Մղձավանջ, որ կոչվում է «ռեմոնտ» - Mediamax.am

Մղձավանջ, որ կոչվում է «ռեմոնտ»
2001 դիտում

Մղձավանջ, որ կոչվում է «ռեմոնտ»


Հայաստանում, կարծում եմ, չի գտնվի մեկը, ով երանությամբ կհիշի տունը վերանորոգելու, ավելի պատկերավոր ասած`«ռեմոնտի» օրերը: Մի պահ միայն պատկերացրեք` հանդիպում եք ձեր ընկերոջը կամ ազգականին, որը պատմում է, թե ի՜նչ հրաշալի է անցել վերանորոգման պրոցեսը, բոլոր շինարարները գործի են եկել ժամանակին, չեն ստել, չեն անհետացել, կահույքը չեն փչացրել, կոկիկ ներկել են պատերը, մանրահատակն ու սալիկները շարել են առանց ճաքերի ու խորդուբորդի, պատուհանները տեղադրել են հերմետիկ, ծորակները՝ այնտեղ, որտեղ պետք էր... Անհավատալի է, չէ՞: Ինձ համար էլ: Ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում: 

 

Ամեն ինչ սկսվեց այն պահին, երբ մեր նախորդ տան գնորդն ասաց, որ ուզում է՝ բնակարանը օր առաջ ազատենք: Ազատեցինք: Մեզ խոստացել էին, որ հաշված շաբաթների ընթացքում մեր նոր բնակարանը նորոգված, պատրաստ կլինի: Միջանկյալ լուծում գտանք ու որոշեցինք առանց ավելորդ տագնապի սպասել, մինչեւ այդ հաշված շաբաթները կանցնեն: Շաբաթները գլորեցինք, եկան ամիսները: Մի օր պարզվում էր՝ ներկն է վերջացել, մյուս օրը՝ դուռն են սխալ տեղադրել, երրորդ օրը՝ անձրեւաջուրը պատուհաններից լցվել է ներս, չորրորդ օրը՝ խողովակն է ծակվել, հինգերորդ օրը՝ կոյուղագծի հետ կապված խնդիր կա, վեցերորդ օրը՝ հոսանքի լարերի, յոթերորդ օրը՝ գազի, ու այսպես շարունակ:  Մի խոսքով`շինարարական մղձավանջ`«վարպետաց խաղի կանոններով»: Իսկ ո՞ր խաղի: Այ այս հարցին է պետք պատասխանել՝ հասկանալու համար, թե ինչու են տունը նորոգելիս Հայաստանում մարդիկ դառնում «Նովոպասիտի» մոլի երկրպագուներ: Պարզվում է՝ այս ոլորտում, իրականում, ոչ խաղ կա, ոչ էլ կանոն: Կա իրականություն, որը եւ ձեւավորում է շուկան՝ իր գործող տրամաբանությամբ՝ «գործ չես գտնում, դարձիր ռեմոնտչիկ»:

 

Ինչպես մնացած, այնպես էլ շինոլորտի մասնագետներն անկախությունից հետո աղ լցրեցին արտագաղթի բացած վերքերին: Խորհրդային տարիներին միջին մասնագիտական, այսինքն՝ արհեստագործական կրթություն ստացած վարպետների ծանրակշիռ  մասը 90-ականներին մեկնեց Ռուսաստան. այնտեղ աշխատանք կար, այստեղ՝ ոչ: Նրանք Ռուսաստանում շինարարական ավանդույթներ հիմնեցին, աշակերտներ պահեցին, սերնդափոխություն ապահովեցին: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում. վարպետները հեռացան երկրից, արհեստագործական շատ ուսումնարաններ փակվեցին կամ դադարեցին գործել նույն ծավալով, պետական մակարդակով սահմանվեցին միանգամայն այլ կրթական առաջնահերթություններ: Արդյունքում` բուհական կրթությունը դարձավ պատվաբեր, միջին մասնագիտականը`ճիշտ հակառակը, երեխաներին էլ սկսեցին «մոտիվացնել»`«լավ սովորի, որ բանվոր չդառնաս» սպառնալիքով: Ի վերջո, երկիրը դադարեց «արտադրել» պրոֆեսիոնալ պատշարներ, սանտեխնիկներ, փականագործներ, սալիկապատողներ, դարբիններ, ատաղձագործներ, բրուտներ… Մինչդեռ նրանք այն մասնագետներն են, որոնք, ի տարբերություն միջազգային հարաբերությունների մասնագետների, ամեն Աստծո օր անելիք ունեն որեւէ մեկիս տանը, խանութում, գրասենյակում: 

 

Հիշու՞մ եք Ղազարոս Աղայանի «Անահիտը» հեքիաթը: Աղվան աշխարհի Վաչե թագավորի որդին՝ Վաչագանը սիրահարվում է Հացիկ գյուղի խեղճ ու կրակ բնակչի աղջկան՝ Անահիտին: Բայց Անահիտը պայման է դնում՝ կամուսնանա, եթե Վաչագանը մի արհեստ սովորի: Տղան սովորում է, հաղթահարում փորձությունները, Անահիտն էլ համաձայնում է ամուսնանալ: Հեքիաթի՝ «Թագավորի կյանքը արհեստն է փրկել» արտահայտությունը հենց այն ծածկագիրն է, որը կարող է օգնել այսօրվա կրթական ոլորտի պատասխանատուներին՝ վերացնելու  արհեստ-կրթություն-մասնագետ-գործատու անդունդը: Իսկ երբ այդ անդունդը վերանա, մենք ոչ թե կանիծենք, այլ երանությամբ կհիշենք տուն նորոգելու օրերը:

 

Հ․Գ. Այս սյունակն արդեն պատրաստ էր, երբ իմացա, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարն ու «ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության տնօրենը հուշագիր են կնքել, որի համաձայն՝ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջում կվերապատրաստվեն մասնագետներ: Մանրամասները՝ հղմամբ:

 

Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի մի շարք առաջատար ԶԼՄ-ներում։

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





«Մեզ մենակ մի՛ թողեք»
Մեր ընտրանին