Գուրգեն Խանջյանի «Համավարակը» բուժիչ մաճառ է - Mediamax.am

Գուրգեն Խանջյանի «Համավարակը» բուժիչ մաճառ է
3103 դիտում

Գուրգեն Խանջյանի «Համավարակը» բուժիչ մաճառ է


Գրողն իր ժամանակի վավերագիրն է։ Գրողը սովորական քաղաքացի է՝ իր երկրային, այժմեական, պարզ մարդկային ապրումներով, ընկալումներով, մտքերով։ Գրողը գրող է նաեւ հենց իր ժամանակում լինելով։ Խանջյանն այդպիսի գրող է։ Նոր վեպով փաստում է մեր ապրած ժամանակը, ասում է՝ այստեղ եմ, ես էլ ձեզնից մեկը՝ շփոթված, տարակուսած, ինչ-որ տեղ կոտրված այն ամենից հետո, ինչ եղավ ու չանցավ։

Բայց Խանջյանն, ի տարբերություն շատերիս, հուսահատ չէ, հավատում է մեր կենսունակ տեսակին, հողմեր են, կանցնեն, էլի են եղել, ավելի ուժգին են եղել։

«Համավարակը» միաշերտ վեպ է մեկ հերոսով ու ոչ խանջյանական ոճին հարիր պարզ, հասկանալի, ճանաչելի։ Հարութը Ամերիկայից եկել է ժառանգության թղթաբանությունը լուծելու, դատարկ մնացած հայրական տունը վաճառելու, նորից վերադառնալու «ազատության» երկիր իր գործին, բիզնեսին, կյանքին, որին ձգտել էր խորհրդային փակ վարագույրից այս կողմ, հեռացել մինչ վարագույրի ընկնելը։ Հիմա եկել է 30 տարվա ընթացքում տարեցտարի ավելի հեռվացած, մի քիչ հիշողությունից խամրած տունը, երկիրը, հայրենիքը, որը նորովի կբացահայտի, երբ համաշխարհային համավարակը կփակի բոլոր երկրների դռները, պատուհանները, կիջեցնի վարագույրները, հանկարծ մի մանրէ չներթափացնի ներս։

Ու Խանջյանը Հարութի հետ նստում է հոր սովետական «զրո վեցը» եւ վարուվեր անում Հայաստանով մեկ, տիպիկ հայրենադարձի աչքով բացահայտում երկիրն իր կոլորիտով, գաստրոնոմիայով, պատմամշակութային ժառանգությամբ։ Խանջյանն անգամ Վիքիպեդիայից տեքստեր է մեջբերում եկեղեցիների, պատմական քաղաքների մասին։ Իր ռեալիստիկ, բայց շատ պարզ գիրով շնչում ու արտաշնչում է հայաստանյան կենցաղը։

Հայրենադարձի հայացք է «Համավարակը»՝ գրված ներսում ապրող ու ներկան մանրազնին դիտարկած գրողի կողմից։ Անսովոր է հենց Խանջյանի համար այս տեքստը։ Թեպետ կրկին զգացվում են ռեւերանսներ  դեպի երեւանյան հին օրերի նոստալգիան, մանկություն, ընտանիք, արմատներ, բայց Խանջյանն այստեղ շատ չի մնում։ Ժամանակն է վրա հասնում, կարծես գալիս, բրդբրդելով վեպում իր համար տեղ գտնում, իսկ գրականությունն իր խրթինությամբ մի կողմ է քաշվում։ Եվ սկսվում է վարերագրումը՝ 2020 թվական, համավարակ, պատերազմ։  

Եթե համեմատելու լինենք Գուրգեն Խանջյանի գրական նախորդ գործերի հետ, «Համավարակը» ակնհայտորեն զիջում է, բայց չի պարտվում։ Սա գիրք է, որի բախտը բերել կամ չի բերել, եւ ծնվել է այն ներկայում, որի մասին է։ Ապագան կգնահատի «Համավարակը» գրականագիտական տեսանկյունից, իսկ այսօր այն անհրաժեշտ էր, պահանջված մեզ համար։

Գուցե բոլորս Հարո՞ւթ ենք եղել, 30-ամյա պետականությունը կառուցելիս մոռացե՞լ, աչքաթո՞ղ ենք արել, չե՞նք նկատել, չե՞նք գնահատել այն, ինչ ունենք, այն, թե ով ենք, Տուն Թորգոման։ Ու Խանջյանը գիտի, ժամանակներն անցողիկ են, մենք մնայուն, մենք երկրի աղն ենք, ո՞ւր կորչենք, իրավունք չունենք։ Մտավորականը, գրողը ասում է հավատա, մի վհատվիր, մեջքդ կուղղես, հայ մարդ, հույսդ քո վրա դիր, տուն վերադարձիր ու ոտքի կանգնիր։

Հետպատերազմյան «Համավարակը» հաջորդեց հետհեղափոխական «Ներսուդուրսին», որտեղ Գուրգեն Խանջյանն ուրիշ էր՝ սեւ էր ու ճերմակ միաժամանակ։ Այստեղ՝ պարզ է, այնքան, որ թվում է պրիմիտիվ, բայց արվեստի աստիճան անկեղծ է, հուզիչ, էլի ինքն է, ուղղակի իր ա՛յս տեսակը ընթերցողին բացող։ Չունի խանջյանական թնդություն, բայց այս վեպը դեռ մաճառ է, հասունանալուն չհասած ենք ըմպում, վայելեք։

Անի Հակոբյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին