«Չինական պատ». Նորայր Սարգսյանի փնտրումները «քուչում» - Mediamax.am

«Չինական պատ». Նորայր Սարգսյանի փնտրումները «քուչում»
2370 դիտում

«Չինական պատ». Նորայր Սարգսյանի փնտրումները «քուչում»


                                                         «Չինական պատ». Նորայր Սարգսյան

Մ.թ.ա. 3-րդ դարն էր, Չինաստանի կայսր Ցին Շիխուանդին հրամայեց հյուսել «Չինական պետության պատառիկներն իրար միացնող աստվածային թելը», այն է` Չինական մեծ պատը, կամ ինչպես ավելի մոտ է իրականությանը` «Արցունքի եւ տառապանքի պատը», կամ ինչպես ժամանակն ու պատմությունն է տվել ճիշտ բնորոշումը` «Աշխարհի ամենաերկար գերեզմանոցը»: Ասում են` մեկ միլիոն մարդ է մահացել Պատի շինարարության ընթացքում, նրանց միս ու արյունով է շաղախվել, ամրացել Պատը:

Սա ասում են պատմության դասագրքերում, փաստում են պատմաբանները, էլի շատ բաներ են ասում, քննարկում, վիճում, հերքում, հաստատում: Բայց Չինական պատը շարունակում է կանգուն մնալ քանի˜ հազար տարի: Եվ անգամ ձգվել հասնել մինչեւ հայ ժամանակակից գրականություն (ի˜նչ էլ ձանձրալի հնչեց): Բայց Նորայր Սարգսյանի «Չինական պատը» դասագրքային տախտուկ չէ: Ամենեւին:

Այստեղ մենք պատ ենք: Պատը մենք ենք: Պատը մեր ներսում է: Մենք ամեն օր մեր մեծ պարսպին քարեր ենք դնում ու բարձրացնում, հաստացնում այն: Մենք մեր միս ու արյունից, մեր տառապանքներից ու ուրախություններից կազմված պատ ենք կառուցում: Այստեղ մենք պաշտպանվում ենք ոչ թե մոնղոլների ներխուժումից, այլ ինքներս մեզնից: Մենք մեր կառուցած պատերի ներսում ենք: Այստեղ անվերջ  պատերազմներ են ընթանում, այստեղ ամենակարեւոր ճակատամարտերն ենք տանուլ տալիս: Չէ, երբեք չենք հաղթում: Հաղթելը ձանձրալի է, հաղթելը հեշտ է, հաղթելը վերջն է: Մենք պարտվում ենք, հետեւաբար` ապրում ենք:



«Մենք պարտվող տղերքի ցեղից ենք, պապ», - գրում է Նորայրը: Կամ Նորոն, ընկերական շրջապատում այդպես գիտեն իրեն: Ես անձամբ չեմ ճանաչում մեր նոր գրականության նոր հեղինակին: Հաճելի է ծանոթանալ: Հետաքրքիր է գրում` չնայած իր սերնդակիցների ոճով, չնայած մեր նոր տղերքն ու աղջիկները նոր ոճ չունեն, հների ստվերը դեռ շատ ազդեցիկ է: Դա ոչ վատ է, ոչ լավ: Դա այդպես է: Նորայրն էլ գիտի, որ «Չինական պատում» հետքեր կան Արամ Պաչյանից: Հրանտ Մաթեւոսյանին չի նմանակում, բայց ընդգծում է` որքան դժվար է նորելուկ գրող լինել ու խուսափել տեքստի մաթեւոսյանականացումից, վանոյականացումից, վարդգեսպետրոսյանականցումից, գուրգենխանջյանականացումից, արամպաչյանականացումից: Այս ինչ-որ բանի նմանակացումները անխուսափելի են, դժվար հաղթահարելի պատ, երեւի անհաղթահարելի, դեռ այդպես է մեր գրականությունում:

Ես մեծ հույս ունեմ, որ Նորայրի պես էլի տղերք կգան, որ չեն վախենա նմանվելուց ու կամաց-կամաց, ժամանակի մուրճով կկոտրեն այդ պատնեշը:     

Նորայր Սարգսյանի «Չինական պատը» շատ տղայական գործ է: Գրված է մեր առօրյա հայերենով, ժարգոնով (իսկ ո՞վ է ասել, որ այդ լեզուն չի կարող գրական լինել): Էքզիստեցիալ փնտրումներ «քուչում», որ հեղինակին տանում, մոլորեցնում են սեփական պատի ներսում: Երկխոսություն է հեղինակի ու հեղինակի միջեւ:

Ընթերցողը «խորանում է» դրանում ու հանկարծ զգում, որ ինքն էլ իր հետ է նման կռիվներ տալիս, սիրում ինքն իրեն, զզվում ինքն իրենից, ատում, հպարտանում ինքն իրենով, հիասթափվում ու ոգեւորվում ինքն իրենով, իր ոչ մի բան չլինելով, իր ինչ-որ բան լինելով:  

«Չինական պատի» ներսում 90-ականների վերջին 2000-ականների առաջին տասնամյակում մեծացած տղերք են հասակ առնում, հասունանում, լրջանում: Ոմանք դիմանում են մանկության կարոտին, ոմանք թռնում են մանկության նավից, որ ափից արդեն շատ հեռու է լողացել: Ոմանք կոտրվում են, ոմանք կորցնում դեմքը ժամանակի ճնշման տակ: Իսկ ժամանակն այստեղ վրա է գալիս հզոր ալիքով:

Ժամանակը քանդում է մարդուն ներսից, բայց պատերը մնում են, պատերը մենք ենք, պատերից դուրս կենցաղն է, պատերը պետք են, որ կենցաղից չխելագարվենք: 

Պատի ու ժամանակի արանքում ճզմված գրականություն է Նորոյինը: Թե որքան արժեքավոր` ժամանակը ցույց կտա. ի՞նչ  կգտնվի պատի փլատակների տակ, ի՞նչ կպեղեն մեզանից հնէաբանները, ի՞նչ կգրեն մեր մասին պատմաբանները, ու ի˜նչ ձանձրալի կլինի մեր մասին պատմության դասագրքի այդ էջը, չե՞ք կարծում:      

«Անհարմարությունը խփեց դեմքին, երբ դու ներս մտար: Անցյալի շարժումներովդ, անցյալի մազերովդ ու դիմային ներվի հին կծկումովդ: Դու անցալից էիր, որը նա չէր ուզում հիշել, դու անցյալից էիր, որը նա չէր կարողանում մոռանալ: Երեխայի նման, որը միամիտ էր լույսաշխարհ եկել մութ աշխարհից չպաշտպանվելու պատճառով: Ու հիմա այսքան տարի հետո դու կարծես մեծացել, հասակ էիր առել ու եկել` նրան հիշեցնելու հաճույքի հետեւանքների մասին: Եկել էիր հանկարծակի ու եկել էիր այնքան  ուշ, որ գտել էիր նրան ուրիշ կյանք ապրելիս, կարծես դա նա չէր ու կարծես այսքան տարի հետո միայն դու ես նույնը մնում ու ծանրանում աշխարհիս վրա: Անհարմարութուն. ահա այն բառ, որը, եթե լակոնիկ գրող լինեիր, կգրեիր ու այդքան չէիր ծավալվի գոյությունդ բացատրելու համար»:

ՀԳ. Գրքի հրատարակությունը` «Ակտուալ արվեստ»: Առկա է բոլոր գրախանութներում, գինը` 2500 դրամ:
 
Անի Հակոբյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին