Ավտովթարից հետո, կամ ապրե'ք, քանի դեռ ուշ չէ - Mediamax.am

Ավտովթարից հետո, կամ ապրե'ք, քանի դեռ ուշ չէ
9486 դիտում

Ավտովթարից հետո, կամ ապրե'ք, քանի դեռ ուշ չէ


Այդ օրը ե՛ս պիտի տղայիս վերցնեի դպրոցից: Գործերս չէի հասցնում, ինքս ինձ փնթփնթում էի, թե էլի ամեն ինչ կիսատ մնաց: Հեռախոսից աչք չկտրելով՝մտա վերելակ: Ով գիտի, հարեւաններին էլ չնկատեցի, որ մարդավարի բարեւ տամ: Նստեցի մեքենան. զանգ՝ զանգի հետեւից: Սկսեցի արագ-արագ ինչ-որ բաներ համակարգել, կազմակերպել, ճշտել, որ պիտի անեի վաղը, մյուս օրը, հետո, ավելի ուշ: Հասա Եղվարդի խճուղի: Ու մեկ էլ տեսնեմ`մարդիկ են կուտակվել փողոցում, մեքենաներն էլ առաջ չեն գնում: Ես էլ դանդաղեցրի ընթացքս`սրտնեղելով, թե «ժամանա՞կ եք գտել հավաքվելու. ուշանում եմ»:  Հայացքս ընկավ մայթեզրին ու սառեցի: Երեւի 40-ի մոտ տղամարդ էր`սիզամարգին ընկած:  Մահացել էր: Ավտովթարից էր մահացել:

Այդ մարդը երեւի բոլորիս պես առավոտյան առանց ժպիտի ու գոհունակության արթնացել էր, մի բաժակ սուրճը ոտքի վրա խմել, ջղայնացել, որ կինը շատ հարցեր է տալիս, երեխաների վրա զայրանալով նստեցրել մեքենան՝ բղավելով, թե «ուշանում ենք, արագացրե'ք», ամբողջ ճանապարհին ասել էր՝ «բարձր մի' խոսեք, մի' կռվեք, անգիրը կրկնե'ք, հարցեր մի' տվեք, լռե'ք. հեռախոսով եմ խոսում, արագացրե'ք... արագացրե'ք... արագացրե'ք»:  Հետո երեխաներին ուղարկել էր դպրոց, նորից նստել մեքենան, մեկ էլ աղջիկը վազելով հետ էր եկել, թե «պա՜պ, մոռացա՝ քեզ պաչիկ անեմ»: Ու հայրը, հաստատ, բարկացել էր, թե «ժամանա՞կ գտար, ա'յ բալես, տեսնում ես՝ ուշանում եմ»: Հետո նորից նստել էր ղեկին, հեռախոսն ականջից չկտրելով, ընթացքում էլ իրենից քիչ տարբերվող մյուս վարորդներին հայհոյելով՝ հասել էր աշխատավայր, գործընկերոջը կեսբերան բարեւ տալով`մտել էր աշխատասենյակ ու սկսել պատասխանել նամակներին, հետո ֆեյսբուքում թերթել սրա-նրա կյանքի էջերը, քմծիծաղ տվել, մեկի նկարը՝ սրտանց, մյուսինը՝ հարկադրված, երրորդինը՝քամահրանքով «լայքել» ու նորից անցել գործի: Հետո երեւի ժողովի էր գնացել ու ընթացքում հաստատ մի քանի վայրկյան հիշել դստերը, նեղվել, բայց նույն վայրկյանին մոռացել, որովհետեւ նոր հանձնարարություն էր ստացել:

Հետո`նոր հանդիպումներ, նոր ժողովներ, նոր լայքեր, նոր մրցակիցներ, նոր թշնամիներ, նոր պարտություններ, նոր հաղթանակներ, նոր վեճեր, նոր հաշտություններ... Իսկ օրվա ավարտին`8-10 բաց թողած զանգ`ընտանիքից:

Վթարից մի քանի րոպե առաջ էլ, ով գիտե, գուցե հերթական հանդիպմանն էր շտապում: Ու գուցե մտքում կռվում էր հին ընկերոջ հետ, որից խռոված էր: Կամ հիշում էր մեկին, որին չէր կարողանում ներել: Կամ մտքին եկել էր այն երրորդը, որին ինքն էր ցավեցրել, բայց չէր կարողանում ներողություն ասել կամ այն չորրորդը, որին այդպես էլ շնորհակալություն չէր ասել կամ չէր օգնել, երբ կարող էր, կամ հինգերորդը, որից օգնություն էր ակնկալել ու չէր ստացել:

Ու երեւի հենց այդ պահին հեռախոսին զանգ է եկել: Գուցե մայրն է եղել զանգողը: Հաստատ անջատել է, կամ էլ արագ պատասխանել`«եթե շտապ չի, մա'մ, մի քիչ հետո կզանգեմ»:

Բայց մի քիչ հետոն այլեւս չկար: Մի քիչ հետո ոչինչ չկար: Մի քիչ հետոն գոյություն չունեցող հավիտենություն էր, որի կողքով մարդիկ անցնում էին նույնքան անտարբեր, որքան ինքը`հինգ րոպե առաջ:

Ապրե'ք, քանի դեռ ուշ չէ, սիրե'ք, քանի դեռ ապրում եք, ներե'ք, քանի դեռ դրա իմաստը չի կորել, ներողություն ասեք, քանի դեռ դրան սպասող կա, օգնեք, քանի դեռ կարող եք: Ու շնորհակալ եղեք, շնորհակալ, որ ապրում եք:

Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի մի շարք առաջատար ԶԼՄ-ներում։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





«Մեզ մենակ մի՛ թողեք»
Մեր ընտրանին