Մհեր Դավոյանի դասը - Mediamax.am

Մհեր Դավոյանի դասը
4210 դիտում

Մհեր Դավոյանի դասը


1999-2000 թվականներին աշխատում էի «Նորաթերթ»-ում, որի գլխավոր խմբագիրը երջանկահիշատակ Մհեր Դավոյանն էր՝ իմ առաջին խմբագիրը։

 

Այդ տարիներին մեկը մյուսից  աղմկոտ դատավարություններ էին ընթանում՝ Արմեն Տեր-Սահակյանի, Արծրուն Մարգարյանի գործերը, հետո պետք է սկսվեր Վանո Սիրադեղյանինը։ Թեեւ սկսնակ էի, բայց ինձ վստահվել էր լուսաբանել այդ դատավարությունները։ Շատ մեծ պատասխանատվությամբ էի մոտենում գործին, ուշադիր ու հետաքրքրությամբ հետեւում էի, թե ինչպես են աշխատում ավելի փորձառու գործընկերներս: Նրանցից, հատկապես՝ «Նոյյան Տապան» գործակալության թղթակից Սոնա Մաշուրյանից շատ բան էի սովորում, իսկ պայուսակիս մեջ Քրեական դատավարության օրենսգիրքն էր, որը, ինչպես կատակում էր Մհերը, այդ ընթացքում  պետք է դառնար իմ Աստվածաշունչը։

 

Դատավարություններից մեկը լուսաբանելու ընթացքում տեղեկացել էի մեկ այլ գործով կարեւոր եւ հայտնի վկայի ներգրավման մասին։ Ունեի երկու աղբյուր, որոնք հաստատել էին ինֆորմացիան, բայց ցանկանում էին անանուն մնալ։ Քանի որ ինքս էլ վստահ էի լուրի հավաստիության մեջ, պատրաստեցի նյութը, տարա Մհերին։ 

 

Կարդաց, հարցրեց՝ քանի՞ աղբյուր է հաստատում։ Նշեցի։ Զարմանքս մեծ էր, երբ ասաց, որ հրաժարվում է  հրապարակել։ Բացատրեց, որ  նման նյութ հրապարակելու համար երկու աղբյուրը բավարար չէ, պետք է երեք՝ միմյանցից անկախ աղբյուր։ Հակադրվեցի՝ վկայակոչելով  բուհում ստացած գիտելիքներս, թե երկուսն էլ է բավարար։ Ժպտաց, ասաց, այո, երբեմն կարելի է երկու, բայց «երկու ծանրակշիռ աղբյուր», ապա ավելացրեց՝ «իսկ քոնը այդպիսին չէ. կբերես երրորդը՝ կտպեմ»։

 

Հուսահատված դուրս եկա Մհերի մոտից: Գիտեի, որ դժվար կամ գրեթե անհնար կլինի երրորդ աղբյուր գտնելը, առանց այդ էլ երկրորդին մեծ ջանքերի գնով էի գտել։  Լրագրողների սենյակում ավելի փորձառու գործընկերուհուս պատմեցի Մհերի հետ մեր զրույցի մասին։ Առաջարկեց ինֆորմացիան հրապարակել մեկ այլ թերթում, ասաց, որ «զիլ լուր է», հաճույքով կվերցնեն ու դեռ բարձր հոնորար կտան, իսկ Մհերն էլ երեք աղբյուրի հարցում չափազանցրել է։ Ոգեւորվեցի։ Պայմանավորվեցինք, որ հաջորդ օրը միասին կգնանք իր առաջարկած թերթի խմբագրի մոտ։ 

 

Բայց առավոտյան զանգեցի գործընկերուհուս, ներողություն խնդրեցի ու ասացի, որ ամեն դեպքում որոշել եմ գտնել երրորդ աղբյուրը… Խոստովանեմ, որ դա ինձ հաջողվեց միայն երկու թե երեք օրվա քրտնաջան որոնումներից հետո։ Երբ ունեցա երրորդի հաստատումը, հայտնեցի Մհերին։  

 

Հաջորդ օրը նյութը տպվեց թերթի առաջին էջում։ Այն ժամանակ այսքան առցանց լրատվամիջոցներ չկային, որ արտատպեին թերթերի հրապարակումները, բայց հեռուստաալիքները «Մամուլի տեսություններ» ունեին, ու ամբողջ օրը կարդում էին մեր նյութը՝ հղում անելով թերթին։ Նույնիսկ անհանգստանում էի, իսկ եթե հանկարծ տեղեկատվությունը չհաստատվի… Բայց մի քանի օր չանցած՝ լուրը հաստատվեց։ Ուրախությանս սահման չկար։ 

 

Հիշում եմ, երբ գնացի հոնորար ստանալու, հաշվապահը տարակուսած ասաց, որ այդպես էլ չի հասկանում Մհերին․ ինչպե՞ս  կարելի է մի քանի տող նյութի համար այդքան բարձր հոնորար գրել, իսկ փորձառու լրագրողների էջանոց նյութերի համար՝ դրա կեսի կեսը։ 

 

Երբ Մհերին հարցրի, թե ինչու էր իր համար այդքան կարեւոր երրորդ աղբյուրը, չէ՞ որ անգամ երկուսի պարագայում համոզված էի, որ լուրը ճիշտ է, ասաց, որ մեր գործում շատ հեշտ է մարդկանց վնասելը, իսկ սկանդալային ինֆորմացիան, որքան էլ որ հետաքրքիր լինի եւ ընթերցող գրավի, այս դեպքում այդ գինը չարժե։ Բացի այդ, կարող են պարզապես լրագրողին, այն էլ սկսնակ, մանիպուլյացիայի ենթարկել եւ նրա ձեռքով փորձեն կրակից շագանակներ հանել, այդ դեպքում էլ տուժելու է թերթի հեղինակությունը։

 

Սա այն արժեքավոր դասերից մեկն էր, որ իմ լրագրողական գործունեության սկզբին ստացել եմ իմ առաջին խմբագրից։ Ու հիմա, երբ կարդում եմ նյութեր, որոնք հղում են անում անանուն կամ «հավաստի» աղբյուրներին, մտածում եմ, արդյո՞ք հրապարակելուց առաջ խմբագիրը տվել է Մհերի հարցը…

 

Զոյա Բարսեղյանը լրագրող է, ներկայում ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատարն է: 

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին