ.) այդ ընկերության ազդեցության գործակալները նախաձեռնեցին Հայոց Ցեղասպանության մասին նոր բանաձեւի քննարկում՝ գրանցված 229 հովանավորներից 197-ը «Boeing»-ի գրանցված լոբբիստներ էին:

Փաստաթուղթն առանց որեւէ խոչընդոտների կոմիտեից կոմիտե էր անցնում, եւ թուրքական կառավարությունը դիմեց հակահարվածի, սպառնալով Ռեյգանի վարչակազմին եւ Կոնգրեսի կուսակցական էլիտաներին հարաբերությունների վատթարացմամբ եւ «Boeing»-ի հետ կնքված պայմանագրի չեղարկմամբ: Երկարատեւ խորհրդատվություններից հետո Անկարան ընդունեց անսպասելի որոշում. վերադառնալ 18 օդանավերի մատակարարման մասին սկզբնական պայմանագրին եւ անսպասելի կերպով կոնգրեսականները մեկը մյուսի ետեւից սկսեցին ետ կանչել այդ բանաձեւի օգտին տված ձայները, եւ այն արգելակվեց, չհասնելով Սենատ: Գրեթե նմանատիպ իրավիճակ էր 2006 թվականին, երբ Անկարան բաց հակամարտության մեջ մտավ «Chevron» նավթային ընկերության եւ «Lockheed Martin» ռազմաարդյունաբերական հսկայի հետ: Այլ կերպ ասած, Վաշինգթոնի կողմից Հայոց Ցեղասպանության դաշնային ճանաչումը (նախագահի կողմից ստորագրված օրենքի ընդունումը) անհնար է, քանի դեռ այն թույլ է տալիս ազդել թուրքական կողմի վրա: Ընդ որում՝ Միացյալ Նահանգներին ձեռնտու է, որ այդ հարցի կրողները հենց հայկական ծագմամբ իր քաղաքացիներն են եւ հենց իրենք են կատարում հարցը պաշտոնապես առաջ տանելու օպերացիոն գործառույթները (գործընթացից դուրս գալով հիասթափված եւ պարտված): Միակ բոնուսը՝ առանձին նահանգների կողմից ընդունվող խորհրդատվական բնույթի բանաձեւերն են (օրենքի ուժ չունեն, քանի որ նահանգները չեն կարող զբաղվել արտաքին քաղաքականությամբ):

Այս համատեքստում Ռուբեն Վարդանյանի նախագիծը դիտարկվում է մի քանի տեսանկյունից:

Առաջինը ՝ որպես Ռուսաստանի փորձ՝ համայն հայության (հատկապես արեւմտահայերի) համար չափազանց կարեւոր այդ քեյսը խլել հայկական ծագում ունեցող իր քաղաքացու շնորհիվ: «2.0 Սառը պատերազմում» կողմերից յուրաքանչյուրը տրամաբանորեն ձգտում է օգտագործել առկա բոլոր ռեսուրսներն իր նպատակին հասնելու համար եւ, անկասկած, ողջ աշխարհով սփռված բազմամիլիոն հայկական սփյուռքի համակրանքը կարող է լուրջ զենք դառնալ: Բավական է հիշել, թե հայերի կողմից ինչ դրական արձագանք ստացավ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ցեղասպանության 100-ամյակին եւ ինչ բացասական վերաբերմունքի արժանացավ դեմոկրատ Բարաք Օբամայի որոշումը՝ Հայաստան չգալու մասին: Փաստացի Ամերիկայի համար «Ավրորա» նախագիծը ռուսական փափուկ ուժի որոշակի պրոյեկցիա է՝ արեւմտահայ սփյուռքի համակրանքը շահելու համար:

Երկրորդը՝ «Ավրորան» արդեն լայն ճանաչում է ստացել եւ ընդունվում որպես մի հարթակ, որի շուրջ կարելի է միավորել ժողովուրդներին, որոնք վերապրել են մարդկության դեմ հանցագործությունները: Կասկածից վեր է, որ այս միտումը արժանանալու է ոչ միայն մեծ եւ տարածաշրջանային տերությունների, այլեւ այլ էթնիկական խմբերի առանձին էլիտաների դիմակայությանը, որոնց դուր չէ գալիս, որ հայերը «վերմակն իրենց վրա են քաշում»:

Երրորդը՝ Վարդանյանը ժամանակակից հայկական աշխարհը վերաիմաստավորելու գործունեություն է ծավալում եւ, ամենայն հավանականությամբ, իր խնդիրը տեսնում է համազգային արիստոկրատիայի ձեւավորման մեջ: Այս գծի արտաքին եւ ներքին հակառակորդների թիվն ավելի մեծ է լինելու:

Մենք պետք է համակերպվենք պարզ, բայց չափազանց կարեւոր մտքի հետ. ուժեղ Հայաստանը որպես միջազգային իրավունքի իրական սուբյեկտ եւ հայ ազգի ձայն մեզանից բացի ոչ մեկին պետք չէ: Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ մեզ նույնպես դա առանձնապես հարկավոր չէ: Իմ վերջին երկու սյունակներում մտորում էի մեր երկու անեծքների՝ ղեկավարների եւ ֆինանսական էլիտաների մասին: Չեմ ուզում կրկին վերադառնալ այդ խնդիրներին, սակայն մենք պարտավոր ենք հասկանալ մեկ այլ պարզ ճշմարտություն՝ մենք պետք է պաշտպանենք միմյանց որքան ուժ ունենք (ցեղասպանության գլխավոր բարոյական դասը հենց դրանում է կայանում): Հատկապես երբ խոսքն այլ երկրների եւ ժողովուրդների հետ մրցակցության մասին է: Մենք չպետք է ուրախանանք, երբ օտարը հարձակվում է մերոնց վրա եւ չպետք է օգնենք նրանց յուրայինների հանդեպ տածած մեր անտարբերությամբ: Ներքին նախանձը եւ միմյանց տապալելու անվերջ փորձերը բնորոշ են բոլոր ազգերին, սակայն մենք պետք է ձգտենք բացառություն դառնալ, քանի որ գոյատեւելու այլ տարբերակ չունենք: Ընդ որում, եւս մեկ անգամ ընդգծեմ, որ մեր ֆինանսական էլիտան պետք է փոխի սեփական պետականության հանդեպ իր վերաբերմունքը եւ գիտակցի համընդհանուր մոռացության մատնվելու անխուսափելիության եւ պատմության ճահճում խորտակվելու վտանգը՝ ուժեղ ազգային պետություն չունենալու դեպքում: Մի շարք օրինակներ ցույց են տալիս, որ այլ հասարակություններում գոյություն ունեն կարմիր գծեր, որոնցից այն կողմ քեզ չեն թողնի, ինչ էլ որ անես եւ ինչպիսի հավատարմություն էլ չցուցաբերես: Դա լավ կամ վատ չէ, սա ազգի բնական դիմադրողականությունն է (հատկապես այն ազգերի, որոնք կազմում են ցանկացած կայսրության կորիզը): 

Կալիֆորնիայում, Մարսելում կամ ցանկացած այլ համայնքային կենտրոնում հայկական աշխարհ կառուցելու ցանկությունն ու ձգտումը կհանգեցնեն խիստ բացասական հետեւանքների: Մեկ տնօրենին մյուսով փոխելով, արտաքին ուժերի օպերատորի բացառիկ դեր խաղալու ձգտումը եւս ողբալի ավարտ կունենա մեզ համար: Այսօր բոլոր հայակենտրոն տարրերն ողջ աշխարհում ունեն բացառիկ հնարավորություն՝ մտնել պատմության մեջ, օգտագործելով իրենց որակական եւ քանակական ռեսուրսները հանուն մեկ իմաստալից նպատակի եւ գաղափարի՝ հայկական պետականության ամրապնդման: Կցանկանայի մեր ֆինանսական էլիտաներին եւս մեկ խորհուրդ տալ՝ մի հավատացեք ձեռ անձեռնմխելիությանը, խաբվելով ձեր բանկային հաշիվների թվերին: Անհրաժեշտության դեպքում կոտրում են բոլորին՝ առանց բացառության: Նույնիսկ այնպիսի ընտանիքներ, ինչպիսիք էին Ռոքֆելերները, Վանդերբիլտները եւ Աստորները, թուլացվեցին, երբ դա պահանջում էին պետական շահերը: Մոռացեք նաեւ ձեր բջջային հեռախոսներում գրանցված կորիզային ազգի ներկայացուցիչ բարձրաստիճան անձանց հեռախոսահամարները: Հայոց Ցեղասպանության պատմությունը ցույց է տալիս, որ մեկ գիշերվա ընթացքում ողջ մտավորականության ոչնչացման մասին հրահանգները տրվել էին այն մարդկանց կողմից, որոնց Ստամբուլի մեր էլիտաները համարում էին ընկեր եւ որոնց տանը պատվավոր հյուրի կարգավիճակ էին վայելում: Խրատը պարզ է. եթե  չպաշտպանենք միմյանց, մեզ կկործանեն մեկ առ մեկ: Թող ոչ ոք չկասկածի. ամեն ինչ դեռ նոր է սկսվում:

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին