Հերոսին արդեն կորցրել ենք… - Mediamax.am

Հերոսին արդեն կորցրել ենք…
2980 դիտում

Հերոսին արդեն կորցրել ենք…


Շուտով սպասվում է Հոլիվուդում նկարահանված “Օգոստոսի հինգ օրը” ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Ֆիլմի ռեժիսորն է հանրաճանաչ Ռենի Հարլինը (“Крепкий орешек 3”, “Чистильщик”,  “Сделка с дьяволом”), գլխավոր (նախագահ Մ.Սաակաշվիլիի) դերում է կինոյի, ինչպես ասում են, մեգաաստղ Էնդի Գարսիան (“Крестный отец-3”, “12 друзей Оушена”, “Модильяни”, “Гангстер”):  Հետո ինչ,  չի զարմանա ընթերցողը, Հոլիվուդում տարեկան 500-ից  ավելի ֆիլմ է նկարահանվում: Ճիշտ է, բայց  զարմանալին այն է, որ ֆիլմը պատմում է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասին, այդ  “բլոկբաստերի“ պրոդյուսերներն են նաեւ Վրաստանի իշխանության ներկայացուցիչները եւ ֆիլմի նկարահանմանը օժանդակել է Վրաստանի կինեմատոգրաֆիստների միությունը: Այն ցուցադրվեց  Թբիլիսիյում հունիսի 5-ին եւ այդ միջոցառմանը ներկա էին Վրաստանի մայրաքաղաք  ժամանած բազմաթիվ հյուրեր, այդ թվում Շերոն Սթոունը:

Ֆիլմը դեռ չեմ տեսել, չեմ կարող դատել գեղարվեստական արժանիքների մասին: Սակայն պարզ է, որ Էնդի Գարսիայի անունը լսելով միլիոնավոր մարդիկ տասնյակ երկրներում լցնելու են կինոթատրոնների դահլիճները եւ ծանոթանալու են այդ  պատերազմի մասին  վրացական կողմի տեսակետներին: Ուրեմն, “Օգոստոսի հինգ օրը”,  առաջին հերթին, քաղաքական ակցիա է: Մեր հարեւանը արդեն քանի տարի է լուրջ դերակատարություն ունի համաշխարհային տեղեկատվական դաշտում եւ տպավորիչ արդյունքներ է ցույց տալիս եւ հաճախ պարտության մատնում տեղեկատվական պատերազմում անհամեմատ հզոր մեդիառեսուրսներ ունեցող Ռուսաստանին: Դա վերաբերվում է եւ ռուս-վրացական պատերազմին, եւ Վրաստանում իրականացվող բարեփոխումների լուսաբանմանը աշխարհի ամենաազդեցիկ մեդիաներում:

Հիմա կասեք,  թե ինչ՞ մեծ բան է ֆիլմ նկարահանելը, այն էլ ամերիկացիների օգնությամբ: Իհարկե, մեծ բան չէ: Այդ դեպքում, ինչ՞ու մինչ այսօր չունենք այդպիսի ֆիլմ ղարաբաղյան պատերազմի մասին: Ճիշտ է, ամերիկացիների օժանդակություն չունենք, բայց ունենք Սփյուռք, լոբբիստական մեծաթիվ կազմակերպություններ, Ֆորբսի ցուցակում տասնյակ հայ ազգանուններ, Հայաստանի PR-ով զբաղվող “կրեատիվ” երիտասարդներ,  Հայերի համաշխարհային միություն, ազգային Եկեղեցի…Մի խոսքով,  հզոր “հայկական աշխարհ”, որն,  եթե “վիզ դնի” ու Հոլիվուդին մեր պատերազմի մասին քարոզչական կինո պատվիրի, ապա տարվա բոլոր Օսկարներն ու Ոսկե Առյուծները կհավաքի-կբերի Երեւան:

Բայց մյուս կողմից էլ քանի “վիզ” պետք է ունենան “հայկական աշխարհի” վերոթվարկյալ եւ այլ բաղադրիչները, որ հասցնեն, բացի ամենօրյա ազգանվեր  գործունեությունից նաեւ կինոյով զբաղվեն: Ամերիկահայ լոբբիստներն, օրինակ, ամեն տարվա ապրիլի 25-ից պատրաստվում են մյուս տարվա ապրիլի 25-ին ԱՄՆ նախագահի շուրթերից “եղեռն” բառը լսել եւ ամբողջ տարի քրտնաջան աշխատում են այդ ուղղությամբ: Ֆորբսի ցուցակի հայ մեծահարուստները հայ անօթեւան տաղանդներին  բնակարան բաժանելով սեփական բյուջեում ճեղքվածք են ունենում, ով էլ չի բաժանում`  անտարբեր է կինոյի նկատմամբ: Կինեմատոգրաֆիստների միության ղեկավարը գույքը “ջրի գնով” ծախելու եւ “Մեկ Ազգի” ողորմելի  պաստառներով ամբողջ Երեւանը մխտռելու արանքներում հազիվ հասցնում է, հաղթահարելով մանկական բարդույթները,  հանցավոր խմբի “բոսի” դեր խաղալ անճաշակ սերիալներում: Եկեղեցու բարձրաստիճանները “բենտլիացավ են կպել”, ու ինչ՞  կարող ես պահանջել  հիվանդության մեջ գտնվողից:  Էլ չեմ ասում, որ մեր հայրենակից Անդրե Աղասին էլ արդեն թոշակի գնաց:

Բայց եթե “հայկական աշխարհը” նույնիսկ թասիբի ընկնի (էդ տուտուցներից ինչ՞ով ենք պակաս), ու որոշեն մեր սրբազան պայքարի մասին մի ֆիլմ նկարել, մեկ է,  բան չի ստացվի: Որովհետեւ, այդպիսի ֆիլմի գլխավոր հերոսը չկա (իսկ ոնց± է կարող  ֆիլմը առանձ գլխավոր հերոսի լինի): Այնքան մեր նորագույն պատմությունը խեղաթյուրեցինք, որ այդ գլխավոր հերոսին կորցրեցինք`պատերազմի հերոսին, խաղաղության, անցյալի, ներկայի, ապագայի…

Եվ հերոսազուրկ “Հայկական աշխարհը” մի բեմահարթակի վերածվեց, որը հենց տափակ “սերյալ” նկարահանելու համար է, քանի որ այդպիսի կինոյի հերոս երկար փնտրելու կարիք չկա:

P.S.  Հետաքրքիր է, Հայաստանում կհամարձակվեն ցուցադրել այդ ֆիլմը, թե մեր “ռազմական դաշնակցի” դեսպանությունից մի զանգով “կփակեն”  բոլոր հեռուստաալիքներն ու միակ կինոթատրոնը: Իմիջիայլոց “Օգոստոսի հինգ օրվա”ցուցադրման իրավունքները արդեն գնել են աշխարհի 50-ից ավելի երկիր:

Տիգրան Հակոբյանը տարբեր տարիներին ղեկավարել է Հայաստանի Հեռուստառադիոպետվարչությունը եւ մի շարք այլ լրատվամիջոցներ: Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին