Գուրգեն Խանջյանի «Ներսուդուրսը»՝ որպես ժամանակի սպառնալից ճոճք - Mediamax.am

Գուրգեն Խանջյանի «Ներսուդուրսը»՝ որպես ժամանակի սպառնալից ճոճք
4041 դիտում

Գուրգեն Խանջյանի «Ներսուդուրսը»՝ որպես ժամանակի սպառնալից ճոճք


Մարդը գալիս է ժամանակի միջից, քայլում ժամանակին ընդառաջ, հետո՝ ժամանակին համաքայլ (եթե բախտը բերում է) կամ փնտրում է իր ժամանակը (չի գտնում, եթե այդքան տարաբախտ է)։ Մարդը քայլում է՝ ժամանակի հետ անհաշտ, ապրում է՝ ժամանակին դեմ։ Հետո մարդը ետ է նայում՝ իր ժամանակին հանդիպելու հույսով, կարոտաբաղձ, մարդը մեկ էլ գլուխը շրջում է առաջ՝ դեմ առնելով ժամանակին, այն մեկին, որի ավազահատիկները նոսրացել են, նոսրացրել մարդուն՝ մարմինը, հույզերը, հուշերը, հույսերը։

«Մարդիկ անվերադարձ հեռանում են, մեղքերի պատմությունները՝ մնում, կուտակվում, թանձրանում, փոխանցվում նույնիսկ...»

Գուրգեն Խանջյան մարդու ժամանակի ու գրողի ֆիքսած ժամանակի մասին է «Ներսուդուրս» վեպը։ Խանջյանի գլխավոր հերոսը Քրոնոսն է, այդպես էր նաեւ նախորդ գրքերում, այստե՛ղ էլ։  Բայց այս մեկն առանձնահատուկ է, ուրիշ է։ Խանջյանական է՝ ոչ խանջյանական վարքագծով։



Հեղափոխությո՜ւն։ Այն էլ՝ «թավշյա ու ոչ բռնի»։ Երեւանի փողոցներով չարչրկված, ծամծմված գաղափարներ են հոսում, հետեւից էլ՝ հոծ բազմություններ, մեջները լիքը սիրուն աղջկերք ու ցից-ցից մազերով ջահելներ կան։ Խանջյանի անանուն հերոսը եւս մխրճվում է նրանց մեջ։ Չէ, չի արբում, այդ շռայլությունից, ասում է՝ զրկվել է, մեկ անգամ արդեն փորձել է, հավատացել է, բավ է։ Հիմա կրտսեր գժուկների ժամանակն է, թող ոգեւորվեն, թող ուրախ վանկարկեն բառեր, որ վաղուց, շա՜տ վաղուց սպառված են, մաշված, պարպված... Ազատություն, հավասարություն, արդարություն... Չէ, ինքը գնում է ոչ ծեծված լոզունգների հետեւից, ոչ էլ առավել եւս քաղաքականության հետքերով։

«Զանգվածների պրիմիտիվ գիտակցությունն ու հոգեկերտվածքն անփոփոխ են ժամանակի եւ տարածության մեջ, մշտական անվրեպ թիրախ են»։

Գնում է՝ վերջին անգամ բնազդները փորձելու, զգալու։ Շեղատառ «ներսում» Խանջյանի ալտեր էգոն է սափրում գլուխը, մոտո հեծնում, բայքերական ակնոցները տնկում քթին ու մարտահրավեր նետում կյանքին ՝ ի հեճուկս  ժամանակին։ Հենց նա է, որ ընթերցողի համար անսպասելի ոչ խանջյանական վարք է դրսեւորում՝ շների է ծեծում, սատկացնում, կնոջ է ծեծում, ակամա՝ սպանում։ Դեռ ապրելու բավականաչափ ավյուն կա՛ (թե՞ ձեւ է բռնում՝ կա)։

Ինչի՞ համար է այս դաժանությունը, այս հեգնանքը, այս սեւ կողմը ի ցույց դնում գրողը։ Ինչո՞ւ է ներսը դուրս անում ու փորձում մեր նյարդերը։ Ինչո՞ւ է քննում ժամանակն ու ցույց տալիս մերկ իրականությունը։ Երեւի, այդպես ասում է՝ էս ես, էս նաեւ դու ես, դու նաեւ էս ես։ Չփորձես անմեղ հրեշտակ ձեւանալ, չհամարձակվես ինքդ քեզ խաբել։ Քո դարձ երեսն էլ է սա։ Մարդ ես։ Էսպիսին ես։

«Ասում են՝ չթողնես չարը մտնի մեջդ։ Բայց խնդիրը նրան միջիցդ դուրս չթողելն է կարծում եմ, որովհետեւ նա այսպես թե այնպես քո մեջ է, ի սկզբանե, ուստի, այո, նրան դուրս չթողելն է խնդիրը, մեծ խնդիր է, որովհետեւ նրան դժվար է զսպել»։

Դե մի՛ վհատվիր։ Կա նաեւ մյուսը՝ շիտակ տառերով գրվածը։ Նա, որ առավոտյան կնոջ հետ նախաճաշում է, թերխաշ ձու ու կաթնաշոռ է ուտոմ։ Օգտակար է առողջության  համար, որի մասին անհանգստանում է, որն արդեն սկսել է դավաճանել ավելի հաճախ, քան սպասում էր։ Խոսում է սիրո մասին, ասում է՝ «Եթե մեջդ սեր կա,ընծայված է, եթե սիրո ունակ տեսակից ես, եթե համարձակությունդ հերիքում է, եթե բաց ես սիրո առաջ՝ ամեն բան սեր է»։  Ու նորից գնացածները ավելի շատ են, նորից հուշերը հատ-հատ շարվում են իրար պոչից ու քաշում, տանում գերեզմանատուն, նորից խիղճը, այդ անաստվածը, տանջում է, պատասխաններ պահանջում, իսկ ինքն իջնում է Զանգվի ձոր, կարթը նետում եւ բռնած ձկանը բաց թողնում՝ թող ապրի նորից։

«Երբեմն հոգնում եմ, այո, այս մոլորակը սկսել է հոգնեցնել ինձ, ձանձրացնել։ Չեմ ասում, թե ամեն բան գիտեմ, ամեն բան ճանաչել եմ, չէ, մեծամիտ չեմ այդքան, բայց ես հիմա գիտեմ, որ գիտենալն այլեւս անակնկալ հրճվանք չի կարող լինել ինձ համար»։

Այստեղ էլ ոչ տիպիկ  Խանջյան կա․ ընտանիք, կին, աղջիկ ու թոռ ունի։ Սա նորություն է։ Գուրգեն Խանջյանի նախորդ բոլոր գրական կերպարները երդվյալ մենակյաց էին՝ իրենք իրենց ջազով ու ռոքով, հավատարիմ շներով, մեռած ընկերներով, պատահական սեքսով ու հին սերերով պարուրված, պատստպարված։ Բայց Խանջյանն այս նոր տեսակ երեսն է դուրս արել, խելոք ու տնակյաց է (ձեւանո՞ւմ)։  

Իսկ այս սպիտակությո՞ւնն ում է պետք։ Ինչի՞դ է ճիշտ ապրելը, երբ կյանքի ամբողջ իմաստն, ինչպես հեղինակն է ասում՝ սխալվելու մեջ է։ Սա էլ ես դու, սիրելի ընթերցող, բոլորի համար ընդունելի տարբերակդ է։ Դա էլ է նորմալ, կանոններով ես ապրում, փորձում ես գոնե։ Թարս երեսում Խանջյանը Սարոյան է քննադատում անատամության համար, շիտակում ասում է՝ բիթլիսցին Կաֆկայից ու Դոստոեւսկուց պակաս չէր ճանաչում աշխարհը. «Սակայն համարում է, որ արվեստը ճշմարտություններ ասելու համար չէ, արվեստին հեքիաթ է պետք, փափուկ, ջերմ, բարի երազանքներ, որ կբերվեն հեռուներից, անդիններից ու կներկեն իրականությունը, մարդուն հեքիաթ է պետք ապրելը հաղթահարելու համար, ճշմարտությունն ինքն էլ գիտի, պետք չէ աչքը խոթել, Սարոյանը խնայում է մարդուն, պաշտպանում է նրան, զորակցում է, որպեսզի չթուլանա մարդը, որպեսզի դադար առնի դաժանության արշավանքներից, թիկունքին ջերմություն զգա․․․»

Խանջյանի «Ներսուդրսում» մենք ենք՝ անհատապես ու հավաքական։ Խանջյանն իր «Ներսուդրսում»՝ ինքն է ճանաչելի ու աննախադեպ։ Խանջյանը մեր պոստմոդեռնի հիմնադիրներից է ու գլխավոր դերակատարներից։ Հետեւելով ժամանակակից դասականի ամեն նոր գրքին, հետեւում ես ժամանակի ընթացքին։ «Հիվանդանոցից» մինչեւ «Ներսուդուրս» գրեթե 30 տարի է ձգվում։ Գուրգեն Խանջյանի միջանկյալ գրքերում կգտնես ու կճանաչես ժամանակները, կչափես քեզ ժամանակների մեջ,  կտեսնես երկրի ու հասարակության էվոլյուցիան, եւ կհանգես «Ներսուդրսում» ամփոփվածի գլխավոր ուղերձին․

«Մնում է պարզապես ապրելը, պետք է ապրել, ապրել քո ժամանակին հնարավորինս կիպ կպած, կիպ, կիպ, ավելի կիպ, հեծած... Ուստի՝ առա՛ջ, օ՜ն, ա՛նդր, ի զե՛ն...»։

Անի Հակոբյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին