Տանուլ չտանք Հայաստանը մեծ քաղաքականության միջանցքներում - Mediamax.am

Տանուլ չտանք Հայաստանը մեծ քաղաքականության միջանցքներում
36415 դիտում

Տանուլ չտանք Հայաստանը մեծ քաղաքականության միջանցքներում


Վերջին գլոբալ գործընթացները՝ ԿԺԴՀ եւ Հարավային Կորեայի առաջնորդների միջեւ երկխոսությունը, Իրանի հետ «միջուկային գործարքից» ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը, ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելը  (այս թեմայով Forbes-ում կա իմ նյութը), Եվրոպայի արտաքին քաղաքական սուբյեկտությունը վերականգնելուն ուղղված Գերմանիայի եւ Ֆրանսիայի ջանքերը, թուրքական եւ իսրայելական գործոնի ուժեղացումը Մերձավոր Արեւելքում, նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակը եւ նոր Ռուսական Կայսրության կառուցման քաղաքականության պահպանումը, խոսում են այն մասին, որ աշխարհը դուրս է գալիս երկարատեւ աշխարհաքաղաքական տուրբուլենտության գոտի: Ներկայիս աշխարհաքաղաքական ճգնաժամի արմատները գնում են նախորդ դարի 80-ականների վերջ եւ 90-ականների սկիզբ: Խորհրդային միության՝ որպես սոցիալ-կոմունիստական գաղափարախոսության կրողի եւ Յալթա-Պոտսդամյան աշխարհակարգի պահպանման երաշխավորներից մեկի անկումը, ազդարարեց Սառը պատերազմի ավարտը եւ երկբեւեռ աշխարհակարգի ավարտը միջազգային հարաբերություններում: Նրա ավերակների վրա ստեղծվեց նոր համակարգ, որը հիմնված էր հաղթող սուբյեկտի՝ Միացյալ Նահանգների ընդհանուր գլոբալ գերիշխանության վրա:

 

Հիմնական բնութագրերը հիմնված էին ժողովրդավարական աշխարհի եւ շուկայական հարաբերությունների հայեցակարգի վրա: Ռեալիզմի նահանջը միջազգային հարաբերություններում հանգեցրեց վակուումի, որը լրացվեց նեոլիբերալների գլոբալ եւ բաց կապիտալիստական ջունգլիների մասին գաղափարներով եւ նեոպահպանողականների մտքերով, որոնք նայում էին աշխարհին՝ քրիստոնեական-հրեական արժեքների վրա հիմնված ամերիկյան բացառիկության տեսանկյունից: Ըստ էության, մենք հայտնվեցինք վայրի անտառում, որտեղ չկա որեւէ կանոն կամ կարգ, իսկ գոյատեւման պայքարում հաջողության հասնելը կախված է ոչ ստանդարտ լուծումներից եւ մոտեցումներից: Պատմությունը ցույց է տալիս, որ խոշոր գիշատիչների (մեծ տերություններ) ամրապնդումը միշտ տեղի է ունենում մանր խոտակերներին (փորք երկրներ եւ թույլ պետական իմունիտետով ժողովուրդներ) կուլ տալու հաշվին: Այդ գերտերությունների պայքարը, ճակատամարտը, միջազգային համակարգի փլուզումը եւ աշխարհաքաղաքական կատակլիզմները միշտ ցավալի ազդեցություն են ունեցել հայկական աշխարհի վրա: Միասնական ռազմավարական երկարաժամկետ տեսլականի բացակայության պատճառով մենք միշտ հայտնվել ենք պարտվողի կարգավիճակում: 

 

Պատմությունը չի հանդուրժում պայմանական եղանակ, բայց հետաքրքիր է, ինչպես կդասավորվեր մեր ազգի ճակատագիրը, եթե Տիգրան Մեծը Պոնտական կայսրության հետ պատերազմում Հռոմի կողմն անցներ: Միհրդատ Եվպատորի հետ անձնական հարաբերությունները, այնուամենայնիվ, ազդեցին քաղաքական որոշման ընդունման վրա, որի արդյունքն էր Մեծ Հայքի վասալացումը: Այդպիսի իրավիճակներ եղել են անթիվ՝ Կիլիկյան թագավորների անայլընտրանքային կողմնորոշումը դեպի Եվրոպայի կաթոլիկ աշխարհ, Առաջին համաշխարհային պատերազմից հետո Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հանդեպ չափից ավելի քաղաքական վստահությունը եւ այլն: Մեծ քաղաքականության հանդեպ մակերեսային վերաբերմունքը եւ հույսը, որ օլիգարխների փողերը (Գյուլբենկյան, Մանթաշեւ) կօգնեն նվազեցնել հակառակորդների ոսկերչական ռազմավարությունը, հանգեցրել են պատմական տարածքների զգալի մասի կորստին՝ միջազգային հանրության լուռ համաձայնությամբ: Ողբերգությունն այն էր, որ ո՛չ Պողոս Նուբարը, ո՛չ Գալուստ Գյուլբենկյանը, ո՛չ էլ Արամ Մանուկյանը չկարողացան դառնալ Քեմալ Աթաթուրք, Ժորժ Կլեմանսո եւ Իոսիֆ Ստալին: Մենք տանուլ տվեցինք անկախ Հայաստանը մեծ միջազգային քաղաքական միջանցքներում, իսկ Սովետական դարձած Արեւելյան Հայաստանի փոքր հատվածի պահպանումը հնարավոր եղավ առանձին հրամանատարների՝ Գարեգին Նժդեհի, Մովսես Սիլիկյանի, Անդրանիկ Օզանյանի, Դրաստամատ Կանայանի եւ այլոց ֆանատիզմի, քաջության եւ խելահեղության շնորհիվ: 

 

Այն ժողովուրդները, որոնք անցել են նման ցնցումների միջով (հրեաներ, իռլանդացիներ, լեհեր), գալիս էին մեկ եզրահանգման. անհրաժեշտ է ստեղծել եւ ամրապնդել պետական եւ ազգային իմունիտետը: Թվում է, թե մեզ հարկավոր են լրացուցիչ դասեր, որովհետեւ մենք չենք ցանկանում անհրաժեշտ հետեւություններ եւ եզրահանգումներ անել: ԽՍՀՄ-ի փլուզման արդյունքում մենք ունենք ձեւավորված տարածքային սահմաններ, որոնք իրավական առումով ընդունված են միջազգային հանրության կողմից որպես հայ ժողովրդի ինքնիշխանության տարածքներ: Եվ պատմությունը նորից կրկնվեց՝ հավաքական ազգային զորամիավորումը՝ Մոնթե Մելքոնյանի գլխավորությամբ, հաջողության հասավ Մեծ Հայքի ռազմավարական տարածքներից մեկի՝ Արցախի ազատագրման գործում: Այս հաղթանակը նշանակալի էր ոչ միայն ռազմական, այլեւ հոգեբանական տեսանկյունից. չափազանց կարեւոր է տարածքներ կորցնող ժողովրդի հոգեբանությունը փոխակերպել իր ֆիզիկական եւ մետաֆիզիկական ժառանգությունը հավաքող ազգի կոնցեպտի: Ցավոք, ինչպես հարյուր, այնպես էլ հազար տարի առաջ, պաշտոնյաները վաճառքի էին հանել այդ հաղթանակը, իսկ պետությունը վերածել սեփական հավակնությունների դրսեւորման տարածքի: 

 

Ժողովուրդը (անկազմակերպ մեծամասնությունը) զբաղված էր սոցիալական խնդիրների հաղթահարմամբ եւ իր «էլիտար մեծամասնությունից» չէր պահանջում ստեղծել  պետական ինստիտուտների եւ զսպումների ու հակակշիռների համակարգ: Ինչպես նախկինում, մենք սկսեցինք ասոցացնել պետությունը անձերի առասպելի հետ եւ ինքներս վերածեցինք նրանց քաղաքական բացարձակ արժեքի: Մեր պաշտոնյաները չդարձան պետական գործիչներ: Առաջինի եւ երկրորդի սկզբունքային տարբերությունն այն է, որ պաշտոնյան ծառայում է ղեկավարությանը եւ նեղ բյուրոկրատիային, իսկ պետական գործիչը միշտ հավատարիմ է երկու մետաֆիզիկական հատկանիշներին՝ ազգային դրոշին եւ ազգային զինանշանին: Այսօրվա ողբերգությունը, ինչպես միշտ, նույնն է. քաղաքական ազգի եւ պետական գործիչների բացակայություն եւ կողմնորոշում դեպի արտաքին կենտրոններ: Փորձենք դիտարկել լիովին կոնկրետ օրինակներ, որոնք թույլ կտան բացահայտել ոչ թե կետային, այլ հիմնարար խնդիրները, որոնք մահացու վտանգի տակ են դնում հայկական պետությունը: 

 

Որպես հիմք կվերցնենք հիմնական արտաքին քաղաքական առաջնահերթությունը՝ ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացը: Ես՝ որպես ռեալիստ, գիտակցում եմ, որ ցանկացած արտաքին քաղաքական հավակնություն պետք է զինված լինի համապատասխան ռեսուրսային հիմքով: 90-ականներին մենք ոչ միայն ռազմական հաղթանակ տարանք, այլեւ կասկածի տակ դրեցինք Ադրբեջանի ֆիզիկական գոյության փաստը (այդ պահին առկա քաղաքական գործիչ-ստրատեգների շնորհիվ եւ արտաքին կենտրոնների աջակցությամբ այդ խնդիրը լիովին կլուծվեր): Միակ գլոբալ գերտերությունը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ի դեմս Ջորջ Բուշ ավագի  վարչակազմի, դիտարկում էր Հայաստանը որպես տարածաշրջանում իր դաշնակից, եւ  կրկին պետական գործիչների առկայության դեպքում «Կովկասյան Իսրայել» նախագիծը կարող էր իրականություն դառնալ (ցավոք, կրկին ստիպված եմ դիմել պայմանական եղանակի): Եվրոպական պետությունները (հատկապես Ֆրանսիան) պատրաստ էին լուրջ ռազմավարական երկխոսություն սկսել, Ռուսաստանը գտնվում էր արեւմտյան ազդեցության ներքո, իսկ մեր լոբբիստների հեղինակությունն իր գագաթնակետին էր: Այլ կերպ ասած, անկախության առաջին տասը տարիների ընթացքում մենք կարող էին մեծ հնարավորությունների հասնել ինչպես ներքին դաշտում, այնպես էլ արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի ուղղությամբ: 

 

Ինչպե՞ս օգտագործվեցին այդ հնարավորությունները: Բաքվի անվերապահ կապիտուլյացիան պահանջելու փոխարեն՝ ստորագրվեց հրադադարի պայմանագիր: Ավելի լավ նվեր ադրբեջանական կողմի համար անհնար էր մտածել. հաղթող կողմը դադարեցնում է հաջող առաջխաղացումը (վախենալով արտաքին արձագանքից) եւ թշնամուն ժամանակ է տալիս անխուսափելի ռեւանշին պատրաստվելու նպատակով ամրապնդել իր քաղաքական եւ տնտեսական թիկունքը: Քաղաքական գործընթացը, որն ի սկզբանե սկսվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ)  սուբյեկտության բոլոր կողմերի ճանաչումով, հետագայում դարձավ աշխարհաքաղաքական հանգույց: Ամրապնդելով իր դիրքերը՝ Ադրբեջանը սկսեց հետեւողական ռազմավարական արշավ ոչ միայն Հայաստանի եւ Արցախի, այլ նաեւ բոլոր էթնիկ հայերի դեմ ամբողջ աշխարհում: ԼՂՀ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից, եւ աշխարհը սկսեց համակերպվել մի բանի հետ, ինչը չափազանց ձեռնտու է ադրբեջանական կողմին. չկա որեւէ արցախյան սուբյեկտ, գոյություն ունի միայն Հայաստանի կողմից բռնագրավված 20% տարածք:

 

Եվ այս ամենը տեղի էր ունենում բնակչության զանգվածային արտագաղթի եւ Հայոց ցեղասպանության մասին անօգուտ բանաձեւերի վրա ծախսվող հայկական լոբբիստական ռեսուրսի լիակատար շռայլման պայմաններում: Անկախ պաշտոնակական Բաքվի հանդեպ մեր վերաբերմունքից՝ նրա դիրքորոշումը բնորոշվում է հետեւողականությամբ, կայունությամբ եւ պարզությամբ: Նույնիսկ պարզ եւ հասկանալի միտքն այն մասին, որ ցակացած հայ թշնամի է, օգնում է պահել երկիրը մոբիլիզացված վիճակում: Վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանը համոզվեց երկու բանում. քաղաքական որոշումները միշտ կարելի է գնել (ինչպես եղավ Սաֆարովի դեպքում) եւ միջազգային հանրությունն ու նույնիսկ Հայաստանի դաշնակիցները միշտ ձեռնպահ են մնում ճնշման իրական գործիքների (ոչ պատժամիջոցներ, ոչ էմբարգո) կիրառումից: Մենք դեռ սովոր ենք տեսնել միայն այն հռետորաբանությունը,որի հետեւում այլ իրականություն  է՝ ռուսական արտադրության «Սոլնցեպյոկ»-երը եւ Արեւմուտքի էներգետիկ շահերը: Եթե մենք ցանկանում ենք փոխել երկրի վիճակը, ապա ստիպված ենք հայկական աշխարհի բոլոր մակարդակներով ընդունել եւ մարսել այս իրականությունը: 

 

Ո՞րն է մեր ռազմավարական մոտեցումը: Մենք մինչեւ հիմա չգիտենք, թե որն է մեր կոնցեպտուալ շահը: Ընդհանուր առմամբ, Արցախի հետ կապված ամբողջ գործընթացի հետագա զարգացման վերաբերյալ գոյություն ունի երեք պոտենցիալ սցենար: Առաջին՝ հայկական կողմը հստակ եւ բոլոր մակարդակներում հետեւում է «Միացում» ռազմավարությանը եւ նախաձեռնում ԼՂՀ-ն Հայաստանի կազմում ընդգրկելու գործընթացը: Այս քայլը կդառնա ոչ միայն կանխարգելիչ պատասխան Ադրբեջանի հարձակվողական քաղաքականությանը, այլեւ ցույց կտա, թե արտաքին ուժերից, որոնք են հանդիսանում մեր դաշնակիցները երկարաժամկետ հեռանկարում եւ որոնք՝ գործընկերություն «խաղում»՝ սեփական խնդիրները լուծելու համար: Երկրորդ սցենարը «ոչ մի թիզ հող» միտքն է, որն աստիճանաբար փոշիացվում է հենց հայ պաշտոնյաների կողմից: Աստիճանաբար սկսում է այն իրողության ընդունումը, որ բանակցությունների իրական առարկան քաղաքական խաբկանքների դիմաց տարածքների հանձնում է: Սակայն այն պայմաններում, երբ միջազգային հանրությունն աչք է փակում Ալիեւի այն հայտարարությունների վրա, թե Սյունիքը, Սեւանը եւ Երեւանը պատկանում են Ադրբեջանին, անգամ մտածելը ցանկացած տեսքով որեւէ տարածքային զիջման մասին հավասարազոր է մահվան:

 

Երրորդ սցենարը՝ մենք հստակ «ոչ» ենք ասում բոլոր արտաքին ուժերին, որոնք պահանջում են մեզանից զիջումներ՝ առանց ԼՂՀ-ի անհապաղ միջազգային ճանաչման երաշխիքների, եւ սկսում ենք պատրաստվել պատերազմի: Եվ ընդունելով ռազմավարական համազգային որոշում՝ մենք պետք է հստակ հասկանանք, որ երկրորդ տարբերակն ընտրելով՝ ազգը ստանում է ոչ միայն ամոթ, այլեւ պատերազմ, որը կծավալվի բոլոր ուղղություններով: Իհարկե, տեսականորեն, կարելի է դիտարկել սպասողական ռազմավարությունը: Սակայն այս տարբերակը կարող է իրեն թույլ տալ միայն հինգ միլիոն բնակչություն, զարգացած տնտեսություն, սեփական ռազմաարդյունաբերական կոմպլեքս եւ ճյուղավորված միջազգային լոբբիստական ցանց ունեցող բացարձակապես այլ Հայաստանը: Նման պայմանների փուլային ստեղծման հնարավորությունները բաց են թողնվել դեռեւս 90-ականներին, իսկ արագացված վերակազմակերպման ժամանակ այլեւս չկա, հատկապես հանուն իշխանության մանր կուսակցական եւ ընդդիմադիր խմբերի ներքին գզվռտոցի ֆոնին: Եվ արցախյան ուղղությամբ կատարվող ընտրությունը միայն սկիզբն է (թեեւ շատ կարեւոր): Առաջիկայում մեզ սպասվում են մեծ խնդիրներ, որոնք ծագում են ռուս-ամերիկյան եւ իրանա-իսրայելական ճգնաժամերի խոր ընդերքից:

 

Իհարկե, որեւէ վերլուծաբան բաց հասանելիությամբ լայն առաջարկներ չի տա, եւ ես կսահմանափակեմ մի շարք հիմնարար ոլորտներով: Կարճաժամկետ կտրվածքով (1-3 տարի) հարկավոր է գալ համազգային համաձայնության եւ համերաշխության՝ կործանիչ ներքին ճգնաժամի եւ անորոշության փուլն ավարտելու նպատակով: Մոտակա ամիսներին պետք է վերակազմակերպվեն բոլոր կառույցները, որոնք պատասխանատու են արտաքին քաղաքական որոշումների մշակման եւ ընդունման համար: Ներկայիս ինստիտուտները եւ նախարարությունները, որոնք կառուցվել էին սովետական բյուրոկրատական օրինակով, ի սկզբանե դատապարտված են վարել ձախողված քաղաքականություն (բավական է վերլուծել վերջին տասը տարիների ընթացքում հիմնական նախարարությունների վարած կադրային քաղաքականությունը): Հարկավոր է խորհրդակցել առաջատար ուղեղային կենտրոնների հետ եւ սկսել «Ազգային անվտանգության ռազմավարության» (այն չի թարմացվել 2007-ից), «Տնտեսական զարգացման ռազմավարությանը», «Ինտելեկտուալ անվտանգության հայեցակարգի» եւ, ինչն ամենակարեւորն է, «Համազգային Դոկտրինի» մշակումը, որտեղ կարտացոլվեն  հայկական աշխարհի առաջնահերթությունները մոտակա հինգ, տասը, քսան եւ հիսուն տարիների համար: Բազմամիլիոնանոց համայնքները պետք է ինստիտուցիոնալացվեն եւ դառնան Սփյուռքի միասնական քաղաքական ինստիտուտ (այս հարցի շուրջ իմ տեսլականը ներկայացրել եմ Մեդիամաքսի համար գրված իմ սյունակներից մեկում):  

 

Միջնաժամկետ կտրվածքով (3-6 տարի) հարկավոր է սկսել նոր հայկական պետական լոբբիի կազմավորումը Բողոքական Ամերիկայում: Միացյալ Նահանգները դեռ երկար ժամանակ կպահպանեն գլոբալ հեգեմոնի կարգավիճակը: ԱՄՆ տնտեսական, ռազմաքաղաքական (ՆԱՏՕ) եւ տեխնոլոգիական գործիքներին հասանելիությունը կորոշի այս կամ այն երկրի կամ ազգի հաջողությունը: Ադրբեջանը, օգտվելով Իսրայելի եւ իսրայելամետ լոբբիի աջակցությունից, աստիճանաբար ստեղծում է լայն լոբբիստական ցանցեր ամբողջ երկրով: Հայկական կողմը, կենտրոնանալով մի շարք ժողովրդավարական նահանգների վրա (Կալիֆոռնիա, Մասաչուսեթս), հավակնում է կորցնել ամերիկյան քաղաքականության շարժիչ համարվող Հանրապետական Հարավը: Լուրջ լոբբինգի բացակայության պատճառով Հայաստանը տարեցտարի զրկվում է ամերիկյան արտաքին հատկացումների զգալի մասից: 2000-ականններից անհատույց օգնության ընդհանուր ծավալը կրճատվել է 80 մլն դոլարից (միջին թիվը) մինչեւ 6 մլն դոլար: Բացի այդ, գործող հայկական կազմակերպություններին չհաջողվեց 907-րդ ուղղումը վերականգնելու հարցն առաջ տանելու նպատակով  օգտագործել Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի փաստը: Հարկավոր է ամբողջությամբ վերագործարկել ամերիկյան ուղղությունը, այլապես մեր հակառակորդներն այդ վակուումն էլ կլցնեն:

 

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին