Մեր պետականության «կարմիր գծերը» - Mediamax.am

Մեր պետականության «կարմիր գծերը»
6223 դիտում

Մեր պետականության «կարմիր գծերը»


«Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»:

                                                                               

                                                                                 Մոնթե Մելքոնյան

 

Խորհրդային կայսրության փլուզումը, որն աշխարհաքաղաքական մեծ պայթյուն հրահրեց, շատ երկրների եւ ժողովուրդների վերադարձրեց սեփական քաղաքակրթական «ես»-ի որոնման հերթական շանսը: Պատմական նման գործընթացների օրինակները ցույց են տալիս, որ փոքր երկրներն ու ժողովուրդները սահմանափակ ժամանակ ունեն, որպեսզի ապացուցեն, որ կայացել են որպես կենսագործունեության ինքնուրույն սուբյեկտ: Աշխարհաքաղաքականության ականավոր տեսաբանների (Ռատցել, Հաուսհոֆեր, Չելլեն) տեսությունների համաձայն՝ կայսրությունը կազմված է փոխկապակցված եւ փոխլրացնող տարածական շրջաններից, որտեղ ծայրամասային հատվածներն այս կամ այն ձեւով գտնվում են կենտրոնի ենթակայության ներքո (միջուկ): Կայսրության դասական փլուզումը, որպես կանոն, նշանակում է ենթակայության աստիճանակարգության բեկում, երբ «ծայրամասային շրջանների» ներսում առանձին օբյեկտներ դառնում են ինքնուրույն սուբյեկտներ՝ սեփական շահերով, որոնք կարող են հակասել նախկին կենտրոնի պատկերացումներին: Սակայն կայսրության բնույթն այնպիսին է, որ ռեսուրսային բազայի հզորացմանն ու ամրապնդմանը զուգընթաց «միջուկը» միշտ ձգտում է վերստեղծել իր համար ընդունելի կառուցվածքը: Գերմանացի գիտնական Ֆրիդրիխ Ռատցելն այդ երեւույթն անվանում է «տարածական հիշողություն», որը ձեւավորում է «տարածական ընկալման» եւ «տարածական գործողությունների» որոշակի ալգորիթմ:

 

Հենց այդ ընկալումը կարող էր ստիպել Միացյալ Նահանգներին հատել «կարմիր գծերը» 1962թ. Կուբայի հրթիռային ճգնաժամի ժամանակ (խորհրդային միջուկային հրթիռների տեղակայումը Կուբայում՝ Ֆլորիդա նահանգից 780 կմ հեռավորության վրա): Անվտանգության խորհրդի արտակարգ նստաշրջանի ընթացքում Ջոն Քենեդին հստակ հայտարարեց, որ Ամերիկան չի հանդուրժի «խորհրդային հրթիռներն» իր «ետնաբակում» (եզր, որից լավ ոչինչ չէր կարող նկարագրել Ամերիկայի աշխարհաքաղաքական հարաբերություններն ու ընկալումները): Նույն կերպ Խորհրդային Միությունը վերաբերում էր արեւելյան բլոկի երկրներին, այդ իսկ պատճառով ժամանակակից Ռուսաստանը, որն այն կայսրության միջուկն էր, Լեհաստանում, Ռումինիայում եւ Մերձբալթյան երկրներում արեւմտյան ռազմական ենթակառուցվածքների ծավալումն ընկալում է որպես սեփական ազգային անվտանգության սպառնալիք: Նախկին սահմանների վերականգնումը բխում է ոչ այնքան նախկին ֆիզիկական սահմանները վերադարձնելու ընկալումներից, որքան կանխատեսելի կարմիր գծերի հաստատման անհրաժեշտությունից: Պուերտո Ռիկոն, որտեղ գերագույն իշխանությունը պատկանում է ԱՄՆ-ի Կոնգրեսին, շատ ավելի կանխատեսելի կլինի ամերիկյան «տարածական շահերի» տեսանկյունից, քան եթե լիներ ամբողջապես անկախ սուբյեկտ: Նույն կերպ Հյուսիսային Կիպրոսն Անկարայի պրոտեկտորատի ներքո անվտանգության ավելի շատ երաշխիքներ է տրամադրում տեղական թուրք բնակչությանը եւ կղզում սեփական աշխարհառազմավարական ազդեցության պահպանման համար իր քաղաքական եւ քաղաքակրթական հակառակորդ Հունաստանի հետ պայքարում:

 

Վրաստանն ու Ուկրաինան, որոնք բացահայտորեն եվրասիական աշխարհից գնում են դեպի ատլանտյանը, Ռուսաստանի շահերի տեսանկյունից իրենցից մշտական վտանգ են ներկայացնում: Եվ խնդիրը ոչ միայն այդ տարածքներում ռազմական բազաների հնարավոր տեղակայումն է, այլեւ հակադիր հայեցակարգերի, գաղափարների եւ նարատիվների: Ազդեցության ավանդական ատրիբուտների վերացումը հանգեցնում է այն հենքի ոչնչացմանը, որի հիման վրա գործում են «միջուկի» փոխհարաբերությունները ծայրամասային շրջանների հետ: Կենտրոնը սկսում է տանուլ տալ ոչ միայն պայմանականորեն թշնամական հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման պարագայում, այլեւ, երբ ակնհայտ է դառնում, որ անգլերենը սկսում է դուրս մղել ռուսերենին եւ այդ երկրների ապագա կառավարողները պատրաստվում են ոչ թե Մոսկվայի պետական համալսարանում, այլ Հարվարդում: Վերջին հաշվով «միջուկը» ստիպված է լինում հաշվի առնել իրողությունները եւ փորձել երկխոսություն հաստատել, սակայն «կարմիր գծերը» հատելիս ծայրամասային շրջանների պետությունները ստիպված կլինեն վճարել աշխարհաքաղաքական տուգանքներ, որոնց ծավալը որոշվում է խախտման աստիճանով: Երրորդ Փյունիկյան պատերազմից հետո հռոմեական Սենատը վճռեց ոչնչացնել Կարթագենը, ապստամբելու եւ ֆրանսիացի զինվորների վրա հարձակվելու համար Նապոլեոն Բոնապարտը Մադրիդը հողին հավասարեցրեց, 1812թ. պատերազմի ժամանակ տասնհինգ հնդկացիական ցեղերի եւ իսպանացիների համագործակցությունը բրիտանացիների հետ հանգեցրեց նրան, որ նախագահ Մոնրոն սկսեց Ֆլորիդան ԱՄՆ-ի կազմում ներառելու գործընթացը (այնտեղից իսպանական սպառնալիք էր գալիս), իսկ երկրի ապագա առաջնորդ Էնդրյու Ջեքսոնն արտաքսեց եւ բնաջնջեց շատ բնիկ ցեղերի:

 

Կան նաեւ «տարածական արձագանքման» ավելի թարմ օրինակներ. Ճապոնիան մինչ օրս տարբեր ձեւերով վճարում է ԱՄՆ-ին Փերլ Հարբորի համար, Վրաստանը 2008թ. պատերազմի պատճառով զրկվեց Աբխազիայից եւ Հարավային Օսիայից, իսկ ուկրաինական ճգնաժամի հետեւանքներից մեկը դարձավ Ղրիմի միացումը Ռուսաստանին: Միեւնույն ժամանակ, կան դրական օրինակներ: Իռլանդիային հաջողվեց քաղաքական գործոնով անկախ լինել Բրիտանիայից, Լեհաստանին հաջողվում է բազմամակարդակ ռազմավարական խաղ վարել՝ առաջ մղելով իր պրագմատիկ շահերը երկկողմ (ԱՄՆ) եւ բազմակողմ (ՆԱՏՕ, ԵՄ) ձեւաչափերի միջոցով, իսկ Իսրայելը, որը ձեւավորվել է Պաղեստինի մանդատը գնելու արդյունքում եւ խորհրդային իշխանությունների քաղաքական աջակցությամբ, քառասուն տարվա ընթացքում կարողացավ դառնալ տարածաշրջանային եւ գլոբալ քաղաքականության կարեւոր գործոն՝ վարպետորեն մանեւրելով Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ: Սակայն, անգամ նման դերակատարներն են ստիպված լինում որոշակի կորուստներ կրել՝ Օսթերի խնդիրն իռլանդացիների, Երուսաղեմինն ու Արեւմտյան ափինը՝ իսրայելացիների մոտ: Այդ երկրների եւ ժողովուրդների առաջնորդները գիտակցում են, որ անհրաժեշտ է իրենց մշտապես աշխարհաքաղաքական իդեալական ձեւին մոտ պահել, չէ՞ որ թուլության, միամտության կամ վստահության ցանկացած դրսեւորում կհանգեցնի անդառնալի հետեւանքների: Այդ ժողովուրդները դասեր են քաղել իրենց պատմությունից (Մեծ սովը իռլանդացիների մոտ եւ Հոլոքոստը՝ հրեաների) եւ հիանալի գիտակցում են սխալների գինը: Նրանք նաեւ լավ գիտեն հայտնի «Ռատցելի օրենքը», համաձայն որի՝ երկրային տարածության «փակվելուց» եւ աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանի ավարտից հետո պետությունների տարածքային ընդարձակումը կարող է տեղի ունենալ բացառապես խոշոր խաղացողների կողմից փոքր նշանակություն ունեցող միավորներին կլանելու եղանակով: Այսպիսով, հերքվում է փոքր պետությունների գոյության իրավունքը եւ նրանց ստրկացումը դառնում է ժամանակի եւ առիթի հարց: Երկրներն ու ժողովուրդները, որոնք ընտրել են աշխարհաքաղաքական հովանավորությունը մի կենտրոնից մյուսը տեղափոխելու չկշռադատված, կտրուկ, կարճ եւ ծեծված ճանապարհը, կրում են չարդարացված կորուստներ եւ ծախսեր, իսկ երկարաժամկետ ռազմավարությամբ առաջնորդվող ազգերը կարողացել են իրենց տեղը գտնել կոորդինատների միջազգային համակարգում:

 

Ընդ որում, կարեւոր է ընդգծել, որ հենց փոքր պետության թուլությունն ու անգործունակությունն ուժեղ կողմին հրահրող հիմնական գործոններն են: Հաջող ռազմավարություն մշակելու համար անհրաժեշտ է սահմանել սեփական «տարածական շահերը» եւ հասկանալ հնարավոր ճգնաժամային իրավիճակներում «տարածական վարքագծի» սցենարները: Հայաստանն իր ներկայիս պետական սահմաններում դարձել է ծայրամասային օբյեկտ ավելի խոշոր կայսերական վերնաշենքի ներսում: Սեփական ձախողումների եւ բացթողումների պատճառով եվրոպական մեծ տերությունները (հատկապես բոլշեւիկները) հայկական հարցը վերածեցին Թուրքիայի հետ հարաբերություններում քաղաքական մանիպուլյացիաների գործիքի: Թուրքական դիվանագիտության հաջողության արդյունքում անկախ Հայաստանից, որը պետք է ներառեր իր «բնական տարածական միավորները» (նախ եւ առաջ՝ Արեւմտյան Հայաստանի, Նախիջեւանի եւ Արցախի տարածքները), մնաց ընդամենը 29 հազար քառակուսի կիլոմետր: Ավելին, ռազմավարական մտածողության եւ երկարաժամկետ հաշվարկների բացակայության պատճառով մենք չկարողացանք ամրապնդել մեր դիրքերը Թիֆլիսում եւ Բաքվում, որտեղ քաղաքական եւ տնտեսական ազնվականության միջուկը հայերն էին: Արդյունքում մեր ազգը նոր դար մտավ ցեղասպանությունից հետո արնաքամ, «բնական տարածության» էական մասի կորստով եւ նյութատեխնիկական բազայի կործանմամբ (ո՛չ Գյուլբենկյանին, ո՛չ էլ Մանթաշովին չհաջողվեց իրենց ներուժը միավորել ազգային էթնիկական կապիտալում):

 

80-90-ականներին մենք կրկին դարձանք պատմության դաժան վրեժի վկաները, երբ հերթական քաղաքական միամտությունը շատ թանկ արժեցավ (Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի հայկական ջարդերը, «Օղակ» գործողությունը): Բարեբախտաբար, այդ բարդ շրջանում հաջողվեց ամբողջ աշխարհով մեկ համախմբել կցկտուր ռեսուրսները եւ հասնել որոշակի բեկման: Անկախ Հայաստանի ճակատագիրը 90-ականներին կախված էր Արցախի ազատագրումից, եւ թշնամու նկատմամբ տարած ռազմական հաղթանակը մեզ եւս մեկ շանս նվիրեց: Այդ հաջողությունն ընկավ ոչ միայն պետական, այլեւ ազգային ինքնության հիմքում՝ ստեղծելով նոր հայկական կերպար (հաղթանակը նշանակում է ուժի եւ կամքի դրսեւորում, եւ «դու հայ ես, ով հաղթել է եւ ազատագրել հողերը» նարատիվն ավելի գրավիչ եւ հարգված է աշխարհի ուժեղների համար, քան թե «դու հայ ես՝ ցեղասպանության զոհ, որը կորցրել է իր հողերը» նարատիվը): Հենց այդ պատճառով էլ արցախյան ուղղությունն այսօր մեզ համար «տարածական ընկալման» կարմիր գիծ է, իսկ Ստեփանակերտի եւ Երեւանի վերամիավորման անխուսափելիության նարատիվը պետք է ընկած լինի երկրի քաղաքական ղեկավարության եւ ամբողջ աշխարհում բոլոր համազգային ինստիտուտների «տարածական գործողությունների» հիմքում: Թե դա տեխնիկապես ինչպես կիրագործվի՝ երկրորդ հարցն է (իհարկե, բաց հարթակներում չքննարկվող):

 

Ընդհանուր առմամբ, այս ուղղությամբ հիմնարար առաջարկները շատ պարզ են: 

 

Առաջին՝ ձեւավորել սահմանափակ խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն անկախ Հայաստանի չորս նախագահները եւ գործող վարչապետը: Նրանք եղել են պետական սուվերենի խորհրդանիշի կրողները (այլ հարց է՝ ինչ որակի) եւ տիրապետում են որոշակի գիտելիքների եւ փորձի: Ավելին, նրանցից յուրաքանչյուրը ներկայացրել է հայկական կողմը բանակցային գործընթացներում եւ պետք է լիակատար պատասխանատվություն կրի որոշումների համար, որոնք կընդունվեն Արցախի վերաբերյալ: Այս հիմնախնդիրը ժառանգություն է փոխանցվել մի առաջնորդից մյուսին տարբեր վիճակում եւ բացարձակապես անընդունելի կլինի նման համազգային գործընթացի ամբողջ ծանրությունը թողնել առանձին ինչ-որ մեկի ուսերին: Դա մեր համահայկական սրբությունն է բառի բոլոր իմաստներով եւ նշանակություններով: 

 

Երկրորդ՝ անհրաժեշտ է գործընթացին ավելի գործնականություն հաղորդել: Ուժեղ քայլ կլիներ, եթե նախկին նախագահներն իրենց ընտանիքներով հանդերձ տեղափոխվեին Արցախ, ընդ որում, նման դեմարշը կունենար ոչ միայն ներքին, այլեւ արտաքին ուժեղ ազդեցություն: Սակայն չի կարելի սահմանափակվել միայն քաղաքական գործիչներով: Կարեւոր է, որ դրան միանան նաեւ մշակույթի, սպորտի գործիչները, գիտնականները, ամբողջ աշխարհի բազմաթիվ հայկական համայնքների հայտնի ներկայացուցիչները:

 

Երրորդ՝ հայկական յուրաքանչյուր քաղաքական եւ քաղաքացիական ուժ պետք է հստակ հայտարարի իր հավատարմությունը միացյալ եւ անբաժանելի պետականության գաղափարին, որն կներառի Արցախի Հանրապետությունը նրա սահմանադրական սահմաններում: Այսօր, ստանալով որոշակի ներքին իմունիտետ, անհրաժեշտ է վերջապես հանգել համազգային կոնսենսուսի՝ հայկական կողմը հանձնելու ոչինչ չունի: Արտաքին աշխարհի համար մենք կարող ենք ցանկացած քաղաքական թատրոն խաղալ, գլխավորը դերի մեջ չմտնելն է եւ խաղով չտարվելը: Ցանկացած կորուստ եւ ցանկացած զիջում մեզ կվերադարձնեն անդառնալի կետին, որքան էլ որ արտասահմանյան փորձագետները փորձեն մեր գլուխները մտցնել այնպիսի մերկ փաստարկներ, ինչպիսիք են՝ «կլինեն անվտանգության երաշխիքներ», «տնտեսությունը կզարգանա», «զինվորները այլեւս չեն զոհվի», «ներդրումներ կգան» եւ այլն: Այդ բոլոր մանիպուլյատիվ խոստումները մեր առաջնորդներին տվել են բրիտանացիները, ֆրանսիացիները, բոլշեւիկները, եւ, իհարկե, հետեւանքները մեզ համար հիանալի դաս են դարձել: Ուզում եմ հավատալ, որ մենք այլեւս նման միամիտ սխալներ չենք գործի:

 

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին