Դա Վինչին, մենք ու հավերժությունը - Mediamax.am

Դա Վինչին, մենք ու հավերժությունը
1938 դիտում

Դա Վինչին, մենք ու հավերժությունը


Հանճար, պայծառատես, անգերազանցելի տաղանդ՝ գերադրական ածականների շարքը կարելի է երկար շարունակել։ Դա Վինչիին ինչ որակում ասես՝ չեն տվել, բացի սովորական մահկանացու ասելուց։ Իսկ նա ամենասովորական երկրային մարդ էր՝ մեզնից յուրաքանչյուրի նման՝ իր դժբախտություններով, ուրախություններով, ցավերով ու վախերով։ Դա Վինչին չուներ ոչ մի արտոնություն, նա բացառիկ չէր ծնվել։ Գուցե նաեւ ի ծնե մերժված (արտամուսնական կապի ծնունդ էր): 

 

Բայց ինչո՞ւ ենք հինգ հարյուրամյակ անց շարունակում նրան պայծառատեսի, հանճարի ու անհասանելի տաղանդի ստվար շերտով ծածկել։ Այդպես հարմար է։ Այդպես միշտ էլ հարմար է եղել ու կլինի: Այդպես մենք սահմանագիծ ենք անցկացնում մեր ու ՆՐԱՆՑ միջեւ։ 

 

Ուոլտեր Այզեքսոնի «Լեոնարդո դա Վինչին» մեկ տարի էլեկտրոնային գրքերիս դարակներում էր։ Ծավալուն չափը ու թեմայի բարդությունն անընդհատ ընթերցանությունից հետ էին մղում։ Տարին որոշեցի սկսել հենց այս կենսագրական նոն-ֆիքշընով։ Երեւի ամենակարեւոր ու ճիշտ բանն էր, որ կարելի էր անել տարեմուտին, գրողը տանի։ 

 

Հիմա չեմ պատրաստվում դասական ռեւյու գրել Այզեքսոնի գրքի մասին, ոչ էլ դա Վինչիի մասին սենսացիոն նոր բան կասեմ։  Պարզապես ուզում եմ կիսվել «լայֆհաքով»՝ ինչպես լինել Լեոնարդո դա Վինչի։  

 

Այզեքսոնը դա Վինչիի մասին պատմում է առանց ավելորդ հուզումների ու ճռճռան ածականների։ Ժամանակակից ամենահայտնի ու բեսթսելինգ կենսագիրը գտել է Լեոնարդոյին հասնելու ճիշտ ուղին։ Այն շատ պարզ է՝ լինել Լեոնարդո, փորձել մտածել նրա պես, հասկանալ նրա միջի Մարդուն, հետո՝ նկարչին, գիտնականին, գյուտարարին...

 

Նկարագրիր փայտփորիկի լեզուն

 

Դա Վինչին ամեն ինչով նման էր մեզ՝ սովորական մարդկանց, բացի մի բանից՝ նա ծայրաստիճան հետաքրքրասեր էր։ Գրքի առաջին հատվածներում Այզեքսոնի ու ընթերցողի դեմքին ժպիտ է առաջանում, երբ Լեոնարդոյի նոթերում կարդում են իրեն իսկ վերագրված առաջադրանքը՝ նկարագրիր փայտփորիկի լեզուն։ Առաջին տպավորությամբ, դե՛, խենթ ու էքսցենտրիկ Լեոնարդոն է։ Երկրորդ պլանում հետաքրքրասեր մարդ է, որ ուզում է բացահայտել ու ճանաչել իրեն շրջապատող աշխարհը, ինքն իրեն՝ այդ աշխարհում։ Դա Վինչիի հետաքրքրությունների շրջանակը սկսվում էր մարդու անատոմիայից, հասնում հավերժության խորքերը։ Նա օրերով ու ժամերով համբերատար ու մանրազնին դիտարկում էր շրջակայքն ու դրանում շնչող կամ անշունչ ամեն մանրուք։ 

 

Իսկ մեզ, մեծ հաշվով, ոչինչ ու ոչ ոք չի հետաքրքրում, բացի մեզնից։ Հետաքրքրված լինել ինչ-որ բանո՞վ։ Չէ, մեր բանը չի, մենք ավելի կարեւոր գործ ունենք՝ ես-ը։ Կարո՞ղ ենք պատկերացնել, որ ոչ թե մասնագետների, այլ մեր՝ ամենատարբեր մասնագիտությունների ու նախասիրությունների տեր մարդկանց նոթատետրերում գրված լինեն հարց-առաջադրանքներ մեզ համար՝  ինչպե՞ս է աշխատում համակարգիչը, ինչո՞ւ են այրվում Ավստրալիայի անտառները, ո՞ւր են փախչում կենդանիները... Մի պահ փորձեք ոչ թե «գուգլել», այլ մտածել ձեր կենցաղային, առօրյա հոգսերի շրջանակից դուրս թեմաների մասին։ Ուղղակի փորձե՛ք։    

 

Լեոնարդոյին հետաքրքիր էր իրեն շրջապատող աշխարհը։ Մեզ՝ չէ։ Իր ժամանակ էլ չէ էր։ Դրանից առաջ էլ։ Լեոնարդոյին հետաքրքիր էր, դրա համար ինքն էլ հետաքրքիր է։ Գիտելիքի այնքան պաշար էր կուտակել, որ ժամանակից ակամա առաջ էր ընկել։ Չէ, այլմոլորակայինները չէին հուշել հրասայլի, ինքնաթիռի, սուզանավի գծագրերը։ Պարզապես նա դիտարկել էր թռչունների թռիչքը, ձկների լողը, բնությունը, մարդուն, միկրո եւ մակրո աշխարհները, դիտարկել ու հետեւություններ էր անել։  

 

Մենք էլ կարող ենք, եթե որոշենք չալարել, հետաքրքիր լինել, հասկանալ մեզ ու մեր դերը։ Այն ժամանակ Լեոնարդոյի համար Երկիրն էր անծայրածիր ու անհասանելի, մենք կարող ենք տիեզերքը չափել։ Կարող ենք։ Գուցե մի Լեոնարդո էլ դո՞ւ ես։

 

Մոնա Լիզայի ժպիտի ետեւում ոչ մի խորհրդավորություն թաքնված չէ, բացի նրանից, որ դա Վինչին տարիներով հետաքրքրված էր մարդու անատոմիայով, տասնյակ դիահերձումներ է արել՝ պարզելու համար, թե որ նյարդերն են շարժում այն մկանները, որոնք ժպիտ են առաջացնում...

 

Հանձնվելը նորմալ է

 

Նա համոզված էր, որ մարդը կարող է թռչել։ Նա ուզում էր լճեր ցամաքեցնել, գետի հուն փոխել։ Մտքում ուներ կատարյալ քաղաքի հատակագիծը։ Դա Վինչիի գաղափարների ու նախագծերի մեծ մասն անիրագործելի մնացին։ Ոչ իր մեղքով, ժամանակի։ Ժամանակը Լեոնարդոյի հետ համաքայլ չէր, քանի որ դանդաղ էր։ Այսօր մենք էլ ժամանակի հետ հաշտ չենք, դանդաղ ենք, դանդաղում ենք։ Կյանքի էսկալացիան վախեցնող է, բայց, միեւնույն ժամանակ, մարտահրավեր է։ Արի փորձենք հասնել ժամանակի հետեւից։ Արի մեծ բաների մասին մտածենք, արի դուրս գանք մեր շառավղից ու շարժվենք անծայրածիր հորիզոններ։ Գուցե Լեոնարդո՞ դառնանք։

 

Լեոնարդո դա Վինչին կարող էր հիասթափվել առաջին իսկ չիրագործված նախագծից։ Հիասթափվել ու փակվել Ֆլորենցիայի բոտեգաներից մեկում, պատվերներ ստանալ ազդեցիկ հովանավորներից ու ապրել հանգիստ, ճոխ կյանքով։ Բայց նրա համար ամեն չստացված նախագիծ նոր, ավելի խենթ, ավելի աներեւակայելի գաղափարի ծնվելու առիթ ու պատճառ էր։

 

Փոխիր կարծիքդ

 

Դա Վինչին տասնյակ գյուտերի ու գիտական բացահայտումների հեղինակ էր, որոնք իրենից հարյուրամյակներ անց միայն կպատենտավորվեն ու կվերագրվեն ուրիշներին։ Նա սեփական փորձով ապացուցված փաստերի հիման վրա էր եզրահանգումներ անում։ Ու երբեք չէր կողպում ինքն իրեն սեփական կարծիքի ու ենթադրության ներսում, եթե զգում էր, որ ինչ-որ հարցում սխալվել է։ 

 

Սխավելը նորմալ է, պարտվելը նորմալ է, դրանից հետո չփոխվելն է աննորմալ, կործանարար։ Ամենավտանգավորը սեփական ճշմարտությունը կասկածի տակ չդնող մարդիկ են։ Ես սարսափում եմ դոգմատիկ մտածողներից։ Դա Վինչին էլ։ Չէ, ես հաստատ Լեոնարդո չեմ։ 

 

Կանգ առ

Վազիր

Մի հասիր

 

Այս երեքն են բնութագրում Լեոնարդոյի ներքին այրման շարժիչը։ Նա իրոք այրվում էր հետաքրքրությամբ, երբեմն՝ մոխրանալու աստիճան։ Նա չէր դադարում մտքով սլանալ անտեսանելի հեռուներ։ Իհարկե, չէր հասնում: Եթե հասներ, այդքան խորհրդավոր ու հետաքրքիր չէր լինի արդեն 5 դար։ Իսկ 500 տարի անց քո մասին ի՞նչ են գրելու։   

 

Անի Հակոբյանը լրագրող է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին