Ինչպե՞ս իսկապես փոխել համակարգը եւ կառուցել նոր Հայաստան - Mediamax.am

Ինչպե՞ս իսկապես փոխել համակարգը եւ կառուցել նոր Հայաստան
28990 դիտում

Ինչպե՞ս իսկապես փոխել համակարգը եւ կառուցել նոր Հայաստան


Առկա ճգնաժամն ամբողջությամբ կլանել է իմ մտքերը: Որպես հայ՝ իմ գործն եմ համարում վերլուծություններ անել ռուսաստանյան եւ օտարերկրյա տեղեկատվական-վերլուծական պարբերականների համար: Բայց, չնայած համազգային էյֆորիային, որն լիովին վաստակած է եւ հասկանալի, անհրաժեշտ է գիտակցել նաեւ սառնասիրտ վերլուծության կարեւորությունը:

Կցանկանայի կանգ առնել հիմնարար գործոնների վերլուծության վրա, որոնք վեր են այս պայքարից, եւ որոնցից կախված են հայ ազգի եւ պետականության միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարները: Շատ փորձագետներ (այդ թվում՝ ձեր խոնարհ ծառան) կենտրոնացել էին երկրում տիրող կրքերի վրա եւ մոռացել էին այն մասին, որ ցանկացած գործընթաց անհրաժեշտ է դիտարկել դինամիկայի մեջ եւ բազմաթիվ X-երի եւ Y-երի պրագմատիկ գիտակցմամբ:

Ներքին կկայունության հիմքը քաղաքական ուժերի (կազմակերպված փոքրամասնություն) առողջ մրցակցությունն է՝ կողմնորոշված դեպի իրենց ընտրազանգվածը (անկազմակերպ մեծամասնություն):

Կուսակցությունը քաղաքական միավոր է՝ հիմնված անփոփոխ արժեքների վրա, որոնք դառնում են ժողովրդի մտքի եւ սրտի համար պայքարում այլ քաղաքական ուժերի հետ մրցակցության հիմքը: Հայկական իրականությունում ձեւավորվել է սկզբունքորեն այլ կառուցվածք, որում շարժիչ ուժ են դարձել ֆեոդալ-օլիգարխիական խմբերի շահերը: Քաղաքական շերտն ձեւավորվել է միջանձնային փոխհարաբերությունների հիմքով, ինչն աստիճանաբար ծնել է սերտ փոխկախվածություն: Արժեքային բաղադրիչը բաց է թողնվել, իսկ անկազմակերպ մեծամասնությունն հայտնվել է պարտվողի դիրքերում: Միակ գաղափարը դարձել է նյութական հարստացման ձգտումը, իսկ իշխանության վերարտադրությունը դիտարկվել է որպես համակարգի բնական էության պահպանման երաշխիք:

Հանրապետական կուսակցությունը հիմնադրվել է որպես աջ պահպանողական ուժ, իսկ նրա գաղափարախոսության հիմքում ընկած են Գարեգին Նժդեհի «Ցեղակրոնի» գաղափարները: Սակայն հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է անկախության ընդամենը 25 տարվա պատմություն ունեցող երկրում առհասարակ պահպանողական բնույթի կուսակցություն լինել: Վերլուծաբան եւ քաղտեխնոլոգ պետք չէ լինել հասկանալու համար, որ պահպանողականների խնդիրը պահպանման մեջ է (որոշակի իրեր անփոփոխ պահպանելու մեջ): Այստեղից բխում է հաջորդ հարցը՝ ի՞նչն էին այդ կուսակցության ներկայացուցիչները պատրաստվում պահպանել, եթե հանրապետությունում դեռեւս չեն հասցրել ձեւավորվել իշխանության ավանդույթներ, քաղաքացիական հասարակություն եւ ռազմավարական քաղաքական մշակույթ:

Երկրի ներքաղաքական դաշտում համատարած պարադոքսներ եւ հակասություններ են: Բավարար է նկատել, որ ձախ սոցիալ-հեղափոխական կուսակցություն հանդիսացող «Դաշնակցությունը», որն ավանդաբար միանշանակ չէր վերաբերում Նժդեհի գաղափարներին, կոալիցիա էր կազմում աջ ազգայնական Հանրապետական կուսակցության հետ, որը ցեղակրոնության եւ նժդեհականության հետեւորդ է:
«Բարգավաճ Հայաստանը» կողմնորոշվել է դեպի այնպիսի բարդ արժեքային հիմք, ինչպիսին լիբերալ-պահպանողականությունն է, որը դժվարությամբ է գոյատեւում անգամ դարավոր քաղաքական ավանդույթներ եւ իշխանական մշակույթ ունեցող երկրներում: Հայ ազգային կոնգրեսի կենտրոնամետներն ունեն հեղափոխական ծրագրեր եւ լոզունգներ, որոնք ոչ մի կերպ կողմնորոշված չեն դեպի «կենտրոնը» (դժվար է ասել, թե արդյոք այդ «կենտրոնական ընտրազանգվածն» առհասարակ գոյություն ունի):

Ըստ էության, այսօր երկրում ունենք միայն երկու խումբ՝ ֆեոդալական օլիգարխիան եւ ժողովուրդը: Այդ խմբերից յուրաքանչյուրն ապրում է իր կյանքով, իր կանոններով եւ իր շահերով, իսկ պետությունը վերածվել է համատեղ համագոյակցության ֆիզիկական սահմանների:

Համակարգի ապավենն ուժային կառույցներն են: Համակարգում յուրաքանչյուր նեղ խումբ շահագրգռված է, որ ուժային բլոկն լինի ուժեղ եւ ամուր (թույլ ապավենը միշտ էլ գլխավոր սպառնալիք է հանդիսանում): Այժմ Նիկոլ Փաշինյանը ստացել է համակարգի բաղադրիչներից երկուսի՝ «Բարգավաճ Հայաստանի» եւ «Դաշնակցության» աջակցությունը, եւ հիմա նրա ընտրության հարցը կախված է Հանրապետական կուսակցությունից, որը համակարգի գլխավոր ուժն է: Այլ կերպ ասած՝ կարճաժամկետ խնդրի լուծումն (ժամանակավոր պաշտոնի ստանձնումը) ամբողջությամբ կախված է այդ նույն համակարգային ուժերի քաղաքական կամքից:

Նման դասավորության պայմաններում առաջնային դեր է կատարում ոչ թե կուսակցական կարգապահությունը, այլ այդ երեք կուսակցությունների անդամների ֆորմալ եւ ոչ ֆորմալ կապերը: Այդ ուժերի ներկայացուցիչները բարեկամական կապեր ունեն (ընտանեկան ամուսնություններ), համատեղ բիզնեսներ եւ ընդհանուր գաղտնիքներ: Անձամբ ես բացառում եմ այն սցենարը, որ նման համակարգը (եւ ոչ միայն Հայաստանում) կգնա զիջումների՝ առանց «երկաթբետոնյա» երաշխիքներ ստանալու (օրինակ՝ ուժային բլոկն թողնել անփոփոխ): Հավասարումից չի կարելի հեռացնել նաեւ արտաքին կենտրոնները, որոնք լրջագույն ազդեցություն ունեն երկրի ներքաղաքական գործընթացների վրա:

Հիմնական պարտատերն՝ հանձին «Արեւմուտքի», անհանգստացած է երկրի վճարունակությամբ՝ արտաքին պարտքի հարցում, որն հասնում է 7 միլիարդ դոլարի (մոտավորապես ՀՆԱ-ի 58%-ը): Ռուսաստանն անհանգստանում է իր ազդեցության պահպանման համար (Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին, ռազմաբազան, Հակահրթիռային պաշտպանության միավորված համակարգը եւ այլն), իսկ Իրանը չի ցանկանում երկրում որեւէ արեւմտյան տարրեր տեսնել եւ այլն: Քանի դեռ հայկական կողմն ունի չլուծված արցախյան խնդիր (միջազգային ճանաչում) եւ պահպանվում է լուրջ ռազմա-քաղաքական եւ տնտեսական կախվածությունը արտաքին աշխարհից, հիմնարար խնդիրների լուծումը չափազանց բարդ կլինի:

Միջնաժամկետ հեռանկարում տեսնում եմ հետեւյալ քայլերը ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Առաջին՝ արմատական փոփոխություններ կատարել երկրի միջնակարգ եւ բարձրագույն կրթության համակարգերում: Համակարգի իրական ճեղքումը տեղի կունենա միայն նոր սերնդին արժեքային հենք ներարկելու միջոցով: Այդ ուղղությամբ անհրաժեշտ է ձեւավորել հայկական քաղաքական մտքի դպրոց, որը երկրին կապահովի անհրաժեշտ կադրերով:

Իրական եւ ռազմավարական մտածողություն ունեցող ընդդիմությունը պետք է հասկանա, որ նեխած իրականության դեմ պայքարելու գլխավոր զենքը ոչ թե ուժային կառույցներն են, այլ կրթության նախարարությունը: Պետք է ապահովել նոր հնարավորություններ, եւ նոր կրթական համակարգի նոր կադրերը ժամանակի ընթացքում կլրացնեն երկրի բոլոր կառույցները: Կարեւոր է նոր ապագայի կառուցումը սկսել կրթությունից արդեն հիմա, հակառակ դեպքում այն կորսված կլինի, եւ թավշյա հեղափոխությունը կկորցնի իր իմաստը:

Երկրորդ՝ ռազմավարական եւ թիրախային հայրենադարձություն: Այնպես է ստացվել, որ մեր հիմնական մարդկային կապիտալը, որը ֆանտաստիկ ներուժ ունի, ցրված է ամբողջ աշխարհում եւ ծառայում է այլ երկրների շահերին: Անհրաժեշտ է զինվել իռլանդացիների, հրեաների եւ լեհերի փորձառությամբ, եւ մշակել համայնքների հետ աշխատելու ծրագրեր: Երեք հիմնական ուղղություն եմ տեսնում՝ զանգվածային, ընտրողական եւ լոբբիստական հայրենադարձություն: Առաջին դեպքում մենք հետխորհրդային իրականությունը «կոտրում» ենք հայերով, որոնք տարբեր հասարակական-քաղաքական մշակույթների կրողներ են: Ընտրողական մոտեցումը պետք է ուղղված լինի դատարկ «խոռոչներն» մեծ փորձառություն եւ լայն միջազգային կապեր ունեցող մասնագետներով լցնելուն: Եվ վերջինը՝ տեղերում հայակենտրոն լոբբիստների ձեւավորմամբ, որոնք ունակ կլինեն պաշտպանել Հայաստանի ազգային շահերը միջազգային մակարդակում: Այսպիսով, խորապես համոզված եմ, որ նոր Հայաստանի կառուցման համար անհրաժեշտ է ստանալ երկու նախարարություն՝ կրթության եւ սփյուռքի:

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին