Ամեն ինչ նոր է սկսվում. ինչպե՞ս տանուլ չտալ եւս մեկ շանս - Mediamax.am

Ամեն ինչ նոր է սկսվում. ինչպե՞ս տանուլ չտալ եւս մեկ շանս
9482 դիտում

Ամեն ինչ նոր է սկսվում. ինչպե՞ս տանուլ չտալ եւս մեկ շանս


Դեկտեմբերի 9-ի ընտրությունները, ելնելով գործող իշխանությունների հռետորաբանությունից, պետք է «վերբեռնեն» քաղաքական գործընթացները հայկական պետականության մեջ եւ սկիզբ դնեն նոր, հետխորհրդային տարածքի համար անսովոր իրողությունների: Այլ կերպ ասած՝ թափանցիկ եւ արդար ընտրությունները՝ որպես «թավշյա հեղափոխության» գլխավոր գործիք, պետք է արմատական փոփոխությունների մեկնակետ դառնան հայկական հասարակության զարգացման ճանապարհին: Այս խնդիրը ոչ միայն արդարացված է, այլեւ զարգացման պատմական այս ժամանակահատվածում այլընտրանք չունի Հայաստանի՝ որպես միջազգային կենսագործունեության սուբյեկտի համար: 

 

Սակայն նման վերափոխումները հնարավոր են միայն երկարաժամկետ ռազմավարական նպատակին՝ ազգի (ազգ-հանրույթից վերափոխվել քաղաքական ազգի) եւ պետության (ինքնիշխան սուբյեկտայնության գոնե մասնակի վերականգնում) կառուցմանը հասնելու սկզբունքային մոտեցումների փոփոխության պարագայում: Առաջին կարեւոր քայլն արված է՝ փոխված է հոգեբանական մթնոլորտը, եւ այժմ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի եւ այս կամ այն հայկական համայնքի ներկայացուցիչ հավատում է վաղվա լավ օրվան եւ գիտակցում է իր դերը այդ օրը մոտեցնելու հարցում: Հենց դա է մարտ-ապրիլ ամիսների իրադարձությունների գլխավոր մետաֆիզիկական ձեռքբերումը:

 

Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքականությունը եւ իշխանությունը չափազանց յուրահատուկ սուբստանցիաներ են, որոնք ունակ են փոխելու ոչ միայն մարդկանց, այլեւ ետ շրջելու ամենախիզախ ձեռնարկումները: Դժվար թե Մաքսիմիլիան Ռոբեսպիերը՝ ֆրանսիական հեղափոխության հայրերից մեկը, պատկերացներ, որ մի օր հենց ինքը կհայտնվի այն նույն էշաֆոտին, որտեղ ուղարկել էր իր ատելի Լյուդովիկոս XVI թագավորին եւ նրա կնոջը՝ Մարի Անտուանետին: Նույն կերպ Ժան Պոլ Բարասը չէր էլ կարող ենթադրել, որ երիտասարդ բրիգադային գեներալ Նապոլեոն Բոնապարտը, ում ինքն էր նշանակել «ռոյալիստների» խռովությունը ճնշելու (Վանդեմերյան խռովություն) եւ հեղափոխությունը փրկելու համար, ինչ-որ ժամանակ անց կգլխավորեր Դիրեկտորիայի ուժային ցրումը, կստանար «Ցմահ կոնսուլի» կարգավիճակ եւ հետագայում Հռոմի Պապի կողմից կթագադրվեր որպես Ֆրանսիայի կայսր: 

 

Նման սցենարների օրինակները բավականին շատ են՝ սկսած ԽՍՀՄ-ից (Լենին-Ստալին) մինչեւ Կուբա (Կաստրո եղբայրներ): Այն ժամանակներից ի վեր իշխանության բնույթը չի փոխվել. այն միշտ ծնել է, ծնում է եւ կծնի գայթակղություններով լի նեխած ճահիճ, որոնցից գլխավորը բարու եւ չարի մասին սեփական սուբյեկտիվ պատկերացումների հիման վրա ճակատագրեր կառավարելու հնարավորությունն է: Հենց այդ գայթակղությունն է դեպի պատմության աղբանոց նետել տարբեր դարաշրջանների մեծագույն շատ անհատների:

 

Հին ռեժիմային համակարգերը կոտրելու գործընթացում սխալներն ու բացթողումներն անխուսափելի են: Սակայն պետք է դրանք հստակորեն տարանջատել ուղղելիների (կենցաղային եւ տեխնիկական) եւ անուղղելիների (հիմնարար): «Իշխանության թակարդում» հայտնվելուց խուսափելու համար անհրաժեշտ է անցում կատարել «թավշյա հեղափոխության» արդյունքների համակարգայնացմանը: Այսօր աշխարհը Ջորջ Վաշինգտոնին ճանաչում եւ հիշում է որպես Միացյալ Նահանգների հիմնադիր հոր, հանուն ազատության մարտնչած մեծագույն մարտիկի եւ բռնապետության ոխերիմ թշնամու: Սակայն շատ քչերը, անգամ Ամերիկայում, գիտեն, որ ազատարարի փառքն այնպես էր խամրեցրել գեներալ Վաշինգտոնի բանականությունը, որ նա դեմ չէր դառնալ նոր թագավոր: Դա տեղի չունեցավ միայն այն պատճառով, որ ազնվականության մյուս մասը՝ Մեդիսոնը, Ֆրանկլինը, Ջեֆերսոնը, ընդդիմանում էին որեւէ անհատի կամ քաղաքական ուժի միահեծան իշխանության ցանկացած գաղափարի: Ջեյմս Մեդիսոնը՝ ամերիկյան Սահմանադրության գլխավոր ճարտարապետը, գտնում էր, որ մեկ պետական մարմնում ներդաշնակ համագոյակցման համար կազմակերպված փոքրամասնությունը եւ անկազմակերպ մեծամասնությունը պետք է ձեւավորեն կառավարման հավասարակշռված համակարգ («զսպումների եւ հակակշիռների» սկզբունք):

 

Նա գտնում էր, որ ժողովրդական մեծամասնությունը, որին հաճախ շարժում են չափից դուրս սիրո եւ ատելության զգացմունքները, կարող է գալիք սերունդների համար ճակատագրական սխալներ գործել: Այսպես, Վաշինգտոնի ժողովրդականության եւ փառքի ալիքի վրա ժողովուրդը (մեծամասնությունը) կպաշտպաներ նրա ցանկությունը, եթե նա արհամարհեր իր շրջապատի (փոքրամասնության) փաստարկները նման քայլի հետեւանքների վերաբերյալ: Այս օրինակը շատ կարեւոր է՝ հաշվի առնելով, որ այսօր Հայաստանում ձեւավորվել է լեգիտիմ իշխանություն, որը վայելում է երկրի քաղաքացիների համընդհանուր վստահությունն ու աջակցությունը: Նման պարագայում ժողովուրդը ոչ միայն արտահայտել է իր համակրանքն ու վստահությունը Նիկոլ Փաշինյանին եւ «Իմ քայլը» դաշինքին, այլեւ օժտել է բարեփոխումներ եւ արմատական փոփոխություններ անելու համապատասխան մանդատով: Այժմ նրանք պետք է իմաստուն կերպով եւ ռազմավարորեն տնօրինեն այդ կապիտալը: Պայմանական «Վաշինգտոնի ճանապարհը» նոր առաջնորդին պետք է բերի պետական ինստիտուտների եւ իշխանության ճյուղերի կառուցման ուղու վրա, որոնք, մի կողմից, կփոխլրացնեն եւ կհզորացնեն միմյանց, իսկ մյուս կողմից՝ կզսպեն իշխանությունը մենաշնորհայնացնելու գայթակղությունը: Մենք վերջապես պետք է դեպի «անձնային» գործոնը կողմնորոշված կառավարման մոդելից անցում կատարենք ինստիտուցիոնալ համակարգային կանոնակարգմանը: 

 

Հայ ժողովրդի շատ դժբախտություններ կապված են եղել նրա հետ, որ պետության եւ ազգի ճակատագիրը կախված է եղել մեկ անձի որոշումից, ում շուրջը ձեւավորվել է ոչ թե ազգային ազնվականություն, այլ կատարողների չինովնիկական սպասակազմ: Այս փուլում, երբ նախկին ուժերը դուրս մնացին քաղաքական խաղից, իսկ «Իմ քայլը» դաշինքը մեծամասնություն ստացավ, անհրաժեշտ է հավասարակշռել հարաբերությունները «Կառավարության» եւ «Խորհրդարանի», «Կառավարության» եւ «Նախագահի», «Կառավարության» եւ «Դատարանների» միջեւ եւ այլն: Հատկապես կարեւոր է ամրապնդել նախագահական ինստիտուտը, որն այսօր գլխավորում է Արմեն Սարգսյանը, որը հսկայական փորձ եւ միջազգային կապեր ունեցող քաղաքական գործիչ է: Վերջիններս անհրաժեշտ է օգտագործել քաղաքական, տնտեսական եւ ռազմա-տեխնիկական բնույթի լայն շրջանակի հարցերի լուծման համար: Հենց Արմեն Սարգսյանը, որը նույնպես կարեւոր դրական դեր խաղաց «թավշյա հեղափոխության»  ընթացքում, կարող է դառնալ այն բանալին, որը Հայաստանի համար կբացի գլոբալ աշխարհի անհրաժեշտ դռները: Ընդհանուր առմամբ, «զսպումների եւ հակակշիռների» համակարգի ձեւավորումը՝ նախորդ «էլիտաների» կողմից սեփական իշխանությունը պահելու նպատակով նախաձեռնված Սահմանադրության եւ սուպերվարչապետական մոդելի փոփոխման ճանապարհով, օբյեկտիվորեն բխում է պետության երկարաժամկետ ազգային շահերից: 

 

Ֆրանսիացի փիլիսոփա Ալեքսիս դը Թոքվիլին է պատկանում հետեւյալ միտքը, որը հիանալի կերպով համապատասխանում է ժողովրդավարության եւ միահեծանության մասին դատողություններին. «Միահեծան կառավարման հակումն ուղիղ համեմատական է սեփական երկրի նկատմամբ արհամարհանքին»:

 

Հաջորդ քայլը՝ գլոբալ հայկական ռեսուրսների ցուցակագրումն է (ինվենտարիզացիան): Ակնհայտ է, որ տնտեսական եւ ռազմա-տեխնիկական հզորության ամրապնդման համար պետությանն անհրաժեշտ են համապատասխան որակական եւ քանակական ռեսուրսներ: Հայաստանին մեծ սուբյեկտայնություն եւ ինքնուրույնություն հաղորդելու համար անհրաժեշտ է, որ ազգային եւ արտաքին ռեսուրսների ազդեցության համամասնությունը լինի գոնե 40/60: Ազգային ռեսուրսներ ասելով՝ ի նկատի ունեմ եմ գլոբալ հայկական էթնիկական կապիտալի կուտակումը՝ նյութական (գլոբալ ազգային ֆինանսական բուրժուազիան. Քենեդիներ՝ իռլանդացիներ, Վան Ռենսելերներ՝ հոլանդացիներ, Ռոտշիլդներ՝ հրեաներ), մարդկային (տարբեր ոլորտների եւ ճյուղերի տաղանդավոր եւ կրթված մասնագետներ): Այս երկու ենթաշերտերը Հայաստանի համար միջազգային ասպարեզում իսկական համազգային վահան եւ պետականության որակական հզորացման շարժիչ ուժ կդառնան: Եվ վերջապես, ռազմավարական հայրենադարձությունը, որը կոչված է մեծացնելու Հայաստանի քանակական ներուժը: Ակնհայտ է, որ երկու միլիոն բնակչություն ունեցող երկիրը չի կարողանա արդյունավետորեն արձագանքել եւ հակադարձել ներքին (տնտեսություն, շուկա) եւ արտաքին մարտահրավերներին:

 

Զանգվածային վերադարձը դեպի Հայաստան նաեւ յուրատեսակ քաղաքակրթական պատվաստանյութ կդառնա: Էթնիկական առումով երկիրը կմնա մոնոէթնիկ, սակայն արտաքին աշխարհից եկած յուրաքանչյուր հայրենադարձ հանդիսանում է իր բնակության երկրի մշակութային ատրիբուտների (մտածելակերպ, լեզու, կրթություն) կրողը, ինչն էապես կամրապնդի ազգային եւ պետական դիմադրողականությունը: Հասկանալի է, որ առանձնացված ուղղություներից յուրաքանչյուրը պահանջում է մանրակրկիտ ցուցակագրում եւ մշակում, սակայն ժամանակակից տեխնոլոգիաները եւ պայմանները թույլ են տալիս նախապատրաստական անհրաժեշտ միջոցառումներն իրականացնել սեղմ ժամկետներում: Երկրի քաղաքացիները եւս չպետք է պասիվ դիտորդների դեր կատարեն՝ իշխանությունից հրաշքներ սպասելով: Քաղաքական գործիչներին կառավարման մանդատ տալը եւ լավագույն ապագայի սպասման ռեժիմին անցնելը ճանապարհ է դեպի ոչ մի տեղ: Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրը գիտակցի իր պատասխանատվության աստիճանը ոչ միայն իր մերձավոր շրջապատի (ընտանիք, ընկերներ), այլ նաեւ հասարակության (մեր, մենք) եւ պետության առջեւ:         

 

Ազգի եւ պետության կառուցումը բոլորիցս պահանջում է ուշադրություն, փոխըմբռնում, փոխադարձ հարգանք եւ որոշակի անձնազոհություն (սեփական եսը՝ հանուն ընդհանուրի): Մենք հին ազգ ենք, սակայն միայն հիմա ենք առաջին քայլերն անում որպես ազգ քաղաքական հասունացման ճանապարհին: Ժամանակն է, որ հասունանանք եւ ամրանանք: Փոփոխվող աշխարհում գոյության այլ շանս չի լինելու:

 

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին