Արամ Ավետիսի «Կույր կետադրությունը» - Mediamax.am

Արամ Ավետիսի «Կույր կետադրությունը»
6538 դիտում

Արամ Ավետիսի «Կույր կետադրությունը»


«Այս քաղաքը, որի անունը Դեկորացիա է, իմ մեջ արթնացնում է լայնության և երկարության զգացում, բայց ոչ երբեք՝ խորության: Ես այլևս ետ չեմ շրջվում, երբ քայլում եմ, այս քաղաքի մարդկանց դեմքերին չեմ նայում, որովհետև գիտեմ, որ ոչ մեկը չի մատնի իր դերը և դուրս չի գա իր դերից, որպեսզի իմ մեջ քաղաքի հանդեպ խորություն արթնացնի»:

Չգրականության ու չարվեստի անդեմ քաղաքում ապրում է մի երիտասարդ, որն իր մեջ կրում է բառերից կազմված ռումբ: Արամ Ավետիս: Դուք նրան հանդիպել եք, եթե երբևէ գիրք եք գնել «Բյուրոկրատ» գրախանութից: Գուցե նրանից խորհուրդ եք հարցրել ՝ ինչ կարդալ, կամ կարծիք՝ որևէ գրքի կամ հեղինակի մասին: Գուցե չեք էլ հանդիպել, գուցե չեք էլ նկատել: Գուցե ձեզ համար միևնույնն է բառերի պայթուցիկը ծոցում կրող երիտասարդն ու նրա վտանգավոր գրականությունը:

«Գրականգետներն ինձնից քերականություն են սպասում, մտքերի ճիշտ հերթափոխ, սյուժե, սակայն ես չունեմ սյուժե: Մարդն ինքնին դուրս է սյուժե երևույթից: Գրականությունը հենց մարդն է»:

Արամ Ավետիսը մարդ-գրականություն է: Սելին, Պեսոա, Կավաֆիս, Կլիմա, Բրոթիգան …՝ Արամի գրական հայրերն «այն կողմից» են, նրանցով ոգեշնչված նրա գրականությունն էլ՝  «այն կողմյան»: Ու, եթե դու ծանոթ չես այդ Վերին գրականությանը, այս հեղինակը քեզ կհուշի ինչպես հանդիպել նրանց:

«Այն, ինչ ես գրում եմ, ոչ պոեզիա է, ոչ արձակ: Պոեզիայի համար ես արդեն ծեր եմ, արձակի համար դեռ երիտասարդ: Ես գտնվում եմ նրանց կենտրոնում: Մի տեղ, որտեղ կանգնել քչերին է տրված: Թույլ տվեք ինձ քիչ համարել Մեծամասնություն»:

«Կույր կետադրությունը» անսյուժե, անկառուցվածք գիրք է, մանիֆեստ՝ գրականության ավարտի մասին, միևնույն ժամանակ՝ ձոն գրականությանը: Արամի տողերում անսահման մենություն կա, որում կարելի է թաքնվել, մեկուսանալ, հեռանալ, կորել «ոչ մի տեղ չտանող այս կամ այլ քաղաքի փողոցներում»:

«Հանձնելով թղթին մտքերս ես ավելի եմ մեկուսանում: Սպիտակ թղթի վրա ակնհայտ երևում են իմ մենության իսկական չափսերը»:

Սարոյանն ասում է՝ բառերով գրեք, Արամ Ավետիսն ասում է՝ մի լսեք գրականագետներին, բառե՛րը կարդացեք, տողատակում դատարկություն է: Արամը բառերը գրկում է ու քայլում անհայրենիք գրականության անանուն քաղաքներով, որտեղ ժամանակն ու տարածությունը աննշանակ են, որտեղ ձևը՝ մաքսիմալ պարզ է, իմաստը՝ հստակ:

«Երբեմն գրողին հասկանալու համար բավական է լինել այն քաղաքում, որտեղ նա ապրել է, իսկ այս քաղաքը երբեք ձեզ չի հիշեցնի իմ մասին: Գրականությունը, որը ես ստեղծում եմ, կապված չէ այս տեղանքին: Այս գրականությունն անհայրենիք է»:

Արամ Ավետիսը նոր սերնդի նոր գրականության հիմքն է դնում գրականության ավարտված դարում: Ու, քանի Արամն ապրում ու գրում է մեր քաղաքը, երկիրը, ուրեմն` դեռ հույս կա, դեռ ամեն բան կորած չէ, դեռ բարձրագույն գրականություն ունենալու շանս ունենք: Իսկ այնպիսի հեղինակի, ինչպիսին Արամ Ավետիսն է, վաղուց չենք ճանաչել:

«Իրականում ամեն ինչ վաղուց է վերջացել, իսկ մարդիկ դեռ բարոյախոսում են ու փրկում փողոցային կատուներին»:

Առանց զարմացնելու մտադրությամբ, առանց տարբերվելու հավակնությամբ, առանց  ավելորդ բառի  և անգամ կետադրական նշանի՝ երիտասարդ  գրավաճառը, որը կյանքը «կորցրել է գրադարանի պատից այն կողմ գտնվող դժողքում», պահում է ջահ ու գրականությամբ կուրացածներին  առաջնորդում դեպի «այն կողմ»:

«Ես չգիտեմ՝ ինչ զգաց Մունկը, երբ ավարտեց իր «Ճիչը», բայց գիտեմ, որ նրա հերոսը ճչաց, որովհետև տեսավ, որ դռան այն կողմում ոչինչ չկա: Իսկ հիմա դուռը փակիր այն կողմից»:

ՀԳ. Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» ժողովածուն վաճառվում է գրախանութներում, գինը` 2490 դրամ:

Անի Հակոբյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին