«Կեսգիշերի զավակները». հեքիաթ պետության մասին - Mediamax.am

«Կեսգիշերի զավակները». հեքիաթ պետության մասին
2364 դիտում

«Կեսգիշերի զավակները». հեքիաթ պետության մասին


Ամինա Սինայը բարձր բղավեց` «ջանըմ, ժամանակն է», Ահմեդ Սինայը կնոջը` հարեւան Հոմի Քաթրաքի ստուդըբեյքերով ծննդատուն հասցրեց, որտեղ նրանց մյուս հարեւանը` երեխաներին ատող մանկաբարձ Նարլիկարը բարեհաջող ընդունեց ծնունդը: Սալիմ Սինայը լույս աշխարհ եկավ 1946 թվականի օգոստոսի 15-ի կեսգիշերի առաջին զարկի հետ: Այդ պահին էր ծնվում նաեւ Նոր Հնդկաստանը, երբ 70 օր վերջնագիր ունեցող գաղութարար բրիտանացիներն արդեն հեռացել էին երկրից: Բայց հնդկական օրացույցի կեսգիշերն ուներ նաեւ այլ զավակներ` հազար ու մի, յուրաքանչյուրը`գերբնական ունակությամբ:  

 

«Կեսգիշերը շատ զավակներ ունի, Անկախության ոչ բոլոր պտուղներն են մարդկային: Բռնություն, կոռուպցիա, թշվառություն, գեներալներ, քաոս, ագահություն…»

 

Այդ խորհրդավոր կեսգիշերի զավակն էր նաեւ Շիվան, որ աչքերը բացեց Սալիմի հարեւանությամբ: Ու այդ կեսգիշերի ազդեցությամբ, թե խանդից կուրացած բուժքույր Մարի Պերեյրան, որ ամենեւին չէր ճանաչում նորածինների ծնողներին, փոխեց երկու երեխաների անվանացուցիչները: Մեկը, որ ուներ ջինջ կապույտ աչքեր ու մեծ քիթ, որ աղքատ ու անմայր պետք է մեծանար, ստացավ մեծ գերդաստան ու ապահովված մանկություն, իսկ մյուսը, որին էին օրենքով պատկանում առատությունն ու ընտանեկան ջերմությունը, վիճակված էր անճոռնի ու կոշտ ծնկներով աշխարհից ուժով պահանջել իր տեղը:  

 

«Քանի~-քանի իրեր, մարդիկ, հասկացություններ ենք աշխարհ բերում մեզ հետ, քանի~-քանի հնարավորություններ, նաեւ դրանց սահմանափակումները»:

 

 

Ձեզ թվաց` սովորական հնդկական սցենարով էժանագին մելոդրամա՞ է, որ Բոմբեյի կինոստուդիաները արտադրում են հարյուրներով:  Չէ, շտապեցիք ու կուլ տվեցիք հեգնական խայծը, որ Սալման Ռուշդին հրամցնում է անփորձ ընթերցողին: 

 

«Կեսգիշերի զավակները» չի սկսվում  բժիշկ Նարլիկարի ծննդատնից: Դրանից դեռ երկու տասնամյակ առաջ, երբ Հնդկաստանում քայլում ու բարոյախոսում էր Մահաթմա Գանդին, Գերմանիայում բժշկություն ուսանած Ադամ Ազիզը` Սալիմի պապը կվերադառնա Քաշմիր, հատված առ հատված կսիրահարվի կլոր անցքով սավանից մարմնի տարբեր մասերը ցուցադրող իր ամենատարօրինակ պացիենտին: Հենց այդ սավանի նեղ անցքից էլ դուրս կհորդա Ռուշդիի շարադրանքը. առասպելներ, լեգենդներ, հեքիաթներ, միֆեր, ինչպես կուզեք անվանեք, կհնչեն աղոթքներ մեկ աստծուն ու բազմաթիվ աստվածությունների, կկատարվեն գուշակություններ կեսգիշերի զավակի ճակատագրի մասին: 

 

Սալիմ Սինայի կյանքը, որը Սալման Ռուշդին նույնականացնում է եւ տեղավորում Անկախ Հնդկաստանի առաջին երեսնամյակում, նախանշվում է Ջավահարլալ Ներուի երկարամյա վարչապետությամբ, շարունակվում նրա դստեր` Ինդիրիա Գանդիիի կառավարմամբ, կոռուպցիայով, դավաճանություններով, ներքին ու արտաքին բազմաթիվ քաղաքական ցնցումներով ու սառնաշունչ լեռներ եւ ջինջ կապույտ երկինք ունեցող Քաշմիրի համար արյունալի պատերազմներով: Սա պատմություն է Սալիմ Սինայի հասունացման մասին, ու սա պատում է Հնդկաստան պետության կայացման մասին:

 

«Հնդկաստանը նոր առասպել է, համատեղ երեւակայություն, որտեղ ամեն բան հնարավոր է, հեքիաթ, որի հետ կարող են մրցել լոկ երկու ավելի հզոր առասպելներ` փողն ու Աստվածը»:

 

«Կեսգիշերի զավակները» սմբողջովին ալեգորիա է, առասպելական, մոգական ու դյութիչ հեքիաթ, մյուս կողմից`գռեհիկ, գրոտեսկային, չափազանց իրական, հետեւաբար` տգեղ: Այս երկու գրական զենքերով է Սալման Ռուշդին խաղում երեւակայության հետ, պնդում, որ «իրականությունն ու ճշմարտությունը միշտ չէ, որ համընկնում են», եւ արեւելյան հմայախոսությամբ, բույրերով ու գույներով ընթերցողին ներքաշում 500-ից ավելի էջերի կախարդական ռեալիզմի աշխարհ, որն էլ հայերեն հրաշալի է թարգմանել Արամ Արսենյանը: 

 

Ռուշդին Հնդկաստանի բաց նյարդն է: Միայն Հնդկաստանի չէ, Հարավային Ասիայի, միայն այդ տարածաշրջանի չէ, մահմեդական աշխարհի նաեւ: Իզուր չէ, որ նրա «Սատանայական բանաստեղծությունները» (1988 ) դրդեցին Իրանի հոգեւոր առաջնորդ Իմամ Խոմեյնիին գրողի հանդեպ ֆաթվա (մահապատիժ) հայտարարել: Ի հեճուկս` քեմբրիջան պատմաբանի կրթությամբ համաշխարհային ճանաչում ունեցող գրող Սալման Ռուշդին շարունակում է ստեղծագործել ու գրական հաջող գործունեությամբ զբաղվել: 2008-ին «Կեսգիշերի զավակներն» էլ նրան «Բուքերների բուքեր» է բերել: Արգելված թեմաները նա հեգնում է, հետամնացութունն ու անգրագիտությունը քամահրում, անցյալը վերլուծում մանրադիտակի տակ եւ աշխարհին հավասարապես ներկայացնում իր բազմագույն երկրի միաժամանակ սեւն ու սպիտակը:  

 

«Որպես ժողովուրդ` տարված ենք համընկումներով: Այս կամ այն` առերեւույթ իրար հետ կապ չունեցող բաների միջեւ նմանութուն գտնելիս ծափ ենք տալիս հրճվանքից: Մի տեսակ ազգային ձգտում է դեպի ձեւը, գուցե պարզապես այդ կերպ է արտահատվում մեր խոր հավատն առ այն, որ ձեւերը թաքնված են իրականության ընդերքում, եւ իմաստը բացվում է մեր առաջ սոսկ առկայծումների եւ արտացոլանքի միջոցով: Այստեղից էլ` մեր խոցելիոթյունը նախանշանների  հանդեպ»:

 

ՀԳ. Սալման Ռուշդի «Կեսգիշերի զավակները» վեպը հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը: Թարգմանությունը անգլերենից` Արամ Արսենյանի: Գինը` 6900 դրամ է, առկա է բոլոր գրախանութներում:


ՀՀԳ. Netflix-ը գնել է Ռուշդիի էպիկ առասպելը էկրանավորելու իրավունքը: Ամերիկյան մեդիահսկան «Կեսգիշերի զավակները» սերիալի կվերածի: Ի դեպ, 2015-ին նկարվել է նաեւ համանուն ֆիլմը, սցենարին օժանդակել է հեղինակը, թեպետ, ըստ իս, այնքան էլ չի ստացվել, երեւի նրա համար, որ գիրքը չափազանց լավն է:   

 

Անի Հակոբյանը լրագրող է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին