Մեր ղեկավարների «անեծքը» - Mediamax.am

Մեր ղեկավարների «անեծքը»
13568 դիտում

Մեր ղեկավարների «անեծքը»


                    «Քարոզ պետք է լինի մեր կյանքը, այլ ոչ թե խոսքերը»


                                                                         Թոմաս Ջեֆերսոն

 

Ընտրություններից հետո ձեւավորված Ազգային ժողովը, ըստ իս, թույլ է տալիս փաստել «թավշյա հեղափոխության» տեխնիկական մասի ավարտի եւ խոր անորոշության, մարտահրավերների եւ սպառնալիքների շրջանի մեկնարկի մասին: Հիմնական ներքին խնդիրը զսպումների եւ հակակշիռների ինստիտուտի բացակայությունն է: Անկախ Հայաստանի երեք նախագահներից եւ ոչ մեկը չկարողացավ լուծել այս խնդիրը եւ կերտել կազմակերպված փոքրամասնության եւ անկազմակերպ մեծամասնության միջեւ հարաբերությունների պրոֆեսիոնալ մոդել: Ընդհակառակը, պետական «ուղեղի» հիմքում դրվեց ծայրահեղ այլասերված մատերիալիստական ֆեոդալական համակարգ, որի ներսում իշխանություն եւ ֆինանսական ռեսուրսներ ունեցող անհատն իրենով փոխարինեց բոլոր ինստիտուտները: Դա վերածեց պետությունը միջին մակարդակի բիզնես կորպորացիայի, որտեղ յուրաքանչյուր ոք որոշակի պայմանների դեպքում կարող էր դառնալ բաժնետեր: Փոքրամասնությունը կամ «էլիտան» ձեւավորվեց տնօրենների խորհրդի պայմանական «նախագահի» (գլխավոր ֆեոդալի) հանդեպ անձնական հավատարմության պարզագույն սկզբունքով: Նմանօրինակ հավատարմությունը բարձր էր գնահատվում, եւ յուրաքանչյուր ոք կարող էր հավակնել պաշտոնի, որը հնարավորություն էր ընձեռում ունենալ սեփական կալվածք եւ «ճորտեր», որի ամենօրյա աշխատանքը կախված էր տեղապահի տրամադրություններից եւ քմահաճույքներից: Ցածր խավի կողմից վերնախավի ընկալման հենց այս մոդելը հանգեցրեց ապրիլյան ընդվզմանը, այլ ոչ թե նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեփական պաշտոնավարումը երկարացնելու ցանկությունը:

 

Խորքային ժողովրդական ցասումը, որը կուտակվել էր ավելի քան քսան տարվա ընթացքում, պետք է հանգեցներ պայթյունի. սա միայն ժամանակի խնդիր էր: Հայ ֆեոդալների մեծամասնությունը, ռազմավարական մտածողությունից զուրկ լինելով, իրենց անձեռնմխելի էին համարում եւ հազիվ թե կարող էին պատկերացնել, որ մի օր իրենց ստեղծած հակաարժեքների համակարգը փուլ կգա (ամեն ինչ գնվում եւ վաճառվում է): Այսօր նոր իշխանությունների առջեւ ծառացած է բարդ խնդիր՝ որակապես նոր արժեքային մատրիցայի հիմք դնել, որտեղ ֆեոդալական տարրերը տեղ չեն գտնի: Եթե նախկին «էլիտաները» ընդունում էին իշխանությունը որպես մարդկանց ճակատագրերը տնօրինելու միջոց, ապա այժմ այն պետք է դիտարկել բացառապես ազգային եւ պետական ներուժի պրոֆեսիոնալ կառավարման համատեքստում: Սակայն այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ են միանգամայն կոնկրետ քայլեր: Դրանցից առանցքայինը՝ «սուպերվարչապետական» կառավարման ձեւի փոփոխությունն է, որը բարոյազուրկ է եւ վտանգավոր իր ձեւով ու բովանդակությամբ: Մենք պետք է հիմք ընդունենք այն փաստը, որ Հայաստանում հոտած քաղաքական ճահճի առաջացումը («իշխանության թակարդը») հնարավոր դարձավ այդ թվում առանձին մարդկանց, խմբերի եւ կլանների ձեռքում իշխանական լիազորությունների գերկենտրոնացման պատճառով: Այս թունավոր կոնցենտրատը ոչ միայն թունավորեց քաղաքական դաշտը, այլեւ ոչնչացրեց երկրի պոտենցիալ դրական կադրային պաշարը: 

 

Ճահիճը քաշում էր բոլորին, իսկ դիմադրելն անիմաստ էր (որքան շատ ես թպրտում, այնքան ավելի արագ ես խորտակվում): Կարո՞ղ ենք մենք ներկայիս Հայաստանում գտնել այնպիսի քաղաքական այրերի, որոնք չենք ասոցացվի կոնկրետ ֆեոդալական կլանի հետ: Կասկածելի է, քանի որ սկզբունքներն ու գաղափարախոսությունը վաղուց են փտում այդ ճահճի հատակին: Երեկվա «արեւմտամետները» դառնում են «ռուսոֆիլ» եւ հակառակը, իսկ կուսակցություններ եւ ճամբարներ փոխելը դարձել է ոչ միայն սահմանված կարգ, այլեւ քաղաքական մշակույթի անբաժանելի մաս: 

 

Իսկ կարո՞ղ էր այլ կերպ լինել: Եկեք օբյեկտիվորեն դիտարկենք իրավիճակն այն նարատիվների միջոցով, որոնք տարբեր ժամանակներում ստեղծել էին ինքնիշխան հայկական պետության առաջնորդները: 

 

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անկախության եւ մեծ պատմական հաղթանակի խորհրդանիշ դառնալու փոխարեն ընտրեց պարտվողական ուղին՝ սեփական ժողովրդին համոզելով իր «անկարողության» ու «տկարության» մեջ առասպելական միջազգային հանրության առջեւ, որը կստիպի մեզ հանձնել հողեր, որոնք ազատագրվել են (ընդգծում եմ) բազմաթիվ ուժային կենտրոնների կամքին հակառակ եւ բացառապես սեփական հնարավորությունների հանդեպ համընդհանուր հավատի շնորհիվ: Եվ շատ տարիներ անց նա՝ որպես առաջին ղեկավար այն անկախ Հայաստանի, որը երազում էին տեսնել ազգի այնպիսի որդիներ, ինչպիսիք են Անդրանիկ Օզանյանը, Գարեգին Նժդեհը, Արամ Մանուկյանը եւ Պողոս Նուբարյանը, չփոխեց իր կարծիքը: Չափազանց կարեւոր է լինել պրագմատիկ եւ սթափ մտածել, սակայն պրագմատիզմը եւ պարտվողականությունը միանգամայն տարբեր բաներ են: Առաջնորդը չպետք է հայտարարի այն մասին, որ հողերի հանձնումն անխուսափելի է, այլ պետք է իրենից կախված ամեն բան անի, որպեսզի նման բան երբեք տեղի չունենա, որքան էլ թանկ դա չարժենա: Նման սկզբունքային մոտեցո՞ւմ էր սպասում մեր ազգն առաջին նախագահից: Անհեթե՞թ չէ այն, որ ստիպված ենք հայկական ինքնիշխանության առաջին կրողին համոզել, որ մեր երկու պետությունների տարածքային ամբողջականությունն անսասան է:

 

Այլ տեսակի խնդիրներ ստեղծեցին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Երկրորդ նախագահը կարծում էր, որ ղեկավարում է ռեալպոլիտիկի խիստ սկզբունքներին համապատասխան: Եթե խոսքը վերաբերեր ցանկացած այլ երկրի, կարող էինք բանավիճել այս թեմայով: Սակայն հայ պետական գործչի կարգավիճակը հատուկ է եւ չունի իր նախատիպն աշխարհում: Մենք պարտավոր ենք փայփայել եւ ընդունել միմյանց այնպիսին, ինչպիսին կանք, քանի որ բարդ աշխարհաքաղաքական ջունգլիներում 10-միլիոնանոց ազգը ողջ մնալու այլ տարբերակ չունի: Յուրաքանչյուր հայի կյանք առաջնորդի համար պետք է սուրբ արժեք լինի եւ նա պետք է մեծ պատիվ համարի հինգ հազար տարվա պատմություն ունեցող եւ բոլոր հնարավոր փորձությունների միջով անցած ազգի ընտրյալը լինելու փաստը: Մեր առաջնորդերը հաճախ էին խոսում հին ժամանակների, քաղաքակրթության, առաջին քրիստոնյա պետության մասին: Սակայն հռետորաբանության ետեւում չկար այդ երեւույթների խորության գիտակցումը: Մտածեք, գոյություն ունի՞ ավելի վեհ առաքելություն, քան լինել այդ քաղաքակրթության առաջնագծում եւ իր ետեւից դեպի նոր դար տանել այսպիսի հին եւ մեծ ազգին: Ինչպիսի՞ ունայն, նյութական եւ կարճատեւ բարիքներ կարող է փոխարինել ինքնին այդ հնարավորությունը՝ գրել ձեր անունը Հայաստանի առաջնորդների ցուցակում, պատմության այնպիսի հսկաների կողքին, ինչպիսին, օրինակ, Տիգրան Մեծն է: Իրականում հենց սա է մեր գլխավոր եւ միակ հարստությունը, այլ ոչ թե արտասահմանյան բանկերում ցաքուցրիվ արած միլիոններն ու միլիարդները:

Ըստ իս՝ հենց ֆեոդալական կյանքի դրվածքը եւ մտածելակերպը թույլ չէին տալիս մեր առաջնորդներին հասկանալ այս պարզ, բայց չափազանց կարեւոր մետաֆիզիկական ճշմարտությունը:

 

Սարգսյանի օրոք նույնպես ոչինչ չփոխվեց. պետական խորհրդանիշներն ու կոչումները, որոնցով պարգեւատրում էին ազգի հերոսներին, դարձել էին հասարակ նվերներ առանձնակի մտերիմ գործարարների եւ իշխանամետ ծառաների համար: Էդուարդո Էռնեկյանը մեծանուն բարերար է, որը հնարավոր ամեն բան արեց, որպեսզի երկիրն իր սեփական միջազգային օդանավակայանն ունենա, որի առկայությունը սուր շրջափակման պայմաններում ռազմավարական նշանակություն ունի: Սակայն, լինելով պետականամետ մարդ, ես չեմ կարող ընդունել այն փաստը, որ նա եւ Մոնթե Մելքոնյանը կանգնած են նույն շարքում: Ազգային հերոսի կոչումը շնորհվում է բացառապես այն մարդկանց, որոնք իրենց սեփական «ես»-ը զոհաբերել են «ընդհանուրին» ծառայելու համար, այդ իսկ պատճառով մենք իրավունք չունենք ցույց տալ նոր սերնդին, որ բարձրագույն պարգեւ կարելի է ստանալ ավելի հեշտ ձեւով՝ միլիարդներ վաստակելով եւ տարբեր տնտեսական ոլորտներում ներդրումներ կատարելով: Անխոս, այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Քըրքորյանն ու Էռնեկյանը, հարկավոր է պարգեւատրել եւ խրախուսել, նրանց որպես օրինակ ներկայացնելով ապագա հայ գործարարներին («Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», «Անգնահատելի ներդրման համար» շքանշաններ եւ այլն): Փոքր երկրների եւ ժողովուրդների համար ազգային հերոսներին, զինվորականներին, քաղաքական գործիչներին, գործարարներին, արվեստի եւ մշակույթի գործիչներին մի կույտի մեջ խառնելը հավասարազոր է մահվան: Ամեն ինչ պետք է խիստ կանոնակարգված լինի, եւ ոչ մի բացառություն չպետք է անել:

 

Սարգսյանի թուլությունն ամեն ինչն ու ամենքին խառնելու մեջ էր: Տարօրինակ կերպով նույն կուսակցական համակարգում հայտնվեցին ինտելեկտուալ Վիգեն Սարգսյանը եւ ֆեոդալ Առաքել Մովսիսյանը, կրթված ու խոստումնալից քաղաքական գործիչներ Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Աշոտյանը եւ Սամվել Ալեքսանյանի տիպի բիզնես-տեղակալները եւ այլն: Իհարկե, կուսակցություններում լինում են տարբեր մարդիկ, սակայն քաղաքական մշակույթի հայկական առանձնահատկության դեպքում չի կարելի զուգակցել անզուգակցելին: Տարօրինակ չէ, որ մանր ֆեոդալների հակավարկանիշը տարածվեց պրոֆեսիոնալների վրա, որոնց գիտելիքները, փորձն ու հմտությունները ավելորդ չէին լինի պետականաշինության եւ ազգաշինության գործում: Մենք սովոր ենք մեզ կրթված ազգ համարել, սակայն իրականում չափազանց քիչ լուրջ կադրեր ունենք տարբեր ոլորտներում, ինչի մասին բազմիցս հայտարարել է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը (ամենաթույլ կողմը կադրերն են): Մյուս կողմից, արդեն պատրաստի կադրերի խնդիրը սեփական առաջնորդից չափից դուրս շատ կառչած լինելն է, իսկ պետական շահերին հավատարիմ լինելն արտահայտվում է այդ առաջնորդին անվերապահ նվիրվածությամբ:

 

Կոտրել այս արատավոր համակարգը եւ չորացնել հոտած ճահիճը հնարավոր է միայն լայնածավալ ինստիտուցիոնալիզացիայի շնորհիվ, երբ ազգային շահերը ստեղծվում են ոչ թե անհատների, այլ միմյանց լրացնող եւ զսպող իշխանության ճյուղերի կողմից: Ոչ մի առաջնորդ, նույնիսկ բարձր լեգիտիմություն վայելող Նիկոլ Փաշինյանը, ունակ չէ ինքնուրույն լուծել այս գերբարդ խնդիրը: Այնուամենայնիվ, հենց դրանից է կախված մեր վաղվա օրը, հետեւաբար՝ սխալվելու իրավունք այլեւս չունենք: Եթե նա, լինելով առաջնորդ, չսկսի փոխել ֆունդամենտալ երեւույթներ, ապա մենք կարող ենք ստանալ հերթական «իշխանության թակարդն» ընկած էլիտան՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: «Այո»՝ ինստիտուտներին, արժեքներին, համակարգին եւ կարգին: «Ոչ»՝ ֆեոդալներին, քաոսին եւ քաոսականությանը: Ապաքինման համար այլ դեղատոմս չկա:

 

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին