Առանց սխալվելու իրավունքի. քաղաքական հայի խիղճը - Mediamax.am

Առանց սխալվելու իրավունքի. քաղաքական հայի խիղճը
44292 դիտում

Առանց սխալվելու իրավունքի. քաղաքական հայի խիղճը


Ընդունված է համարել, որ հեղափոխությունը երկրի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական պատկերը փոխելու գործիք է: Անցումային իշխանությունը, որը խորհրդանշում է անցյալի եւ ապագայի միջեւ միջանկյալ տիրույթ, զբաղված է իր նախորդների կողմից թողած քաղաքական ճահիճը չորացնելու գործով: Հայաստանի դեպքում խոսք չի կարող գնալ դասական հեղափոխական իրավիճակի մասին, քանի որ հին «էլիտաները» ոչ միայն փրկվեցին եւ պահպանեցին անչափ կարեւոր խորհրդարանական մեծամասնությունը, այլեւ պատրաստ են վճռական գործողությունների: Զուգահեռաբար խորանում են հակասությունները նոր վստահ էլիտաների եւ հայոց պետականության ապագայի վերաբերյալ սեփական պատկերացումներն ունեցող նեղ արմատական խմբերի միջեւ: Չեն բացառվում նաեւ անցումային կառավարության պառակտման սցենարները, ինչը կհանգեցնի ներքին քաղաքական ճգնաժամի կոնֆիգուրացիայի կտրուկ փոփոխությունների: Տարբեր խմբերի շահերի բախումը կընթանա փոփոխական հաջողությամբ, ընդհուպ մինչեւ նոր ընտրությունները, որոնց արդյունքները կդառնան նոր լեգիտիմ իրականություն:

Ներկայիս իրավիճակը, որի արդյունքում հանրապետության քաղաքացիների տարբեր շերտերը եւ սփյուռքի խմբերը բաժանվել են նեղ քաղաքական ճամբարների, հանդիսանում է մի շարք կարեւոր համազգային խնդիրների վառ ապացույցը: Այդ խնդիրները կապված են այնպիսի բարդ հասկացությունների հետ, ինչպիսիք են պետությունը եւ ազգը: Լայն շրջանակները, գտնվելով պառակտված մասնավոր խմբերի սուբյեկտիվ ռմբակոծության ներքո, մեղավորներ են փնտրում ի դեմս առանձին պաշտոնյաների կամ կուսակցությունների:

Իմ խորին համոզմամբ, ավելի քան երեք հազար տարվա վաղեմություն ունեցող չլուծված խորքային խնդիրների պատճառը Սերժ Սարգսյանը չէր: Ավելին, անկախ Հայաստանի օրոք իշխանության եկած պաշտոնյաները հայոց աշխարհի պատմական, հոգեբանական եւ աշխարհայացքային ճգնաժամի արգասիքն են: Մեկ այլ ծայրահեղություն են հանդիսանում մարդիկ, ովքեր հավատում են, որ Նիկոլ Փաշինյանը կարճ ժամանակահատվածում ամբողջովին կփոխի մեր համազգային եւ պետական պատկերը:

Այս ծայրահեղությունների պայքարը լուրջ սպառնալիք է ազգաշինության համար, քանի որ այն ոմանց հանդեպ ծնում է մոլի սեր, իսկ մյուսների հանդեպ՝ դաժան անհանդուրժողականություն: Հենց այդ զգացմունքներն են, որ հազարամյակներ շարունակ մթագնել են հայ ժողովրդի մտքերն ու սրտերը՝ շեղելով մեզ մեր քաղաքակրթական առաքելությունից եւ ռազմավարական երկարաժամկետ շահերից:

Ներկայիս հեղափոխությունը չպետք է խրվի փոքր քաղաքական ճահիճների մեջ: Այն պետք է ձեւավորի հայկական աշխարհի արժեքային բազան եւ պատասխանի երկու հիմնական հարցի. «Ո՞վ ենք մենք: Որո՞նք են մեր ազգային շահերը»: Այլ կերպ ասած, մենք փնտրում ենք հայկական բանականությունը, որը կբացի մեր ազգի քաղաքական ծննդավայրի՝ Մեծ Հայքի անկումից հետո փակված դռները:

Եվ այսպես, ինչպես ենք սահմանում «հայ» եզրույթը: Ի՞նչ իմաստ մենք փորձում գտնել նրա մեջ: Ի սկզբանե հայերը ձեւավորվել են որպես քաղաքական ազգ, որը հավաքում եւ ձուլում էր պառակտված ցեղերին: Խաղալով կայսերական ինստիտուտի քաղաքակրթական դերը, հայերը ստեղծեցին ոչ միայն նյութական, այլեւ մետաֆիզիկական բարիքներ՝ ստեղծարար գրոհի գաղափարախոսությունը:

Այդ պատմական ժամանակահատվածում Տիգրան Մեծը, Ալեքսանդր Մակեդոնացուց ոգեշնչված բարեփոխիչ լինելով, գրավված տարածքներում բռնի ձուլման քաղաքականություն չի վարել: Հայերի ստեղծարար ներուժը, որպես ազգ-կորիզ, ինքնին ստեղծել էր ձուլման կաթսա, որի մեջ լուծվում էին Մերձավոր Արեւելքի եւ Փոքր Ասիայի հարյուրավոր ժողովուրդներ: Պետական եւ ազգային կառույցի հետագիծը սահմանվել էր ճիշտ ուղղությամբ, սակայն կայսրության արագացված (պատմական չափանիշներով) վասալացումը եւ էլիտայի ներսում տեղի ունեցող ընդհարումները արգելակեցին գործընթացը: Ազգային ուժերի վերախմբավորում տեղի չունեցավ, եւ կայսրությունը չկարողացավ վերականգնել սովորական արագությունը: Այն փոխարինեցին նոր ձեւերը՝ գրոհի գաղափարախոսությունից դեպի ֆիզիկական գոյատեւման ռեժիմ անցում կատարած անջատ թագավորությունների տեսքով:

Քրիստոնեությունն էլ իր հերթին փաթաթեց պետությունը կրոնական վերմակի մեջ, որը, մի կողմից, ամբողջությամբ դուրս մղեց ժողովրդին քաղաքական շավիղից, իսկ մյուս կողմից՝ թույլ տվեց էթնոսին գոյատեւել օտար միջավայրերում:

Հայկական էլիտայի ներսում ընթացող մասնակի քաղաքացիական պատերազմը, որը պառակտեց ազգը, սկսվեց այն ժամանակ, երբ ազգային ազնվականության մի մասը սկսեց պայքարել սեփական պետության դեմ, անցնելով արտաքին ուժի կողմը: Այս պատմության մեջ պետականության գլխավոր շարժիչ ուժը՝ հայ քաղաքական ինքնությունը սարսափելի պարտություն կրեց: Կրոնը ազգաշինության գործում չափազանց կարեւոր տարր է: Ճիշտ ընտրված բանաձեւի դեպքում այն կարող է դառնալ հզոր գործիք: Կաթոլիկությունն օգնեց իռլանդացիներին եւ լեհերին ոչ միայն պահպանել իրենց ազգային ինքնությունը ճգնաժամերի ընթացքում, այլեւ դարձավ հանուն Իռլանդիայի եւ Լեհաստանի քաղաքական անկախության մղվող պայքարի հենասյունը: Պուրիտանական ուսմունքը դարձավ ամերիկյան ժողովրդի փիլիսոփայական հենասյունը եւ հիմք դարձավ բացառիկության պետական հայեցակարգի համար («Ակնհայտ նախասահմանում», «Աստծո քաղաքը բլրի վրա»): Հուդայականությունը ոչ պակաս կարեւոր դեր խաղաց Իսրայելի կառուցման գործում, իսկ Ուղղափառությունը ռուսական կայսերական քաղաքական մտքի հենց կենտրոնում էր գտնվում:

Քաղաքական ինքնության ձեւավորման վրա կրոնական ազդեցության վտանգը մշտական խոնարհության ուսմունքի մեջ է: Պետությունը ազգի անձեռնմխելիությունն է, որը պետք է պատրաստ լինի ցանկացած ցնցումների: Ազգը երբեք չպետք է խոնարհություն ցուցաբերի այն իրողությունների նկատմամբ, որոնք ձեռնտու չեն իրեն: Ազգը չի կարող առաջնորդվել այնպիսի ոչ պետական հասկացություններով, ինչպիսիք են ճակատագիրը եւ արդարությունը: Մեծ գլոբալ պետական գործիչները` Նապոլեոն Բոնապարտը, Օտտո Ֆոն Բիսմարկը եւ Ջորջ Վաշինգտոնը հավատում էին, որ Աստված հովանավորում է միայն ուժեղներին եւ նպատակասլացներին, իսկ թույլերը եւ ենթարկվողները նրա  Արքայության մեջ տեղ չունեն: Հուդայականությունը հրեա ազգին տալիս է Աստծո կողմից ընտրյալ լինելու կարգավիճակը, իռլանդական կաթոլիկությունը կլանել է իր մեջ  կելտական մարտական ավանդույթները, իսկ ամերիկյան բողոքականությունը սովորեցնում է մարդկանց լինել ուժեղ, հարուստ եւ պատասխանատվություն կրել սեփական անձի, ընտանիքի եւ պետության համար:

Մեր քրիստոնեական մոդելն ունի իր առանձնահատկությունները: Մի կողմից, մենք իրավամբ հայկականացնում ենք կրոնը ( «Հայ Առաքելական», «Հայ կաթոլիկ», «Հայ բողոքական»), իսկ մյուս կողմից `մեր եկեղեցական ինստիտուտին պակասում է քաղաքական համարձակությունը եւ հարձակողականությունը: Այն ընացքում, երբ հայերին է վերադառնում քաղաքական եւ պետական ինքնությունը, քրիստոնեությունը պետք է կարեւոր դեր խաղա եւ իրեն դրսեւորի որպես ուժեղ տարր, որն առաջնորդվում է Աստծո կողմից, պաշտպանում է Հայաստանի եւ հայոց աշխարհի շահերը: Հենց այսպիսի կրոնական կաղապարին պետք է ձգտեն մեր ծնկները, որոնք շատ դարեր առաջ կորսվել են: Կրոնի եւ եկեղեցու խնդիրն է վերահսկել ազգի ամենօրյա հոգեւոր վիճակը, ճգնաժամային եւ բեկումնային ժամանակաշրջաններում նրանք պետք է համազգային հոգեթերապեւտի դեր ստանձնեն: Այսպիսով, քաղաքական հայը պետականամետ է, նա ճանաչում է ուժեղ, հարձակողական եւ անմահ կրոնը, որը մուտք չի գործում իշխանության եւ բյուրոկրատիայի երկրային եւ նյութական միջանցքներ:

Պետական ինքնության մեկ այլ տարր է հոգեբանական վիճակը: Այսօր հայոց աշխարհում ձեւավորվել է երկու բնութագիր `ցեղասպանության զոհերի ժառանգներ եւ անկախ Հայաստանի դրոշը տանողներ եւ Արցախյան ազատամարտի հաղթողներ:

Ցեղասպանությունը իր բնական ծննդավայրում վեց դար շարունակ կրոնական փոքրամասնության կարգավիճակում ապրած ազգի հոգեբանական ճաքի հետեւանք է: Եկեք հիշենք, որ բյուզանդական քաղաքական կոդն ընդունած էթնիկ հայերի իշխանության օրոք Կոստանդնուպոլիսը մեծամտորեն ընկալում էր Հայաստանը որպես աշխարհագրական օբյեկտ, որն անհրաժեշտ է նվաճել: Իշխան Ռշտունու գլխավորությամբ՝ մեր պետական գործիչները, հասկանալով երկրի ամբողջական դեսուվերենացման վտանգը, ստիպված էին դիմել արաբական խալիֆի հովանավորչությանը: Ընտրությունը երկու չարիքի միջեւ էր՝ միաձուլվել Բյուզանդիային կամ արաբներին հարկեր վճարող ինքնավար պետություն կարգավիճակ ձեռք բերել:

Այդ ժամանակ մեր էլիտան ճիշտ ռազմավարական ընտրություն է կատարել հօգուտ հայոց պետականության: Ուստի անհասկանալի է հպարտությունը Հայաստանի շահերի հաշվին օտար շահերին ծառայած մեծ թվով հայ կայսրերով: Այդ օրվանից ի վեր մեր մշակույթի մեջ ներմուծվեց չափազանց վտանգավոր պաշտամունք՝ աստվածացնել այն էթնիկ հայերին, ովքեր աշխարհով  մեկ ծառայում էին արտաքին շահերին եւ օգտագործվում են որպես ազդեցության գործիք ընդդեմ հայկական պետականության: «Հավատարիմ ազգի» կեղծ եւ շահարկելի կարգավիճակով եւ քաղաքական եւ տնտեսական պաշտոնների տեսքով մանր սուլթանական պարգեւներով գայթակղված, մեր նախնիները զինաթափվեցին եւ չկարողացան պաշտպանել սեփական շահերը (թեեւ այդ ահազանգերը եղել են մինչեւ Աբդուլ Համիդի ջարդերը): Այսօր պետք է ընդունենք, որ ցեղասպանությունն արդյունքն է այն ազգա- եւ պետականաշինության հարյուրավոր դարավոր ձախողումների, որոնք դարձրեցին մեզ թույլ, օտարների քաղաքական կարգավիճակով սեփական հողում ապրողներ: Սրա դիմաց մենք շատ թանկ ենք վճարել պատմությանը, որը երբեմնի կայսերական հզոր ազգը վերածեց ամբողջ աշխարհով ցրված համայնքային էթնոսի:

Անհրաժեշտ է լիովին հեռանալ ներկայիս իրավիճակից, երբ ցեղասպանության ճանաչման հարցը արտաքին ուժերի կողմից օգտագործվում է հանուն սեփական պրագմատիկ շահերի: Միացյալ Նահանգները, Իսրայելը եւ Գերմանիան այս հարցը բարձրացնում են միայն Թուրքիայի հետ քաղաքական երկխոսության ճգնաժամի պայմաններում եւ մի կողմ են դնում ճանաչման գործընթացը, երբ Անկարայի հետ հարաբերությունները կարգավորվում են: Խնդիրն այն է, որ այդ մանիպուլյացիաները տեղի են ունենում մեր համաձայնությամբ եւ հիացմունքի ներքո: Սա պետք է դադարեցվի: Հասուն քաղաքական ազգը չի կարող ուրախանալ, որ օտար ուժերն օգտագործում են իր պատմական հիշողության հարցը որպես քաղաքական առուծախի առարկա: Ցեղասպանությունը, ինչպես Արեւմտյան Հայաստանի հարցը, քաղաքական հայերի եւ ամուր հայկական պետականության եւ թուրքական կողմի միջեւ ապագա «քննարկման» հարց է: Այդ կարգավիճակին հասնելու եւ համապատասխան ռեսուրսային բազան ստանալու համար չափազանց կարեւոր է անցնել անկախության դրոշը տանողների եւ ազատագրողների երկրորդ բնութագրին:

Անկախ պետությունը սուրբ պարգեւ է, որին չպետք է դիպչեն մարդիկ, ովքեր մտածում են նյութական հարստացման աշխարհիկ կատեգորիաներով: Պետական պաշտոնյան սնվում է իր քաղաքացիների էներգիայով եւ ներուժով, որոնք ունեն կառուցողական եւ ապակառուցողական ուժ: Կառուցումը պետք է ուղղված լինի այնպիսի պայմանների ձեւավորմանը, որոնք յուրաքանչյուր հային հնարավորություն կտան ձեւավորել իր ապագան հայկական ինքնիշխանության ներքո: Կործանարար ներուժը պետք է վախեցնի հակառակորդներին եւ թշնամիներին, ովքեր ցանկանում են տեսնել հայոց պետականությունը ավերակներում: Արցախի ազատագրումը ցույց տվեց մեր ազգային էներգետիկայի երկու կողմերը եւ ստիպեց միջազգային հանրությանը ճանաչել մեր սուբյեկտության իրավունքը: Այս պատերազմում մենք սկսեցինք սպանել մեր ներսի պաշտոնյաներին, արտաքին ուժերին ծառայողներին, գավառական բյուրոկրատներին եւ վերադառնալ ուժեղ պետական գործիչների բնական վիճակին: Ցավոք, մենք, ինչպես դարեր առաջ, եւ մեր վերնախավը, լինելով էյֆորիայի մեջ, երես թեքեցինք հարձակողական ստեղծարարության գաղափարախոսությունից դեպի փողն ու իշխանությունը:

Թավշյա հեղափոխությունը դարձել է ազգի եւ պետության կառուցման եւս մեկ հնարավորություն: Սակայն մենք կրկին թույլ ենք տալիս նույն սխալները: Հերթական անգամ հնչում են արտաքին ուժերի հովանավորության եւ անվտանգության փնտրտուքների կոչեր, կրկին բյուրոկրատական նեղ խմբերի պաշտոնյաները պատերազմ են հայտարարում մյուս խմբերին: Հայազգի վերնախավը, որը ծառայում է օտարերկրյա շահերին, փորձում է օգտագործել ֆինանսական գործիքները, հույս ունենալով գնել գաղութային կառավարման մանդատը: Արդյո՞ք նման բան մեր պատմության մեջ չի եղել: Հարցը հռետորական է, ի վերջո, Մեծ Հայքի անկումից հետո, հենց այդ տարրերն են տարեցտարի քայքայել մեր պետականությունը եւ ազգը: Այսօր մեզ անհրաժեշտ է ապաքինում՝ համազգային համաձայնության եւ հաշտեցման տեսքով, որի կարեւորագույն պայմանը մեր միասնական քաղաքական ինքնորոշումը սահմանելն է:

Ներկայիս պատմական ժամանակաշրջանում քաղաքական հայի համար չկան կուսակցություններ եւ մանր տարաձայնություններ: Գոյություն ունի միայն մեկ հայկական դրոշ եւ մեկ հայկական պետություն, որի շահերը տարածական եւ ժամանակային առումներով անփոփոխ են: Քաղաքական հայը (պետական գործիչը) չի կենտրոնանում արտաքին աշխարհում էթնիկ հայերի ձեռքբերումների վրա եւ օտար պետություններին սեփական ժողովրդի պատմական ողբերգության քաղաքական շահարկումների առարկա դարձնելու համար շնորհակալություն չի հայտնում: Ընդհակառակը, պետական գործիչը  հայոց աշխարհի ձայնի սուբյեկտությունն ամրագրելու նպատակով իր էներգիան, ուժը, կարողությունները եւ ներուժն ուղղում է հօգուտ միակ ինքնիշխան միավոր հանդիսացող Հայաստանի: Ինչպես հարյուր, հինգ հարյուր եւ հազար տարի առաջ, պատմությունն ու բարձրագույն իշխանությունները մեր առջեւ նույն հարցն էին դնում՝ հարձակողական ստեղծարարության գաղափարախոսությամբ առաջնորդվող քաղաքական ազգ, թե՞ մանր պաշտոնյաների եւ պետականության կորստով ուղեկցվող անվերապահ պարտություն: Սխալվելու իրավունքը այլեւս չկա:

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին